Դաշտադեմի ամրոց
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)Նկարագրություն
Տեսակ Բազա ռազմական և ամրոց Հասցե 2 կմ հվ-ամ[1] Վարչական միավոր Դաշտադեմ Երկիր Հայաստան[1] Dashtadem fortress Վիքիպահեստում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը[2]։
Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից[3]։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով[4]։
Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է ուրարտական ամրոցի տեղում, Կամսարականների օրոք[5]։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը[3]։
Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած. "Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"[6]։
Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ "Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"[7]։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում[4], այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ[3], ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում[8], բնակատեղին կոչվում է Թալին։
Պեղումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը[9] և ճարտարապետ Թորոս Թորամանյանը[10]։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում[8]։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ[11]։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։
Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր[12]։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի Թալինի քարավանատան ավերակները։
Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև Զաքարյանները թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։
Ամրոցը 19-20-րդ դարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականին Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը[13]։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։
Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ[14]։
Միջնաբերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինությունն է։ Միակ մուտքը հարավային կողմում է, որը փակվել է քարե դռնով։ Կառույցի ներսում՝ հարավարևելյան պատի կենտրոնում տեղադրված մուտքից սկսվող միջանցքը և նեղ ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք։ Տանիքի կենտրոնում՝ երկայնական ուղղությամբ երեք լուսահորեր են բացված՝ ներքին լուսավորությունն ապահովելու համար։ Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին։ Միջնաբերդի նիստավոր և պայտաձև աշտարակներում տեղակայվել են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների։
Շրջապարիսպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկանոն բազմանկյուն հատակագծով շրջապարիսպը` 11 կիսակլոր աշտարակներով և 2 դարպասներով, ընդգրկում է 2500 քմ տարածք։ Աշտարակների մի մասն ունի միկողմանի կամ երկկողմանի սանդուղքներ։ Դղյակի գլխավոր կամարակապ դարպասը հարավային կողմում է։ Այն ներքուստ ունի փոքր թաղակապ սրահ։
Պալատական եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև աբսիդով միանավ թաղակապ կառույց է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։
Աշխարհիկ շենքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]13-14-րդ դարերին բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել։
Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը 15-18-րդ դարերի կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես սեղանատուն։
Ջրամբար և ջրատար
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա ջրամբարներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։
Արտաքին պարիսպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր տուֆով, մասամբ բազալտով և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դաշտադեմի արտաքին պարսպի մուտքը
-
Ամրոցի հիմնական (հյուսիսային) մուտքը ներսի կողմից
-
Ամրոցի հյուսիսային պարսպաշարը և գլխավոր մուտքը ներսի կողմից
-
Արտաքին պարսպի գաղտնի միջանցքը
-
Միջնադարյան դղյակը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Хачатрян, А.А․ (1987). Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.). Ереван: Изд. АН АрмССР. էջ 46.
- ↑ 3,0 3,1 3,2 Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: Publishing House of the Institute of Archaeology and Ethnography. էջեր 374, fig. 5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S. (https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity). «The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity». Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|date=
- ↑ «Դաշտադեմի ամրոց-համալիր».
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի (1996). Հայոց պատմություն. Երևան: Երևանի համալսարան. էջեր 110–111.
- ↑ Ղևոնդ (1982). Պատմություն. Երևան: Սովետական գրող. էջ 116.
- ↑ 8,0 8,1 Եղիազարյան Հ․ (https://arar.sci.am/dlibra/publication/265701). «Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները». Էջմիածին.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
- ↑ Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջեր 240–243.
- ↑ Թորամանյան Թ. (1948). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 130, 251–252.
- ↑ Ասատրյան Ե. (1991). Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները. Երևան: Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990. էջեր 113–114.
- ↑ Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: “Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”. էջեր 377–379.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջ 242.
- ↑ Բաբաջանյան Ա., Աղայան Ս. (https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393). «Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը». Լրաբեր հասարակական գիտությունների.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտադեմի ամրոց» հոդվածին։ |
|