Դանուբիանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանուբիանա
Տեսակկառույց, պատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունHamuliakovo?
Հիմնադրվել էսեպտեմբեր 2000
Կայքdanubiana.sk
Քարտեզ
Քարտեզ

Դանուբիանա (սլովակ.՝ Danubiana Meulensteen Art Museum)[1], ժամանակակից արվեստի թանգարան Սլովակիայում[2]։ Գտնվում է Դանուբ գետի ափին՝ Բրատիսլավայից 15 կմ հեռավորության վրա՝ Չունովո շրջանից ոչ հեռու։ Բացվել է 2000 թվականի սեպտեմբերին։ 2014 թվականին ընդարձակվել է։ Թանգարանը կազմակերպում է նաև ժամանակավոր ցուցադրություններ 3-4 ամսով։ Իր մեջ ներառում է քանդակների այգին։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանուբիանա նախագծի պատմությունը սկսվում է 1990 թվականից, երբ Վինսենթ Պոլյակովիչը Պոպրադայից իր ընկերների հետ ճամփորդություն է կատարել Վինսենթ վան Գոգի հետքերով․ գրեթե մեկամսյա ուղևորության ժամանակ նա այցելել է այն բոլոր վայրերը, որտեղ ապրել ու աշխատել է նիդերլանդացի կարիչը։ Վերադառնալուց հետո Պոլյակովիչը 1993 թվականի սեպտեմբերի 9-ին բացել է Սլովակիայում առաջին մասնավոր պատկերասրահը՝ «Վինսենթ վան Գոգի դեղին տուն» (Žltý dom Vincenta van Gogha) անվանումով։ Պատկերասրահի նպատակն է եղել շարունակելու այն գաղափարները, որոնք նկարիչը սկսել է զարգացնել ավելի քան 100 տարի առաջ, երբ դեռևս ապրում ու աշխատում էր ֆրանսիական Առլ քաղաքում։ Բացի Վան Գոգի աշխատանքների կրկնօրինակներից, որոնք ստեղծել են սլովակցի նկարիչները, «Դեղին տունը» ժամանակ առ ժամանակ ներկայացրել է նաև ժամանակից նկարիչների, հիմնականում սլովակների աշխատանքները՝ կազմակերպելով ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ցուցահանդեսներ։ 1994 թվականին Պոլյակովիչը ծանոթացել է հոլանդացի հավաքորդ, մեկենաս Ժերար Մեյլենշտայնի հետ, որը եղել է Էյնդհովենից։ 1990-ական թվականների Սլովակիայի տնտեսական բարդ իրավիճակում Մեյլենշտայնը օգնել է իրականացնելու ծրագիրը։

1995-1999 թվականներին հանդիպումների ու բանավեճերի արդյունքում Պոլյակովիչն ու Մեյլենշտայնը որոշել են Բրատիսլավայում հիմնադրել ժամանակակից արվեստի թանգարան։ Ենթադրվում էր, որ թանգարանը կներկայացնի օտար նկարիչներին ու քանդակագործներին ժամանակակից ցուցասրահներում։ 1999 թվականին նրանք անցել են ծրագրի իրականացմանը։ Թանգարանի շինարարությունը սկսվել է Բրատիսլավայից հարավ ընկած հատվածում՝ Չունովոյի ջրանցքի թերակղզում։ Թանգարանը, որը ստացել է «Դանուբիանա Մեյլենշտայն արվեստի թանգարան» («Danubiana Meulensteen Art Museum») պաշտոնական անվանումը, բացվել է 2000 թվականի սեպտեմբերի 9-ին։ Մեյլենշտայնի ֆինանսական ներդրումը մշակութային հաստատություն հիմնելու գործում բացառիկ էր նախկին սոցիալիստական երկրների համար։

2008 թվականին թանգարանի հիմնադիրները առաջ են քաշել թանգարանն ընդլայնելու գաղափարը։ Նոր սրահներում կարելի կլիներ կազմակերպել արվեստի գործերի մշտական ցուցադրություն։ Նրանք նախաձեռնել են երիտասարդ հոլանդացի և սլովակ ճարտարապետների հանդիպումը, որոնք միասին ստեղծել են ծրագրային փաստաթղթավորումը։ 2011 թվականին Մեյլենշտայնն իրեն պատկանող թանգարանը նվիրել է պետությանը։ Սլովակիայի Հանրապետության կառավարությունն ընդունել է նվերը և ստեղծել հատուկ ոչ առևտրական կազմակերպություն, որն անմիջապես ենթարկվում էր երկրի մշակույթի նախարարությանը։

Թանգարանային տարածքի ընդարձակումը սկսվել է 2013 թվականին։ Թանգարանը լայն հանրության համար վերաբացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին մշակույթի նախարար Մարեկ Մագարիչի կողմից։ Ճարտարապետների և շինարարների միջազգային ժյուրին որոշել է նախագծին շնորհել «Տարվա նախագիծ» պարգևը 2014 թվականի համար։ Թանգարանը վերաբացումից հետո ներկայացրել է մոտ 50 ցուցահանդես, որը դիտելու են այցելել մոտ 120,000 մարդ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Словакия, дитя стихий». vesti.ru. Вести. 2017 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. «Выставка работ советского авангардиста Эля Лисицкого открылась в Братиславе». russkiymir.ru. Фонд "Русский мир". 2019 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանուբիանա» հոդվածին։