Դայան Քրյուգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայան Քրյուգեր
գերմ.՝ Diane Kruger
Դայան Քրյուգերը Կաննի կինոփառատոնում, 2012 թվական
Հասակը170
Ծնվել էհուլիսի 15, 1976(1976-07-15) (47 տարեկան)
ԾննդավայրAlgermissen, Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՖլորան դասընթացներ[1] և Արքայական բալետի դպրոց
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
ԱզգությունԳերմանացի
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Այլ անուն(ներ)Դիանե ՀայդՔրյուգեր
Diane Heidkrüger
Մասնագիտությունդերասանուհի, պրոդյուսեր[2]
Ակտիվ շրջան2002-այժմ
Ժանրերդրամա, թրիլեր, կատակերգություն
Ընտրանի«Տրոյա», «Ազգի գանձերը», «Անփառունակ սրիկաները»
Ամուսին(ներ)Գիյոմ Կանե (2001-2006)
Համատեղ ապրող(ներ)Ջոշուա Ջեքսոն
Երեխա(ներ)Nova Tennessee?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1208167
ԿինոՊոիսկID 34754
Դայան Քրյուգեր՝ Վիքիպահեստ

Դայան Քրյուգեր (անգլ.՝ Diane Kruger, գերմ.՝ Diane Krüger, հուլիսի 15, 1976(1976-07-15), Algermissen, Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, ծննդյան անունը՝ Դիանե ՀայդՔրյուգեր (գերմ.՝ Diane Heidkrüger), գերմանացի դերասանուհի և ֆոտոմոդել։ 2003 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է «Շոպար» ընկերության մրցանակին՝ որպես լավագույն երիտասարդ դերասանուհի։

Ճանաչում է ձեռք բերել «Միշել Վալյան. Արագության մոլուցք» (2003), պատմական «Տրոյա» (2004), «Մոլագարություն» (2004), «Երջանիկ Սուրբ Ծնունդ» (2005) ռազմական դրամա, «Ազգի գանձերը» արկածային մարտաֆիլմ (2004) և նրա շարունակություն «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» (2007), «Պարոն ոչ ոք» (2009), ինչպես նաև «Անփառունակ սրիկաները» (2009) և «Անհայտը» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Քրյուգերը ծնվել է 1976 թվականի հուլիսի 15-ին, գերմանական փոքրիկ Ալգերմիսեն ավանում, Հիլդեսհայմ քաղաքից ոչ հեռու, Ներքին Սաքսոնիայում։ Նրա մայրը՝ Մարիա Թերեզա ՀայդՔրյուգերը, եղել է բանկային ծառայող, իսկ հայրը՝ Հանս Հայնրիխ ՀայդՔրյուգերը, համակարգչային մասնագետ[5]։ Դայանն ունի նաև կրտսեր եղբայր՝ Շտեֆան[6]։

«Բայց և այնպես, բալետն ինձ սովորեցրել է աշխատանքի և համբերության։ Ես նրան տվել եմ իմ կյանքի տասը տարիները։ Ես, ինչպես ոչ մեկը, գիտեմ՝ որպեսզի հաջողության հասնես, պետք է տքնես ինչպես անիծյալ»[7].
— Դայան Քրյուգերը բալետով զբաղվելու մասին

Լինելով դեռևս շատ փոքր, Դայանը երազել է զբաղվել բալետով։ Սկսել է պարել 2 տարեկան հասակից[8]։ Այդ պատճառով, մի քիչ հասակ առնելով, իր մոտ հայրենիքում նա հաճախել է բալետի դպրոց։ Շնորհիվ իր ջանասիրության, նա հայտնվել է դպրոցի գովազդային պաստառների վրա։ Շուտով պատանի Դայանը նկատվում է և ջանադիր մարզումներից հետո, 1987 թվականին, 11 տարեկան հասակում, նրան առաջարկել են ուղևորվել Լոնդոն, որպեսզի շարունակի մարզումները բալետի արքայական դպրոցում։

Նա սովորել է Հիլդեսհայմի բալետի դպրոցում, որն աշխատում էր «Royal Academy of Dance, London»-ի ծրագրով։ «The Royal Ballet»-ին նա ոչ մի առնչություն չուներ։ Արդեն երկու տարի անց նա ուներ չորրորդ աստիճան։ Սակայն ծնկի վնասվածքը, որը Դայանը շուտով ստացել է, խանգարել է նրան ապագայում դառնալ բալետի պարուհի։

1989 թվականին, երբ Դայանը 13 տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվել են։ Դրանից հետո Մարիա Թերեզան ստիպված է եղել երկու երեխաներին դաստիարակել միայնակ։ Այդ պատճառով դպրոցում ուսանելու ընթացքում Դայանը ստիպված էր բաժանել փոստը և գումար վաստակել պիցերիայում։ Հոր հետ դերասանուհին չի շփվել արդեն երկար տարիների ընթացքում։ Հանսը համարում է, որ մայրը երեխաներին հատուկ տրամադրել է իր դեմ։ Այդ պատճառով նա մի քանի անգամ հրապարակավ դիմել է դստերը՝ ներման խնդրանքով, սակայն դերասանուհուց մինչ այժմ պատասխան չի հետևել։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1992 թվականներին սկսվել է Դայան Քրյուգերի մոդելային կարիերան։ Նա մասնակցություն է ունեցել «Տարվա արտաքին» հեղինակավոր մրցույթին։ Մրցույթի արդյունքներով ապագա մոդելը և դերասանուհին զբաղեցրել է առաջին տեղը։ Հենց այդ իրադարձությունն է բեկումնային դարձել Դայանի ֆոտոմոդելային կարիերայում։ Շուտով նա պայմանագիր է ստորագրել ամենահաջողակ գործակալություններից մեկի՝ «Elite»-ի հետ[6][9] և սկսել է ներկայացնել բազմաթիվ հայտնի առոտրային ընկերությունների հագուստը և օծանելիքը, որոնց շարքում են եղել Christian Dior, Yves Saint Laurent, Jil Sander, Dolce & Gabbana, Armani։ Բացի դրանից, հաջողակ ֆոտոմոդելին կարելի էր տեսնել այնպիսի հրատարակությունների կազմերին, ինչպիսիք են «Vogue», «ELLE» և այլ ուրիշներ։

Դայան Քրյուգերը գիտակցել է, որ մոդելի կարիերան չի կարող բավականին երկար տևել, այդ պատճառով որոշել է փորձել ուժերը կինոարվեստում։

1997 թվականին նա մասնակցություն է ունեցել ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի քասթինգին։ Սակայն Դայանը այդ ժամանակ բավականին լավ չի տիրապետել ֆրանսերեն լեզվին, և ֆիլմում դեր նրան բաժին չի հասել։ Սակայն հենց Լյուկ Բեսոնն է մեծ դեր խաղացել Դայանի դերասանական կարիերայում։ Հենց նա է խորհուրդ տվել թողնել մոդելային բիզնեսը և լրջորեն զբաղվել դերասանական մասնագիտությամբ, քանի որ համարել է, որ նրան փայլուն ապագա է սպասում որպես դերասանուհի։ Բացի դրանից, Լյուկ Բեսոնի նրան խորհուրդ է տվել տեղափոխվել Փարիզ և վերցնել Քրյուգեր (Kruger) կեղծանունը՝ ՀայդՔրյուգերի (Heidkrüger) փոխարեն։ Այդպիսոն նա խուսափել է միջազգային բեմահարթակներում ազգանվան արտասանության աղավաղումներից։ Այնտեղ Քրյուգերը սկսել է դերասանական վարպետության ուսուցումը «Ecole Florent» մասնագիտացված դպրոցում։ Ջանադիր ուսուցումից հետո, 2002 թվականին, նա դարձել է խմբում լավագույնը։

Դերասանուհու նորամուտը կայացել է 2002 թվականին։ Նա Էրիկի դերն է խաղացել ռեժիսոր Ժան Պիեռ Ռուի անկախ, ցածրաբյուջե «Վիրտուոզ» կինոբեմադրությունում, Դենիս Հոպերի և Քրիստոֆեր Լամբերի հետ գլխավոր դերերում։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ին, թուրքական հեռուստատեսությունում, որից հետո այն որոշ երկրներում թողարկվել է VHS և DVD կրիչների վրա

Այնուհետև հետևել է կանչով աղջկա էպիզոդիկ դերը ֆրանսիացի ռեժիսոր Սեդրիկ Կլապիշի «Ոչ կողմ, ոչ դեմ (այլ լրիվ հակառակ)» (2002) քրեական ֆիլմում։

Սակայն հանդիսատեսը նրան նկատել է «Ինչպես կասես» (2002) ֆիլմում դերից հետո։ Դերասանուհին Կլարա Բրուստալի դերպում նկարահանվել է իր ամուսին Գիյոմ Կանեի հետ միասին, ով նաև ֆիլմի ռեժիսորն էր։ Այ ֆիլմը նրան անվանակարգում է բերել «Սեզար» մրցանակին։

2003 թվականի այդքան էլ բեղմնավոր չէր Դայանի համար, սակայն իրական մեծ ճանաչում է բերել Եվրոպայում։ Նա նկարահանվել է միայն Լուի Պասկալ Կուվելերի «Միշել Վալյան. Արագության մոլուցք» մարտաֆիլմում, որտեղ կատարել է գլխավոր դերերից մեկը՝ Ջուլիա Վուդ։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 2004 թվականին, երբ նկահանվել է 4 ֆիլմերում։ Պոլ Մակգիգանի «Մոլագարություն» (2004) նրա առաջին ամերիկյան ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա խաղացել է Լիզայի գլխավոր դերերից մեկը այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ջոշ Հարթնեթը, Ռոուզ Բիրնը և Մեթյու Լիլարվը, Դայան Քրյուգերը քասթինգ է անցել[10] Վոլֆգանգ Պետերսենի «Տրոյա» (2004) ֆիլմում Հեղինեի դերի համար։ Նրանից բացի, ֆիլմում նկարահանվել են նաև առաջին մեծության այնպիսի աստղեր, ինչպիսին են Բրեդ Փիթը, Էրիկ Բանան, Օռլանդո Բլումը, Շոն Բինը և այլք։

Այդ դերը նրան հեշտությամբ բաժին չի հասել։ Դայանն ստիպված էր շրջանցել 3000 այլ դերասանուհիների[11]։ Որոշիչ փաստարկ հանդիսացել է այն, որ ռեժիսորը փնտրել է հենց անհայտ դերասանուհու, ով փայլում է գեղեցկությամբ։ Վոլֆգանգ Պետերսենի պահանջով Դայանն ստիպված էր գիրանալ 7[11] կիլոգրամով, որպեսզի էկրանին Հեղինեն դիտվի մի քիչ «կլորիկ»։ Այդ պատճառով դերասանուհուն, ով սովոր էր իր 48 կիլոգրամ քաշին, նկարահանումների ժամանակ ստիպված էին նշանակել հատուկ սննդակարգ, որպեսզի պահպանեին դասական հունական կառուցվածքը։ Այնուհետև նա ձեռք է բերել իր նախկին սլացիկ կազմվածքը։ Սակայն այդ զոհաբերությունները փոխհատուցվել են։ «Տրոյա»-ն, որը համաշխարհային վարձույթ է դուրս եկել 2004 թվականի մայիսին, վարձույթում հավաքել է ավելի քան 500 միլիոն դոլլար[12]։ Նաև ֆիլը հավակնել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում։ Առաջնախաղից հետո մամուլը դերասանուհուն անվանել է «Հոլիվուդի բացահայտում»[11]։

2004 թվականի հոկտեմբերին էկրան է բարձրացել դերասանուհու և նրա ամուսնու ևս մեկ համատեղ աշխատանք՝ «Գիյոմ»։ սակայն ի տարբերություն Գիյոմ Կանեի, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Դայանին բաժին է հասել աղջնակի երկրորդական դեր, ով աշխատում է գիշերային ակումբում։ Ֆիլմում մասնակցություն է ունեցել նաև Ժան Կլոդ Վան Դամը։ Այնուհետև հետևել է գլխավոր դեր Ջոն Թարթելտաուբի «Ազգի գանձերը» արկածային ֆիլմում, որն էկրան է բարձրացել տարվա վերջին։ Դայանին խաղացել է Էբիգեյլ Չեյզի դերը՝ գանձեր որոնող և Բենջամին Գեյթսի ընկերուհի, որին կերպարանավորել է Նիկոլաս Քեյջը։ Ֆիլմում նաև նկարահանվել են Ջոն Վոյթը, Շոն Բինը և Ջասթին Բարտան։ Ֆիլմը հաջող է եղել ոչ միայն վարձույթում, այլ նաև անձամբ Դայանի համար, քանի որ, ըստ բազմաթիվ հանդիսականների կարծիքի, նրան հաջողվել է ստվերում թողնել նույնիսկ Նիկոլաս Քեյջին։ 2005 թվականին այդ դերի համար Դայանն անվանակարգման է արժանացել «Սատուրն» մրցանակին, որը շնորհվում է Գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզիի և սարսափ ֆիմերի ակադեմիայի կողմից։

Կարիերայի շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դայան Քրյուգերը Կաննի կինոփառատոնում, 2015 թվական

2005 թվականին նա նկարահանվել է Ֆաբիեն Բերտի «Ֆրենկի» դրամայում, Ֆրենկիի համանում գլխավոր հերոսի դերում։ Դերասանուհին հանդես է եկել նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։ Նկարատանումների ժամանակ նա երեք շաբաթ անց է կացրել հոգեբուժական հիվանդանոցում, քանի որ ֆիլմում նա միակ իրական դերասանուհին էր էկրանին, մնացածը իրական հիվանդներ էին[13]։ Սակայն այդ տարվա ընթացքում Դայանի ամենահաջող աշխատանքը եղել է ֆրանսիացի ռեժիսոր Կրիստիան Կարիոնի «Երջանիկ Սուրբ Ծնունդ» ռազմական դրաման։ Դայանը խաղացել է երգչուհի Աննա Սորենսենի դերը, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ուղևորվել է ամուսնու մոտ ռազմադաշտ։ Ֆիլմը անվանակարգման է արժանացել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպիսին են «Օսկար» և «Ոսկե Գլոբուս»։ Ընդ որում, դա արդեն երրորդ ֆիլմն էր, որտեղ դերասանուհին նկարահանվել էր ամուսնու հետ միասին։

2006 թվականի մարտին կայացել է ֆրանսիական «Վագրային ջոկատներ» արկածային մարտաֆիլմի առաջնախաղը, որը պատմում է XX դարի սկզբին Փարիզի իրադարձությունների մասին։ Դայանը խաղացել է ռում իշխան Կոնստանս Ռադեցկիի կնոջ դերը։ Սակայն ամենից շատ, ըստ դերասանուհու խոսքերի[14], նրան դուր են եկել նկարահանումները «Արտագրելով Բեթհովենին» ֆիլմում, քանի որ նկահանման հրապարակում նրա խաղընկերն էր Էդ Հարիսը, ով խաղում էր երգահան Լյուդվիգ վան Բեթհովենի դերը։ Դերասանուհտն նկահանվել է Աննա Հոլցի դերում՝ Վիեննայի կոնսերվատորիայի ուսանողուհի և երգահանի օգնական։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2006 թվականի սեպտեմբերի 10-ին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

2007 թվականի մայիսի 16-ին և 27-ին Դայան Քրյուգերին պատիվ է տրվել լինել հաղորդավարուհի Կաննի 60-րդ կինոփառատոնի բացման և փակման արարողություններում[15][16]։

Սակայն, չնայած դերասանական կարիերայի հաջող սկզբին, Դայանը չի լքել մոդելային բիզնեսը և 2004 թվականի աշնանը ներկայացրել է մոդելավորող Լուի Վիտոնի հավաքածուն։ Բացի այդ, դերասանուհին կանոնավորապես մասնակցել է հագուստի ցուցադրումներում և հայտնվել է աշխարհի հայտնի ամսագրերի շապիկներին։ 2007 թվականի դեկտեմբերին նրա լուսանկարը տեղադրված է եղել «Cosmopolitan» կանանց հանրահայտ ամսագրի ռուսական տարբերակի շապիկին[17]։

2007 թվականին Դայան Քրյուգերի ամենանշանակալից ֆիլմը դարձել է Ջոն Թյորթելտաուբի «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» ֆիլմը, Walt Disney Pictures ընկերության արկածային մարտաֆիլմը, որի համաշխարհային առաջնախաղը կայացել է դեկտեմբերի 21-ին։ Ռուսաստանում առաջնախաղը կայացել է դեկտեմբերի 27-ին։ Այդ կինոնկարում, որ հանդիսանում է «Ազգի գանձերը» ֆիլմի շարունակությունը, դերասանուհին կրկին նկարահանվել է Էբիգեյլ Չեյսի դերում, Նիկոլաս Քեյջի հետ միասին։

Բացի դրանից, 2007 թվականին կայացել են Դայան Քրյուգերի մասնակցությամբ ևս երեք ֆիլմերի համաշխարհային առաջնախաղեր։ Դրանցից է ռեժիսոր Ռիչարդ Շեպարդի «Հանտի որսը» ֆիլմն է, որտեղ գլխավոր դերերից մեկը խաղացել է Ռիչարդ Գիրը։ Դերասանուհին այդ ֆիլմում նկարահանվել է Միրյանաի դերում։ Երկրորդ ֆիլմը Ջեյմս Գրեգորիի հիշողությունների էկրանավորումն էր՝ Նելսոն Մանդելայի բանտային վերակացուի, դանիացի ռեժիսոր Բիլ Աուգուստի «Հաջողություն, Բաֆանա» ֆիլմը։ Դայան Քրյուգերը խաղացել է գլխավոր դերերից մեկը՝ Գլորիա Գրեգորիին։ Այդ ֆիլմում նկարատանվել է նաև անգլիացի դերասան Ջոզեֆ Ֆայնսը։

Կաննի կինոփառատոնի փակման օրը, 2007 թվականի մայիսի 27-ին, արտամրցույթային ծրագրում կայացել է կանադացի ռեժիսոր Դենի Արկանի «Խավարման դար» կատակերգության ցուցադրությունը,որտեղ Դայանը խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Աշնանը ֆիլմը Կանադայի կողմից առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն հանձնաժողովը այն անվանակարգման չի արժանացրել[18]։

2009 թվականին կայացել է բելգիացի ռեժիսոր Ժարկո վան Դորմալի «Պարոն ոչ ոք» ֆանտաստիկ ֆիլմի առաջնախաղը։ Ֆիլմը որոշ երկրներում ունեցել է սահմանափակ վարձույթ[19]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել ոչ վաղ ապագայում, երբ գլխավոր հերոսը, որին խաղացել է Ջարեդ Լետոն, հանկարծակի արթնացել է որպես զառամյալ ծերունի և հասկացել, որ նա հանդիսանում է վերջին մահկանացուն մոլորակի վրա, ով իր դարն է ապրում երջանիկ անմահների շրջանում։ Բացի Դայան Քրյուգերից, ով խաղացել է Աննայի դերը՝ ֆիլմում գլխավորներից մեկը, ֆիլմում մանակցություն են ունեցել Ջարեդ Լետոն և Սառա Պոլին։ Դայան Քրյուգերի փոխարեն Աննայի դերը կարող էր բաժին հասնել Եվա Գրինին։

2012 թվականին Դայան Քրյուգերին հրավիրել են Խուզարկուի դերին Ստեֆան Մայերի վեպի հիման վրա նկարահանված «Հյուրը» ֆիլմում։ Ֆիլմի առաջնախաղը տաղի է ունեցել 2013 թվականի մարտի 29-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի սեպտեմբերի 1-ին, 25 տարեկան հասակում, դերասանուհին ամուսնացել է ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Գիյոմ Կանեի հետ։ Նրանք ծանոթացել էին փարիզյան ակումբներից մեկում, ընկերական երեկույթի ժամանակ։ Սակայն 5 տարի համատեղ կյանքից հետո, 2006 թվականին, նրանք ամուսնալուծվել են։ 2006 թվականի հունիսից Դայանը հանդիպել է Ջոշուա Ջեքսոնի հետ[20]։ 2016 թվականի հուլիսին Դայան Քրյուգերը և Ջոշուա Ջեքսոնը բաժանվել են՝ 10 տարի հարաբերություններից հետո։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերասանուհին կատարելությամբ տիրապետում է 3 լեզուների և անձամբ կրկնօրինակում է իր դերերը՝ գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն։ Բացի դրանից, 8 տարվա ընթացքում, նա դպրոցում ուսումնասիրել է լատիներեն, իսկ «Վագրային ջոկատներ» (2006) ֆիլմում նկարահանվելուց առաջ նա ստիպված էր ուսումնասիրել նաև ռուսերեն[6]։
  • Դերասանուհու սիրելի մոդելյորը Մարկ Ջեյկոբսն է[7]։
  • 2005 թվականի մայիսին «Maxim» ամսագիրը հրապարակել է մոլորակի ամենահառանկարային և ակտուալ կանանց Թոփ 100-յակը։ Նրանում Դայան Քրյուգերը 50-րդն էր[21]։
  • Մինչև 1990-ական թվականների կեսերը մոդել է աշխատել իր իրական անվան տակ՝ Դիանե ՀայդՔրյուգեր[8]։
  • Նա դարձել է առաջին գերմանուհին, ով վարել է 2007 թվականի Կաննի կինոփառատոնի արարողությունը[8]։
  • Ակտովորեն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամին[8]։
  • Դերասանուհու մականունն է «Կրյուգս»[14]։
  • Դերասանուհու սիրելի ֆիլմն է «Մագնոլիա» (1999)[14]։
  • 2004 թվականին պարգևատրվել է «Կանանց, ովքեր կարողացել են բարելավել աշխարհը» (Women’s World Awards) մրցանակով, որկ սահմանել է Նոբելյան մրցանակի դափնեկիր և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը[22]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2016 Գաղտնի խարդախություն The Infiltrator Քեթի Էրց
2015 Երկինք Sky Ռոմի
Թիկնապահ Maryland Ջեսսի
Հայրեր և դուստրեր Fathers and Daughters Էլիզաբեթ
2013 Կամուրջ The Bridge գործակալ Սոնյա Կրոս
Հյուրը The Host Խուզարկու / Լեյսի
2012 Ամուսնություն երկու օրում Un plan parfait Իզաբել
Հաջողություն, իմ թագուհի[23] Les adieux à la reine Մարի Անտուանետ
2011 Հատուկ նշանակության ջոկատ Forces spéciales Էլզա
Անհայտը Unknown Identity Ջինա
2010 Մինչ վերջին շունչը Inhale Դիանա Ստենտոն
Մերկ ոտքերով Pieds nus sur les limaces Կլարա
2009 Անփառունակ սրիկաները Inglourious Basterds Բրիջետ ֆոն Համերսմարկ
Պարոն ոչ ոք Mr. Nobody Աննա
Հրաժեշտի գործ L`affaire Farewell վազող կին
Տարրօրինակները Lascars Կլեմենս Սանտիեպի (ձայնավորում)
2008 Նրա համար Pour elle Լիզա
2007 Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը National Treasure: Book of Secrets Էբիգեյլ Չեյս
Հանտի որսը The Hunting Party Միրյանա
Խավարման դար L' Âge des ténèbres Վերոնիկա Սթար
Հաջողություն, Բաֆանա Goodbye Bafana Գլորիա Գրեգորի
2006 Արտագրելով Բեթհովենին Copying Beethoven Աննա Հոլց
Վագրային ջոկատներ Les Brigades du Tigre Կոնստանս Ռադեցկի
2005 Ֆրենկի Frankie Ֆրենկի
Երջանիկ Սուրբ Ծնունդ Joyeux Noël Աննա Սորենսեն
2004 Ազգի գանձերը National Treasure Էբիգաեյլ Չեյս
Գլյուկ Narco աղջիկ գիշերային ակումբից
Մոլագարություն Wicker Park Լիզա
Տրոյա Troy Հեղինե Չքնաղ
2003 Միշել Վալյան. Արագության մոլուցք Michel Vaillant Ջուլիա Վուդ
2002 Ինչպես կասես Mon idole Կլարա Բրուստալ
Ոչ կողմ, ոչ դեմ (այլ լրիվ հակառակ) Ni pour, ni contre (bien au contraire) աղջիկ կանչով
Վիրտուոզ The Piano Player Էրիկա

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ[24] Անվանակարգված աշխատանք Անվանակարգ Արդյունք
2003 Կաննի կինոփառատոնի «Շոպար» ընկերության մրցանակ - Լավագույն երիտասարդ դերասանուհի Հաղթանակ
2004 «Բեմբի» մրցանակ - Կարիերա Հաղթանակ
2005 «Սատուրն» մրցանակ «Ազգի գանձերը» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
2008 «Teen Choice Awards» «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը» Choice Movie Դերասանուհի. Արկածային Առաջադրված
2009 «Ֆենիքս կինոքննադատների միության» մրցանակ
(Phoenix Film Critics Society Awards)
«Անփառունակ սրիկաները» Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
«Սան Դիեգոյի կինոքննադատների միության» մրցանակ
(San Diego Film Critics Society Awards)
Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
2010 «Սատուրն» մրցանակ Լավագույն դերասանական կազմ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանական կազմ խաղարկային ֆիլմում Հաղթանակ
«Քննադատների ընտրություն» մրցանակ Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
Central Ohio Film Critics Association Լավագույն դերասանական կազմ Հաղթանակ
«Ոսկե խցիկ» մրցանակ Լավագույն միջազգային դերասանուհի Հաղթանակ
Online Film Critics Society Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Les anciens du Cours FlorentCours Florent.
  2. «Фильмография Дианы Крюгер» (ռուսերեն). КиноПоиск.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  3. https://www.culture.gouv.fr/Presse/Archives-Presse/Archives-Discours-2012-2018/Annee-2014/Discours-de-Fleur-Pellerin-prononce-a-l-occasion-de-la-ceremonie-de-remise-des-insignes-d-Officier-de-l-ordre-des-Arts-et-des-Lettres-a-Diane-Kru
  4. https://www.parismatch.com/People/Cinema/Diane-Kruger-eblouissante-pour-sa-decoration-597864
  5. «Diane Kruger profile». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 Diane Kruger — Biography IMDb.com
  7. 7,0 7,1 «Diane Kruger — Biography». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Диана Крюгер. Журнал «OK»
  9. Elite. Արխիվացված 2012-09-05 archive.today pageantopolis. Проверено 16 апреля 2012.
  10. Troy Finds Its Helen IGN.com
  11. 11,0 11,1 11,2 Diane Kruger — Biography. Diane Kruger Fan Արխիվացված 2007-12-25 Wayback Machine
  12. Troy. boxofficemojo.com
  13. Диана Крюгер. За кадром. Արխիվացված 2007-11-06 Wayback Machine Movie.ru
  14. 14,0 14,1 14,2 Диана Крюгер Sehr gut! Журнал «Cosmopolitan» Արխիվացված 2008-01-07 Wayback Machine
  15. «DIANE KRUGER, MASTER OF CEREMONIES FOR THE 60th FESTIVAL DE CANNES». Festival de Cannes. Վերցված է 2012 թ․ մարտի 17-ին.
  16. В Каннах открылся 60-й кинофестиваль Lenta.ru
  17. «Журнал «Cosmopolitan» (Декабрь 2007 года)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  18. Фильмы «Монгол» и «12» могут претендовать на премию «Оскар». ig.nnov.ru
  19. Feuillère, Anne (2007 թ․ հունիսի 15). «Van Dormael's ambitious Mr Nobody». Cineuropa.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 3-ին.
  20. Diane Kruger — Biography Yahoo! Movies
  21. Maxim Hot 100 2005. Maxim.com
  22. Горбачёв наградит «женщин, которые улучшили мир». РИА Новости
  23. «Прощай, моя королева» откроет Берлинале-2012
  24. Diane Kruger — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]