Դալգոնա
կորեական | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | շաքարային կոնֆետ |
Առաջացման երկիր | Հվ․ Կորեա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | շաքարավազ, կերակրի սոդա |
Dalgona Վիքիպահեստում |
Դալգոնա կամ պոպգի (կորեերեն՝ 달고나, 뽑기), կորեական կոնֆետ՝ պատրաստված շաքարավազի և կերակրի սոդայի խառնուրդից[1]։ Կախված տարածաշրջանից՝ այն ունի տարբեր անուններ։ Դա քաղցրավենիք էր, որը վայելում էին կորեացի երեխաները 1950-ականների կեսերից։ Պատճառն այն էր, որ այն ավելի էժան և քաղցր էր, քան խանութներում վաճառվող սովորական քաղցրավենիքները։ Այն այսօր էլ ունի լայն տարածում, և հատկապես 21-րդ դարի սկզբից, ռետրո միտումների շնորհիվ հաճախ կարելի է տեսնել դրանք վաճառող կրպակներ քաղաքի կենտրոնական շրջանների փողոցներում, ինչպես Սեուլ քաղաքի Ինսա-դոնգ փողոցում։ Մեծահասակները նույնպես գնում և ուտում են դրանք հին ժամանակները հիշելու համար[2]։ Կաղապարով սեղմելով հնարավոր է տարբեր ձևերի դալգոնա պատրաստել։
1960-ականներին և 1970-ականներին դալգոնան հանրաճանաչ քաղցրավենիք էր երեխաների համար, ովքեր շերեփի վրա դնում էին սպիտակ շաքարի (գլյուկոզա) խորանարդի կտոր, հալեցնում այն կրակի վրա, այնուհետև այն խառնում սոդայի փոշիով և ուտում։ Այսպիսով՝ պոպգին պատրաստվում էր հալած շաքարի մեջ մի քիչ սոդայի փոշի ավելացնելով և այն տափակացնելով[3][4]։ Դալգոնան պարզապես ուտում են հալած շաքարի տեսքով, բայց ի տարբերություն սրա, պոպգին լցնում են երկաթե ափսեի մեջ և սեղմում կլոր երկաթե ափսեով, որ հարթվի։ Այդ պահին հարթեցրած զանգվածը սեղմում են այնպիսի կաղապարի մեջ, ինչպիսին է աստղը կամ սիրտը, որպեսզի պատկերը տպվի[5]։ Պոպգին ուտելիս երբեմն ասեղով կարելի է առանձնացնել հենց այդ պատկերը, որը բավականին զվարճալի զբաղմունք է։ Կախված տարածաշրջանից, պոպգին կոչվում է նաև տիգի, ճոգջա կամ տոնգ գվաջա։ Նախկինում դալգոնա և պոպգի շատ էր վաճառվում ցանկացած նրբանցքներում, իսկ մեր օրերում միայն զբոսաշրջային վայրերում կարելի է տեսնել դրանք պատրաստող և վաճառող մարդկանց։ Ինչպես նաև շուկայում կան «Հիշողություններ» անունով գործարանային արտադրանքներ։ Բացի այդ վաճառում են դալգոնայի պատրաստման հատուկ հավաքածուներ, որոնցով դուք կարող եք ինքներդ պատրաստել տանը։ 2020 թվականին պատրաստվել է «Դալգոնա» սուրճը օգտագործելով դալգոնան։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանում, ներառյալ Սեուլում և Ինչոնում, այն հիմնականում կոչվում էր պոպգի և դալգոնա։ Սրանից ելնելով այն ներկայացվեց որպես դալգոնա կամ պոպգի Նեթֆլիքսի «Կաղամարի խաղ» հեռուստասերիալում։ Այնուամենայնիվ անունները տարբեր են՝ կախված տարածաշրջանից, և հիմնականում օգտագործվում են հետևյալ անունները.
- Տիգի[6]․ Այն սովորաբար օգտագործվում էր Դեջոնում, և այլ շրջաններում ներառյալ Չունգչոնգդոյի մեծ մասը՝ բացառությամբ Չոնգջուի և Ջոլլադոյի մեծ մասը՝ բացառությամբ Գվանգջուի։ «Տիգի»-ն արտացոլում է Չունգչոնգդո և Ջոլլադո բարբառների առանձնահատկությունները, որտեղ «ㅏ» (ա) ձայնավորը վերածվում է «ㅣ» (ի) ձայնավորի, իսկ երբ վերածվում է ստանդարտ լեզվի, այն դառնում է «տեգի»։
- Տեգի[6]․ Ասում են, որ Ջեջու կղզում «տիգի» բառով փոխարինելու փոխարեն, որը բարբառային ձևն է, նրանք փոխառել են ստանդարտ բարբառը և այն անվանել «տեգի», ինչպես Չունգչոնգդոյում կամ Ջոլլադոյում։
- Գուգջա[6]․ Այն հիմնականում օգտագործվում էր Դեգու/Գյոնգբուկ շրջաններում, և այն կոչվում էր «գուկջա», քանի որ պատրաստվում և ուտում էին շերեփով։ Բացի այդ, այն նաև կոչվում է «փաճակունգ», բայց այն չունի այդքան լայն գործածություն, որքան «գուջան»։
- Ճոգջա[6]․ Այն հիմնականում օգտագործվում էր Գյոնգնամ շրջանում և ենթադրվում է, որ այն առաջացել է Գուկջայի բարբառից, սակայն դա ճշգրիտ չէ։
- Օրիտեգի/օրիտիգի[6]․ Այն հիմնականում գործածվել է Մասանում և ասվում է, որ այն առաջացել է «կտրել և պատռել» բարբառից։
- Տոնգ գվաջա[6]․ Բուսանում ասում են, որ բացի ճոգջայից, անվանում են նաև «տոնգ գվաջա» (կղանք քաղցրավենիք)։ Ինչպես երևում է անունից, դրանք կոչվում են «կղանք քաղցրավենիք», քանի որ նման են կղանքի։
1970-ականներից և 1980-ականներից, երբ պոպգիի հանրաճանաչությունն իր գագաթնակետին էր, մինչև 2000-ականների սկիզբը, մեդիայի ազդեցությունը քիչ էր, ուստի անունները տարբեր էին՝ կախված տարածաշրջանից։ Այնուհետև խելացի հեռախոսների տարածման և մեդիայի ազդեցության մեծացումով, բնականաբար մեծացավ նաև Սեուլ/Գյոնկիգվոնի ազդեցությունը, որտեղ մեծապես ենթարկվում էին մեդիային։ Սրանից հետո տարածաշրջանային այս անունները կորցրին իրենց ուժը, և այժմ միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտների մեծ մասը դրանք անվանում են դալգոնա։
Դալգոնան մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Սոնգ Սընգ Հվանը թողարկեց «Սեքսուալ դալգոնա» մյուզիքլը։ «Դալգոնա» մյուզիքլը բեմադրվել է խոշոր թատրոններում 2006 թվականին[7], իսկ 2007 թվականին ներկայացվել է նաև Ճապոնիայում[8]։
2021 թվականին Նեթֆլիքսը թողարկեց «Կաղամարի խաղ» դրաման, որտեղ դալգոնան և պոպգին հանդես եկան որպես խաղ, ինչն էլ որոշում էր հերոսների կյանքը կամ մահը։ «Կաղամարի խաղ»-ը թողարկումից հետո դալգոնայի հանրաճանաչությունը մեծացավ ամբողջ աշխարհում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ <<두산백과>> 달고나
- ↑ 〈추억의 카페〉 서울 도심 한가운데서 만나는 옛노래·옛물건 2010년 5월 26일 《매일경제》
- ↑ 달고나, 돌아왔고나... 26th Febrary 2003 이주현
- ↑ [뒷골목 맛집 탐험]뽑기의 마력 21th August 2003 황교익
- ↑ <<두산백과>> 뽑기
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 '뽑기' '달고나' 어떻게 부르셨나요? 14th April 2015 나윤정
- ↑ 송승환 뮤지컬 ‘달고나’ 연출 2006년 9월 10일 《한겨레신문》
- ↑ «뮤지컬 `달고나`·`대장금` 일본 수출». 《매일경제》. 2007-07-23. Արխիվացված է օրիգինալից 2015-01-19-ին. Վերցված է 2021-11-02-ին.