Գաբրիել Երանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գ. Երանյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Երանյան
Ծնվել էհուլիսի 12, 1827(1827-07-12)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 13, 1862(1862-10-13) (35 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունկոմպոզիտոր

Գաբրիել Երանյան (հուլիսի 12, 1827(1827-07-12)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 13, 1862(1862-10-13), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ երաժշտագետ, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Մայր վարժարանում, աշակերտելով երաժշտագետ Արիստակես Հովհաննիսյանին։ Բացի հայկական խազերից, սովորել է նաև եվրոպական նոտաները և ունեցել ստեղծագործական-մանկավարժական բեղուն գործունեություն։ Իր ուսուցչի՝ Արիս Հովհաննիսյանի հետ 1857-1858 թվականներին հրատարակել է «Քնար հայկական» հանդեսը, որը երաժշտական առաջին պարբերականն էր հայ իրականության մեջ և որտեղ ազգային երգերը ձայնագրվում էին եվրոպական նոտաներով[2][3]։ Պարբերականը կարճ կյանք է ունեցել։ Իր աշակերտներից Նիկողայոս Թաշճյանի հետ 1861 թվականին վերահրատարակել է այն «Քնար արևելյան» անունով, բայց հնարավորություն չի ունեցել հարատևելու և 1862 թվականին փակել է։ Նույն թվականին հիմնադրել է նույնանուն երաժշտական ընկերությունը, խմբագրակազմում ներգրավել է Տիգրան Չուխաջյանին և իտալացի Կ. Ֆոսքինիին։

Դասավանդել է Խասգյուղի վարժարանում և ազգային որբանոցի դպրոցում։ Տիրապետելով նոր հայկական ձայնագրությանը՝ ուսումնասիրել է նաև եվրոպական երաժշտության տեսությունը։

Որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է Խասգյուղ թաղամասի հայկական դպրոցում և ազգային հիվանդանոցի որբանոցում, աճեցնելով շատ աշակերտներ։ Հեղինակել է ազգային, հայրենասիրական երգեր, ինչպես հայտնի «Կիլիկիան», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Արիք, Հայկազունք», «Հայ ապրինք, եղբայրք» և այլն, որոնք լայնորեն տարածվել են ոչ միայն արևմտահայ, այլև արևելահայ իրականությունում, շնորհիվ Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի։ Դրանցից «Հայաստանը» հետագայում Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ և Կոմիտասի դաշնամուրային ընկերակցությամբ ձայնագրվել է, դարձել հայ ժողովրդի ամենասիրելի երգերից մեկը։ Նույնքան ժողովրդականություն է վայելում և «Կիլիկիան»[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստան՝ երկիր դրախտավայր»
  • «Կիլիկիա»
  • «Արիք, Հայկազունք»
  • «Հայ ապրինք, եղբայրք»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ». Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Համահայկական թվանշային գրադարան».
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 307.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։