Գևորգ Տեր-Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Տեր-Դավթյան
Ծնվել էօգոստոսի 25, 1850(1850-08-25)
Մահացել էնոյեմբերի 13, 1934(1934-11-13) (84 տարեկանում)
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Գևորգ Զաքարի Տեր-Դավթյան (օգոստոսի 25, 1850, Թիֆլիս — նոյեմբերի 13, 1934, Թիֆլիս), հայ սովետական դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1925)։ Ռեալիստական ուղղության հայ խոշորագույն կատակերգակ դերասաններից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1872 թվականից՝ Թիֆլիսում։ Հենց առաջին դերով (Սարուխան, Հովհաննես Գուրգենբեկյանի «Հազար թումնանոց կաբա») աչքի է ընկել իբրև կատակերգակ դերասան։ Տեր-Դավթյանը իր սուր դիտողականությամբ և ներքին զգացողությամբ, բնատուր տաղանդով կարողացել է ստեղծել հետաքրքիր ու անմոռաց կերպարներ, որոնց մասին հոդվածներով բազմիցս հանդես են եկել Գաբրիել Սունդուկյանը, Գևորգ Չմշկյանը, Սեդրակ Մանդինյանը, Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը և ուրիշներ։ 1880-ական թվականներից Տեր-Դավթյանը իր ղեկավարած տարբեր խմբերով և առանձին հրավերներով հանդես է եկել Բաքվում, Գանձակում, Բաթումում, Երևանում և այլուր։ Նրա խաղացանկը հարուստ էր հայ, ռուս, եվրոպական դրամատուրգիայի կերպարների լավագույն անձնավորումներով՝ Փարսիդ, Գիժ Մոզի, Իսայի, Սարգիս (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ»), Թաթոս (Նար-Դոսի «Սպանված աղավնի»), Դոբչինսկի (Գոգոլի «Ռեիզոր»), Մոլչալին (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Շպրիխ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Շմագա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Ծաղրածու, Գերեզմանափոր (Շեքսպիրի «Լիր արքա», «Համլետ»), Օրգոն, Սկապեն (Մոլիերի «Տարտյուֆ», «Սկապենի արարքները») են։ Տեր-Դավթյանի դերասանական ստեղծագործության գլուխգործոցը գեղարվեստական բարձր մակարդակով կերտած Գիքոյի դերն էր (Սունդուկյանի «Պեպո»), որը միշտ եղել է նրա խաղացանկում (1876–1930)։ Գիքոյի դերակատարումը շատ բարձր է գնահատել իտալական նշանավոր դերասան Է. Ռոսսին, 1890 թվականին՝ Թիֆլիսում նրա պատվին տրված «Պեպո» ներկայացման ժամանակ։ Նույն դերակատարումով նա հրավիրվել է մասնակցելու Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) բացմանը։

Գևորգ Տեր-Դավթյանի բեմական գործունեության 25-ամյակին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Հայի զարմանքը» բանաստեղծությունը[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1, 1988, էջ 526:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 666 CC-BY-SA-icon-80x15.png