Գևորգ Պետրոսյան (դերասան)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11 (23), 1859[1] |
Ծննդավայր | Որդուար, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1906[1] (46 տարեկան) |
Մահվան վայր | Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Խոջիվանք[1] |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ |
Գևորգ Հովսեփի Պետրոսյան (Գևորգ Տեր-Պետրոսյան, նոյեմբերի 11 (23), 1859[1], Որդուար, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1906[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, բեմադրիչ։
Դերասան, բեմադրիչ Քրիստափոր Պետրոսյանի (Ռուսաստանի Փոքր թատրոնում, Գրոմով ազգանունով) եղբայրը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Պետրոսյանը ծնվել է Օրդուբադում։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1881-1882 թվականներին հանդես է եկել Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով[2]։ 1878 թվականի դեկտեմբերին նա կազմակերպել է սիրողական մի թատերախումբ, ներկայացրել է Կարենյանի «Շուշանիկը» և խաղացել Վարդան Մամիկոնյանի դերը։ Նրա սիրողական խմբերում խաղացած դերերից հայտնի են Սմբատ Բագրատունին, Սոսոլը, Հերմանը։ Պրոֆեսիոնալ թատրոն է մտել 1881 թվականին։ Խաղացել է Զաքարե Իշխանի դերը «Ռուզան» (ըստ Մուրացանի) ներկայացման մեջ, եղել է Պետրոս Ադամյանի խաղընկերը «Դիմակահանդես»-ում (Կազարին և Զվեզդիչ), «Համլետ»-ում (Հորացիո) և վայելել նրա մտերմությունը։ 1883 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մինչև 1890 թվականը հանդես է եկել ուսանողական ինքնագործ խմբերում, միաժամանակ աշխատել տեղի և Մոսկվայի ռուսական թատրոններում[2]։ Պետրոսյանի ջանքերով 1891 թվականին Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում են եղել Հովհաննես Աբելյանը, Գևորգ Տեր-Դավթյանը, Արամ Վրույրը, Պողոս Արաքսյանը, Սաթենիկ Չմշկյանը, Մարի Զաբելը, Արշակ Հարությունյանը, Մկրտիչ Ավալյանը, Վարդուհին և ուրիշներ։ 1891 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Սիրանույշին, Դավիթ Թրյանցին, Արմեն Արմենյանին հրավիրել է Թիֆլիս։ 1897-1905 թվականներին ակտիվ թատերական գործունեություն է ծավալել Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում, 1901-1905 թվականներին Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարել է Թիֆլիսի մշտական գործող թատերախումբը[3]։ Հայկական թատերարվեստը լայն զանգվածներին ներկայացնելու համար միայնակ և խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում, նպաստել է ազգային թատերական մշակույթի առաջընթացին[2][4]։
Բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրոսյան բեմադրիչի իդեալը եղել է նոր տիպի համախմբային (անսամբլային) թատրոնը։ Պետրոսյանի ռեժիսուրան, հրապարակ բերելով նոր ու անծանոթ պիեսներ, խախտում էր հայ թատրոնի դերասանական հիերարխիան, ամպլուաների կարգավորվածությունը, բարդացնում դերասանի աշխատանքը։ Պետրոսյանի ռեժիսուրան բացառել է հապճեպ ու իմիջիայլոց փորձերը։ Նրա միզանցսենները միշտ պատճառաբանված էին լինում, կարևոր էր ընդհանուր տեմպը, տոնը[5]։
- Շիլլեր, «Ավազակներ»
- Ալեքսանդր Դյումա-որդի, «Կամելիազարդ տիկինը»
- Կարլ Գուցկով «Ուրիել Ակոստա» (1891)
- Հ.Իբսեն, «Ուրվականները» (1891)
- Ուիլյամ Շեքսպիր, «Լիր արքա»
- Գաբրիել Սունդուկյան, «Պեպո»
- Րաֆֆի, «Սամվել» (1891)
- Գերհարդ Հաուպտման, «Կառապան Հենշելը»
- Հենրիկ Իբսեն «Դոկտոր Շտոկման» (1892)
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Պետրոսյանի դերակատարումներն աչքի են ընկել կերպարի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Խաղացել է դրամատիկական, ողբերգական և բնութագրական դերեր։ Քննադատությունն ընդունել է նրան որպես մտքի դերասան, հույզերը բանականության ենթարկող։ Նա սկսել է հայ թատրոնի ավանդական խաղացանկից, անցել դասականության ճանապարհով ու հանգել նորագույնին, սկիզբ դնելով մեզանում 20-րդ դարի բեմական մտածողությանը[5]։ Պետրոսյանն ավելի հակված է եղել դրամատիկական դերերի։ Մեծ է եղել ռուսական դրամայի և ռուս դերասանական դպրոցի ազդեցությունը նրա բեմադրական և դերասանական արվեստի վրա։
Դեր | Պիես | Հեղինակ |
---|---|---|
Քաղաքագլուխ,
Աբդուլին |
«Ռևիզոր» | Նիկոլայ Գոգոլ |
Արբենին | «Դիմակահանդես» | Միխայիլ Լերմոնտով |
Շայլոկ,
Գրացիանո |
«Վենետիկի վաճառականը» | Ուիլյամ Շեքսպիր |
Անանիա Գլախա | «Դավաճանություն» | Յուժին-Սումբատով |
Օգսեն | «Պաղտասար աղբար» | Հակոբ Պարոնյան |
Պեպո | «Պեպո» | Գաբրիել Սունդուկյան |
Միլլեր | «Սեր և Խարդավանք» | Ֆրիդրիխ Շիլլեր |
Օթելլո | «Օթելլո» | Ու. Շեքսպիր |
Պետրուչիո | «Անսանձ կնոջ սանձահարումը» | Ու. Շեքսպիր |
Լիր արքա | «Լիր արքա» | Ու. Շեքսպիր |
Գուստավո | «Քույր Թերեզա» | Լուիջի Կամոլետտի |
Ուրիել | «Ուրիել Ակոստա» | Կարլ Գուցկով |
Մուրով | «Անմեղ մեղավորները» | Ալեքսանդր Օստրովսկի |
Ֆիլիպ | «Դարբնոցապետը» | Ժ. Օնե |
Բելոզերով | «Կյանք» | Պոտապենկո |
Ֆիգարո | «Սևիլյան սափրիչը» | Պիեռ Բոմարշե |
Նապոլեոն | «Մադամ Սանժեն» | Վիկտորիեն Սարդու |
Հենշել | «Կառապան Հենշել» | Գ. Հաուպտման |
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր համախոհ Սաթենիկ Ադամյանի հետ Պետրոսյանը ծրագրում է ստեղծել նոր թատրոն, նոր ժամանակներին համախոս և այդ ծրագրով ու իրենց ընտրած խմբով 1906 թվականի աշնանը մեկնել են Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով)։ Որտեղ և հոկտեմբերի 28-ին նա վախճանվել է։ Թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261—262.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Գևորգ Պետրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն». www.nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 5,0 5,1 Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն XIX դար. Երևան: Նաիրի. էջ 651. ISBN 978-5-5050-01601-5.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Պետրոսյան (դերասան)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 261)։ |