Գևորգ Չայլախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Չայլախյան
1897 - 1963
ԾննդավայրՆոր Նախիջևան
Մահվան վայրԽարկով
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
ՊարգևներԿուտուզովի երկրորդ աստիճանի շքանշան

Գևորգ Քրիստափորի Չալխանյան (1897, Նոր Նախիջևան - 1963, հունվարի 16, Խարկով), հրետանու գեներալ-մայոր (1943 թվական)։ Միքայել Չայլախյանի եղբայրը։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականին Դոնի-Ռոստովի Նախիջևանում, ծառայողի ընտանիքում։ Շուտով Չայլախյանի ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Նովոչերկասկ քաղաքում։ Գևորգը 1916 թվականին արծաթե մեդալով ավարտում է Նովոչերկասկի գիմնազիան։ Նույն թվականին զորակոչվում է և ծառայում Պետրոգրադի զորամասերից մեկում։ Կարճ ժամանակ հետո հրամանատարությունը նրան ուղարկում է Պետրոգրադի Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան՝ սովորելու։ Հաջողությամբ ավարտելով ուսումնարանը, նա ստանում է ենթասպայի կոչում։ Նրան նշանակում են Խարկովի մարզի Չուգուև քաղաքի գնդերից մեկի մարտկոցի հրամանատար, որտեղից նրան տասն օր հետո ուղարկում են Հարավարևմտյան ռազմաճակատ՝ գերմանացիների դեմ կռվելու։ Նա նշանակվում է Սիբիրյան հրետանային բրիգադի 1-ին մարտկոցի կրտսեր սպա։

1917 թվականի վերջերին Չայլախյանին նշանակում են Երևանի 5-րդ թեթև մարտկոցի կրտսեր սպա։ Այս նույն մարտկոցի հետ նա ակտիվ մասնակցում է Սարդարապատում և Շարուր-Նախիջևանի ուղղությամբ թուրքական զորքերի դեմ մղվող կռիվներին։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելու առաջին իսկ օրերին Չայլախյանը իր մարտկոցով մտնում է Կարմիր բանակի կազմի մեջ և ակտիվ մասնակցություն ունենում Ղամարլուի և Զանգեզուրի ռազմաճակատում։ Հայկական ՍՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն նրան պարգևատրում է Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչև 1935 թվականի մարտը, Գևորգ Չայլախյանը ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, հրետանային դասակի հրամանատարի պաշտոնից հասնելով մինչև Հայկական դիվիզիայի հրետանու պետի պաշտոնին։ 1935 թվականին ընտրվում է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի անդամ և Երևանի քաղաքային խորհրդի անդամ։

1935 թվականին տեղափոխում են Բաքու և նշանակում կորպուսի հակաօդային պաշտպանության օպերատիվ բաժնի պետ։ 1937-1938 թվականներին սովորում և ավարտում է Պուշկին քաղաքի Հրամկազմի կատարելագործման բարձրագույն հրետանային դասընթացները։

Հայրենական մեծ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին գնդապետ Չայլախյանը, գտնվելով Լվովի ռազմական օկրուգում, իր զենիթային հրետանիով գործուն մասնակցություն ունեցավ Լվով և Տերնոպոլ քաղաքների համար մղվող մարտերին։

Հակաօդային պաշտպանության նոր կադրեր պատրաստելու համար բարձր հրամանատարությունը Չայլախյանին պատերազմի երկրորդ ամսին ռազմաճակատից ետ է կանչում Մոսկվա և նշանակում Կարմիր բանակի ՀՕՊ-ի բարձրագույն դպրոցի հակաօդային պաշտպանության տակտիկայի ամբիոնի պետ և դասախոս։

ԽՍՀՄ Ժողկոմսովետը 1943 թվականի սեպտեմբերին նրան շնորհում է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։

Երբ գերմանացիները արդեն սպառնում են Կովկասին, գեներալ Չայլախյանին նշանակում են Անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ։ Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատի հակաօդային պաշտպանության գործը հմտորեն կազմակերպելու համար նա պարգևատրվել է Լենինի, Կարմիր Դրոշի երկու, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի և Կարմիր Աստղի շքանշաններով։

Այնուհետև հրետանու նշանակվելով բանակի հրամանատարի տեղակալ՝ Մանջուրիայում մասնակցում է ճապոնական զոքերի դեմ մղվող կռիվներին։

Ճապոնիայի դեմ մղված կռիվների ժամանակ ցուցաբերած արիության համար պարգևատրվում է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշանով։

1945 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական Մեծ պատերազմի ավարտից հետո մոտ 12 տարի վարում է Խորհրդային Միության Մարշալ Լ. Ա. Գովորովի անվան հրետանու ռադիոտեխնիկական ակադեմիայի տակտիկայի ամբիոնի պետի պաշտոնը։

Առողջության պատճառով 1958 թվականից պահեստի գեներալ էր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրետանու գեներալ-մայոր Գևորգ Չայլախյան: Արմո Մալխասյան, Սովետական բանակի հայ գործիչները, Ե., Հայպետհրատ, 1963, էջ 408-410:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 665 CC-BY-SA-icon-80x15.png