Jump to content

Գևորգ Մելիք-Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մելիք-Ղարագյոզյան
 
Քաղաքացիություն  Հայաստան

Գևորգ Մելիք-Ղարագյոզյան, հայ մտավորական, ՀՀ առաջին հանրապետության կառավարության անդամ, Հայ ժողովրդական կուսակցության անդամ, Հանրային կրթության նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Մելիք-Ղարագյոզյան ծնվել է Երևանում 1873 թ., բարձրագույն կրթությունը ստացել Բեռլինի համալսարանում: 1903-1905 թթ. եղել է «Кавказский вестник», 1905 թ. «Արշալույս» պարբերականների խմբագիրը: Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին, որպես Հայ ժողովրդական կուսակցության անդամ, նա ընդգրկվել է կոալիցիոն կառավարության կազմում։ 1918 թ. դեկտեմբերից մինչև 1919 թ. հունիսը եղել է ՀՀ հանրային կրթության նախարար: Գ.Մելիք-Ղարագյոզյանի գիտական, գեղարվեստական ժառանգության զգալի մասը մինչ այժմ հրատարակված չէ: 2017 թ., ռուսերեն լույս տեսավ նրա «Հիշողություններ» խորագիրը կրող գիրքը, որտեղ հեղինակը մի շարք հետաքրքիր և արժեքավոր տեղեկություններ է հաղորդում 1918 թ. Հայոց ազգային ժողովի պատվիրակության կազմում Գերմանիա կատարած իր ուղևորության մասին:Գրքի տպագրության հարցում մեծ է նրա թոռան՝ Միխայիլ Վերմիշևի ներդրումը[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարավերջին Գ. Մելիք-Ղարագյոզյանը առանձնակի հետաքրքրություն էր ցուցաբերում Եվրոպայի և մասնավորապես Գերմանիայի համալսարաններում հայ ուսանողների ուսումնառության, նրանց ծավալած գործունեության հանդեպ: Իր հետազոտական ուսումնասիրությունները 1901 թ. հրատարակում է առանձին գրքույկով, որն անմիջապես հայտնվում է արևելահայ մամուլի ուշադրության կենտրոնում: «Լումայ» և «Մուրճ» ամսագրերում գրախոսություններ են տպագրվում: Ուշագրավ են հեղինակի առաջադրած խնդիրները, որ ներկայացվում են առաջաբանում:Փորձ է արվում հստակեցնել ոչ հայկական միջավայրում կրթություն ստացող հայ ուսանողների կյանքի, մտավոր գործունեության, կենցաղի ու հետաքրքրությունների շրջանակը։ Գիրքն ունի 91 էջ, ութ բաժին, որոնց մեջ հեղինակն առանձնացնում է հատկապես երկու կարևոր խնդիրներ: Դրանցից առաջինը հայ ժողովրդի արևելահայ ու արևմտահայ հատվածները ներկայացնող ուսանողների բնավորության բնութագիրն է։ Մյուս կարևոր խնդիրը հայ ուսանողների և գերմանական միջավայրում նրանց մեկուսի ապրելակերպի, այդ երկրի մտավորական խավի հետաքրքրություններին հիմնականում անմաս լինելու շուրջ հեղինակի խորհրդածություններն են[1]:

Երևանի համալսարանի հիմնադրմանը մեծապես նպաստել են Գևորգ Մելիք Ղարագյոզյանը և Դավիթ Զավրյանը։ Նրանց գործունեությունը ներկայացված է Առաջին հանրապետության փաստաթղթերում։ 1918-1919 թվականներին երկրի ծանր վիճակը (տնտեսական ճգնաժամ, սով, համաճարակներ, գաղթականների խնդիր) Երևանի համալսարան ստեղծելու հույս չէր տալիս։ Այդ պատճառով կրթության նախարարությունը որոշեց աջակցել Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանին՝ նախ ֆինանսապես, ապա՝ տեղափոխելով այն Երևան։ Սակայն Թիֆլիսում խորհրդային կարգերի հաստատումից հետո համալսարանը ֆինանսական ծանր վիճակում էր[1]։

Գ. Մելիք-Ղարագյոզյանը, որպես նախարար, ակտիվորեն զբաղվում էր այս հարցով, իսկ Դ. Զավրյանը՝ լինելով այդ համալսարանի դասախոս, դառնում է նրա ներկայացուցիչը Թիֆլիսում։ 1919-ի հունվար-ապրիլին նրանք մշտական կապի մեջ էին՝ քննարկելով համալսարանի ճակատագիրը։ 1919 թ. հունվարի 25-ին Մելիք-Ղարագյոզյանը նախարարությունում խորհրդակցություն է կազմակերպում, որին մասնակցում էին կրթական գործիչներ ու ծնողական խորհուրդների ներկայացուցիչներ։ Վերջնական որոշմամբ ընդունվում է, որ հայ ժողովրդի համար համալսարան ունենալը կենսական անհրաժեշտություն է, թեկուզ 200 ուսանողներով։ Համալսարանի հիմնման հարցի լուծումը վստահվում է նախարարին[2]։

1919-ի փետրվարին շարունակվում է Գ. Մելիք-Ղարագյոզյանի և Դ. Զավրյանի նամակագրությունը, իսկ մարտի սկզբին Մելիք-Ղարագյոզյանը կառավարությանը ներկայացնում է զեկուցագիր՝ Անդրկովկասյան մասնավոր համալսարանը Երևան տեղափոխելու նպատակահարմարության մասին։ Մինչ այդ, համալսարանի պահպանման համար անհրաժեշտ էր 2.5 միլիոն ռուբլու պետական աջակցություն։[2]

1919-ի մայիսի 5-ին Հանրային կրթության նախարարության նիստում որոշվում է տրամադրել 500,000 ռուբլի համալսարանը Թիֆլիսում պահելու համար։ Սակայն մայիսի 7-ին Հայաստանի կառավարության նիստում կրթության նախարարի առաջարկը մերժվում է, և հանձնարարում են մշակել ծրագրեր Երևանի համալսարան հիմնելու համար։ Այսպիսով, Անդրկովկասյան համալսարանը Երևան տեղափոխելու հարցը փակվում է[2]։

1919 թ. մայիսի 7-ի կառավարության որոշումը ոչ միայն մերժում էր Անդրկովկասյան համալսարանը Երևան տեղափոխելու հարցը, այլև հանձնարարում էր կրթության նախարարին ներկայացնել ծրագիր՝ Հայաստանում համալսարան բացելու վերաբերյալ[2]։

Գ. Մելիք-Ղարագյոզյանը, ընդունելով նոր իրողությունը, շարունակում է ակտիվ գործունեությունը՝ նպատակ ունենալով ստեղծել երկրի առաջին բարձրագույն կրթական հաստատությունը։ Մայիսի 12-ին նա ներկայացնում է զեկուցագիր և ուղեկից փաստաթղթեր՝ հիմնավորելով համալսարանի անհրաժեշտությունը։ Նախատեսվում էր ստեղծել չորս ֆակուլտետ՝ պատմաբանասիրական, իրավաբանական-տնտեսական, բժշկական և ֆիզիկամաթեմատիկական։ Նրա ներկայացրած ծրագրի հիման վրա, մայիսի 16-ին, կառավարությունը հաստատում է «Օրենք Հայաստանում համալսարան բանալու և նրա նախնական ծախսերը հոգալու համար 300,000 ռուբլի հատկացնելու մասին»։ Որոշմամբ նախատեսվում էր հիմնել համալսարան՝ նշված չորս ֆակուլտետներով, այդ թվում՝ տեխնիկական ստորաբաժանումներով։ Համալսարանը պետք է բացվեր 1919-1920 ուսումնական տարում։ Առաջին հերթին պետք է բացվեր պատմալեզվաբանական բաժինը։ Մնացած բաժինների բացման ժամկետը պետք է որոշեր նախարարների խորհուրդը՝ Հանրային կրթության նախարարի առաջարկով։ Գ. Մելիք-Ղարագյոզյանը պաշտոնավարում է մինչև 1919 թ. հունիսի կեսերը, որից հետո նրան փոխարինում է Սիրական Տիգրանյանը, իսկ օգոստոսին՝ Նիկոլ Աղբալյանը։ Վերջինիս պաշտոնավարման շրջանում համալսարանի հիմնադրման աշխատանքներն առավել ակտիվանում են, և այն հանդիսավոր կերպով բացվում է 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի Առևտրական դպրոցի շենքում[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мелик-Карагезян Г., Воспоминания. Делегация Армянского Национального Совета в Германию и в союзные с ней страны в 1918 году, Москва, Ереван, 2017
  • Մելիք-Կարագեօզեան Գ., Գերմանիայի հայ ուսանողութիւնը, Թիֆլիս, 1901
  • «Երևանի համալսարան, 1918-1920 թթ. վավերագրերի ժողովածու» (կազմողներ՝ Ֆ.Հ. Մամիկոնյան, Ս. Ս. Միրզոյան), Երևան, 1995
  • Պետրոսյան Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը Հայոց համալսարանի հիմնադրման ակունքներում, Հանդես, 2019

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Պետրոսյան, Դ․ (2019). «Գևորգ Մելիք-Ղարագյոզյանը Հայոց համալսարանի հիմնադրման ակունքներում». Հանդես: էջ` 9.
  2. 1 2 3 4 Ֆ. Հ. Մամիկոնյան, Ս. Ս. Միրզոյան (1995). «Երևանի համալսարան, 1918-1920 թթ. վավերագրերի ժողովածու». Երևան. էջեր էջ` 48.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)