Գևորգ Մելիքյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գևորգ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1910 |
Մահացել է | հունիսի 23, 2007 (97 տարեկան) |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Գևորգ Մելիքի Մելիքյան (1913 հունիսի 10, Հուսեյնի (Հուսեինքենդ) գյուղ, Ռուսական կայսրություն - 2007 հունիսի 23, Երևան), հայ գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու, վաստակավոր պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Մելիքյանը (Տեր-Մելիքսեթյան) ծնվել է 1913 թ. հունիսի 10-ին Երևանի նահանգի Սուրմալու գավառի Մուրշուդալի հայաբնակ խոշոր գյուղում` Արաքսի աջ կողմում, ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղից 5-6 կմ հարավ արևմուտք։ Հայրը՝ Մելիք Տեր-Մելիքսեթյան, մայրը՝ Մարիամ Մկրտչյան։ Փրկվելով Եղեռնից՝ 1918 թ. Մելիքյանների ընտանիքը ապաստան է գտել Երևանում։
Բարձր առաջադիմությամբ ավարտելով Երևանի նորաստեղծ հիդրոմելիորատիվ տեխնիկումը՝ Գ. Մելիքյանը 1932-34 թթ. սկսել է աշխատել Արտաշատի (Ղռերի) ջրանցքի Աղբաշի պատվարի շինարարությունում, ապա Հայկական ՍՍՀ ջրային տնտեսության մինիստրության նախագծային բաժնում, որի բազայի վրա հետագայում ստեղծվեց «Հայջրնախագիծ» նախագծային ինստիտուտը։ Այդ տարիներին նա մասնակցել է ոռոգման ցանցերի նախագծման աշխատանքներին և աշխատել մինիստրության կոմերիտական կազմակերպության քարտուղարի պաշտոնում։ 1934 թ. մինիստրության ուղեգրով ընդունվել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի ինժեներամելիորատիվ ինստիտուտը (НИМИ) որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1939 թ.` ստանալով ինժեներ հիդրոտեխնիկի որակավորում։ Ինստիտուտում սովորելու տարիներին, ամռան ամիսներին, աշխատել է Ստալինգրադի, Աստրախանի մարզերում և Չեչենա-Ինգուշական ինքնավար հանրապետությունում (Գրոզնի), որտեղ զբաղվել է հիդրոմելիորատիվ համակարգերի հետախուզման և նախագծման աշխատանքներով։
Ինստիտուտն ավարելուց հետո նա վերադարձել է հայրենի երկիր և ձեռնամուխ եղել կոլտնտեսությունների ուժերով կատարվող ջրաշինարարական աշխատանքներին, մասնակցելով Սպիտակի շրջանի Նալբանդի ջրանցքի շինարարությանը` 3-րդ տեղամասի պետի պաշտոնում։
Գ. Մելիքյանը 1939 թ. հոկտեմբերից մինչև 1946 թ. հուլիսը ծառայել է Սովետական բանակում՝ մեկ և կես տարի Ուզբեկստանի Թերմեզ քաղաքում տեղակայված հետևակային գնդում, որպես շարքային, այնուհետև՝ նորաստեղծ օկրուգային առանձին հիդրոտեխնիկական (դաշտային ջրամատակարարման) զորամասում, որպես հրամանատարի տեղակալ, հրամանատար, զբաղվելով միջինասիական հանրապետությունների և Պարսկաստանի հյուսիսային մասի սակավաջուր, ջրազուրկ, կիսաանապատային շրջաններում գտնվող զորամիավորումները ջրով ապահովելու խնդիրներով։
Հրամանատարության հանձնարարությամբ այդ ընթացքում կառուցվել են մինչև 25 մ խորությամբ ավելի քան 500 ջրհոր, հորատվել են մինչև 150 մ խորությամբ 200-ից ավելի հորատանցք։ Զորամասը կառուցել է ավելի քան 50 կմ ճանապարհ, որից 20 կմ՝ Պարսկաստանում։ 1943 թ. զորամասը մեկ տարի աշխատել է Սիր-Դարյա գետի վրա կառուցվող Ֆարխադի ՀԷԿ-ի պատվարի շինարարության վրա։ Այստեղ աշխատում էին 25 հազար կոլտնտեսականներ, որոնք հիմնականում կատարում էին հողային աշխատանքներ։ Զորամասը կառուցել է Ֆերգանայի զորամասերի տարածքի չորացման ցանցը և այլ ջրամատակարարման օբյեկտներ։ Նշված և մի շարք այլ աշխատանքները իրականացվել են զորամասի ուժերով, տեխնիկայով, զորամասի միակ մասնագետի՝ Գ. Մելիքյանի ղեկավարությամբ, որի համար նա պարգևատրվել է Ուզբեկստանի և Թուրքմենստանի Գերագույն Սովետների պատվոգրերով։ Նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը 1943 թ.:
1946 թվականին Գ. Մելիքյանը բանակից զորացրվել է իբրև ժողովրդական տնտեսության մասնագետ և անմիջապես աշխատանքի անցել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» տրեստում՝ ավագ ինժեների պաշտոնում։ Նրա ղեկավարությամբ նախագծվել և կառուցվել են խողովակաշարեր Երևան քաղաքի՝ Սարի թաղ, Նոր Արեշ, Զեյթուն, Արաբկիր թաղամասերի ջրամատակարարման համար։
1947 թվականից Գ. Մելիքյանը անցել է դասախոսական և գիտամանկավարժական աշխատանքի Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մելիորացիայի նորսատեղծ ամբիոնում՝ դասավանդելով «Գյուղատնտեսական ջրամատակարարում և ջրարբիացում», «Պոմպեր և պոմպային կայաններ», «Գյուղատնտեսական մելիորացիա» առարկաները և մասնագետներ պատրաստելով «Հիդրոմելիորացիա» մասնագիտությամբ։
Գ. Մելիքյանը 1947 թվականից 10 տարի «Հիդրոլոգիա» առարկան դասավանդել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետում։ 1950-70 թթ. աշխատել է որպես ՀԳԻ հիդրոմելիորատիվ ֆակուլտետի դեկան, ավելի քան 15 տարի ղեկավարել է Գյուղատնտեսական մելիորացիայի և ջրամատակարարման ամբիոնը։ Նրա անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով ինստիտուտում ստեղծվել են գյուղատնտեսական ջրամատակարարման և պոմպերի լաբորատորիաներ։
Գ. Մելիքյանը 8 տարի աշխատել է որպես ֆակուլտետի մեթոդական խորհրդի նախագահ։ Նա առանձին և համահեղինակությամբ ստվարածավալ գրականություն է ստեղծել մայրենի լեզվով մելիորացիայի, ջրամատակարարման և ջրարբիացման բնագավառներում ԲՈՒՀ-երի ուսանողության և արտադրության մասնագետների պահանջները բավարարելու նպատակով։ 1954 թ. Մոսկվայում Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում (ВНИГиМ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Երեք տարի անց նրան շնորհվել է դոցենտի կոչում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը` Մելիքսեթ Տեր-Մելիքսեթյան
Մայրը` Մարիամ Մկրտչյան
Քույրը` Նատալյա Մելիքյան
Կինը` Հասմիկ Հասրաթյան
Որդիները` Կարեն Մելիքյան, Գագիկ Մելիքյան
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելիքյանի գիտահետազոտական աշխատանքները նվիրված են գյուղատնտեսական ջրամատակարարման և ջրարբիացման (հատկապես լեռնային արոտավայրերի) հարցերի ուսումնասիրությանը։ Մշակել է նախագծման հիմունքներ, նորմեր, հանձնարարականներ, որոնց զգալի մասը տեղ է գտել նախկին ԽՍՀՄ-ում հրատարակված բուհական դասագրքերում։ Ուսումնասիրել է ջրասպառման նորմերը հանրապետության հարթավայրային, նախալեռնային գոտիների բնակավայրերում։ Մշակել է միջոցառումներ Հայաստանի խմբային ջրմուղների վիճակի և ջրամատակարարման բարելավման ուղղությամբ։
Գ. Մելիքյանն ուսումնասիրել է Հայաստանի հողերի ոռոգման հիմնական պոմպային կայանների աշխատանքի պարամետրերը, պոմպերը և պոմպային կայանները դասակարգել է տարբեր սկզբուքներով, մշակել է տեսակարար ցուցանիշներ, որոնք կարող են օգտագործվել ջրամբարձ մեքենաների (պոմպերի) պահանջը հաշվի առնելու և պոմպային կայանները նախագծելու ժամանակ, ինչպես նաև մշակել է միջոցառումներ պոմպային կայանների շահագործման բարելավման ուղղությամբ։
Գ. Մելիքյանը զգալի օգնություն է ցուցաբերել գյուղատնտեսական արտադրությանը, նախկին կոլտնտեսություններին, սովխոզներին, ջրմուղներին, պոմպային կայաններին, արտադրությունում աշխատող մասնագետներին։ Նրա անմիջական օգնությամբ և մասնակցությամբ վերակառուցվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության ոռոգման ցանցը։ Հորատվել են բազմաթիվ հորատանցքեր հողերի ոռոգման, բնակավայրի ջրամատակարարման նպատակով։
1999 թ. Գևորգ Մելիքյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Գ. Մելիքյանը երկար տարիներ եղել է նախկին ԽՍՀՄ-ի Գյուղատնտեսության մինիստրության մեթոդական հանձնաժողովի «Հիդրոմելիորացիա» բաժանմունքի անդամ, մասնակցել է այդ մասնագիտության ուսումնական պլանների կազմելուն։ Նա եղել է նաև «Գիտելիք» ընկերության բյուրոյի, «Հայաստանի բնությունը» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։
2000 թ. գիտության և կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀԳԱ-ի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանով Գևորգ Մելիքյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
Գևորգ Մելիքյանը 6 տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, այդ թվում 3 ուսումնական ձեռնարկների և 25-ից ավելի մեթոդական աշխատանքների։ 2002 թ. Մելիքյանին շնորհվել է վաստակավոր պրոֆեսորի կոչում։
Գևորգ Մելիքյանը վախճանվել է 2007 թ. հունիսի 23-ին՝ Երևանում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա», «Գեորգի Մելիքի Մելիքյան - 90», Երևան 2003
- Հակոբ Սողոմոնյան «Իգդիրցիները», «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 19.04.2005
- Nicole Itano "Why Armenia pays high price for 'genocide' campaign", The Christian Science Monitor, 23.04.2007
- "Gevorg: A Professor's Facts", "Remember 24" page 24-25, ArmeniaNow.com internet journal, 2007