Գևորգ Կասպարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Կասպարով
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գևորգ Վլադիմիրի Կասպարով
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սմ
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գանձասար-Կապան
Համար 1
Պատանեկան կարիերա
1997 - 1998 ՀայաստանԴվին 28 (0)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 ԱրցախԲԿՄԱ Արցախ 5 (0)
2000 - 2002 ՀայաստանԶվարթնոց-ԱԱԼ 51 (0)
2003 ԻրանԱրարատ Թեհրան 12 (0)
2003 - 2004 ՀայաստանՄիկա 12 (0)
2005 - 2006 ՀայաստանՓյունիկ 41 (0)
2006 - 2007 ԻրանՓԱՍ Թեհրան 10 (0)
2007 - 2008 ԻրանՌահ Ահան 22 (0)
2008 - 2009 ՀայաստանՈւլիս 25 (0)
2008 - 2009 ԻրանՏրակտոր 11 (0)
2009 - 2010 ԻրանՍանաթի Քավե 14 (0)
2010 - 2012 ՀայաստանՄիկա 48 (1)
2012 - 2014 ԻրանԶոբ Ահան 22 (0)
2014 - 2015 ՀայաստանՄիկա 39 (0)
2015 - 2017 ՀայաստանԱլաշկերտ 36 (0)
2017 - 2020 ՀայաստանԳանձասար-Կապան 44 (0)
2020 ՀայաստանՇիրակ 7 (0)
2021 ՀայաստանԱլաշկերտ 0 (0)
Ազգային հավաքական
1996 ՀայաստանՀայաստան Մ-16 3 (0)
1997 - 1998 ՀայաստանՀայաստան Մ-18 7 (0)
2000 ՀայաստանՀայաստան Մ-21 2 (0)
2004 - ներկա ՀայաստանՀայաստան 29 (0)
Մարզչական կարիերա
2021-2022 Հայաստան Ալաշկերտ-2 ԴՊ մարզիչ
2022-ներկա Հայաստան Նոա ԴՊ մարզիչ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 06 նոյեմբեր 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 06 հոկտեմբեր 2017

Գևորգ Կասպարով (հուլիսի 25, 1980(1980-07-25)[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ֆուտբոլային մարզիչ, նախկին դարպասապահ, ով հանդես է եկել մասնավորապես հայկական և իրանական ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դվին Արտաշատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարովն իր առաջին քայլերն սկսել է «Դինամո Երևան»-ում, որտեղ հանդես էր գալիս որպես կենտրոնական պաշտպան, սակայն դարպասապահի խնդիր ունենալը ճակատագրական է դառնում նրա համար։ Թիմը 3 օրից խաղ ուներ, իսկ մարզիչը փորձարկում է 3 հոգու և ընտրում Կասպարովին։ Հեռանկարային դարպասապահին դուր եկավ այդ դիրքը և ցանկություն հայտնեց դառնալ դարպասապահ[4]։ 7 ամիս անց ընդունվում է Երևան քաղաքի ֆուտբոլային դպրոց։ 1995 թվականին վերջինիս թիմից (Մ16 հավաքականի խաղից հետո) ընտրվում է 15-16 ֆուտբոլիստ՝ խաղալու Արտաշատի «Դվին» ֆուտբոլային ակումբի կազմում։ 1996 թ.-ից պատանի Կասպարովն իր ելույթները շարունակում է Առաջին խմբի առաջնությունում։

Նա պրոֆեսիոնալ ֆուտբոլում կարիերան սկսել է 1997 թ. Արտաշատի «Դվինի» կազմում, դարպասապահի համար բավականին վաղ հասակում՝ 17 տարեկանում։

«Դվինում» հիմնականում ընդգրկված էին պատանի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ էին։ 17-ամյա Կասպարովը թիմի հիմնական դարպասապահն էր ու մասնակցեց առաջնության բոլոր 18 հանդիպումներին՝ միայն մեկ անգամ փոխարինվելով։

Պատանի դարպասապահի նորամուտը կայացավ 1997 թ. օգոստոսի 12-ին՝ ՀՀ ապագա չեմպիոն «Երևանի» հետ կայացած առաջնության մեկնարկային տուրում, որում մրցակիցը հաղթեց 5-1 հաշվով։

Ընդհանրապես, «Դվինին» շատ դժվար էր մրցակցել փորձառու ֆուտբոլիստներով համալրված առաջնության մյուս մասնակիցների հետ։ Առաջին մրցաշրջանում պաշտպանական գոտին այնքան թույլ էր, որ 18 խաղում 51 գնդակ է հայտնվում թիմի դարպասում։ Դա էր պատճառը, որ «Դվինն» այդ տարի ընդամենը 7 միավոր վաստակեց ու 10 թիմերի մրցավեճում գրավեց 9-րդ տեղը (վերջինը 1 միավորով Վանաձորի «Լոռին» էր)։ Հաջորդ տարի պաշտպանությունը շտկվում է և, անցկացնելով 10 խաղ, Կասպարովը 19 գոլ է ընդունում։

ԲԿՄԱ Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայողական տարիներին՝ 1999-ական թթ., նրան 5 անգամ հրավիրում են պաշտպանելու Արցախի բանակի կենտրոնական մարզական ակումբի դարպասը։

Զվարթնոց-ԱԼԼ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին պայմանագիր է ստորագրում «Զվարթնոց-ԱԼԼ» ակումբի հետ, որը 2 անգամ հասնում է Հայաստանի Գավաթի եզրափակիչ փուլ և մեկ անգամ դառնում ներքին առաջնության արծաթե մեդալակիր։ Կասպարովի կարիերան գուցե շարունակվեր հենց այս ակումբում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով թիմը հրաժարվում է շարունակել հանդես գալ Բարձրագույն խմբում։

Արարատ Թեհրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարովը ստիպված էր գտնել նոր աշխատատեղ։ Հրավեր կար Իրանից՝ Թեհրանի «Արարատ» ակումբից։ Այստեղ անցկացնում է 12 խաղ և մրցաշրջանն ավարտվելուն պես վերադառնում հայրենիք։

Միկա Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին տեղափոխվում է «Միկա» ֆուտբոլային ակումբ։ Կասպարովն իր նորամուտը նշում է ապրիլի 17-ին, Աշտարակում։ «Միկայի» մրցակիցն այդ խաղում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկն» էր։ Այդ խաղում «Միկան» պարտություն կրեց 1-3 հաշվով։ Հետագայում թիմի հետ դարձավ 2004 թվականի Բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն։

Փյունիկ Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարի Կասպարովը դառնում է «Փյունիկի» ֆուտբոլիստ։ Առաջին շրջանից հետո Ապոուլա Էդելը լքում է թիմը և Կասպարովը դառնում է թիմի հիմնական դարպասապահը։ Փյունիկի կազմում Կասպարովը 2 անգամ (2005, 2006) դառնում է չեմպիոն, 2005 թվականի Սուպերգավաթակիր, իսկ 2006 թ.-ին՝ ֆինալիստ, ինչպես նաև 2005 և 2006 թվականների Հայաստանի լավագույն դարպասապահ։

ՓԱՍ Թեհրան և Ռահ Ահան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին վերադառնում է Իրան։ Այնտեղ հանդես է գալիս «ՓԱՍ» և «Ռահ Ահան» ակումբներում։ «ՓԱՍ Թերանում» անցկացնում է 10, իսկ «Ռահ Ահանում»՝ 22 հանդիպում։

Ուլիս, Տրակտոր, Սանաթի Քավե[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ.-ին վերադառնում է Հայաստան՝ համալրելով «Ուլիսի շարքերը։ «Ուլիսում» Կասպարովը մրցաշրջանի առաջին կեսն է անցկացնում։ Այնուհետև Իրանի Առաջին խմբի առաջնության մասնակից Թավրիզի «Տրակտորից» հրավեր է ստանում։ Անցկացնելով 11 խաղ, թիմին օգնում է անցնել Բարձրագույն խումբ։ Իրանի Բարձրագույն խմբում արգելված էլ ունենալ լեգեոներ դարպասպահ և Կասպարովը լքում է թիմը։ 2009 թվականին վերադառնում է «Ուլիս» և դառնում բրոնզե մեդալակիր։ Մրցաշրջանն ավարտվելուն պես կրկին մեկնում է Իրան, որտեղ 5 ամսվա պայմանագիր է ստորագրում Թեհրանի «Սանաթի Քավե» ակումբի հետ, որը հանդես էր գալիս Իրանի Առաջին խմբի առաջնությունում։

Վերադարձ դեպի Միկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին, ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, լուրեր են պտտվում, որ Երևանի «Միկա» ակումբը հետաքրքրված է Կասպարովի ծառայություններով։ Այսպիսով Կասպարովը, 6 տարի անց, վերադառնում է «Միկա»։ 2010 թ.-ի ընթացքում նա թիմի 4-րդ դարպասապահն էր։ Նախքան Կասպարովի՝ թիմին միանալը, «Միկայից» հեռանում են վրացի դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլին ու լիտվացի Սաուլյուս Կլևինսկասը։ Կասպարովը մասնակցեց հենց առաջին տուրի «Կիլիկիայի» դեմ խաղին։ Արդյունքում, 4 տուր անընդմեջ պարտված «Միկան» վերագտավ իրեն և առավելության հասավ 4-1 հաշվով։ Հայաստանի Գավաթի խաղարկությունում, Գևորգ Կասպարովի վստահ գործողությունների շնորհիվ թիմը հասավ եզրափակիչ փուլ, որում 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց Գյումրու «Շիրակի» նկատմամբ։ «Միկայի» և դարպասապահի միջև պայմանագիրն ավարտվում էր դեկտեմբերի 1-ին։ Մինչ դրա երկարաձգելը, Կասպարովը հրավեր է ստանում իրանական մի քանի ակումբներից, որոնք հանդես էին գալիս Առաջին խմբի առաջնությունում։ Ի վերջո Կասպարովը նոր՝ 1 տարվա պայմանագիր է կնքում «Միկայի» հետ։ Վերջինիս ելույթներն ընթացիկ առաջնության առաջին շրջանում տպավորիչ էին։ Թիմն իր մրցակիցների նկատմամբ զգալի առավելություն ուներ։ Պաշտպանական գծում մեծ դեր ուներ հենց դարպասապահը, ով վստահ էր գործում։ Ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես Կասպարովը վարձավճարով տեղափոխվեց «Ուլիս» ՖԱ։ Վերջինս իր թիմակցի՝ Աղվան Մկտչյանի հետ պետք է օգներ «Ուլիսին»՝ ՉԼ որակավորման փուլում։ «Միկա» վերադառնալուց հետո նրանք առաջնությունն ավարտեցին 2-րդ հորիզոնականում և նվաճեցին Հայաստանի Սուպերգավաթը։ Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտվելուն պես՝ Գևորգ Կասպարովը վարձավճարով տեղափոխվեց Իրան։ Մրցաշրջանի հաջող ավարտից հետո Կասպարովը 1 տարվա պայմանագիր կնքեց հենց «Զոբ Ահանի» հետ, սակայն վերջինիս նոր գլխավոր մարզչի ոչ ֆուտբոլային պահվածքը դրդեց ավելի վաղ՝ 10 ամսից հեռանալ ակումբից։ Կասպարովը վերադարձավ հայրենիք։ Վերադառնալուց հետո շատ խոսվեց իր հարազատ թիմին՝ «Միկային» միանալու մասին և հենց այդպես էլ եղավ[5]։ Կնքելով 6 ամսվա պայմանագիր՝ մասնակցեց 2013/14 առաջնության երկրորդ շրջանի բոլոր խաղերին և դարձավ բրոնզե մեդալակիր։ 2014/15 մրցաշրջանում Կասպարովը շարունակեց հավատարիմ մնալ իր թիմին, սակայն ակումբի ներքին խնդիրները շարունակում էին խոչընդոտել թիմի կայուն խաղին։

Ալաշկերտ ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միկան» ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվեց գրեթե բոլոր ֆուտբոլիստների ծառայություններից, որոնց թվում նաև թիմի փարձառու դարպասապահն էր։ Գևորգ Կասպարովն առաջարկներ ուներ թե Հայաստանից և թե արտերկրից, սակայն արտասահմանյան առաջարկներում հստակություն չկար, իսկ Հայաստանում մի քանի ակումբներ պետք է մասնակցեին միջազգային մրցաշարերի, որոնցից մեկն «Ալաշկերտն» էր։ Թիմն առաջին անգամ վաստակել էր 2015/16 ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի ուղեգիր և մարտական կազմ ստեղծելիս Աբրահամ Խաշմանյանի համար թիմի դարպասը պաշտպանելու ամենահարմար թեկնածուն Կասպարովն էր։ Բազմափորձ դարպասապահը չմերժեց օգնել Խաշմանյանի գլխավորած թիմին։ «Ալաշկերտը» ԵԼ-ում իր առաջին մրցաշրջանում հենց անսպասելիորեն հաջող հանդես եկավ և նվաճեց նաև որակավորման 2-րդ փուլի ուղեգիրը։ Թիմին արագ հարմարվելով՝ Կասպարովը հրաշալի խաղեր անցկացրեց և 1 տարվա պայմանագիր կնքեց «Ալաշկերտի» հետ։ «Ալաշկերտի» կազմում Կասպարովը ռեկորդների հեղինակ դարձավ։ Նախ՝ «Փյունիկի» հետ առաջնության մեկնարկային խաղում սահմանեց առաջին ռեկորդը՝ դառնալով ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ (262) անցկացրած դարպասապահը, շրջանցելով նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանին։ 2-րդ նվաճումը վերաբերում է Սերգեյ Զատիկյանի անվան դարպասապահների խորհրդանշական ակումբին։ Կասպարովը պաշտոնական մրցումներում 130-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և շրջանցելով Հարություն Աբրահամյանին, գլխավորեց Սերգեյ Զատիկյանի անվան ակումբը։ Կասպարովի 3-րդ նվաճումը տարիքային նոր ռեկորդի սահմանումն է։ 35 տարեկանում Կասպարովը ՀՀ առաջնության հանդիպումներում 11-րդ անգամ դարպասն անառիկ պահեց և գերազանցեց Արմեն Ավագյանին («Փյունիկ», «Էրեբունի-ՀՄՄ») և «Երևանի» ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոյին պատկանող տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հանդես եկած դարպասապահներից բոլորից շատ՝ 10-ական խաղում գոլ բաց չեն թողել[6]։

Գանձասար-Կապան ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Կասպարովը կարող էր հանդես գալ մեկ այլ հայկական ակումբում, իսկ հիմնական պատճառը՝ իրեն պահեստայինների նստարանին թողնելն էր[7]։ Առաջարկ եղավ «Գանձասար-Կապան»-ից, որն էլ ընդունվեց, իսկ 2017 թվականի հուլիսի 22-ին ստորագրվեց 1 տարվա պայմանագիր։ Հայաստանի 2017/18 թթ. առաջնության 3-րդ տուրում Կասպարովը նշեց իր հոբելյանական 300-րդ խաղը ներքին առաջնության շրջանակում։ Իսկ ահա 12-րդ տուրի շրջանակում, 0-0 խաղալով «Փյունիկ»-ի հետ և 4-րդ անընդմեջ խաղում գոլ բաց չթողնելով, Կասպարովը սահմանեց նոր ռեկորդ Սերգեյ Զատիկյանի անվան խորհրդանշական ակումբում՝ պաշտոնական մրցումներում անցկացրած 416 հանդիպումներում 150-րդ անգամ դարպասը պահելով անառիկ[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարովը 2004 թվականից Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է։ Նա մասնակցել է 28 պաշտոնական խաղի։ Նորամուտը հավաքականում նշեց 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ ԱԱ-2016 թ.-ի շրջանակում Հայաստանը խոշոր (3-0) հաշվով հաղթանակ տարավ Անդորրայի հավաքականի նկատմամբ։ 2015 թվականից կրկին ստանձնեց հավաքականի հիմանական դարպասապահի դերը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Կասպարովը սկսեց աշխատել «Ալաշկերտի» դուստր թիմում՝ որպես դարպասապահների մարզիչ։ 2022 թվականին առաջարկ եղավ «Նոա Ակադեմիայից», իսկ ամիսներ անց Կասպարովը համալրեց «Նոա» ՖԱ-ի մարզչական շտաբը։

Նվաճումներ և ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Զվարթնոց-ԱԱԼ
Հայաստան Ուլիս
Հայաստան Փյունիկ ՖԱ
Հայաստան Միկա
Հայաստան Ալաշկերտ ՖԱ

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի լավագույն դարպասապահ» (2) - 2005, 2006, 2015, 2016
  • ՀՀ առաջնություններում բոլորից շատ խաղ անցկացրած դարպասապահ - 2015
  • Պաշտոնական մրցումներում ամենաշատ «չոր» խաղերն անցկացրած դարպասապահ - 2015
  • ՀՀ առաջնությունում 13 խաղ անընդմեջ դարպասն անառիկ պահած դարպասապահ - 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Գևորգ Կասպարով. «Ասացի, որ դարպասապահ եմ ուզում դառնալ»
  5. «Գևորգ Կասպարով. «Շատ հնարավոր է, որ վերադառնամ «Միկա»։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «Գևորգ Կասպարով. «Իմ խաղով շատերին ապացուցեցի, որ մտահոգվելու կարիք չկա»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. «Գևորգ Կասպարովը՝ «Ալաշկերտից» հեռանալու պատճառների ու «Գանձասար-Կապանում» իր հեռանկարների մասին». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Անհավանական. Գևորգ Կասպարովը կարող է պարծենալ նոր՝ բացառիկ ցուցանիշով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Կասպարով» հոդվածին։