Գրքի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքի պատմություն, տեխնիկական նորարարությունների երկարատև պատմություն՝ կապված գրքի ստեղծման և գրատպության հետ։ Այդ նորարարություններն ուղղված են եղել նրան, որ բարելավեն գրավոր խոսքի որակը, տեղեկատվությունը դարձնեն հասանելի, գիրքը դարձնեն առավել կիրառելի և հնարավորինս պակասեցնեն նրա արտադրության վրա ծախսվող գումարները։ Գրքի պատմությունը կապված է տնտեսական և քաղաքական իրադարձությունների հետ, մարդկանց կյանքի, կրոնի և գաղափարների հետ։

Բանավոր խոսքը համարվում է մարդկության պատմության ընթացքում գիտելիքի փոխանցման ամենահին ձևը։ Հնագույն քաղաքակրթությունների կողմից գրային համակարգի հայտնագործումից հետո մարդիկ սկսեցին գրելու համար օգտագործել համարյա ամեն ինչ, ինչի վրա հնարավոր էր գրել՝ կավե սալիկներ, ծառի կեղև, մետաղյա թիթեղներ և այլն։

Գրքերին նվիրված հուշարձան Բեռլինում

Գալարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոպպա, Վինչենցո։ Երիտասարդ Ցիցերոնը՝ գրքով

Հին Եգիպտոսում Առաջին Հարստության ժամանակաշրջանից գրելու համար օգտագործում էին պապիրուս (թղթի տեսակ, որ ստանում էին համանուն բույսի ցողուններից)։ Սակայն առաջին վկայությունը համարվում է Հինգերորդ Դինաստիայի թագավորներից Նեֆերիրկար Կակաի հաշվապահական գրքերը (մոտավորապես մ․թ․ա․2400 տարի)։ Պապիրուսի առանձին թերթերը պահելու հարմարության համար սոսնձվում էին գալարներով։ Այս սովորությունը մեծ տարածում է ստանում նաև հելլենիստական և հռոմեական ժամանակաշրջաններում, չնայած կա վկայություն, որ օգտագործվել է նաև ծառի կեղևը[1] և այլ նյութեր։ Հերոդոտոսի վկայությամբ (Պատմություն 5:58), փյունիկեցիները գիրը և պապիրուսը Հունաստան են բերում մոտ մ․թ․ա․ X կամ IX դարերում։ Պապիրուսի՝ որպես գրելու նյութի համար հունական բառ է դառնում «բիբլիոն»–ը, իսկ որպես գիրք՝ «բիբլոս»[2]–ը, որն առաջացել է փյունիկյան նավահանգստային քաղաքի՝ Բիբլոսի անվանումից, որտեղից էլ պապիրուսը արտահանվում էր Հունաստան[3]։

Եգիպտացիները երկար ժամանակ պահում են պապիրուսի նկատմամբ մոնոպոլիան, սակայն հանրապետության վերջին շրջանում հռոմեացիները պապիրուսի արտադրության սեփական գործարաններն են հիմնում։ Հույների ու հատկապես հռոմեացիների մոտ, չնայած գրատպության բացակայությանը, գրքի գործը շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում։ Բացի հանրային գրադարաններից, կայսերական գրադարաններում պահվում էին ավելի քան 30000 հատորներ և նույնիսկ դրանից ավելի։ Գրախանութներ կային նաև ամենահեռավոր գավառներում, իսկ Հռոմում կային և՛ փոքր ու մեծ գրախանութներ, և՛ բուկինիստների (հնագրավաճառներ) փոքրիկ կրպակներ։ Մեծ խանութներում կային դահլիճներ, որտեղ բազմաթիվ գրագիրներ էին աշխատում, նրանց օգնությամբ հեղինակը կարող էր հրատարակել իր աշխատությունը, իրավունք ստանալով նաև այն վաճառել և ստանալ մեծ հոնորար կամ, ծայրահեղ դեպքում, նվիրելու համար պատճեներ[4]։

Հռոմեական գիրքը ուներ գալարի ձև, որը փաթաթվում էր եզրերում հաստ փայտե ձողին։ Վերևի ծայրին ամրացվում էր պիտակ՝ վերնագրի նշումով, որը դուրս էր թողնվում պատյանից, և որը հիմնականում լինում էր կաշվե։ Տեղափոխության ժամանակ այդ գալարները տեղավորում էին զամբյուղների մեջ, որոնք կափարիչների վրա անցքեր ունեին։ Գրադարաններում այդ գալարներն այնպես էին դասավորում, որ պիտակները մնան դրսում։ Գրում էին միայն մի կողմից, կամ ուղղաձիգ շարքով, որի երկարությունը հավասար էր գալարի երկարությանը, կամ էլ հորիզոնական շարքերով։

Հռոմում գրախանութները ծառայում էին որպես գրականագետների, գիտնականների և գրքասերների հանդիպման վայրեր։ Գրախանութներում կային առանձին սենյակներ ընթերցանության համար, որտեղ կարող էին նաև ոչ մեծ գումարով նոր հրատարակություններին ծանոթանալ, ինչպես նաև հատուկ մասնագետների հանձնարարել քերականական ուղղումներ կատարել իրենց աշխատության մեջ, Հռոմում այդ աշխատանքները շատ մատչելի գներով էին կատարվում։ Բացի սովորական էժան նմուշներից, այստեղ կային նաև շքեղ նկարազարդումներով օրինակներ, կալիգրաֆիկ մշակույթի գլուխգործոցներ։Հանդիպում էին փոքրագույն գրքույկներ․ Ցիցերոնն այստեղ տեսել է «Իլիական»–ի նմուշ, որը կարող էր տեղավորվել ընկույզի կճեպում[4]։ Դպրոցներում, հաշվապահության մեջ և գրառումների համար սովորաբար օգտագործվում էին մոմե աղյուսակներ։ Դրանց առավելությունն այն էր, որ բազմակի օգտագործման էին․ մոմը հալեցնում էին և գրում նոր տեքստ։ Դրանց միացումով է հավանաբար ձևավորվել ժամանակակից գիրքը։

Հնագույն ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապիրուսե գալարները դեռևս տարածված էին, երբ մ․թ․l դարում ի հայտ են գալիս հնագույն ձեռագրերը[5] (կոդեքսներ)։ դրանք աստիճանաբար սկսում են ավելի հաճախակի օգտագործվել․ առաջին գրավոր հիշատակությունը գրավոր ձեռագրերի վերաբերյալ դասվում է l դարի վերջին, երբ Մարցիալը իր Apophoreta CLXXXIV –ում գովաբանում է դրանց կոմպակտությունը։ Հեթանոս աշխարհում ձեռագիրը չի ճանաչվում և միայն քրիստոնեության ընդունումից հետո է մեծ տարածում ստանում։

Սկզբում հնագույն ձեռագիրը կիրառվում է միայն հաշվապահության մեջ, սակայն պերգամենտի տարածմանը զուգընթաց մ․թ․ III դարում աստիճանաբար դուրս է մղում պապիրուսին։ Դա տեղի է ունենում արդեն քրիստոնեական աշխարհում։ Պատճառները մի քանիսն էին՝ այն ավելի տնտեսող է, քանի որ կարելի է գրել երկու երեսին, այն կարելի է հեշտությամբ թաքցնել, հարմար է և մատչելի։ Հավանաբար, քրիստոնյա հեղինակները դիտմամբ էին այն օգտագործում, որպեսզի չնմանվեն հեթանոսական տեքստերին, որոնք հիմնականում գրված էին պապիրուսե գալարների վրա։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին գրքեր

Ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության անկումը V դարում թուլացնում է նրա մշակութային ազդեցությունն աշխարհում։ Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում լատիներեն գիրը պահպանվում է եկեղեցիներում, քանի որ սկզբում Կասսիոդորոսը Վիվարիա վանքում, իսկ ավելի ուշ Բենեդիկտոս Նուրսիացին VI դարում շեշտում է տեքստերի արտագրման կարևորությունը։

Նախքան տպագրական մեքենայի հայտնագործումն ու կիրառումը համարյա բոլոր գրքերն արտագրվում էին ձեռքով, ինչը մեծացնում էր գրքերի արժեքն ու դրանց դարձնում հազվագյուտ։ Գոյություն ունեին գրիչների չորս տիպ՝

  1. «Պատճենահաններ», նրանք զբաղվում էին մասսայական արտադրությամբ և թղթակցությամբ։
  2. «Կալիգրաֆներ», զբաղվում էին կարևոր գրքերի արտադրությամբ։
  3. «Կորրեկտորներ», Համեմատում էին ավարտած գիրքը ձեռագրի հետ։
  4. «Վերնագիր գրողներ», որոնք նկարում էին կարմիր տառեր և «Նկարազարդողներ», որոնք նկարազարդումներն էին անում։

VII դարում իռլանդացի վանականները ներմուծում են բառերի միջև տարածությունները։ Դա հեշտացնում էր կարդալը, քանի որ նրանք լավ չէին տիրապետում լատիներենին։ Բայց մինչև XII դարը տարածությունները բառերի միջև լայն տարածում չեն գտնում։ Ենթադրվում է, որ դրանց կիրառումը արտացոլում է անցումը ընթերցանության «կիսաերգաձայն» ձևից «մտքում» կարդալու ձևին։

Անտիկ քաղաքակրթության անկումը նախ և առաջ փոփոխեց գրքի արտաքին տեսքը։ Պապիրուսի ֆաբրիկաները փակվում են մեկը մյուսի հետևից, և պապիրուսը Եվրոպայում դառնում է ավելի ու ավելի հազվադեպ, չնայած հենց սկզբից էլ պապիրուսե գրքերը անհարմար էին իրենց որակական հատկանիշնեով, դրանք ամուր չէին ու շուտ էին վնասվում։ Սուրբ Գրքը և պատարագներին կարդացվող գրքերը հաճախակի էին օգտագործվում և ամենօրյա օգտագործման համար ավելի հարմար էին կաշվե ամուր մագաղաթյա գրքերը, որոնք մինչ պապիրուսն էլ էին օգտագործվում, սակայն դուրս մղվեցին գործածությունից պապիրուսի էժանության և մատչելիության պատճառով։ Միջին դարերում այն կրկին վերադառնում է ասպարեզ, նրա էջերը կարվում են՝ ձևավորելով հատորներ, որոնք հիշեցնում են ժամանակակից գրքերի հատորները։ Արևելյան Հռոմեական կայսրությունում կային հատուկ արհեստանոցներ, որտեղ կաշին մշակվում էր և գրիչներն արդեն պատրաստի վիճակում ստանում էին այն գրելու համար։ Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում ավելի շատ ինքնուրույն էին մշակում, ածելիով հեռացնում էին ճարպը և հետքերը, պեմզայով հեռացնում ու մաքրում էին մազերը, արդուկում և հարթեցնում էին հատուկ դանակով[4]։

Գրում էին մեծ տառերով, պարզ,հստակ ու գեղեցիկ։ Վերնագրերը ձևավորում էին հատուկ շքեղությամբ։ Երբեմն (III–VII դարեր) մագաղաթը ներկում էին կարմիր կամ այլ գույնով, ամբողջ ձեռագիրը գրում արծաթագույնով, իսկ վերնագրերը՝ ոսկեգույնով։ Քանի որ չորացած մագաղաթը դժվար է ուղղվում, գրքերը ձգվում էին ու կապվում։ Գրքերի կազմը պատրաստվում էր փայտից և պատվում կաշվով։ Պարզ է, որ այն ժամանակ գրքերը շատ թանկարժեք էին՝ գեղեցիկ ձեռագրով գրված և նկարազարդված աղոթագիրքը կարող էր արժենալ մի ամբողջ կալվածք, եղել են դեպքեր, երբ մի ամբողջ քրիստոնեական քաղաքում չի եղել անգամ մեկ գիրք։ Մուսուլմանական աշխարհում այդ ժամանակ գրքի գործը շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում՝ Իսպանիայում հաշվվում էին ավելի քան 70 հանրային գրադարաններ, ասում են, որ Կորդովայի գրադարանն ունեցել է մինչև 400000 հատոր[4]։

Օստրոմիրովո Եվանգելիա՝ հնագույն ձեռագիր գիրք Ռուսիա (XI դարի կեսեր)

Առաջին գրքերն արտագրվել են հիմնականում վանքերում։ XIII դարում համալսարանների աճի հետ գրքերի պահանջարկը մեծանում է և պատճենման նոր ձև է ի հայտ գալիս։ Գրքերը կարվում էին առանձին էջերով («պեցիա»), որոնք տրվում էին պատճենողներին։ Այս ձևով մեծանում է գրքերի արտադրության արագությունը։ Այս մեթոդը դուր է գալիս առևտրականների գիլդիաներին, որոնք արտադրում էին ինչպես եկեղեցական, այնպես էլ ոչ եկեղեցական գրքեր։

Եվրոպայում գրքերը դառնում են էժան և մատչելի, երբ տարածվում է թուղթը, առավել ևս, դա զուգադիպում է խաչակրաց արշավանքներից հետո մտավոր կյանքի կտրուկ աճի և համալսարանների տարածման հետ։ XIII դարում համալսարաններին կից կային հատուկ հսկիչներ, որոնք ուսանողներին տալիս էին արտագրելու դասագրքերը, դրանք հրեաներից վերցնելով որոշակի միջնորդավճարի դիմաց, քանի որ նրանք իրավունք չունեին զբաղվելու գրքի առևտրով։ Միջնադարյան եվրոպայում, ըստ էության, նրանք դառնում են առաջին գրավաճառները։ XIV դարի սկզբին Փարիզում արդեն իսկ գրավաճառները առանձնացել էին հսկիչներից, չնայած նրանք ևս համալսարանում երդում էին տալիս և ընդունում նրա ենթակայությունը։ Կային նաև գրենական նյութերի առևտրականներ։ XIV դարի վերջին և XV դարի սկզբին Լատինական թաղամասի ամբողջական տներ և նրբանցքներ բնակեցված էին արտագրողներով, նկարազարդողներով, գրիչներով, մագաղաթագործներով, թղթի և այլ նյութերի առևտրականներով։ 1403 թվականին Լոնդոնում արտագրիչները (text-writers) միավորվում են հատուկ արհեստանոցներում, նույնը տեղի է ունենում նաև Հոլանդիայում։ Իտալիայում XV դարում կային գրավաճառներ, որոնք իրենց խանութներում ունեին մեծ թվով գրիչներ, հետևաբար, կարող էին հրատարակել գրքեր նախքան գրատպությունը։ Ուշ միջնադարում Եվրոպայի բոլոր խոշոր քաղաքներում արդեն կային հասարակական գրադարաններ, որոնցից գրքերը տրվում էին նաև տուն տանելու համար (libri vagantes), մնացածները՝ հատկապես թանկարժեք գրքերը, ամրացվում էին գրասեղանների և կոչվում էին լատին․՝ libri catenati։ Համարյա ամենուր կային գրավաճառներ, որոնք բավարարում էին ոչ միայն հարուստների պահանջարկը, այլև միջին խավին՝ առաջարկելով աղոթագրքեր, ուսանելի և անգամ զվարճալի գրքեր[4]։

Ռոգիր վան դեր Վեյդեն։ Մարիամ Մագթաղինացին գրքով։ Վաղ 1438

Քսիլոգրաֆիա և ինկունաբուլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տպագիր գիրքը համարվում է քսիլոգրաֆիայի միջոցով Կորեայում ստեղծված տեքստը՝ 704 թվականից մինչև 751 թվականները[6]։ Արևմտյան Եվրոպայում քսիլոգրաֆիան երևան է եկել XIV դարի սկզբին։ Քսիլոգրաֆիայում էջի մատրիցան փորագրվում էր փայտից։ Այն կարելի էր ընկղմել թանաքի մեջ և օգտագործել՝ ստեղծելով մի քանի պատճեներ։ Գրքերը, ինչպես նաև եկեղեցական պատկերներն ու խաղաքարտերը, սկսեցին արտադրել քսիլոգրաֆիայի միջոցով։ Սակայն գրքի արտադրությունը բավականին աշխատատար գործընթաց էր, քանի որ անհրաժեշտ էր յուրաքանչյուր էջի համար փորագրություն անել։ Բացի դրանից, փայտը չէր կարող երկար պահպանվել՝ այն հեշտությամբ ճաքում էր և փչանում։

Չինացի գյուտարար Բի Շենը ստեղծում է կերամիկական մատրիցայի հավաքածու, ենթադրվում է 1045 թվականին, սակայն նրա տպիչի օրինակներից չեն պահպանվել։ Նա դասավորում էր նմուշները հալեցրած մոմով տակդիրի վրա։ Այնուհետև տախտակը դնելով դրա վրա՝ սեղմում էր այնքան, մինչև որ բոլոր նշագրերը դասավորվում էին միևնույն մակարդակի վրա։ Երբ մոմը պաղում էր, նա արդեն օգտագործում էր տակդիրը տպագրության համար։

XV դարում Յոհան Գուտենբերգը ստեղծում է տպագրական սարքը՝ մետաղական էլեմենտներով, որը հեշտացրեց գրատպության գործը, իսկ գրքերը դարձան ավելի մատչելի, չնայած դրանց արժեքը շարունակում էր մնալ բավականին բարձր։

Տպագիր գրքերը, առանձին թերթերն ու նկարազարդումները, որոնք ստեղծվել էին Եվրոպայում մինչև 1501 թվականը, հայտնի են որպես ինկունաբուլաներ (լատին․՝ incunabula՝ օրորոց)։

XVI դարի առաջին կեսի ավելի վաղ տպագրված աշխատությունները հայտնի են որպես պալեոտիպեր։

Թուղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին, որ թղթի արտադրությունը Եվրոպայում սկսվել է մոտ XV դարում, մինչև XVI դարի սկիզբը թուղթը և մագաղաթը արտադրվում էին հավասար քանակությամբ, սակայն մագաղաթը ավելի թանկ արժեր և այն ավելի դիմացկուն էր ու ամուր։ Տպագրիչները հաճախ միևնույն աշխատությունը տպագրում էին երկու ձևով՝ դրանով բավարարելով տարբեր մարդկանց նախասիրությունները։ Ինչպես մնացած բոլոր միջնադարյան գյուտերը, թուղթը ևս առաջին անգամ արտադրվել է Չինաստանում, մ․թ․ա․ 200 թվականին և հասել է Եվրոպա մուսուլմանների միջոցով։ Սկզբում այն արտադրում էին կտորից, այնուհետև, արդյունաբերական հեղափոխության ժամանակ, հնարավոր եղավ թղթի արտադրության համար օգտագործել ավելի էժան նյութ՝ ցելյուլոզը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակ (John Rylands) ալդինյան Վերգիլիոս 1501 թվականի

Չնայած գրատպության աճին XV դարում գրքեը շարունակում էին տպել սահմանափակ քանակությամբ և դրանց արժեքը շարունակում էր բարձր մնալ։ XVI դարում տպագրական գործն ավելի ու ավելի է տարածվում՝ եկեղեցական վեճերը հսկայական նյութ էին ապահովում դրա համար։ Ֆրանսիայում Սորբոնն աշխատում էր արգելել գրատպությունը։ Ֆրանցիսկ I–ը 1534 թվականին հրամայում է փակել բոլոր տպարանները, սակայն պառլամենտը դեմ է արտահայտվում և տպագրիչները փրկվում են փակվելու վտանգից։ Անգլիայում տպարանների քանակը սահմանափակվում է, և ընդհանրապես, բոլոր երկրներում, բացառությամբ Գերմանիայի, սահմանվում է խիստ վերահսկողություն տպարանների ու տպագրության վրա։ Այս հարյուրամյակում հատկապես հայտնի է դառնում վենետիկյան տպագրիչ և հումանիստ Ալդ Մանուցին՝ հույն և լատին դասականների պաշտպանը, որոնց գործերի տպագրության ժամանակ առաջին անգամ օգտագործում է in octavo ֆորմատը, որը նախկինում կիրառվում էր միայն աստվածաբանական գրքերում։ Նա ներմուծում է նաև նոր իտալական տառատեսակը, որը կոչվում է ալդինյան (տես Ալդիններ)։ Ալդի օրինակով, դասականների ստեղծագործությունների տպագրությունը տարածվում է ողջ Եվրոպայով։

XVII դարում Գերմանիայում տպագրական գործը անկում է ապրում՝ Երեսնամյա պատերազմի պատճառով։ Անգլիայում խիստ հետապնդվում էր տպագրական գործը, Ֆրանսիայում ևս նույն իրավիճակն էր։ Աչքի էին ընկնում միայն Լուվրի պալատական շքեղ տպագրությունները՝ 1640 թվականին։ Միայն Նիդերլանդներում էր ազատորեն զարգանում տպագրությունը, հայտնի են դառնում Լեյդենի և Ամստերդամի Էլզեվիրների ընտանիքը, որոնցից Աբրահամը ներմուծում է գրատպության շատ հարմար ֆորմատ՝ in 12°։ էլզեվիրներն աչքի էին ընկնում գեղեցիկ հավասարաչափ տպիչով և անսխալ հավաքածուով, ինչպես նաև էժանությամբ։Տպագրիչ Բլաեուն բարելավում է տպագրական մեքենան։ Միաժամանակ, մեծանում է տառատեսակների քանակը, հատկապես ներմուծվում են մանր տառատեսակներ (նոնպարել և պետիտ)[7]։

XVIII դարը դառնում է գրքի հեղինակության բարձրացման ժամանակաշրջան։ Դիդրոյի հայտնի հանրագիտարանը՝«Էնցիկլոպեդիա»–ն՝ այդ հաստափոր գիրքը, ցույց է տալիս, որ գիրքը կարող է հետաքրքրել և հասանելի լինել նաև միջին խավի ուսյալ մարդկանց համար[4]։

1810 թվականին Քյոնինգի կողմից հայտնագործվում է տպագրիչ շոգեմեքենան, որը հնարավորություն է տալիս ժամում տպել մինչև 12000 թերթ[7]։

XIX դարի առաջին քառորդում գրատպության ասպարեզում երևան են գալիս երկու կարևոր տենդենց։ Լավ գիրքը սկսում է հարստացնել հեղինակին՝ շնորհիվ ոչ թե նվիրատվությունների, որ հարուստներն էին անում կամ կառավարությունը, այլ վաճառված գրքերից ստացվող եկամտի հաշվին։ Հայտնի գրողները դառնում են հարուստ մարդիկ։ Մյուս կողմից, գործարար տպագրիչները (առաջիններից մեկը՝ Կոնստեբլը՝ Անգլիայում) իրենց առջև խնդիր են դնում էժանացնել գիրքը այն աստիճան, որ յուրաքանչյուր ոք կարողանա իր համար գրադարան ստեղծի՝ առանց մեծ գումարներ ծախսելու։

Եվրոպայի զարգացած երկրներում հարյուրամյակի սկզբին շատ տաղանդավոր գրողներ դառնում են ունևոր՝ շնորհիվ իրենց գրքերի վաճառքից ստացված գումարների։ Դրա հետ մեկտեղ նրանք դառնում են նաև կարևոր քաղաքական ուժ։ Գրքերի էժանացումը հնարավոր է դառնում միայն XIX դարի երրորդ քառորդում։ Հատուկ հասարակ ընթերցողի համար հրատարակվում են գրադարանային օգտակար գրքեր այնպիսի գնով, որ իրենց էժանությամբ ոչնչացնում են հանրաճանաչ տպագրիչներին[4]։

XX դարի կեսերին Եվրոպայում տպագրությունը հատում է տարեկան 200 հազարի շեմը։

Այսօր գոյություն ունի մոտ 130 միլիոն անուն գիրք[8]։

Տեսնել նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. լատին․՝ liber, из которого позже сформировалось անգլ.՝ library.
  2. От слова «библос» происходит русское слово библиотека.
  3. Фасмер М. Этимологический словарь. — Т. 1. — С. 164.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Книга». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Как свидетельствуют раскопки в Помпеях.
  6. Книга // Большой энциклопедический словарь
  7. 7,0 7,1 «Печатное дело». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Google сосчитал книги всех библиотек мира

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Либрович С. Ф. История книги в России. В 2-х частях. — СПб.: изд. тов. М. О. Вольф., 1913.
  • Буш В. История книги. — Гос. Уч.-Пр. Школы-Типографии имени тов. Алексеева, 1923.
  • Куфаев М. Н. История русской книги в XIX веке. с рисунками. — Л.: Культурно-просветительное кооперативное товарищество «Начатки знаний», 1927.
  • Сидоров А. А. История оформления русской книги. — М.—Л.: Гизлегпром, 1946.
  • Флуг К. К. История китайской печатной книги Сунской эпохи X—XIII вв. — М.—Л.: Изд-во Академии наук СССР, 1959.
  • Кацпржак Е. И. История книги. — М.: Книга, 1964.
  • Владимиров Л. И. Всеобщая история книги. — М.: Книга, 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]