Գրքի պալատի շենք (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրքի պալատի շենք
Գրքի պալատի շենք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկառույց և շենք
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Գտնվելու վայրԲանվոր և կոլտնտեսական և Հակոբ Մեղապարտի հուշարձան
ՀասցեՏերյան փող. 91, Իսահակյան փող. 28, Գ. Քոչարի փող. 4[1]
Ներկա վիճակկանգուն
ՀՀ ՊՄԱՀ1.6/67
 Hakob Meghapart House of Print Վիքիպահեստում

Գրքի պալատի շենք, պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում[2]։ Շենքի Տերյան փողոցի հատվածն ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այս համալիրը նախագծվել է որպես պոլիգրաֆիական արդյունաբերության գլխավոր վարչության շենք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Երևանի Գրքերի կամ Մամուլի պալատի շենքի կառուցման համար հայտարարված մրցույթին ներկայացվել է երկու նախագիծ` ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի և ճարտարապետ Սեմյոն Պենի։ Պալատի շենքը նախագծվել է 1935 թվականին՝ ճարտարապետներ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից։ Շենքը տեղակայված է Տերյան, Կորյունի, Քոչար, Իսահակյան փողոցներով պարփակված հատվածում։ Շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 1936 թվականին։ 1940 թվականին ավարտվել է Տերյան փողոցի կողմի մասը, որը Կիրովի (այժմ՝ Կորյունի) փողոցի կողմից սկսվում է սյունաշարով[3]։ Իսահակյան փողոցի հատվածում տեղակայված մասը կառուցված է 1960 թվականին՝ Միքայել Մազմանյանի, Հովհաննես Մարգարյանի և Սերգեյ Ներսիսյանի նախագծով։

Տեղադրվել է Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ

Շենքի կենտրոնական մուտքը նախատեսված է եղել Կիրովի փողոցում, հանդիսավոր սյունաշարով և բակի միջով իրար էր միացնում տարբեր հիմնարկություններ։ Սակայն սկզբնական նախագծին համապատասխան կառուցվել է միայն շենքի Տերյան փողոցի մասը։

1929-1935 թվականներին շենքում տեղակայցված «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել Եղիշե Չարենցը

1929-1935 թվականներին շենքում տեղակայված «Հայաստան» հրատարակչությունում է աշխատել Եղիշե Չարենցը։

Տպարանը ստեղծվել է 1948 թվականի դեկտեմբերի 1-ին` «Գրքերի տուն» անվամբ։ 1950 թվականին վերանվանվել է «Պոլիգրաֆ կոմբինատ», 1967 թվականին կրկին վերանվանվել է «Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆ կոմբինատ»։ Այժմ տպարանը կոչվում է «Հակոբ Մեղապարտ տպագրատուն» փակ բաժնետիրական ընկերություն[3]։

Շենքում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանի տեղում եղել է պոլիգրաֆկոմբինատը, որտեղ լույս են տեսել «Հայկական սովետական հանրագիտարանի» 13 հատորները, գրքեր, բրոշյուրներ, տպագիր այլ արտադրանքներ։

Հակոբ Մեղապարտի հուշարձան

Դեպի Իսահակյան փողոց իջնող հատվածում, որտեղ այժմ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն է, եղել է Հրատպետկոմը` Հայկական ԽՍՀ հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի պետական կոմիտեն (ավելի վաղ` մամուլի կոմիտե)։ 1966 թվականին Իսահակյան 28 հասցեի քառահարկ շենքում տեղակայվել է ՀԿԿ Մյասնիկյանի շրջանային կոմիտեն։ Կուսշրջկոմը տեղավորված էր երկրորդ ու երրորդ հարկերում, երրորդում` նաև կոմերիտմիության շրջկոմը, չորրորդ հարկում՝ Արմենպրեսը` Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական պետական լրատվական գործակալությունը, որը մի քանի սենյակ է ունեցել նաև 3-րդ հարկում։ Առաջին հարկում է գտնվել Հայկական ԽՍՀ պտուղբանջարեղենի տնտեսության նախարարությունը (1985 թվականին միացվել է Պետագրոարդին), այնուհետև այստեղ է տեղափոխվել «Հայաստան» հրատարակչությունը[3]։ Շենքի նկուղում է գտնվել ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունը՝ թերթերի տպարանը։ Շենքի առջև` Իսահակյան փողոցի կողմից, տեղադրված է Հակոբ Մեղապարտի հուշարձանը (քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան)[4]։

Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի Մոսկովյան պուրակում

Բանվոր և կոլտնտեսական արձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցի բակի ավազանի մեջտեղում տեղադրված է եղել Երվանդ Քոչարի «Ալեգորիա» (Բանվոր և կոլտնտեսական) քանդակը։ Շենքի բակը բաց է եղել և մարդիկ կարողացել են տեսնել արձանը։ Հետագայում բարձրահարկ շենքը փակել է տեսադաշտը[3]։

2017 թվականի մարտի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Երվանդ Քոչարի Բանվոր և կոլտնտեսական արձանը Երևանի գրապալատի հետնաբակից տեղափոխվել է Գևորգ Քոչարի փողոց՝ Դրամատիկական թատրոնին կից Մոսկովյան պուրակ[5]։ Նախքան տեղափոխումը կատարվել են արձանի հիմքի ամրակայման աշխատանքներ, վերանորոգվել են վնասված հատվածները, տեղադրվել է բազալտե նոր պատվանդան[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ArmMonuments - ԳՐՔԻ ՊԱԼԱՏԻ ՇԵՆՔԻ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՎԱԾԸ». www.armmonuments.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Գրքերի պալատ` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Հակոբ Մեղապարտի արձանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  6. Երվանդ Քոչարի հեղինակած «Ձոն միաբանության» բրոնզաձույլ արձանը կտեղափոխվի
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/67