Գրքի շաբաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքի շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին, պատերազմական շրջանում, երբ պարենը տրվում էր քարտերով և ուտելիք չկար, Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում հավաքվել էին ցնցոտիներով, հնամաշ շորերով, կարկատած թաղիքի կոշիկներով (ոտնամաններով) մոսկվացի պատանիներ ու աղջիկներ։ Նրանք լույսերից կկոցած աչքերով լսում էին գրքերից իրենց քաջ ծանոթ գրողների ու բանաստեղծների ելույթները։ Առաջին անգան այսպես էր նշվում մանկական «գրքի շաբաթը»։ Այդ օրվանից սկսած ամեն տարի դպրոցականների գարնանային արձակուրդների ժամանակ, մանկագիրները մեկ շաբաթով մի կողմ էին դնում իրենց ապագա գրքերի ձեռագրերը և հյուր լինում պիոներների ու դպրոցականների պալատներում, դպրոցներում, մանկական գրադարաններում, մեկնում ուրիշ գյուղեր ու քաղաքներ։ Եվ ամենուր նրանց սպասում էին երեխաներ։ Գրողներն ու բանաստեղծներն ընթերցում էին իրենց ստեղծագործությունները, պատմում նոր գրքերի մասին։ «Գրքի շաբաթն» առանձնապես հետաքրքրական էր անցնում Մոսկվայի Միությունների տան Սյունազարդ դահլիճում և Լենինյան բլուրներում գտնվող պիոներների պալատում։ Այնտեղ բացվում էին նոր գրքերի ցուցահանդեսներ։ «Գրքի շաբաթվա» օրերին երեխաներին հյուր էին գալիս նաև երաժիշտներ ու արտիստներ, Հայրենական մեծ պատերազմի հերոսներ ու գիտնականներ, գործարաններում ու դաշտերում աշխատող անվանի մարդիկ։ Նրանք պատմում էին իրենց կյանքի ու աշխատանքի մասին։ Այդ օրերին կինոթատրոններում ցուցադրվում էին մանկական կինոնկարներ ու ներկայացումներ։ Մանկական գրքի համամիութենական շաբաթը մեծ տոն էր Սովետական Միության բոլոր երեխաների համար։ Նրանք նախապատրաստվում էին, ձգտում ավելի շատ գրքեր կարդալ, շատ բան իմանալ սիրելի գրողի և հերոսի մասին։ Այս տոնից հետո գրքի հավատարիմ բարեկամների թիվն ավելի է շատանում։ 1982 թվականի մարտի 24—30-ը մանկական գրքի համամիութենական շաբաթն անցկացվեց Հայաստանում։ Մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը հյուրընկալեց 15 հանրապետությունների անվանի մանկագիրների, Բուլղարիայից, Չեխոսլովակիայից, Հունգարիայից ժամանած գրողների։ Շաբաթի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում։ Հյուրերն իրենց հայ գրչակիցների ուղեկցությամբ եղան Երևանում, Լենինականում, Կիրովականում, Հոկտեմբերյանում, Աշտարակում և այլուր, հանդիպումներ ունեցան իրենց փոքրիկ ընթերցողների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան, էջ 323