Գրյունվալդի հուշարձան
Գրյունվալդի հուշարձան | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Բարձրություն | 24 մետր |
Երկիր | Լեհաստան |
Քաղաք | Յան Մատեյկոյի հրապարակ Կրակովում |
Բնակավայր | Կրակով |
Grunwald Monument in Kraków Վիքիպահեստում |
Գրյունվալդի հուշարձան (լեհ .՝ Pomnik Grunwaldzki), Լեհաստանի թագավոր Վլադիսլավ II Յագելոյի (1352–1434) ձիավոր արձանը, որ գտնվում է Կրակովի Հին քաղաքի Մատեյկոյի հրապարակում և կառուցվել է 1910 թվականին՝ ի նշանավորումն Գրյունվալդի ճակատամարտի 500-րդ տարեդարձի։
Արձանը պատկերում է Յագելոյին իր ձիու վրա, ճակատային մասում նրա զարմիկ՝ Լիտվայի մեծ դուքս Վիտաուտասն է: Յագելոյի երկու կողմերում զինվորները ձեռքերը բարձրացնում են՝ տոնելով հաղթանակը: Արձանի աստիճաններին ընկած է Տևտոնական ասպետների մեռած վարպետ Ուլրիխ ֆոն Յունգինգենը: Հուշարձան ավերել են 1939 թվականին նացիստական գերմանացիները։ Վերակառուցել են 1976 թվականին՝ Մարիան Կոնյեչնիի նախագծի համաձայն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը նախագծել են լեհ քանդակագործներ Անտոնի Վիվուլսկին և Ֆրանցիսեկ Բլեկը և ֆինանսավորել հայտնի դաշնակահար և Լեհաստանի ապագա վարչապետ Իգնասի Յան Պադերևսկին: Նա ցանկացել է նշել 1410 թվականի հուլիսի 15-ին Լեհաստանի Գրյունվալդի հաղթական ճակատամարտի 500-ամյակը, որը տեղի է ունեցել տետոնական ասպետների դեմ[1]։ Ճակատամարտը հսկայական նշանակություն ունի Լեհաստանի պատմության մեջ և համարվում է ազգի ամենամեծ ռազմական հաղթանակներից մեկը[2]:
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում հակասական կարծիքներ են եղել, թե որտեղ պետք է տեղադրվի հուշարձանը, և առաջարկվել էն տարբեր վայրեր, այդ թվում՝ Սուրբ Հոգու հրապարակը (լեհ.՝ Plac Św. Ducha), որն առաջարկել է Պադերևսկին, Սուրբ Բերնարդի եկեղեցու դիմացի հրապարակը և Մատեյկոյի հրապարակը: Ի վերջո, վերջին տարբերակ է ընտրվել մասամբ՝ շնորհիվ Կրակովի պաշտպանական պարիսպներին մոտիկության, որոնք իրենց տեսքի մեջ արտացոլում էին վաղ Յագելոնյան դարաշրջանը։ Հուշարձանի հիմնաքարը դրվել է 1910 թվականի ապրիլին։ Նախագիծն իրականացվել է գաղտնի՝ Լեհաստանի Ավստրիական բաժանման տարածքում, և նույնիսկ ինքը՝ Վիվուլսկին, չի իմացել նախագծի վերջնական նպատակը, երբ աշխատել է հուշարձանի մանրամասների վրա: Պատվանդանի կառուցման համար ձեռք բերված գրանիտը ստացվել է Շվեդիայի Վենևիկ քարհանքից, որը պատկանում էր Աբենվիլից ֆրանսիական «Լը Գրանիտ» ընկերությանը: Անտոնի Վիվուլսկին աշխատել է Յագելոյի արձանի վրա Փարիզում գտնվելու ընթացքում, սակայն նախագիծը ժամանակավորապես դադարեցվել է քանդակագործի հանկարծակի հիվանդության պատճառով։ Հուշարձանի վրա տեղադրված ֆիգուրները բրոնզից ձուլել է ֆրանսիական «Մալեսետ» ընկերությունը։ Այնուհետեւ քանդակները Ֆրանսիայից Շվեյցարիայի տարածքով գնացքով տեղափոխվել են Կրակով։ Ծրագրի ամբողջ արժեքը գնահատվում է 500,000 ավստրո-հունգարական կրոն[3][4]։
Հանդիսավոր բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանի պաշտոնական և հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1910 թվականի հուլիսի 15-ին։ Գրունվալդի հուշարձանի բացմանը ականատես են եղել 150,000 հանդիսականն և բազմաթիվ նշանավոր պաշտոնյաներ, այդ թվում՝ Գալիսիայի լանդմարշալ և փաստացի վարչապետ Ստանիսլավ Բադենին, Կրակովի քաղաքապետ Յուլիուշ Լեոն և հուշարձանի հովանավոր Իգնացի Յան Պադերևսկին[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ և հետպատերազմյան տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական գերմանացիները հուշարձանը պարբերաբար՝ 1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի ապրիլը ոչնչացրել են։ Հուշարձանի պատվանդանը դինամիտի միջոցով պայթեցրել են, իսկ բրոնզե արձանները թալանվել են և տեղափոխվել Գերմանիա։ 1945 թվականի հունվարի 28-ին որոշում է կայացվել վերակառուցել հուշարձանը։ Գրանիտե բլոկները, որոնք տեղափոխվել էին այլ վայրմ վերադարձվել էին հուշարձանի գտնվելու վայր: 1972 թվականին ստեղծվեց հատուկ կոմիտե (լեհ.՝ Komitet Odbudowy Pomnika Grunwaldzkiego), որի նպատակն էր վերակառուցել Գրյունվալդի հուշարձանը: Կրակովի պատմական թանգարանում պահվող հուշարձանի բնօրինակ մանրակերտի, ինչպես նաև նախապատերազմյան լուսանկարների հիման վրա նկարիչ Մարիան Կոնիչնին իրականացրել է հուշարձանի վերակառուցումը։ Գրանիտը ստացվել է Շկլարսկա Պորեբա շրջանից, իսկ պատկերները ձուլվել են բրոնզից Գլիվիցեում: 1976 թվականի հոկտեմբերի 16-ին Գրյունվալդի հուշարձանը պաշտոնապես վերաբացվել է[6]։ Հուշարձանի դիմաց տեղադրվել է Անհայտ զինվորի գերեզմանը, որի վրա պատկերված է Վիկտոր Զինի կողմից ստեղծված խորհրդանշական մարմարե հուշատախտակը[7][8][9]։
100-ամյակի տոնակատարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերի 10-ին Կրակովում տեղի է ունեցել հուշարձանի բացման հետ կապված իրադարձությունների, ինչպես նաև ճակատամարտի 600-ամյակի և հուշարձանի կառուցման 100-ամյակի տոնակատարությունների հանդիսավոր վերարտադրությունը։ 2016 թվականին Գրունվալդի հուշարձանը ենթարկվել է լայնածավալ վերանորոգման և մաքրման[10]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը 24 մետր բարձրություն ունի, վերևում տեղադրված է Վլադիսլավ Յագելո թագավորի ձիավոր արձանը: Թագավորը ձախ ձեռքում պահում է սանձը, իսկ աջում՝ սուրը։ Հուշարձանի ճակատային մասում տեղադրված են Գրունվալդի թրերի ռելիեֆներ և Լիտվայի մեծ դուքս Վիտաուտասի արձանը, որի ոտքերի տակ ընկած է Տևտոնական ասպետների մեծ վարպետ Ուլրիխ ֆոն Յունգինգենի կերպարը: Արևելյան կողմում պատկերված է լեհ ասպետը և նրա մանկլավիկը, որը հավաքում է լքված տևտոնական պաստառները: Արևմտյան կողմում պատկերված է լիտվացի մարտիկ, որը փող է փչում և առաջնորդում գերի ընկած տևտոնական ասպետին: Հյուսիսային կողմում պատկերված է մի գյուղացի, որը խորհրդանշական կերպով նետում է ստրկության կապանքները:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձանի բացման արարողությունը, 1910
-
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ավերված մնացորդները
-
Վլադիսլավ Յագելոյի արձանը
-
Վիտաուտասի արձանը
-
Ուլրիխֆոն Յունգինգենի արձանը
-
Արևելյան կողմի ֆիգուրները
-
Արևմտյան կողմի ֆիգուրները
-
Գյուղացին հյուսիսային կողմում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Grunwald Monument». Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «The Battle of Grunwald [Tannenberg]». artsandculture.google.com. Վերցված է 16 April 2023-ին.
- ↑ Marek Żukow-Karczewski, Dawne pomniki Krakowa. Pomnik Władysława Jagiełły (Grunwaldzki), "Echo Krakowa", 16 I 1991, nr 11 (13323).
- ↑ Marek Żukow-Karczewski, Krakowskich pomników dzieje niełatwe, "KRAKÓW", nr 4(32)/1991, p. 30-31.
- ↑ «Grunwald Monument». Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Pomnik Grunwaldzki w Krakowie». Արխիվացված է օրիգինալից 2020-10-28-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Pomnik Grunwaldzki». Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «The Grunwald Monument». Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Grunwald: A Monument to Hearten Spirits». Արխիվացված է օրիգինալից 2020-08-11-ին. Վերցված է 2019-08-17-ին.
- ↑ «Pomnik Grunwaldzki w nowej odsłonie». Արխիվացված է օրիգինալից 2016-10-13-ին. Վերցված է 2019-08-17-ին.