Գրկախառնություն
Գրկախառնություն, մարդկային հասարակություններին հատուկ ֆիզիկական մտերմության ձև, երբ երկու կամ ավելի մարդիկ իրենց ձեռքերը փաթաթում են միմյանց պարանոցի կամ իրանի շուրջը և ամուր բռնում իրարից։ Եթե գրկախառնությանը մասնակցում է երկուսից ավելի մարդ, այն կոչվում է խմբային գրկախառնություն։
Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրկախառնությունը, որ երբեմն զուգակցվում է համբույրի հետ, ոչ վերբալ հաղորդակցության ձևերից մեկն է։ Կախված մշակույթից, կապերից ու հարաբերություններից՝ գրկախառնությունը կարող է նշանակել ծանոթություն, սեր, մտերմություն, ընկերություն, եղբայրություն կամ կարեկցություն[1], ինչպես նաև աջակցություն, սփոփանք և ապրումակցում, հատկապես այնտեղ, որտեղ խոսքերը բավարար չեն։ Գրկախառնությունը սովորաբար ցուցադրում է սեր ու հոգևոր ջերմություն, երբեմն բխում է երկարատև բաժանումից հետո տեղի ունեցած վերամիավորման կամ հանդիպման ուրախությունից կամ երջանկությունից։ Ոչ փոխադարձ գրկախառնությունը կարող է ցույց տալ հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ Գրկախառնության տևողությունն ունի սոցիալական և մշակութային պայմանավորվածություն։
Ի տարբերություն ֆիզիկական շփումների այլ տեսակների՝ գրկախառնությունը կարող է կատարվել հրապարակայնորեն և մասնավոր կերպով առանց ստիգմայի շատ երկրներում, կրոններում ու մշակույթներում, ընտանիքներում, ինչպես նաև տարիքային ու գենդերային սկզբունքով[2], բայց, որպես կանոն, գրկախառնությունը նշանակում է, որ մարդիկ ծանոթ են միմյանց։

Անսպասելի գրկախառնությունը կարող է որակվել որպես մարդու ներխուժում անձնական տարածք, սակայն դրա փոխադարձությունը նշանակում է, որ այն ողջունելի է։ Արևմուտքի մշակույթի որոշ հետազոտողներ խորհուրդ են տալիս խուսափել աշխատանքի վայրում գրկախառնվելուց, որպեսզի կանխվեն տհաճ պահերը հատկապես այն մարդկանց հետ, ովքեր չեն սիրում գրկախառնվել[3]։
Երեխան կարող է գրկել նաև տիկնիկին կամ փափուկ խաղալիքը։ Փոքր երեխաները գրկում են իրենց ծնողներին, երբ վտանգ են զգում անծանոթ մարդուց, չնայած դա կարելի է նաև գրկախառնություն չհամարել, որովհետև այդպիսի վարքն արտահայտում է պաշտպանվելու պահանջմունք, ոչ թե սիրո։
Մշակութային ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի հազվադեպ գրկախառնությունն այս կամ այն սոցիալական խմբերի ինիցիացիայի արարողության մասն է։ Որոշ մշակույթներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իսպանիան և Լատինական Ամերիկան, արական սեռի ընկերների համար գրկախառնությունն ու մեջքին խփելը համարվում է ուրախ ողջույն[4]։ Այդպիսի գրկախառնությունը, որը, որպես կանոն, ուղեկցվում է այտը համբուրելով, արևմտյան կանանց սովորական պահվածքն է, երբ միմյանց հանդիպում կամ հրաժեշտ են տալիս։ Պորտուգալիայում և Բրազիլիայում «գրկում եմ» արտահայտությունը տղամարդկանց նամակներն ավարտելու քաղաքավարի ձև է։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու պատարագի ծիսակատարության ժամանակ գրկախառնությունը կարող է փոխարինել համբույրին կամ հաշտության ձեռքսեղմմանը։

2009 թվականի մայիսին Նյու Յորք Թայմս օրաթերթը հաղորդել է, որ «գրկախառնությունը դարձել է այսօրվա ԱՄՆ-ի դեռահասների սիրելի սոցիալական ողջույնը»[5]։ ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում ընդունվել են գրկախառնության արգելքներ, որոնք որոշ դեպքերում առաջացրել են սովորողների բողոքներն այդ արգելքների դեմ[6][7]։
2015 թվականին Կանադայի լրագրողական ուսումնասիրությունները նշել են տղամարդկանց ընկերական գրկախառնության ժողովրդականությունը Քվեբեկի ֆրանսախոս երիտասարդների շրջանում[8]։
Առողջարար նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապացուցվել է գրկախառնության օգտակարությունն առողջության համար։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ գրկախառվելը բարձրացնում է օքսիտոցինի մակարդակը և իջեցնում արյան ճնշումը[9]։
Խմբային գրկախառնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբային գրկախառնությունը խմբային թերապիայի օգտակար գործիք է սեսիայից հետո մասնակիցների համախմբվածության զգացումն ամրապնդելու համար[10], սակայն դա կարող է անհարմարավետություն առաջացնել խմբի այն մասնակիցների մոտ, որոնք ամաչում են ֆիզիկական շփումներից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kathleen Keating (1994)։ The Hug Therapy Book։ Hazelden PES։ ISBN 1-56838-094-1
- ↑ Duranti Alessandro (June 1997)։ «Universal and Culture-Specific Properties of Greetings»։ Journal of Linguistic Anthropology 7 (1): 63–97
- ↑ «A New Rule For The Workplace: 'Hug Sparingly'»։ NPR։ 2014-01-11
- ↑ William Cane, The Art of Hugging: The World-Famous Kissing Coach Offers Inspiration and Advice on Why, Where, and How to Hug, St. Martin’s Griffin, US, 2013
- ↑ Kershaw Sarah (2009-05-27)։ «For Teenagers, Hello Means 'How About a Hug?'»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 14, 2011-ին։ Վերցված է 2009-05-29
- ↑ Grant Denise (2010-04-15)։ «Students pan hugging ban»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին
- ↑ «School Bans Hugs Over 2 Seconds»։ 2008-03-02։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 16, 2008-ին
- ↑ Lili Boisvert, radio-canada.ca, Bromance : ces gars qui craquent pour leurs amis Archived 2016-09-11 at the Wayback Machine., Canada, January 19, 2015
- ↑ «How hugs can aid women's hearts»։ BBC News։ օգոստոսի 8, 2005։ Վերցված է 2008-11-28
- ↑ Albert Pesso, Movement in Psychotherapy: Psychomotor Techniques and Training (1969), pp. 92-93.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրկախառնություն կատեգորիայում։ |
|