Գրիշա Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիշա Մուրադյան
Ծնվել է1919
ԾննդավայրՎերին Գետաշեն, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1955)
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Գրիշա Արտեմի Մուրադյան (1919, Վերին Գետաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիշա Մուրադյանը ծնվել է 1919 թվականին Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում։ 1937 թվականին ավարտել է Վարդենիսի շրջանի Վարդենիս ավանի միջնակարգ դպրոցը և նշանակվել Սուխումի շրջանի Աչադարա գյուղի տարրական դպրոցի վարիչ և հայոց լեզվի ուսուցիչ[1]։

1939 թվականի հոկտեմբերին Մուրադյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Պատերազմի տարիներին թշնամու դեմ մարտնչել է տարբեր ռազմաճակատներում՝ Հարավ-Արևմտյան, Կովկասյան, 2-րդ Բելոռուսական։ Պատերազմի սկզբից մինչև հաղթական ավարտը ծառայել է 384-րդ առանձին կապի գումարտակում, որն արժանացել է Թամանյան անվանակոչման և պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է Մոզդոկ, Մալգոբեկ, Կերչ, Սևաստոպոլ քաղաքների ազատագրման և Քյոնիգսբերգ քաղաքի գրավման մարտերին։ Մուրադյանը Կերչ և Սևաստոպոլ քաղաքներն ազատագրելու ժամանակ գլխավորել է կապի գծային վաշտը և, մերձծովյան բանակի շտաբի և գործող դիվիզիաների միջև անխափան հեռախոսային կապ ապահովելու համար, 1944 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մասնակցել է 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի մարտական գործողություններին Լեհաստանի և Գերմանիայի տերիտորիաներում։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականի դեկտեմբերին Մուրադյանը զորացրվել է և նորից անցել մանկավարժական աշխատանքի։ Նշանակվել է Գեղհովիտի յոթնամյա դպրոցի տնօրեն։ 1954 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։ 1955 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսական բաժնի լեզվագրական ֆակուլտետը և երկար տարիներ ռուսաց լեզու և գրականություն դասավանդել միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում։ 1967 թվականին աշխատել է Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, եղել է արտադասարանական-արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ[1]։

Մահացել է 2000 թվականի սեպտեմբերի 5-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]