Գրին քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրին քարտի հնացած նմուշը, որն օգտագործվել է 1997 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մայիսը
Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ (գրին քարտ) (2010 թվականի մայիս)

Գրին քարտ (անգլ.՝ green card, նաև՝ Կանաչ քարտ, գրինքարտ, պաշտոնական անվանումը՝ Միացյալ Նահանգների մշտական բնակության քարտ, անգլ.՝ United States Permanent Resident Card), անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, որը հաստատում է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձի կացության իրավունքի առկայությունը և նրան աշխատելու հնարավորություն ընձեռում[1]։ Գրին քարտերը կանաչ են եղել 1946-1964 թվականներին և վերադարձել են այդ գունային երանգին 2010 թվականի մայիսի 11-ին՝ դիզայնի հերթական թարմացումից հետո[2][3]։

Տրամադրման ընթացակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրին քարտը տրամադրվում է փաստաթղթերի հավաքագրման և անհրաժեշտ դիմումների ներկայացման բավականին երկար և թանկարժեք գործընթացից հետո։

Այն ստանալու հիմնական ուղիներն են․

Վիճակախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրին քարտ կարելի է նաև շահել հատուկ ինտերնետ-վիճակախաղով (դիվերսիֆիկացիոն վիճակահանություն, DV), որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ կառավարության կողմից։ Վիճակախաղի նպատակներից մեկն է խրախուսել դեպի ԱՄՆ ներգաղթը այն երկրներից, որոցից ԱՄՆ-ում ներգաղթյալներ գրեթե չկան։ 2008 թվականին ավելի քան 6,4 միլիոն մարդ վիճակախաղին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Հաշվի առնելով դիմումատուների ընտանիքի անդամներին՝ մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 10 միլիոնի։ Նրանց մեծ մասը Աֆրիայի (41%) և Ասիայի (38%) զարգացող երկրների բնակիչներն են, 19%-ը՝ Եվրոպայից, 2%-ը՝ Հարավային Ամերիկայից։ Դիմումատուների թվով առաջին տեղը զբաղեցրել է Բանգլադեշը՝ 1,7 միլիոն դիմորդ, նրան հաջորդել է Նիգերիան՝ 684 հազար։ Դեպի ԱՄՆ ներգաղթողների մեծ ներկայացուցչություն ունեցող երկրները, մասնավորապես՝ Բրազիլիան, մայրցամաքային Չինաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Սալվադորը, Գվատեմալան, Հայիթին, Հնդկաստանը, Ճամայկան, Մեքսիկան, Պակիստանը, Ֆիլիպինները, Պերուն, Լեհաստանը, Հարավային Կորեան, Կանադան, Մեծ Բրիտանիան (բացի Հյուսիսային Իռլանդիայից) և նրա գաղութները, Վիետնամը, վիճակախաղին չեն մասնակցել, քանի որ այդ երկրներից ներգաղթյալների թիվը վերջին 5 տարում գերազանցել է 50 հազարը: Ռուսաստանը կրկին իրավունք է ստացել մասնակցելու վիճակախաղին 2010 թվականին (DV-2010)։

2013 թվականին գրանցման ժամկետը տևել է 30 օր՝ 2013 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 2-ը[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին «կանաչ քարտերը» սպիտակ էին և հայտնվել են 1940 թվականին՝ օտարերկրացիների գրանցման փաստաթղթի (Alien Registration Act, AR-3) արդյունքում: Ի սկզբանե ընդունվելով որպես ազգային անվտանգության միջոց՝ փաստաթուղթը պահանջում էր գրանցել բոլոր օտարերկրացիներին: Նրանք կարող էին դա անել փոստային բաժանմունքներում, և նրանց գրանցման ձևերը ուղարկվում էին Ներգաղթի և հպատակագրման ծառայություն (INS): Օտարերկրացիների գրանցման փաստաթուղթը նրանց չէր տարանջատում օրինականների և անօրինականների: Բոլորը օրինական էին, և բոլորը գրանցվում էին: Ստացված դիմումները մշակելուց հետո INS-ը ներգաղթյալներին անդորագիր էր ուղարկում, որոնք, ըստ էության, առաջին «կանաչ քարտերն» էին (թեև ունեին բոլորովին այլ գույն):

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ներգաղթը վերսկսվեց մեծ մասշտաբով, սակայն օտարերկրացիների գրանցումը այլևս չէր կատարվում փոստային բաժանմունքներում, այլ դարձել էր ներգաղթի փաստաթղթերի ձևակերպման սովորական ընթացակարգի մի մասը: Դա թույլ տվեց INS-ին ազատվել հսկայական քանակությամբ փաստաթղթերից և ներգաղթյալների հետ աշխատել ավելի արդյունավետ: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեցին իսկական «կանաչ քարտերը»։ Կային ներգաղթյալների տարբեր խմբեր՝ աշխատողներ, ուսանողներ, ուսուցիչներ և այլք, և յուրաքանչյուրն ուներ իր գրանցման փաստաթուղթը (permit)` դրանում ամրագրված ներգաղթային կարգավիճակով։ Այն ներգաղթյալները, որոնց բախտ էր վիճակվում ձեռք բերել ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն, ստանում էին կանաչ անդորագրեր, կամ, այլ կերպ ասած, կանաչ քարտեր։

1950 թվականին՝ «Ներքին անվտանգության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նոր կանոնները փոխարինեցին AR-3 ձևը I-151-ով։ Գույնի պատճառով I-151 ձևը կոչեցին գրին քարտ (կանաչ քարտ), քանի որ պաշտոնական անվանումը՝ Alien Registration Receipt Card Form I-151-ը, չափազանց ծավալուն էր։ Դա 1946-1964 թվականներին գոյություն ունեցած գրանցման առաջին և վերջին կանաչ քարտն էր։

I-151 ձևի կեղծումների մեծ թվի պատճառով 1964-1977 թվականներին թողարկվեց դրա 12 ձևափոխված տարբերակ։ Թեև դրանցից ոչ մեկն այլևս կանաչ գույն չուներ, սակայն գրին քարտ հասկացության կիրառությունը պահպանվեց։ 1977 թվականին հայտնվեց համակարգչի կողմից ընթերցվող I-551 պլաստիկ ձևը, որը որոշ բարելավումներով օգտագործվում է առ այսօր։ 1989 թվականից այդ տարբերակի վրա հայտնվեց նոր սյունակ՝ գործողության ժամկետով․ այժմ արդեն քարտը տրվում էր 10 տարի ժամկետով, որի լրանալուց հետո այն պետք է փոխարինվեր ավելի ժամանակակից և պաշտպանված տարբերակով[5]։ 1997 թվականի դեկտեմբերին թողարկվեց հերթական ձևափոխումը, որին հաջորդեց 2014 թվականի հուլիսի դրությամբ վերջին տարբերակը՝ թողարկված 2010 թվականի մայիսի 11-ին։ Նոր տարբերակը ստացավ պաշտպանիչ հոլոգրամմա, օպտիկական հիշողություն և դարձավ աշխարհի ամենաապահով նույնականացման փաստաթղթերից մեկը[6]։

Վիճակախաղի չեղարկման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարաք Օբամայի նախագահության օրոք տեղի ունեցավ վիճակախաղի չեղարկման մի քանի փորձ, որոնք հատկապես ուժգնացան և նոր թափ ստացան Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գնալուց հետո։ 2017 թվականի փետրվարից ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից ազդանշաններ ստացվեցին, որ հարկավոր է չեղարկել վիճակախաղը։ 2017 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ պատրաստում է գրին քարտի վիճակախաղի չեղարկման նախագիծ։

2017 թվականի հոկտեմբերի 31-ին Ուզբեկստանից ներգաղթած մահապարտ-ահաբեկիչ Սայֆուլլո Սաիպովը, որը 2010 թվականին վիճակախաղով գրին քարտ էր շահել, ահաբեկչություն իրականացրեց Նյու Յորրքում՝ սպանելով մի քանի մարդու։ Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կարծիքը հայտնեց՝ ասելով, որ ինքը ձեռնամուխ է եղել վիճակախաղի ամբողջական չեղարկման ընթացակարգին։ Նա իր համոզմունքը կրկին հայտնեց, երբ հանդիպեց իր վարչակազմի հետ՝ ավելի ուշ իր դիրքորոշումը բացատրելով նրանով, որ այդ վիճակախաղի արդյունքում ԱՄՆ են գալիս տարատեսակ մարդիկ, ուստի ժամանակն է չեղարկել այն։ Թրամփը հավելեց, որ ԱՄՆ Կոնգրեսի համար գործարք է պատրաստում՝ հանուն վիճակախաղի չեղարկման։

Խարդախություններ վիճակախաղերի ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համացանցում կան կեղծ կայքեր, որոնք ներկայանում են իբրև գրին քարտի խաղարկման պատասխանատուներ։ Որպես կեղծարարների ճանաչման հիմնական նշաններ՝ կարող են ծառայել հետևյալները[7]

  1. Իսկական վիճակախաղը չունի պաշտոնական կենտրոններ կամ ներկայացուցիչներ․ միակ պաշտոնական կայքն՝ www.dvlottery.state.gov/։
  2. Իրական վիճակախաղում գրանցումն անվճար է։
  3. Իրական վիճակախաղի կազմակերպիչները մասնակիցների հետ չեն կապվում հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]