Գրիգոր Մսերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Մսերյան
Ծնվել է1846
ԾննդավայրԻզմիր, Eyalet of Aidin, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 15, 1893(1893-08-15)
Մահվան վայրԻզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՄեսրոպյան վարժարան
Մասնագիտությունթարգմանիչ և խմբագիր

Գրիգոր Ղազարոսի Մսերյան (1846, Զմյուռնիա - օգոստոսի 15, 1893, Զմյուռնիա), հայ հասարակական գործիչ, թարգմանիչ, խմբագիր, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Մսերյանը ծնվել Է Զմյուռնիայի Պուոնովա թաղամասում 1846 թվականին: Հայրը՝ Մսեր Մագիստրոսի եղբայրն էր, մայրը՝ Մարկոս Աղաբեկյանի քույրը։ Սովորել է Աղաբեկյան-Մամուրյան, ապա՝ Մեսրոպյան վարժարաններում, հետագայում՝ Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Տիրապետել է ֆրանսերենին և եվրոպական այլ լեզուների: Գրական ասպարեզում Մսերյանի անունն ի հայտ է եկել 1870-ական թվականներին, երբ «Արևելյան մամուլ»[1] 1871 թվականի համարներում (№ 1-3, № 6-10) հրատարակվել է «Ճշմարտության վրա գրավ մը» երկը։ 1860-1870-ական թթ․ աշխատակցել է «Ծաղիկ» և «Արևելյան մամուլ» հանդեսներին, տպագրել մասնավորապես լեզվի ծագման ու զարգացման, ինչպես նաև աշխարհաբարի մշակման հարցերին նվիրված հոդվածներ։ «Արևելյան մամուլի» № 12-ից սկսած (1872 թ.) հրատարակել է «Լեգվի վրա» խորագրով հետաքրքրական հոդվածաշարը[2]։ 1878 թվականին հիմնադրել է տպարան, հրատարակել իր կազմած «Համառոտ դիցաբանություն» (1878) և «Նոր այբբենարան ֆրանսերեն» (1880) դասագրքերը։ Տպարանը 1881 թվականին փակվել է թուրքական իշխանությունների կողմից։ Մսերյանը հիմնել և խմբագրել է «Մետեորա» (1880- 1881) հանդեսը։ Կարճատև գոյության ընթացքում «Մետեորան» կարողացել է իր տեղն ունենալ հայ հասարակական մտքի զարգացման պատմության մեջ: Գործակցելով Տերտեյանների հետ, 1872-1876 թվականներին թարգմանել ու հրատարակել է Ա․ Դյումայի «Բոլին», Օ․ Ֆեոյեի «Աղքատ երիտասարդի մը վեպը», Ա․ Աշարի «Հետվիճի երդումը», Ժ. Սանդի «Ֆլավի» և «Լեոն Լեռնի», Ր․ Ֆեպրի «Փարիզն Ամերիկա» երկերը։ Մսերյանի թարգմանությամբ 1879 թվականին առաջին անգամ հայերեն լույս է տեսել Բոկաչչոյի «Տասնօրյակ»-ը («Դեկամերոնի» ընտրանի՝ երկու հատորով)։ Մսերյանը ակտիվորեն մասնակցել է զմյուռնահայ հասարակական-լուսավորական կյանքին, գաղթավայրի հայ ընթերցատան և վարժարանների գործունեությանը, ընտրվել ազգային վարչությունում[3][4]։

Մսերյանի մահվան առթիվ կենսագրական տվյալներով ու գրական-հասարակական գործունեության ամփոփումով նյութեր են տպագրվել («Արձագանք», 1893, № 103, «Տարազ», 1894, № 4 և այլն)[5]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Մ. Ն., «Մետեորա» հանդեսը արևմտահայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ, Ե., 1977:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գր. Մսերյանի /Արևելյան մամուլ/» 
  2. «Արևելյան մամուլ», 1872, № 12, էջ 540-543
  3. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007:
  4. Բ. Մ. Հովակիմյան / Հայոց ծածկանունների բառարան.-Երևան, 2005, էջ 679:
  5. Հակոբյան, Մ. Ն. Մ. Ն. (1961-09-13)։ «Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մեսրոպ Նուպարյանը»։ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների 6: 25–40 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60 CC-BY-SA-icon-80x15.png