Գրիգոր Գրիգորյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Գրիգորյան
Ծնվել էմարտի 2, 1930(1930-03-02)[1]
Ռուսաստան Ռուսաստան Վլադիկավկազ
Մահացել էհոկտեմբերի 14, 2018(2018-10-14)[1] (88 տարեկան)
ԱզգությունՀայ
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և վիմագրագետ
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Գրիգոր Մեսրոպի Գրիգորյան (մարտի 2, 1930(1930-03-02)[1], Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 14, 2018(2018-10-14)[1]), հայ պատմաբան, հնագետ, վիմագրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանը ծնվել է 1930 թվականին ՌԴ Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազ քաղաքում։ 1937 թվականին Գրիգորյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստան։ Երևանում Գրիգոր Գրիգորյանն ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1948-1949 թվականներին ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական Ֆակուլտետը, որը ավարտել է 1954 թվականին։ 1954-1956 թվականներին աշխատել է Եղեգնաձորի շրջանի հեռավոր Հորս գյուղում՝ որպես դպրոցի տնօրեն։ Վերադառնալով Երևան՝ 1956 թվականին աշխատանքի է անցել Հայպետհրատում, ապա նաև թիվ 31 միջնակարգ դպրոցում։

Եղեգնաձորում, շրջելով մերձակա բնակավայրերը, ուսումնասիրում է հայկական միջնադարյան հուշարձանները և գրառում դրանց որմերին փորագրված արձանագրությունները։

Դեռևս 60-ական թվականներից Գրիգոր Գրիգորյանը վիմագրության բաժնի արշավախմբերի կազմում մասնակցել է վիմական արձանագրությունների հավաքման գործին՝ Հայաստանի և Արցախի շրջաններում։ Այնուհետև շուրջ երկու տասնամյակ շրջելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի նախկինում հայաբնակ վայրերում՝ ընդօրինակել և վերծանել է հարյուրավոր քարեղեն վկայագրեր, որոնցից շատերն այսօր չեն պահպանվել։ Նա հավաքել է ոչ միայն հուշարձանների որմերին փորագրված վիմագրերը, այլև տարբեր թանգարաններում պահվող հայկական եկեղեցական սպասքի, այլ առարկաների հիշատակագրերը[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանի գիտական գործունեությունը սկսվել է 1962 թվականին, երբ նա ընդունվել է Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ վիմագրության բաժինը՝ անցնելով ավագ լաբորանտից մինչև առաջատար գիտաշխատողի ուղի։ Ներկայումս ինստիտուտի հայ վիմագրության բաժնի վարիչն է։

«Սյունիքի վանական կալվածատիրությունը 9-13-րդ դդ.»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանը գիտական ուսումնասիրությունների առարկան Սյունյաց աշխարհն էր, նրա միջնադարյան պատմության տարաբնույթ խնդիրները, պատմամշակութային հուշարձանները, վանական հաստատությունները՝ որպես կրոնական, ուսումնական, գիտական կենտրոններ։ 1973 թվականին հրատարակվեց նրա առաջին ծավալուն ուսումնասիրությունը՝ «Սյունիքի վանական կալվածատիրությունը 9–13-րդ դդ.»: Աշխատության մեջ միջնադարյան Հայաստանի վանական միաբանությունների վարչատնտեսական գործունեության քննությունը կատարվել է Սյունյաց աշխարհի վանքերի օրինակով։ Վանքերի առաջացման սոցիալական ու քաղաքական հիմքերը, միաբանությունների կալվածատիրության ընդլայնման, ապահարկության խնդիրները քննարկված են մատենագրական և վիմագրական բազմաքանակ սկզբնաղբյուրների հենքի վրա։ Առանձնակի քննության առարկա են դարձել միաբանությունների հիերարխիկ սկզբունքներն ու եղանակները, վանքերի գիտակրթական, մշակութային գործունեությունը։

«Սյունիքը Օրբելյանների օրոք, 13–15-րդ դարեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորյանի գիտական ուսումնասիրությունների առանցքային բնագավառներից մեկը նշանավոր Օրբելյան իշխանական տան պատմությունն էր։ 1981 թվականին նա գրեց «Սյունիքը Օրբելյանների օրոք, 13–15-րդ դարեր» աշխատությունը, իսկ ավելի ուշ՝ «Դրվագներ Սյունիքի պատմության (9–15-րդ դդ.)» (1990 թ. ռուսերեն) աշխատությունը։ 2004 թվականին Մոսկվայում հրատարակվեց այս երկրորդ գրքի լրամշակված, նոր նյութերով ու փաստերով հարստացված տարբերակը, Օրբելյան իշխանների մերօրյա շառավիղ, Առևտրի համաշխարհային խորհրդի (Սան Ֆրանցիսկո) նախագահ Գարի Աղապարոնի Օրբելյանի հորդորով և հովանավորությամբ։

«Դիվան հայ վիմագրության»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանը ուսումնասիրել է նաև Մոսկվայի Կրեմլի զինապալատի և Պատմության պետական թանգարանի պահոցների տասնյակ եկեղեցական առարկաների ու սրբազան մասունքների վրա դրոշմված հայկական հիշատակագրերը։ Արդյունքում՝ 1996 և 1999 թվականներին լույս են տեսել «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի 7-րդ և 8-րդ հատորները, որոնք ընդգրկում էին համապատասխանաբար Ուկրաինայի, Մոլդովայի և Ռուսաստանի Դաշնության հայկական հուշարձանների վիմական արձանագրությունները։ Այս հատորներում հայերենից զատ տեղ են գտել նաև զգալի թվով ռուսերեն, լեհերեն, գերմաներեն, լատիներեն, հայատառ ղփչաղերեն արձանագրություններ, որոնք ներկայացված են բնագրերով և հայերեն թարգմանություններով։

Կրեմլի զինապալատի և Պատմության թանգարանի համար նա կատարել է հայերեն հիշատակագրերի հարյուրավոր ռուսերեն թարգմանություններ։ Իսկ Թեոդոսիայում ստեղծել է Քարեդարան-թանգարան՝ թարգմանաբար ներկայացված արձանագրություններով։

«Վահանավանք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահանավանքի պատմահնագիտական ուսումնասիրություններից հետո Գրիգոր Գրիգորյանը 2007 թվականին հրատարակել է «Վահանավանք» երկլեզու մենագրությունը։ Այս թեմատիկային է վերաբերում նաև 2009 թվականին տեսած «Վահանավանքի վերածնունդը (հնագետի օրագրից)» էսսեն։

«Ղարաբաղյան օրագիրը »[խմբագրել | խմբագրել կոդը]

1988–1992 թվականներին հրապարակվել են Գրիգոր Գրիգորյանի Արցախյան շարժման խնդրին առնչվող նամակներն ու հեռագրերը։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գրիգորյանը գիտական աշխատանքին զուգահեռ շուրջ 30 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, Երևանի մի շարք բուհերում դասավանդելով հայ վիմագրություն և պատմագիտական այլ առարկաներ։ Դասախոսական գործունեության արդյունքում նա հրատարակել է «Հայկական վիմագրություն» (2000 թ.), «Սյունիքի պատմություն» (2001 թ., հեղինակակից՝ Սերգեյ Հախվերդյան) ձեռնարկները։ «Հայկական վիմագրություն»-ը հայ իրականության մեջ բնագավառին վերաբերող առաջին դասագիրքն է։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվականին Գրիգոր Գրիգորյանին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
  • 1985 թվականին Գրիգոր Գրիգորյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։
  • 1993 թվականին Գրիգոր Գրիգորյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում, այնուհետև՝ «Գիտության վաստակավոր գործչի» կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8931
  2. «ԳրիգորԳրիգորյանիծննդյան 80-ամյակիառթիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Սարգսյան «Վաստակաշատ գիտնականը» (Գրիգոր Գրիգորյանի ծննդյան 80-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես № 1, 2010, էջ 285-288
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Գրիգորյան (պատմաբան)» հոդվածին։