Գրիգոր Աստարճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Աստարճյան
Ծնվել է1886/1888
ԾննդավայրՄարաշ, Օսմանյան կայսրություն
Մահացել է4 Մարտ 1983
Մահվան վայրՊէյրութ
Ազգությունհայ
ԿրթությունԿոստանդնուպոլսի բժշկական վարժարան
Դամասկոսի բժշկական վարժարան
Մասնագիտությունբժիշկ
ՊարգևներՍուրբ Սիլվեստրի Ասպետի պատվանշան

Գրիգոր Աստարճյան (Ասթարճյան) (1886/1888, Մարաշ, Օսմանյան կայսրություն - ?), հայ բժիշկ, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Աստարճյանը ծնվել է 1886/1888 թվականներին Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում, ապա ուսումը շարունակել Մարաշի պետական լիցեյում/Հալեպի ֆրանսիական լիցեյում։ 1905 թվականին բժշկական վարժարանում սովորելու նպատակով մեկնել է Կոստանդնուպոլիս, ուր Յըլդըզի ռումբի դեպքի հետևանքով ձերբակալվել է և Հալեպ աքսորվել։ 1907-1908 թվականներին ուսումը շարունակել է Դամասկոսի բժշկական վարժարանում։ 1910-1911 թվականներին վերադարձել է Կոստանդնուպոլիս և ուսումը շարունակել բժշկական վարժարանում։

1912 թվականին որպես բժիշկ սպա մասնակցել է Բալկանյան առաջին պատերազմին։ 1913 թվականին բժշկի վկայական է ստացել և որպես պետական բժիշկ Մուսուլ ուղարկվել։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Մուսուլի նահանգապետի բժշկի հանգամանքի շնորհիվ, տեղահանությունից և զինվորական ծառայությունից զերծ է մնացել։ Այդ ժամանակ հաջողացրել է նահանգապետի միջոցով Մուսուլի շրջանում բնակեցնել 3000 կարնեցի հայ որբերի, աղջիկների, կանանց, ծերերի և անկարների, որոնց աքսորել էին հետագայում կոտորելու նպատակով։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շարունակել է մնալ Մուսուլում և 30 տարի զբաղվել բժշկությամբ ու հանրային աշխատանքով։ Սերտ կապեր է ունեցել արաբ մտավորականների հետ։

Գերազանց տիրապետելով արաբերենին` հայ գրականությունից թարգմանություններ է կատարել և տպագրել արաբական թերթերում, նաև արաբական գրականությունից թարգմանություններ կատարել և տպագրել Բաղդադում լույս տեսնող հայկական «Գոյամարտ» պարբերականում։ 1951 թվականին Կահիրեի «Յուսաբեր» օրաթերթում հրատարակել է իր հուշերը Արևմտյան Հայաստանից հայ բնակչության տեղահանության մասին։ Նրա կարևորագույն աշխատությունները՝ «Հայոց պատմութիւն» ու «Հայոց գրական եւ մշակութային պատմութիւն» արաբերեն գրքերն արաբական մամուլի և արաբ մտավորականների ջերմ գնահատանքին են արժանացել։ Արաբական պարբերականները, մասնավորաբար քաղդեացիների «ալ-Նեջմա» թերթը արտատպություններ են կատարել այդ գրքերից։ 1950 թվականին իր անձնական գրադարանի հայկական մասը՝ շուրջ 200 դասական, գրական, պատմական գրքեր, նվիրել է Մուսուլի պետական գրադարանին, որով ստեղծվել է գրադարանի հայկական բաժինը։ Կատարել է նաև բազում այլ բարեգործություններ։ Տասնյակ տարիներ անընդմեջ ընտրվել է Իրաքի թեմի Ազգային գավառական ժողովի երեսփոխան։

1953 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բաղդադ, որտեղ 1953 և 1956 թվականներին թեմի Քաղաքական ժողովի անդամ է ընտրվել։ Եղել է Թարգմանչաց Սվաճյան միացյալ վարժարանի հոգաբարձության ատենապետը։ Մուսուլի բազմակրոն բնակչությանն անշահախնդիր ծառայելու համար՝ Հռոմի պապը նրան պարգևատրել է Սուրբ Սիլվեստրի Ասպետի պատվանշանով։ 1957 թվականին ընտանիքով բնակվելիս է եղել Բաղդադում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմութիւն (արաբերեն), պատկերա զարդ, հ.1-2, Մուսուլ, 1951, 404 էջ
  • Հայոց գրական եւ մշակութային պատմութիւն (արաբերեն), Մուսուլ, 1954, 527 էջ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գէորգեան Կարօ «Ամէնուն տարեգիրքը», Դ տարի, 1957, Պէյրութ, 1958
  • Ստեփանյան Գառնիկ «Կենսագրական բառարան», հ. Ա., Երևան, 1973