Jump to content

Գրիգորյան բարեփոխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի պապ Գրիգոր VII-ը պատարագ է մատուցում։ Նա 11-րդ դարում լատինական եկեղեցու վրա ազդած բարեփոխումների անվիճելի գլխավոր դեմքն է, որը փորձում էր վերականգնել հոգևորականության մաքրաբարոյությունը և եկեղեցու կառավարումը զերծ պահել ցանկացած աշխարհիկ իշխանությունից

Գրիգորյան բարեփոխում կամ 11-րդ դարի եկեղեցական բարեփոխում, կաթոլիկ եկեղեցու, կամ ավելի ճշգրիտ՝ Լատինական եկեղեցու վերածնունդ, որն իրականացվել է Եվրոպայում 11-րդ դարում, և որն արմատավորվել է հաջորդ դարերի ընթացքում։ Բարեփոխումների շարժման տարբեր գլխավոր հերոսներ փորձել են լուծել եկեղեցու խնդիրները, որոնք համարել են լրջագույններից մեկը, հատկապես նվիրապետության հարաբերությունները քաղաքական իշխանությունների և հասարակության մնացած մասի հետ։

Եկեղեցական բարեփոխման պահանջները հիմնականում պահպանողական և ուտոպիական մոտեցումներով են առաջնորդվել՝ արտահայտելով հիացմունքը նախորդ «ոսկե դարաշրջանի» կամ «առաքելական դարաշրջանի» նկատմամբ, երբ Եկեղեցին, ենթադրաբար, կատարյալ էր և զերծ էր չարաշահումներից[1]։ Միջնադարյան այս բարեփոխման հիմնական արդյունքն աշխարհիկ իշխանությունից եկեղեցական ինքնավարության հաստատումն էր, պապականության իշխանության և հեղինակության վերելքը, ինչպես նաև միջնադարյան քրիստոնեությանը թեոկրատական կառուցվածքի պարտադրումը։

Կարոլինգյան դարաշրջանից ի վեր եպիսկոպոսներն ու վանահայրերը ներգրավված են եղել պետական իշխանության կառավարման մեջ, որն աճել է 10-րդ դարի առաջին կեսին կենտրոնացած իշխանության փլուզումից հետո: Այս իրավիճակը խորապես ազդել է հոգևոր դասի բարոյական նկարագրի վրա․ պապականությունը խիստ թուլացել է և ենթարկվել է հռոմեական ազնվականությանը, իսկ այնպիսի երևույթներ, ինչպիսիք են սիմոնականությունը (Սիմոն Մոգի անունից, եկեղեցական պաշտոնների վաճառք) և նիկոլականությունը (Նիկոլա Անտիոքցիի անումից, կուսակրոնության խախտում), այդ ժամանակ լայնորեն տարածված են դարձել: Ի պատասխան, առաջացել են մի քանի շարժումներ՝ ուղղված եկեղեցու հեղինակության և ինքնավարության վերականգնման վրա։ Դրա առաջին նշանները նկատվել են վանական աշխարհում՝ մոտ 909 թվականին Բուրգունդիայի բենեդիկտյան միաբանության Կլյունիի աբբայության հիմնադրմամբ, որը հանգեցրել է այսպես կոչված «Կլյունիական բարեփոխման»:

Գրիգորյան բարեփոխման համար հիմնարար նշանակություն է ունեցել հռոմեական կայսր Հենրիխ III Սևի (1016-1056) աջակցությունը: 1046 թվականին նա մասնակցել է Սուտրիի ժողովին, որը գումարվել էր պապական լուրջ ճգնաժամի ժամանակ, և նոր պապ է նշանակել ծագումով գերմանացի Սուիջերուսին (Կլիմենտ II պապ), որին հաջորդել են Ալպերի հյուսիսից (գերմանացի) այլ պապեր: Այս քաղաքականության շնորհիվ պապական ընտրությունները դուրս են բերվել հռոմեական արիստոկրատիայի վերահսկողությունից՝ նախընտրելով նշանակել Ռայխսկիրխեի (բառացի՝ կայսերական եկեղեցի) բարձր բարոյական հատկանիշներով գործիչներին, ովքեր նպաստել են բարեփոխումների գաղափարների տարածմանը:

Հռոմի կայսր Հենրիխ III-ի մահով գերմանական ազդեցությունը պապականության վրա խաթարվել է, թեև հաջորդ տարիները նշանավորվել են բարեփոխումների գործընթացի ակտիվացմամբ. հաստատվել է Սուրբ Աթոռի գերակայությունը եպիսկոպոսների և նվիրապետության նկատմամբ, Եկեղեցին վերադասվել է աշխարհիկ իշխանություններից, և հալածվել է սիմոնականությունն ու նիկոլականությունը: Բարեփոխումների և պապական գերակայության ջերմեռանդ կողմնակից Գրիգոր VII պապի գահակալությունը նշանավորվել է երիտասարդ Հենրիխ IV-ի դեմ պայքարով, որը հայտնի է որպես «Ինվեստիտուրայի պայքար»: Բարեփոխման մեջ Գրիգոր VII-ի ունեցած առաջատար դերի պատճառով այն հայտնի է դարձել նաև որպես Գրիգորյան բարեփոխում, տերմին, որը հաճախ օգտագործվում է մի տեսակ սինեկդոխով՝ նշելու 11-րդ դարի բարեփոխական շարժման բոլոր միջամտությունները, նույնիսկ նրանք, որոնք Գրիգոր VII-ի կոնկրետ միջամտություններից դուրս կատարված իրադարձությունները։

Այս ամենի արդյունքում Լատինական եկեղեցին էական վերափոխման է ենթարկվել՝ ընդունելով հիերարխիկ կառուցվածք, վերևից ներքև միապետական մոդել: Բարեփոխումը նաև հանգեցրել է հոգևոր դասի նոր կազմակերպման, որը շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 21-րդ դարասկզբին՝ հիմնված կուսակրոնության և աշխարհիկության ու նվիրապետության միջև հստակ տարանջատման վրա: Հռոմի պապերից և կայսրերից բացի, 11-րդ դարի բարեփոխմանը մասնակցել են նաև մի քանի աստվածաբաններ, որոնք դավանաբանական հիմնավորումներ են տվել շարժմանը և ամրապնդել են Հռոմի պապի կերպարը:

Գրիգոր VII-ը պայքարելով աշխարհիկ միջամտության դեմ՝ ինքը դարձել է բացարձակ միապետ (Primatus Papae)։ Նա որդեգրել է «Ով մեզ հետ չէ, հերետիկոս է» սկզբունքը, ինչը հանգեցրել է եկեղեցական դոգմաների խստացման, թուլացրել է Սրբազան Հռոմեական կայսրությունը՝ կանխելով Գերմանիայի և Իտալիայի միավորումը որպես միասնական պետություններ, խորացրել է Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև պառակտումը (արդյունքը՝ 1054 թվականի Մեծ Սխիզման)։ Սա հող է նախապատրաստել 12-րդ դարասկզբի դաժան Ինկվիզիցիայի համար և ծնել բազմաթիվ բողոքական շարժումներ, տասնամյակներ շարունակ քաղաքացիական պատերազմների, արյունահեղության և անկայունության մեջ է պահել Իտալիան ու Գերմանիան[2]։ Եկեղեցին վերածվել է հզոր քաղաքական և իրավական մեքենայի, որն ավելի շատ զբաղվում էր իշխանության պահպանմամբ, քան հոգևոր առաջնորդությամբ, և այն ինչը սկսվել էր որպես պայքար հանուն եկեղեցու մաքրակենցաղության, վերածվել է պայքարի հանուն բացարձակ իշխանության։

Այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար կայսրն ու Հռոմի պապը երկուստեք բանակցությունների և փոխզիջումների են գնացել՝ հաշտության գալով 1122 թվականի Վորմսի կոնկորդատով[3] և 1123 թվականին Լատինական եկեղեցու առաջին ժողովով, որը վավերացրել է Վորմսի կոնկորդատը և դարձել Արևմուտքի առաջին տիեզերական ժողովը։ Եկեղեցին դուրս է եկել այս վիճակից որպես ինքնուրույն և հզոր քաղաքական միավոր, սակայն դա տեղի է ունեցել հոգևոր ոլորտի որոշակի «իրավաբանացման» և կոշտացման հաշվին։ Եկեղեցին դարձել է ավելի կազմակերպված, բայց նաև ավելի հեռացել առաքյալների քրիստոնեական համեստության գաղափարներից[4]։

Նախադրյալներ. համատեքստը բարեփոխումներից առաջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրության և եկեղեցու հարաբերությունները 9-րդ և 11-րդ դարերի միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոնիայի թագավոր Դագոբերտ I-ը Օդոմարին նշանակում է Թերուանիի եպիսկոպոս (Սուրբ Օմերի կյանքից մանրանկար, 11-րդ դար)․ մինչև 11-րդ դարը թագավորները կամ կայսրն են ընտրել իրենց եպիսկոպոսներին

Իններորդ դարի առաջին կեսին, շնորհիվ Կառլոս Մեծի և նրա որդու՝ Լյուդովիկոս Բարեպաշտի նախաձեռնած բարեփոխումների խոշոր ժողովների, աշխարհիկ և եկեղեցական իշխանությունները որոշակի փոխզիջումների են հանգել հոգևորականության նշանակման վերաբերյալ. առաջիններին արգելվում էր նշանակել կամ ազատել քահանաներ առանց տեղական եպիսկոպոսի համաձայնության, սակայն երկրորդը չէր կարող մերժել իշխանի առաջարկած նշանակումը, եթե միայն նրան չէր համարում անբարեվարք կամ անբավարար մշակութային պատրաստվածությամբ[5]:

Չնայած եկեղեցական ինստիտուտները ենթարկվել են Կարոլինգների աշխարհիկ իշխանության խիստ ազդեցության, այնուամենայնիվ, պաշտպանված են եղել տեղական ազնվականների միջամտություններից և կարողացել են բարգավաճել[6]: Լյուդովիկոս Բարեպաշտի մահից հետո առաջացած քաղաքական անկայունությունը՝ պայմանավորված կարոլինգյան կայսրության փլուզմամբ, համակարգը ճգնաժամի է հանգեցրել՝ խորապես բացասական հետևանքներ ունենալով լատինական եկեղեցու և նրա բարձրագույն ինստիտուտների վրա, այնքանով, որ 10-րդ դարը հետագայում հայտնի է դարձել որպես պապականության պոռնկավարության (saeculum obscurum) շրջան, որն ավելի ու ավելի է խորացել հռոմեական ազնվականության միջամտությամբ[7]։

Այդ ժամանակ Եվրոպայում գերիշխող իրավաքաղաքական համակարգը ֆեոդալիզմն էր, որը հիմնված էր տիրոջ (սենյորի) և նրա վասալի միջև հարաբերությունների վրա, որտեղ առաջինը նյութական բարիք (բենեֆիցիում) էր տրամադրում երկրորդին՝ հավատարմության և օգնության դիմաց (արտահայտված հարգանքի երդման ակտով՝ հոմաժ): Սակայն Լյուդովիկոս Բարեպաշտի հաջորդներն, իրենց կալվածքների մասնատվածության պատճառով, այլևս չէին կարող պահպանել իրենց վասալների նկատմամբ վերահսկողությունը և, հետևաբար, զսպել թագավորությունը կազմող ինստիտուտների անկախության բնական հակումները: Ավելին, նրանք ստիպված էին պայքարել շատ կռվարար հոգևորականների հետ, ինչպիսին էր Ռեյսմի ազդեցիկ հոգևոր և քաղաքական գործիչ Հինքմար Ռեյմսեցին (մոտ 806-882), որը ձգտում էր սահմանափակել կայսերական ազդեցությունը եկեղեցու վրա[8]:

936 թվականից Գերմանիայի թագավոր և 962 թվականից Սրբազան Հռոմեական կայսր Օտտոն Սաքսոնացու գահակալության առաջին տասնամյակները[9] նշանավորվել են ֆեոդալների (որոնք հաճախ իր ընտանիքի անդամներ էին) մի քանի ապստամբություններով։ Դրանց դիմակայելու համար կայսը որոշել էր ամրապնդել հարաբերությունները եկեղեցու հետ՝ որոշ լիազորություններ պատվիրակելով եպիսկոպոսներին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք չէին կարող ժառանգներ ունենալ (կամ ժառանգներն ապօրինի էին), իսկ այդ արտոնությունները միայն ժամանակավոր են, քանի որ դրանք վերադառնում էին թագին եկեղեցական ժառանգորդների մահից հետո։

Չնայած Գերմանիայում «Օտտոնյան համակարգը» հասցվել էր կատարելության, եկեղեցական և աշխարհիկ իշխանությունների այս սերտաճումը Ֆրանսիայում, Անգլիայում և Իսպանիայում, այնուամենայնիվ, հանգեցրել է հոգևոր և աշխարհիկ լիազորությունների խառնվելուն։ Հետևաբար, կարճ ժամանակում ամրապնդվել է թագավորի կողմից եպիսկոպոսներին և վանահայրերին նշանակելու սովորույթը. հասարակության համար դա ընդունված պրակտիկա էր, քանի որ միապետը չէր համարվում պարզ աշխարհիկ ղեկավար, այլ Աստծո կողմից ընտրված տեր և, հետևաբար, լիովին օրինականացված էր եկեղեցու գործերին նրա միջամտությունը[10]:

Օտտոն I-ի և Օտտոնյան դինաստիայից նրան հաջորդողների օրոք Ռայխսկիրխեի (բառացիորեն՝ «Կայսերական եկեղեցի») եպիսկոպոսները կայսրության վարչական համակարգի հիմքն են եղել։ Նրանց ինվեստիտուրան խորհրդանշվում էր կայսեր կողմից մատանու և հովվական գավազանի հանձնմամբ, մի արարողությամբ, որը շատ հեռու չէր ֆեոդալական հարգանքի տուրքից՝ հոմաժից. այս սովորույթը վերաբերում էր ոչ միայն դիոցեզին, այլև թագավորական վանքերին և խոշոր աշխարհիկ կապիտուլներին (եկեղեցուն կից խորհրդակցական մարմին)[11]։ 1024 թվականին Կոնրադ II- ի ընտրությամբ Սալիական դինաստիայի (Սալիական օրենսգիրք) կայսերական գահին գալը ոչինչ չի փոխել[12]։ Մի կողմից այս համակարգը հնարավորություն է ստեղծել վերականգնել կայսրի իշխանությունը, իսկ մյուս կողմից՝ դարձել է Եկեղեցու ներսում խորը բարոյական անկման պատճառն՝ թե՛ նրա աշխարհիկ մասում, թե՛ վանքերում։ 9-րդ դարի վերջից մինչև 10-րդ դարի սկիզբը գործնականում այլևս չեն մնացել վանքեր, որտեղ մարդիկ ապրում էին Բենեդիկտ Նուրսիացու կանոնների համաձայն, որոնց յուրահատուկ առանձնահատկություններից էին հոգևորության նվիրական գոյությունը և երկրային բաներից հրաժարվելը[13]։ Այս «խառնուրդը» (commistione) ի վերջո հանգեցրել է նրան, որ 11-րդ դարի վերջին Պապականությունը սկսել է Գրիգորյան բարեփոխում իրականացնել՝ փորձելով եկեղեցին ամբողջությամբ անջատել պետության վերահսկողությունից։

Եկեղեցու անկումն Արևմտյան Եվրոպայում 11-րդ դարի սկզբին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս համատեքստում, առաջին հազարամյակի վերջին դարերում լատինական հոգևորականությունն ապրել է շատ լուրջ ճգնաժամ. Եկեղեցուն տանջել է երկու մեծ չարիք՝ նիկոլականությունը և սիմոնականությունը։ Շատ հաճախ գյուղական մատուռների քահանաներին տեղական տերն է ընտրել ճորտերի միջից, որոնց համար ձեռնադրվելը ստրկությունից ազատվելու միջոց էր։ Առանց համապատասխան նախապատրաստության, մեկուսացված, իրենցից հեռացած, այս քահանաները հաճախ սկսել են անարժան կյանք վարել՝ զբաղվել խաղամոլությամբ, որսորդությամբ և գինեմոլությամբ, իսկ հաճախ՝ լիովին տրվել են անկանոն սեռական հարաբերություններին։ Երբեմն նրանք ամուսնացած տղամարդիկ էին, երբեմն՝ միայն ձևականորեն կուսակրոն, երկու դեպքում էլ ենթարկվելով այսպես կոչված նիկոլականութանը, տերմին, որը 11-րդ դարում ստացել է հոգևորականության սովորույթների աղավաղման իմաստ և, մասնավորապես, կիրառվել է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ էին եկեղեցական կուսակրոնությանը[14]։

Սիմոնականությունը կամ սիմոնիանությունը՝ եկեղեցական պաշտոնների կամ շնորհների առուվաճառքի պրակտիկան, Մերովինգների դարաշրջանից ի վեր Գրիգոր Տուրացու քննադատության առարկա է եղել[Ն 1]ː Այս պրակտիկան կարող էր ուղղակիորեն կապված լինել ֆեոդալական կառավարման մոդելի[Ն 2] հետ, քանի որ կարևոր եկեղեցական պաշտոնի նշանակումը համապատասխանել է նաև աշխարհիկ լիազորությունների ձեռքբերմանը։ Քրիստոնեությունը տարբեր ձևերով է արձագանքել այս պրակտիկային՝ սկսած միջնադարյան պաուպերիստական շարժումներից (լատիներեն՝ pauper, «աղքատ» բառից), որոնք քարոզում էին ծայրահեղ աղքատությունը որպես քրիստոնեական բարձրագույն առաքինություն (օրինակ՝ Միլանի պատարիները, հնոտիաշուկաներ բառից), մինչև բարեփոխիչ պապերը, որոնք փորձել են Եկեղեցուն հեռացնել աշխարհիկ իշխանության վերահսկողությունից, ինչն էլ իր հերթին հրահրել է այն, ինչը սահմանվել է որպես «ինվեստիտուրայի պայքար»[15]։

Բարեփոխման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-րդ և 11-րդ դարեր․ վանական բարեփոխման ակունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Բենեդիկտոս Նուրսիացին «Կանոնների» գրքով և Սուրբ Բենեդիկտոս Անիանեցին Անիանի վանքի մանրակերտով, Սեն-Գիլեմ-լե-Դեզեր աբբայության եկեղեցու բարձրաքանդակով։ Ըստ Բենեդիկտյան կանոնի Սուրբ Բենեդիկտոս Անիանեցու մեկնաբանությունը վանական բարեփոխման հիմքն է դարձել

Եկեղեցու ծանր բարոյական վիճակն անխուսափելիորեն բախվել է որոշ մարդկանց կրոնական իդեալներին, ովքեր պաշտպանում էին քրիստոնեության ակունքներին ավելի մոտ և աշխարհիկ իշխանությունների ազդեցությունից հեռու գտնվող գաղափարախոսությունը։ Այս ուղղությամբ առաջին շարժումները տեղի են ունեցել Լոթարինգիայի թագավորության վանքերում և մասնավորապես Բրոնեի, Գորզեի և Բուրգունդիայի վանքերում. այստեղ վանականները սկսել են ապրել՝ ոգեշնչվելով Բենեդիկտոս Անիանեցիի մտքերից, որոնք նրանք համատեղել են ավելի մեկուսացված կյանքի ընտրության հետ[16]։ Սակայն այս առաջին շարժումներն ուղղակիորեն չեն վիճարկել Եկեղեցու կողմից կուտակված հարստությունը կամ չեն պահանջել հասարակական կարգի փոփոխություն, ինչպես որոշ աղքատային շարժումներում («Աղքատ Քրիստոսի հետևորդներ»), շարժումներ, որոնց նպատակն էր վանական մոդելը տարածել ամբողջ քրիստոնեության վրա[17][Ն 3]։

Բարեփոխիչ վանականներն ու վանահայրերը մեծ հաճախականությամբ սովորություն էին դարձրել տեղափոխվել տարբեր շրջաններ, հիմնել նոր վանքեր կամ բարեփոխել արդեն իսկ գոյություն ունեցողները, այդպիսով տարածելով նորահայտ հոգևորությունը գործնականում ամբողջ Եվրոպայում[13]։ Խորհրդանշական դեպք է Ջերարդ Բրոնցին՝ հարուստ ազնվական, որը մոտեցել էր վանական իդեալին և բարեփոխիչ վանք հիմնելուց հետո սկսել էր ճանապարհորդել ամբողջ Ֆլանդրիայում՝ այլ ավելի կարևոր վանքեր ներգրավելու համար[18]։

Օդո Կլյունիացի, Կլյունիական ռեֆորմի գլխավոր հերոսը

Վանական բարեփոխման իրական նախաձեռնողն, անկասկած, եղել է հանրահայտ Կլյունիի վանքը, որը հիմնադրվել է 910 (կամ 909) թվականին Աքվիտանիայի հզոր դուքս Վիլհելմ I Բարեպաշտի (ֆրանսերեն՝ Duc d'Aquitaine) կողմից՝ նպատակ ունենալով Կլյունիի իր հողերը դարձնել «աղոթքի արժանավոր ապաստարան՝ ուխտերով և աղերսներով», որտեղ «ամբողջ հոգով և ներքին եռանդով փնտրում ու ձգտում են երկնային կյանքի»։ Այդ նպատակի իրականացման համար ենթադրվում էր, որ վանականները հետևելու են Սուրբ Բենեդիկտոսի կանոնին, բայց Բենեդիկտոս Անիանացու կողմից արված վերաիմաստավորման մեջ, ըստ որի նրանք ազատվում էին դաշտերում ֆիզիկական աշխատանքից, որը համարվում էր շեղում իրենց հիմնական նպատակից՝ աղոթքներից[19]։

Դրա հիմնադրման ընթացակարգը հատուկ է եղել. Աբբայությանը տրվել է լայն ինքնավարություն ցանկացած աշխարհիկ իշխանությունից, նույնիսկ սեփական ունեցվածքի նկատմամբ, այդպիսով, թույլատրվել է, որ վանահայրը ընտրվի վանականների կողմից և որ նա պետք է հնազանդվի բացառապես Սուրբ Աթոռին։ Այս կերպ, առաջին անգամ, չեղարկվել է ցանկացած ֆեոդալական կապի հնարավորությունը վանքում[20][21]։ Սա թույլ էր տալիս նորաստեղծ վանքին վայելել ինքնավարություն, որն անսովոր էր այդ ժամանակի համար, հաշվի առնելով նաև այն, որ Բուրգունդիայի շրջանում, որտեղ գտնվում էր Կլյունին, նույնիսկ կայսերական իշխանությունն է բավականին թույլ եղել[22][23][24]։

Հռոմի պապ Ուրբանոս II-ը օծում է Կլյունիի աբբայական եկեղեցին

Այս ամենը, զուգորդված առաջին վանահայրերի (որոնցից ամենակարևորներն էին Օդդոնեն, Մայոլոն և Օդիլոնեն) բարձր բարոյական և մտավոր արժեքային համակարգի հետ, որոնք վանքը դարձրել էին «պատարագի մասնագիտացված» վայր և որտեղ «վանականների աղոթքներն արտոնյալ կապ ունեին հանդերձյալ կյանքի հետ», նշանակում էր, որ կարճ ժամանակում ֆրանսիական քաղաքը կարող էր պարծենալ մեծ հեղինակությամբ, ինչը վերածվելու էր հզոր աշխարհիկների հսկայական նվիրատվությունների, ովքեր ցանկանում էին ապահովել իրենց հոգիների փրկությունը վանականների աղոթքների շնորհիվ[25][26][27]։

Կլյունիի կրոնական կենտրոնի հիմնադրումից մեկ դար անց նրա օրինակին են հետևել մի շարք վանքեր, որոնք նույնպես օժտվել են նույն ինքնավարությամբ, կառավարվել են հատկապես մայր տան վանահոր նախկին ենթակայի կողմից, որը հետագայում կազմավորել է Կլյունիի միաբանությունը: Այս վանքերում հետևել են սկզբնական մոդելին, որը հիմնված էր հոգևորականության և Եկեղեցու հայրերի կողմից առաջարկված բարոյական արժեքների վերականգնման վրա, ինչպիսին է մաքրակենցաղությունը (կուսության, սեռական ժուժկալության իմաստով), այն աստիճան, որ հաճախ խոսվում է «Կլյունիական բարեփոխման» և «բարեփոխված վանքերի» մասին[28]։

Երբ վանական բարեփոխումների գաղափարը հասել է Հռոմ, պապական աթոռը նույնպես ներգրավվել է դրանում, թեև սկզբում անուղղակիորեն և բավականին թույլ ձևով. միայն 11-րդ դարի կեսերին Սուրբ Աթոռը լիովին ներծծվել է բարեփոխիչ ոգով: Իտալական վանական աշխարհը ներծծվել է կլյունիական իդեալներով: Բազմաթիվ օրինակներից են՝ Սուրբ Ռոմուալդը, որը սկիզբ է դրել Բենեդիկտյան կանոնի խստորեն պահպանման Կամալդոլեզյան կամ Վալոմբրոզյան միաբանությունը, որը հիմնադրել է իտալացի ազնվական Ջովաննի Գուալբերտոն Ֆլորենցիայի մոտ գտնվող Վալոմբրոզիա հովտում 1036 թվականին, մի վանական, որը բացահայտ և կոշտ պայքար է սկսել եկեղեցական պաշտոնների առքուվաճառքի՝ սիմոնիայի դեմ, այդ պատճառով նույնիսկ բախվելով Ֆլորենցիայի թեմի եպիսկոպոսի՝ Ատտո I-ի հետ[29]։

Կայսերական բարեփոխում։ Հենրիխ III-ի գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկոնիայի կայսր Հենրիխ III-ը Սրբազան Հռոմեական կայսրություն է ներմուծել միջնադարյան բարեփոխումների գաղափարները

Վանական աշխարհի բարեփոխիչների հետ մեկտեղ, նույնիսկ աշխարհիկ հասարակությունում նկատվել են փոփոխությունների որոշ փոքր փորձեր: Արդեն 10-րդ դարում այնպիսի եպիսկոպոսներ, ինչպիսիք են Աթոն II-ը (885-958, Վերչելլիից), Ռատերիոն (Վերոնայից) կամ Ալբերիկոն (Կոմոյից), եղել են բարեփոխական նախաձեռնությունների գլխավոր հերոսներ, սակայն միայն տնտեսական պայմանների զգալի բարելավումը, որը սկսվել է 1000 թվականից հետո, աշխարհիկների կողմից ի հայտ է բերել նախաձեռնողականության նոր ոգի: Նրանց արձագանքը հոգևորականության անբարոյականությանը և վանքերում ու եպիսկոպոսություններում մեծ հարստության կենտրոնացմանը երբեմն արտահայտվել է բռնի ձևերով, ինչպես Միլանի պատարիների դեպքում: Սակայն այս ջանքերը սահմանափակվել են մեկուսացված և անհետևողական քայլերով. ըստ էության, չկար կենտրոնացված ուժ, որը կարող էր համակարգում և շարունակականություն ապահովել այս մասնատված փորձերին և սկսել լայնածավալ բարեփոխիչ շարժում[Ն 4]։

Սա հնարավոր է դարձել, երբ Գերմանիայի գահին է բարձրացել Հենրիխ III Սևը, որը համարվում է գերմանացի մեծագույն կայսրերից մեկը։ Նրա հետ Եկեղեցու և կայսրության միջև հարաբերությունների համակարգը սկսել է փոխվել՝ ստանալով գրեթե կրոնապետական համակարգի տեսք, որտեղ միապետը ստանձնում էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ կրոնական հասարակության ղեկավարությունը, քանի որ նա համարվում էր Աստծո կողմից ընտրված և օծված, հետևաբար՝ նրա ներկայացուցիչը Երկրի վրա[32]:

Լիովին գիտակցելով իր կոչման սրբազան գործառույթը՝ Հենրիխ III-ը իրեն շրջապատել է եկեղեցական աշխարհին պատկանող խորհրդականներով և վանքերում ծնված բարեփոխումների մեծ ջատագովներով. նրանց թվում էին Օդիլոն Կլյունեցին, Ռիչարդ Սեն-Վանեցին և Բրունո Տուլիեցին՝ ապագա Հռոմի պապ Լևոն IX-ը: Բարեփոխիչների այս շրջանակի շնորհիվ Հենրիխը շատ ուշադիր է եղել շարժման թեմաների նկատմամբ և խրախուսել է մասնավորապես կլյունիական ոգին, անշուշտ նաև իր երկրորդ ամուսնության շնորհիվ՝ Ագնես Պուատյեի (1025-1077) հետ, որը սերում էր միաբանությունը հիմնադիր Գիլյոմ Բարեպաշտից (ֆրանսերեն՝ Guillaume le Pieux, (875-918): Այսպիսով, որպես թագավոր իր գործողություններում նա վարվել է նոր իդեալներին համահունչ. նա հանդուրժող է եղել իր թշնամիների նկատմամբ[Ն 5], մի քանի անգամ հռչակել է Աստծո զինադադար[Ն 6][33], պայքարել նիկոլականության դեմ՝ փորձելով հոգևոր դասի անդամներին պարտադրել կուսակրոնության պարտավորությունը, նա լայն ինքնավարություն է շնորհել վանքերին, երբեմն նույնիսկ այնքան հեռու գնալով, որ նրանց տվել է իրենց վանքի վանահորը ինքնուրույն ընտրելու իրավունք[34][35]:

Սակայն Հենրիխը չի հրաժարվել իր սովորական արտոնությունից՝ եպիսկոպոսներին և վանահայրերին իր նախընտրությամբ անձամբ նշանակելուց, հովվական գավազանը և եպիսկոպոսական մատանին անձամբ նրանց շնորհելուց, որը որևէ հատուկ դիմադրություն չի առաջացրել, գոնե աշխարհիկ եկեղեցում[36], մինչդեռ վանական շրջանակներում որոշակի քննադատություններ հնչել են[37]։ Ինվեստիտուրայի լիազորությունը անկյունաքարայիններից մեկն է եղել Հենրիխի քաղաքականությունում. Գերմանիայում իր դիրքերն ամրապնդելուց հետո, Իտալիայում իր հեղինակությունն ամրապնդելու համար, նա դիոցեզների ղեկավարներ է նշանակել իրեն հավատարիմ գերմանացի հոգևորականների թերակղզում ցրված բազմաթիվ թեմերում[38]:

Պապականության ճգնաժամ։ Հենրիխ III-ի միջամտությունը Սուտրիի գործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Բենեդիկտոս IX

11 դարում Պապական իշխանությունը լուրջ ճգնաժամ է ապրել․ այն ավելի ու ավելի է կախված դարձել հռոմեական ազնվական ընտանիքներից, այնքան, որ Սուրբ Գահի համար մրցել են ատնվազն երեք պապեր։

  • 1033 թվականին Տուսկուլայի կոմսերի հզոր հռոմեական ընտանիքի ազնվական Թեոֆիլակտ III-ը բարձրացել է պապական գահ՝ օծվելով որպես Բենեդիկտոս IX պապ։ Մոտ 10 տարի հետո՝ 1044 թվականի վերջից մինչև 1045 թվականի սկիզբը, ժողովուրդն ապստամբել է Բենեդիկտոսի դեմ, նա փախել և ապաստան է գտնել Մոնտե Կավո ամրոցում։ Ապստամբության պատճառները, հավանաբար, կարելի է վերագրել Կրեշենցիների գլխավորած տուսկուլական և հակատուսկուլական խմբավորումների միջև բախմանը[39][Ն 7]։
  • Հակատուսկուլականները որպես նոր պապ են նշանակել Սաբինայի եպիսկոպոս Ջովաննի Կրեշենցի Օտտավիանիին, որը պաշտոնապես ընտրվել է 1045 թվականի հունվարի 13-ին և յոթ օր անց օծվել է Սիլվեստր III անունով[41]։
  • Սիլվեստր III-ի պապական գահակալությունը շատ կարճ է տևել. Բենեդիկտոս IX-ի եղբայրները՝ Գրիգորը և Պետրոս Տուսկուլացին, Կրեշենցիների համաձայնությամբ և Հռոմի քաղաքացիների միաձայն համաձայնությամբ, 1045 թվականի փետրվարի 10-ին վտարել են նրան և Բենեդիկտոս IX-ին վերադարձրել գահին[42]։ Բենեդիկտոս IX-ի երկրորդ պապական գահակալությունը նույնպես երկար չի տևել. հավանաբար իր խորհրդականների խորհրդով, ովքեր հույս ունեին լռեցնել պապի անառակ վարքի պատճառով ամբողջ եկեղեցում առաջացած դժգոհությունը։
  • Բենեդիկտոս IX պապը մայիսի 1-ին վաճառել է պապական կոչումը քահանա և նրա կնքահայր Ջովաննի դեյ Գրացիանիին, որը հետագայում օծվել է Գրիգոր VI պապ անունով 1045 թվականի մայիսի 5-ին[43]։ Նա բարեպաշտ մարդու համբավ է վայելել, և նրա ընտրությունն ընդունվել է այնքան բարեհաճությամբ, որ աստվածաբան Պիեռ Դամիանը (լատիներեն՝ Pier Damiani, մոտ 1007-1072/1073), հավանաբար անտեղյակ լինելով, թե ինչպես էր նա ձեռք բերել պապական պաշտոնը, ողջունել է նրան՝ ասելով նրա մասին, որ «[...] վերջապես աղավնին վերադարձավ տապան՝ ձիթենու ճյուղով»[44], պնդելով, որ այդ ընտրության շնորհիվ սիմոնիականությունը վերջապես լրջագույն հարված է ստացել[45]։
Գրիգոր VI-ը հրաժարվում է պապական գահից կայսր Հենրիխ III-ի առջև՝ Սուտրիի ժողովի ժամանակ

Իր բարի կամքը ցույց տալու համար Գրիգոր VI պապն իր անձնական քահանա է նշանակել Հիլդեբրանդ Սոանցուն (ապագայում՝ Գրիգորիուս VII Հռոմի պապ)՝ մի երիտասարդ վանականի, որն արդեն հայտնի էր բարեփոխվելու իր երկաթե կամքով: Սակայն այն փաստը, որ նա գնել էր պապական աթոռը, հնարավոր է՝ մի գործողություն, որը հավանաբար անհրաժեշտ է ր անարժան Բենեդիկտոս IX-ից ազատվելու համար, անմիջապես վտանգել է նրա հեղինակությունը[44]:

  • Այս իրավիճակն անընդունելի է եղել գերմանական թագավոր Հենրիխ III-ի համար, որը ցանկանում էր իրականացնել եկեղեցու լուրջ բարեփոխում և միևնույն ժամանակ կայսր թագադրվել օրինական պապի կողմից։ Հետևաբար, նա օգտվելով իրավիճակից՝ մեկնել է Իտալիա, որտեղ 1046 թվականի աշնանը ժողով է գումարել Սուտրիում ՝ հրավիրելով երեք պապերին պատասխանելու սիմոնիայի մեղադրանքին։ Ժողովին չեն ներկայացել Բենեդիկտոսը, ինչպես նաև Սիլվեստր III-ը, որն արդեն որոշ ժամանակով հեռացել էր հասարակական կյանքից, մինչդեռ Գրիգոր VI-ը մասնակցել է ժողովին, որտեղ ընդունել է իր մեղքը և գահընկեց արվել։ Բենեդիկտոս IX-ի փոխարեն, որը մինչ այդ վերադարձել էր պապական գահի նկատմամբ իր իրավունքները պահանջելու, Բամբերգի եպիսկոպոս Սուիջերոն ստանձնել է նոր գերագույն եկեղեցական առաջնորդի պաշտոնը, և օծվել որպես Կղեմես II պապ (լատիներեն՝ Clemens II). հաջորդ Սուրբ Ծննդյան օրը Հենրիխը կարողացել է օրինականորեն թագադրվել որպես Սրբազան Հռոմեական կայսրության կայսր[43]:

Հենրիխի միջամտությունը Սուտրիում լայն աջակցություն է գտել եկեղեցական բարեփոխումների շարժման շրջանակներում, քանի որ Գրիգոր VI-ը մեղադրվել է բարեփոխումների համար բավարար միջոցներ չձեռնարկելու և սիմոնական լինելու մեջ։ Այնուամենայնիվ, որոշ անհամաձայններ առարկել են, ինչպիսին էր Լիեժի եպիսկոպոս Վազոնեն, որը կարծում էր, որ թագավորի գործը չէ պապին պաշտոնանկ անելը, նույնիսկ եթե նա սիմոնական է։ Ամեն դեպքում, կայսր լինելուց բացի, Հենրիխը նաև իրեն նշանակել էր հռոմեական պատրիկ, պաշտոն, որը նրան թույլ էր տալիս անմիջականորեն ազդել հռոմեական պապի ապագա ընտրությունների վրա։ Ամեն դեպքում, անձամբ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու գործերի մեջ խառնվելու Հենրիխի որոշումը բարեփոխման հնարավորություն էր՝ վերջնականապես դուրս գալ վանական միջավայրից և թափանցել պապականություն, իսկ այնտեղից՝ Եվրոպայի ամբողջ քրիստոնեական հասարակություն[46]։

Բարեփոխումը գերմանացի պապերի օրոք (1046-1057)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուտրիի ժողովից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ III-ի միջամտությունից և Գրիգոր VI-ի հրաժարումից հետո, 1046 թվականից ի վեր իրար հաջորդած չորս պապերից յուրաքանչյուրն ազգությամբ գերմանացի լինելով՝ ընտրվել էր անմիջապես կայսեր կողմից և անծանոթ էր հռոմեական շրջանակների հետ։ Բոլորը նախկինում Ռայխսկիրխեի եպիսկոպոսներ լինելով՝ մի քանի տարվա ընթացքում նպաստել էին իրավիճակի փոփոխությանը։ Ինչը նշանակում էր, որ այդ պաշտոնում նշանակվել են, որպես կանոն, բարձր բարոյական սկզբունքներով օժտվածները և որոնք կարող էին երաշխավորել օրինապահությունը։ Այս հանգամանքը նաև դրական ազդեցություն է ունեցել Հռոմի վրա, քանի որ ավարտվել էին ոչ բարեպաշտ պապերի նշանակումը, որոնք ընտրվում էին միայն տեղական արիստոկրատիայի իշխանական խաղերի արդյունքում: Գերմանացի պապերի ընտրած անունները նույնպես հատկապես անսովոր էին, քանի որ դրանք ոգեշնչված էին նախկին պապերից՝ որպես սկզբնական եկեղեցական իրականության վերականգնման նշան: Կղեմես II-ը (ըստ Կղեմես I-ի), Դամասոս II-ը (ըստ Դամասոս I-ի), Լևոն IX-ը, Վիկտոր II-ը, նույնիսկ եթե նրանց չէր հաջողվել հասնել կոնկրետ բարեփոխումների, իրենց կարճատև պապությունների պատճառով, Եկեղեցուն մղել են դեպի քրիստոնեության սկզբնական մաքրակենցաղությունը[47][48]։

Կղեմես II-ը միջոցներ է ձեռնարկել սիմոնիայի դեմ, սակայն, կայսրին Սիցիլիա ուղեկցելուց հետո Հռոմ վերադառնալիս, նա վարակվել է մալարիայով (կամ հավանաբար թունավորվել է) և մահացել 1048 թվականի օգոստոսի 9-ին։ Նրան հաջորդել է Բրիքսենի եպիսկոպոս Դամասոս II-ը, որի պապական գահակալությունը տևել է ընդամենը 23 օր։ Տուլցի Բրունոն, հնարավոր է, ավելի կոնկրետ գործողություններ է ձեռնարկել։ Հենրիխ III-ի նախկին խորհրդականը, բարձրակարգ մարդ, օծվել է որպես Հռոմի պապ Լևոն IX-ը, գահակալել է հինգ տարի, որի ընթացքում պապականության պատմության մեջ վճռորոշ շրջադարձային պահ է տեղի ունեցել։ Չնայած նրան, որ նա նշանակվել էր կայսեր կողմից, նա որոշել է իր թեկնածությունը ներկայացնել հռոմեական ժողովրդին և հոգևորականությանը, ինչպես պահանջվում էր կանոնական օրենքով, ներկայանալով նրանց ուխտավորի հագուստով[49]։ Իր երկու նախորդներից տարբերվող, Լևոն IX-ը առաջին պապն էր, որը ժամանակ է ունեցել նորարարական գաղափարների նոր ալիքը գործնականում կիրառելու համար, այնքան, որ ավանդական պատմագրության մի մասը հաճախ նրա պապական գահակալությունը նշում է որպես բարեփոխման իրական սկիզբ[50][51]։

Լևոն IX-ի պապական գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական ծագում ունեցող Հռոմի պապ Լևոն IX, որի օրոք է բարեփոխումը սկսել պարտադրվել եվրոպական քրիստոնեությանը

Լևոն IX-ն իրեն շրջապատել է արժանի համախոհների խմբով, և հավանաբար հենց այս պահին էր, որ կարդինալների ժողովը Հռոմի ծխական քահանաների և սարկավագների սովորական ժողովից անցել է պապի «մեծ ժողովի» գործառույթների կատարմանը՝ օժտվելով կարևոր դերերով[52]։ Հախոհների թվում էին Ալինարդոն[Ն 8], Հումբերտո Սիլվա Կանդիդացին[Ն 9], Ֆեդերիկո Գոցելոնը[Ն 10] և Հիլդեբրանդո դի Սոանացին[Ն 11], ինչպես նաև բարեփոխմանը աջակցող ուժեղ անհատականություններ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել Եկեղեցու ընդհանուր վերակազմակերպման վրա[53][54]։ Նրանք 11-րդ դարի կաթոլիկ եկեղեցու ամենաազդեցիկ դեմքերն էին, ովքեր առանցքային դերակատարում են ունեցել «Գրիգորյան բարեփոխումների» հարցում, փոխել են Եվրոպայի պատմության ընթացքը՝ եկեղեցին անկախացնելով կայսրերի կամքից:

Այս բոլոր աստվածաբանները նաև նպաստել են պապի կերպարի ամրապնդման վարդապետական հիմնավորումներին՝ հասնելով այն բանին, որ նրան են վերապահել բարձր եկեղեցական պաշտոններ նշանակելու և հեռացնելու բացառիկ լիազորությունը, որը համարվել է բարեփոխման գործի հիմնարար համարվող ասպեկտներից մեկը[48]։ Մասնավորապես, Պիեռ Դամիանին պաշտպանել է պապական գերակայությունը՝ հաստատելով Հռոմի պապի իրավունքը՝ օրենքներ ընդունել որպես Սուրբ Պետրոսի իրավահաջորդ, և որ ոչ ոք չի կարող հակառակվել կամ դեմ լինել նման օրենքներին, և ով որ դա աներ, պետք է հայտարարվեր հերետիկոս, քանի որ «haereticus est qui cum Romana ecclesia non concordat» (Հերետիկոսը նա է, ով համաձայն չէ Հռոմեական եկեղեցու հետ)[55]։

Իր պապականության ընթացքում Լևոն IX-ը պապը չի բնակվել Հռոմում, այլ ճանապարհորդել է Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև՝ հետևելով իր ժամանակի աշխարհիկ կառավարիչների օրինակին: 1050 թվականից նա մեկնել է Հարավային Իտալիա, հատել Ալպերը և հրավիրել եպիսկոպոսական սինոդներ[56][57]։ Լևոնի իշխանությա ընթացքում անցկացված ամենակարևոր սինոդներից են 1049 և 1050 թվականների սինոդները, որոնցում վերահաստատվել է քահանաների համար իրենց կանանց կամ հարճերի հետ սեռական հարաբերություն ունենալու արգելքը: Սա ազդեցություն է ունեցել օծվածների կենսակերպի վրա՝ այն տարբերակելով աշխարհիկ բնակչության կենսակերպից և մոտեցնելով վանականների կենսակերպին[58][59]։

Կարդինալ Հումբերտո դի Սիլվա Կանդիդացին, բարեփոխումների եռանդուն կողմնակից և Հռոմի պապ Լևոն IX-ի խորհրդական Կոստանդնուպոլսի պատրիարք Միքայել I Կերուլարիոսին (Հովհաննես Սկիլիցեսի տարեգրությունից)

Այսպիսով, բարեփոխման իդեալները սկսել են պարտադրվել՝ ազդելով ամբողջ քրիստոնեական աշխարհի վրա[60]։ Այնուամենայնիվ, մեծ տարբերություն կա վանական բարեփոխման և աշխարհիկ եկեղեցու միջև. եթե առաջինի նպատակն էր վանականների կյանքի նորացումը՝ համաձայն Բենեդիկտոս Անիանացու խիստ կանոնների, ապա երկրորդի նպատակը վաղ եկեղեցու վերադարձն էր, որը հասկացվում էր որպես այն, ինչն ակնհայտ էր Հռոմի պապ Գրիգոր I-ի (7-րդ դար) նամակներից և կանոնական իրավունքի հին ժողովածուներից՝ շնորհիվ նվիրաբերված կյանքի վերագնահատման։ Սակայն հիմնական նպատակն ընդհանուր էր՝ ձգտել Երկնքի Արքայության իրականացմանը[61]։

Երբ բարեփոխումն ընդգրկել է նաև աշխարհիկ եկեղեցին, մասնավորապես՝ կանոնիկոսներին, աշխարհիկ կանոնիկոսների[Ն 12] մեծ մասը նույնպես կարողացել է շփվել նորացման ոգու հետ։ 1059 թվականի Լաթերանյան սինոդով, հետևելով Մեցի եպիսկոպոս Քրոդեգանգի (լատիներեն՝ Chrodogangus, 712-766) կողմից ձևակերպված ցուցումներին, սահմանվել է, որ տաճարների կանոնիկոսները պետք է համատեղ ապրեն, ինչպես արդեն նախատեսված էր 816 թվականի Աախենի ժողովում[Ն 13], և ավելին, նրանց արգելվել է ունենալ մասնավոր սեփականություն, ինչը հանգեցրել է Սուրբ Օգոստիանոսի կանոնների համաձայն՝ կանոնավոր կանոնիկոսների[Ն 14] կազմակերպված կարգերի ստեղծմանը[62][63]։ Եկեղեցու բոլոր մակարդակներում բարեփոխումը տարածելու ամենատարածված մեթոդներից մեկը նոր շարժման նկատմամբ հատկապես զգայուն և փորձառու վանականներին դիոցեզների առաջնորդ նշանակելն էր, այդպիսով ստեղծելով խառնաշփոթ միաբանների և աշխարհիկ հոգևորականության միջև[64]։

Լևոն IX-ի պապական գահակալությունը նշանավորվել է նաև Հռոմի և Կոստանդնուպոլսի միջև արդեն դարեր շարունակ ընթացող «Մեծ հերձված» գործընթացի վերջին փուլով՝ որպես քրիստոնեական եկեղեցու Արևմտյան և Արևելյան ուղղությունների վերջնական բաժանում։ 1054 թվականին կարդինալ Հումբերտո Սիլվա Կանդիդացիին, որպես հունարենի խորը գիտակ և լատինական ու հունական եկեղեցիների միջև առկա վեճեր, հանձնարարվել է առաջնորդել պապական առաքելությունը Կոստանդնուպոլիս՝ որոշ աստվածաբանական տարաձայնություններ քննարկելու համար։ Համերաշխության որևէ եզր չգտնելով՝ Հումբերտոն բանադրել է (եկեղեցուց հեռացրել է, նզովել) Կոստանդնուպոլսի պատրիարք Միքայել I Կերուլարիոսին (հուն․՝ Πατριάρχης Μιχαήλ Α' Κηρουλάριος ), իսկ վերջինս էլ, իր հերթին, պատասխանել է իր սեփական անեծքով՝ եկեղեցուց հեռացնելով պապական պատվիրակներին։ Պառակտումից հետո Հռոմի և Կոստանդնուպոլսի եկեղեցիները վերջնականապես տարանջատվել են երկու առանձին քրիստոնեական ուղղությունների․ Ուղղափառ եկեղեցին երբեք չի ընդունել պապական գերիշխանությունը և կուսակրոնությունը իր հոգևորականության համար[48][65][66][67]։

Նորմանները, որոնք 11-րդ դարում աստիճանաբար բնակություն էին հաստատել հարավային Իտալիայում, երկար ժամանակ մտահոգություններ են առաջացրել իրենց նվաճողական արագության և տարածաշրջանի կայունությանը սպառնացող վտանգի պատճառով։ Նրանց դեմ վճռական պայքարելու անհրաժեշտության գիտակցությամբ՝ Հռոմի պապ Լևոն IX-ը կազմակերպել է մեծ կոալիցիա բյուզանդական կայսրի մասնակցությամբ, սակայն բանակները երբեք չեն կարողացել հասնել իրար, քանի որ նրանց կանգնեցրել են նորման զինվորները։ 1053 թվականի հունիսի 18-ին պապական բանակը լուրջ պարտություն է կրել Չիվիտատայի ճակատամարտում, որն ավարտվել է հենց պապի գերեվարմամբ[68]։ Վեց ամիս անց Լևոն պապն ազատ է արձակվել, բայց պատերազմից խիստ տուժած և հյուծված՝ մահացել է 1054 թվականի ապրիլի 19-ին Հռոմում[69]։

Լևոն IX-ին հաջորդել է Այխշտետի եպիսկոպոս Գեբհարդը որպես Հռոմի պապ Վիկտոր II[70], որը խորապես հակված էր բարեփոխումներն իրականացնելուն, որոնք դեռևս գրեթե բացառապես բարոյական բնույթի են կրել։ Պահպանելով իր նախորդ պապի նույն համախոհներին՝ նա անմիջապես սինոդներ է հրավիրել Ֆրանսիայում և Իտալիայում։ Սակայն նրա գործողությունները հիմնականում պայմանավորված են եղել կայսր Հենրիխ III-ի մահով (1056 թվականի հոկտեմբերի 5), նրա այրիի՝ Ագնես Պուատուացիի, որպես իր դեռևս մանկահասակ որդու (ապագա Հենրիխ IV) ռեգենտ, գահ բարձրանալով[71]։

Բարեփոխում տոսկանա-լոթարինգյան երեք պապերի օրոք (1057-1073)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու և կայսրության միջև հարաբերություններն Ագնեսի գահակալության ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագնես Պուատուացի, կայսրության ռեգենտ իր ամուսնու՝ Հենրիխ III-ի մահից հետո, Chronica sancti Pantaleonis- ում

Ագնեսն անկայուն է եղել և չի կարողացել պահպանել կայսերական իշխանությունը, այդպիսով ճգնաժամի մեջ դնելով իր ամուսնու կառուցած կայսրության և եկեղեցու միջև դաշինքի համակարգը՝ ստիպելով եկեղեցուն այլ տեղերում փնտրել ռազմական աջակցություն, առանց որի չէր կարող։ Այսպիսով, 1057 թվականի հունիսի 23-ին Վիկտոր II-ի մահով ավարտվել է գերմանացի պապերի կողմից կայսերական ինտենսիվ մասնակցության շնորհիվ իրականացված բարեփոխումների շրջանը՝ փաստացի բացելով անկայունության և հակամարտության շրջան[72][73]։

Հանգուցյալ Հռոմի պապի բարեփոխիչ կարդինալներն ու համախոհները, անհանգստանալով տուսկուլացիների իշխանության հնարավոր վերադարձի համար, ռազմական աջակցություն են գտել հանձինս Տոսկանայի մարկգրաֆ և Լոթարինգիայի դուքս Գոթֆրիդ Մորուքավորի (իտալ.՝ Goffredo il Barbuto)։ Նրա պաշտպանության դիմաց Լոթարինգիայի Ֆրեդերիկը՝ Գոթֆրիդի եղբայրը, ստացել է ամենաբարձր պաշտոնը՝ օծվելով Հռոմի պապ Ստեփանոս IX։

Ստեփանոս IX-ի ընտրությունը (1057) նշանավորել է Պապականության ինքնուրույնության վերականգնման սկիզբը Սրբազան Հռոմեական կայսրությունից: Սա 1046 թվականից ի վեր առաջին պապական ընտրությունն է, որը տեղի է ունեցել առանց կայսեր մասնակցության կամ համաձայնության, և, ի տարբերություն իր անմիջական նախորդների, Ստեփանոսը նախկինում կայսերական եկեղեցու՝ Ռայխսկիրխեի եպիսկոպոս էլ չէր եղել․ ծագումով Լոթարինիայի տոհմից, որը հաճախ հակասություններ էր ունեցել կայսերական կենտրոնական իշխանության հետ[74][75]։

Նոր պապը՝ Ստեփանոս IX-ը և նրա հաջորդները՝ Նիկողայոս II-ը (ընտրվել է 1058 թվականին) և Ալեքսանդր II-ը (ընտրվել է 1061 թվականին), բոլորը տոսկանա-լոթարինգյան պապեր են, որոնք Լոթարինգիայի տոհմում և հզոր Կանոսա ընտանիքում գտել են անհրաժեշտ աջակցություն՝ իրենց իշխանությունը հաստատելու և եկեղեցու բարեփոխումների գործընթացն արագացնելու համար, միաժամանակ ազատվելով կայսերական միջամտությունից[72]։

Հռոմի պապ Ստեփանոս IX

Ստեփանոս IX-ը, որը կրթություն էր ստացել Լևոն IX-ի դպրոցում (Լիեժի Սուրբ Լամբերտ տաճարում), ամրապնդել է իր համագործակիցների խումբը՝ նրանց մեջ ընտրելով նաև մի քանի վանականների, այդ թվում՝ Ֆոնտե Ավելլանայի վանքի վանահայր Պիեռ Դամիանիին, որին նա նշանակել է Օստիայի կարդինալ, այդպիսով գնահատելով Կենտրոնական Իտալիայում արդեն սկսված վանական բարեփոխումը և ընդունելով դրա արժեքները: Եկեղեցական բարեփոխումներ իրականացնելուց բացի, Ստեփանոս IX-ը նաև պլանավորել է պապական իշխանությունը հեռացնել Սրբազան Հռոմեական կայսրության կառավարիչների վերահսկողությունից և Հյուսիսային Իտալիայում ստեղծել անկախ պետություն, որի ղեկավար նշանակել իր եղբորը՝ Գոդֆրիդ Մորուքավորին: Այդ նպատակով Հռոմի պապը Գոդֆրիդին շնորհել է բազմաթիվ իտալական տիրույթներ, այդ թվում՝ Սպոլետոյի դքսությունը: Ստեփանոսը նաև պլանավորել է վրեժ լուծել Հարավային Իտալիան գրաված նորմաններից՝ նրանց տիրույթները ենթարկելով եկեղեցուն:

Ստեփանոս IX-ի պապական գահակալությունը երկար չի տևել և հատկապես վճռորոշ չի եղել. Լոթարինգիայի պապը մահացել է արդեն 1058 թվականին: Կանխատեսելով իր անխուսափելի մահը[Ն 15][76]՝ Ստեփանոսը ստիպել էր քաղաքի ժողովրդին և ազնվականությանը երդվել, որ չեն ընտրի իրեն հաջորդող, մինչև Հիլդեբրանդ Սոանացին չվերադառնա Հռոմ[77][78]։

Այս սպասողական իրավիճակում տուսկուլացիները միջամտել են ապստամբությամբ՝ ընտրելով Հովհաննես Վելետրիացուն որպես Հռոմի պապ Բենեդիկտոս X։ Մյուս կարդինալները չեն ճանաչել այս ընտրությունը և, իրենց հերթին, կողմնակից են եղել Ֆլորենցիայի արքեպիսկոպոս Ժերարին, որը ծնունդով Բուրգունդիայից էր և, որը դարձել է պապ Նիկողայոս II անունով։ Լոթարինգիայի դուքս Գոթֆրիդ Մորուքավորի ուղեկցությամբ նա մեկնել է Հռոմ, եկեղեցուց հեռացրել հակապապ Բենեդիկտին և ձեռնադրվել է 1059 թվականի հունվարի 24-ին[79][80]։

Հռոմի պապ Նիկողայոս II-ը թագադրում է Ռոբերտ Գվիսկարդին

Նիկողայոս II-ի հետ բարեփոխումների նոր փուլը սկսել է ավելի ու ավելի շատ վերաբերել եկեղեցական կառուցվածքին. նա, ըստ էության, հանգեցրել է մի բարեփոխման, որը ոչ միայն բարոյական էր, այլև ինստիտուցիոնալ: Հետևաբար, Նիկողայոս պապը ոչ միայն հարձակվել է սիմոնականների և նիկոլականների գործողությունների վրա, այլև փորձել է բացահայտել այդ չարաշահումների պատճառներն ու արմատները՝ դրանք ճանաչելով որպես եկեղեցական հիմնական պաշտոնների ինվեստիտուրայի զիջում աշխարհիկների կողմից: Հիմք ընդունելով Հումբերտո դի Սիլվա Կանդիդացիի խորհուրդը, որի համաձայն երբեք հնարավոր չէր լինի բարեփոխել Եկեղեցին, մինչև եպիսկոպոսական իշխանության ինվեստիտուրան բացառապես չանցնի Հռոմի պապի ձեռքը, Եկեղեցին սկսել է պահանջել «Եկեղեցու ազատություն» և պապի պաշտոններ շնորհելու բացառիկ իրավունք՝ ազատվելով աշխարհիկների սովորական իրավական իշխանությունից. այսպես սկսել է ձևավորվել այսպես կոչված պայքարը ինվեստիտուրայի համար[81]:

1059 թվականի սեպտեմբերին Նիկողայոս II-ը հրավիրել է Հռոմի սինոդ, որտեղ Հումբերտո Սիլվա Կանդիդացիի, Հիլդեբրանդ Սոանացիի և Պիտեր Դամիանի համագործակցությամբ հրապարակվել է In nomine Domini (Տիրոջ անունով) Հռոմեական կուրիայի կողմից Հռոմի պապի կնիքով տրված պաշտոնական պապական փաստաթուղթ՝ բուլլա (հայտնի է նաև որպես Decretum in electione papae): Այս բուլլան, որը վավերացնում էր նրա ընտրությունը Հռոմի աթոռին, սահմանել է իր հաջորդների ընտրության ընթացակարգը:

Այսպիսով, պապի ընտրությունը կտրվել է հռոմեական ժողովրդի և հենց կայսեր հետ բոլոր կապերից (բացառությամբ ձևականների, ինչպիսին է ողջույնի ծափահարություններով հաստատելը)՝ այն վերապահելով բացառապես կարդինալներին (կարդինալ եպիսկոպոսների գլխավորությամբ): Հետևաբար, մեկ տասնամյակից մի փոքր ավելի ժամանակում պապական ընտրության համակարգն արմատապես փոխվել էր. եթե 1046 թվականին կայսր Հենրիխ III-ը, Պապի աթոռին հավակնող պապականության բոլոր թեկնածուներին հեռացնելուց հետո, ընտրությունը գործնականում հանձնել էր կայսեր կամքին՝ այն հանելով հռոմեական ազնվական ընտանիքների և հռոմեական հոգևորականության վերահսկողությունից, ապա 1059 թվականի Պապի ընդունած բուլլայով պապի ընտրության իրավունքը վերապահվում էր բացառապես կարդինալներին, իսկ Կայսրը զրկվել էր իր նախկին որոշիչ դերից, և հոգևորականությանն ու ժողովրդին թողնելով միայն նրան ողջունելու իրավունքը[80][82][83][84]։

Սինոդում Նիկողայոս II-ը նաև արգելել է հավատացյալներին մասնակցել նիկոլականների (կուսակրոնությունը խախտած հոգևորականների) մատուցած պատարագներին։ Պիեռ Դամիանին այդ առիթով հաստատել է իր պարտավորությունը, որ «ոչ ոք չպետք է լսի այն քահանայի պատարագը, ոչ ոք՝ այն սարկավագի Ավետարանը, ոչ ոք, վերջապես, այն ենթասարկավագի ուղերձը, որի մասին նա գիտի, որ նա շփվում է կանանց հետ»[85]։

Նիկողայոս II-ը գիտակցելով իր որոշման հեղափոխական նշանակությունը՝ ձգտել է ապահովել այն իրականացնելու ունակ քաղաքական և ռազմական ուժ: Նորմաններն են դարձել նրա վավեր դաշնակիցը: 1059 թվականի սեպտեմբերին Հարավային Իտալիա մեկնելով՝ նա ստորագրել է Մելֆիի պայմանագիրը Ռոբերտ Գվիսկարի և Ռիչարդ I Ավերսացու հետ: Այս պայմանագրի համաձայն, նորմաններին բնորոշ ֆեոդալական ձևով, նրանք Հռոմի պապին հնազանդության հարգանքի տուրք և հավատարմության երդում են տվել՝ որպես նրա հպատակներ: Հռոմի եկեղեցին, որը ներկայացնում էր Հռոմի պապին, նրան շնորհել է ինվեստիտուրա իրենց նվաճած բոլոր տարածքների նկատմամբ, որոնք, սակայն, կայսրությունը պահանջում էր Սաքսոնիայի Օտտո II- ի ժամանակներից ի վեր:

Այսպիսով, նորմանները դադարել են համարվել Իտալական թերակղզու օտարերկրյա զավթիչներ և ստացել են կառավարելու իրավունք՝ Հռոմի պապին ռազմական պաշտպանություն ցույց տալու դիմաց: Մի քայլով Հռոմի պապ Նիկողայոս II-ը ֆեոդալական ինքնիշխանություն է ձեռք բերել Իտալիայի մեծ մասի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ խախտել է Հենրիխ IV-ի կայսերական իրավունքը՝ այդպիսով սկսելով լարված և դժվարին հարաբերությունների մի շրջան կայսերական արքունիքի հետ[86][87][88]։ Սա Եկեղեցու ազատություն («Libertas Ecclesiae») շարժման սկիզբն էր, որի նպատակն էր եկեղեցին անկախացնել աշխարհիկ տիրակալների ազդեցությունից[89]։

1061 թվականի ապրիլին կայացած Լաթերանյան բազիլիկում հավաքված սինոդը պարզաբանել է սիմոնականության վերաբերյալ որոշ աստվածաբանական ասպեկտներ, մասնավորապես՝ սիմոնական հոգևորականների տված խորհուրդների, ինչպիսին է քահանայական ձեռնադրությունը, վավերականության խնդիրը։ Այդ առիթով բախվել են երկու տարբեր դիրքորոշումները․

  • Պետրոս Դամիանիի դիրքորոշումը, ըստ որի՝ խորհուրդի իրական ճարտարապետը Քրիստոսն է, այլ ոչ թե այն մատուցողը, վերջինս Սուրբ Հոգու պարզապես գործիք է, և, հետևաբար, խորհուրդի վավերականությունը չի տարբերվում այն տվողի բարոյական որակներից։
  • Հումբերտո Սիլվա Կանդիդացիի առաջարկած ավելի անզիջում դիրքորոշումը (որը հայտարարվել է իր «Adversus Simoniacos» (1057-1060) աշխատության մեջ), ըստ որի՝ սիմոնականների տված խորհուրդները չեն կարող համարվել վավերական, քանի որ դրանք հերետիկոսական են, և, հետևաբար, նույնկերպ ձեռնադրությունները վավերական չեն։ Նա պնդում էր, որ աստվածաբանական տեսանկյունից Սուրբ Հոգին ներկա չէ սիմոնականների մեջ, և, հետևաբար, նրանք չեն կարող այն փոխանցել ուրիշներին[90][91]։

Սիլվա Կանդիդացիի արմատական թեզը սկզբում գտել է կողմնակիցներ լոմբարդական պատարիների և վալոմբրոզյան միաբանության («Վալոմբրոզյան ժողով») շրջանում, սակայն սինոդում այն փոխարինվել է Պիեռ Դամիանիի ավելի չափավոր հայեցակարգով, որը, գոնե մասամբ, ընդունվել է[92]։ Այսպիսով, որոշվել է, որ մինչ այդ պահը տրված ձեռնադրությունները վավեր են՝ անկախ նրանից, թե ով է դրանք կատարել, բայց սիմոնականներից եկող ապագա ձեռնադրությունները կհայտարարվեն անվավեր[93]։

Բարեփոխման տարածումը Հռոմի պապ Ալեքսանդր II-ի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Ալեքսանդր II

Նիկողայոս II-ի մահից հետո բարեփոխիչ կարդինալների մի խումբ, այդ թվում՝ Հումբերտո Սիլվա Կանդիդացին և Հիլդեբրանդ դի Սոանացին ընտրել են ծագումով Միլանից Անսելմ Լուկացիին, որը 1061 թվականին գահ է բարձրացել Ալեքսանդր II անունով՝ համաձայն իր նախորդի կողմից հրապարակված Decretum in electione papae- ում սահմանված ընթացակարգերի, այսինքն առանց կայսերական արքունիքի որևէ միջամտության, որը չէր կարող ո՛չ վավերացնել ընտրությունը, ո՛չ էլ նույնիսկ անուն առաջարկել[94]։ Այնուամենայնիվ, կայսրության հետ կապված դիոցեզում Լուկայի եպիսկոպոս պապի ընտրությունը պետք է ընկալվեր որպես վերջին բախումներից հետո գերմանական արքունիքի հետ լարվածությունը մեղմելու փորձ[95]։

Դրան չնայելով, հռոմեական ազնվականությունը հակադրվելու փորձ է արել՝ խնդրելով կայսրության միջամտություն, որը չէր ճանաչել Ալեքսանդր II-ի պապ ընտրվելը։ Հետևաբար, Ալեքսանդր II-ի փոխարեն Բազելում ընտրվել է Պարմայի եպիսկոպոս Պիետրո Կադալոն՝ Հոնորիոս II անունով, որը, սակայն, շատ քիչ կողմնակիցներ է հավաքել, և այս ընտրությունը սխալ քայլ էր նաև ռեգենտ Ագնես Պուատուացիի համար[96][97][98]։ Նորմանների և Գոթֆրիդ Մորուքավորի միջամտության շնորհիվ Հռոմի պապ Ալեքսանդր II-ը կարողացել է մտնել Հռոմ՝ հաղթել և գահընկեց անել հակապապ Հոնորիոս II-ին. այդ պահին պարտվածին այլ ելք չի մնացել, քան վերադառնալ Պարմա, որտեղ նա մեկուսացել է մինչև իր մահը՝ առանց երբևէ պաշտոնապես հրաժարվելու իր պապականության իրավունքից[99][100]։

Կարճ ժամանակ անց՝ 1062 թվականին, Ագնեսի ցուցաբերած թուլության պատճառով խաթարված կայսրության իշխանությունը վերականգնելու նպատակով, գերմանացի իշխանները՝ Քյոլնի դիոցեզի արքեպիսկոպոս Աննո II Քյոլնեցու գլխավորությամբ, առևանգել են դեռևս անչափահաս թագաժառանգին, տարել Քյոլն և պաշտոնապես նրան թագադրել Հռոմի կայսր Հենրիխ IV անունով։ Այդպես տեղի է ունեցել աննախադեպ հեղաշրջում Կայզերսվերթում[Ն 16] (գերմ.՝ Staatsstreich von Kaiserswerth, Կայզերսվերթյան հեղաշրջում)[102][103]։ Երիտասարդ թագավորին առևանգելով և կայսերական ռեգալիաները պարտադրաբար հանձնելով՝ խումբը վերահսկողություն է ձեռք բերել կայսրության իշխանության նկատմամբ։ Այս իրադարձությունը ցույց է տվել, թե որքան մեծ էր եկեղեցական իշխանների դերը Սրբազան Հռոմեական կայսրությունում։

Գրիգորյան բարեփոխում (1073-1085)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Գրիգոր VII, ծնված Հիլդեբրանդ Սոանացի

1073 թվականին Հիլդեբրանդ Սոանացին (Գրիգոր VII) ընտրվել է պապ ամբոխի ծափահարություններով, որին հաջորդել է կարդինալների կողմից կանոնական ընտրությունը։ Այս ընթացակարգը խիստ վիճարկվել է Հիլդեբրանդի հակառակորդների, մասնավորապես՝ Ռավեննայի արքեպիսկոպոս Գիբերտի (ապագա հակապապ Կղեմես III) կողմից, քանի որ այն վիճարկում էր մի քանի տարի առաջ Նիկողայոս II պապի կողմից հրապարակված «Հռոմի պապի ընտրության մասին հրամանագիրը» (Decretum in electione papae)[104]։ Հիլդեբրանդը վանական էր, որը կրթված էր բարեփոխման արժեքներով. նա ուղեկցել էր Գրիգոր VI պապին Գերմանիա, երբ վերջինս, որը Սուտրիի ժողովում գահընկեց էր արվել կայսր Հենրիխ III-ի կողմից, անցել էր Ալպերը դեպի հյուսիս։ Եվ վերադառնալով Հռոմ՝ Լևոն IX պապի (Բրունոնե դի Տուլ) շքախմբի հետ, Հիլդեբրանդը միացել էր բարեփոխիչ կարդինալներին՝ շուտով դառնալով Հռոմեական կուրիայի առաջատար դեմքերից մեկը և այնպիսի ուժեղ ազդեցություն ունենալով պապերի վրա, որ արժանացել է Պիեռ Դամիանիի «dominus papae» (Պապի տեր) տիտղոսին[105]։

Գրիգոր VII-ը՝ ընտրվելուց անմիջապես հետո, միջոցներ է ձեռնարկել հոգևորականության շրջանում սիմոնականության և նիկոլականության դեմ, որոնք հրապարակվել են, առաջին հերթին, 1074 թվականի Մեծ Պահքի ժամանակ հրավիրված Հռոմի թեմի սինոդի առիթով: Սակայն ավելի կարևորել է «Եկեղեցուն միապետական բնույթի կազմակերպչական մոդել պարտադրելու և կայսերական պաշտոնը ապասրբացնելու» նպատակի հետապնդումը[106]: Այս առումով նա որոշել է կանոնական իրավունքի հարցը լուծել Հենրիխ IV թագավորի հետ՝ կապված այն փաստի հետ, որ իր հինգ խորհրդականները հեռացված լինելով եկեղեցուց, դեռ շարունակում էին ներկա գտնվել նրա արքունիքում: Երիտասարդ կայսրը որոշել է խզել նրանց հետ հարաբերությունները և նաև հնազանդության երդում տվել Հռոմի պապին՝ խոստանալով աջակցել Եկեղեցու բարեփոխման աշխատանքներին[107]:

Այս դիրքավորումը, որը սկզբում արժանացրել էր Հռոմի պապ Գրիգոր VII-ի վստահությանը, Հենրիխ կայսրը փոխել է, հենց որ նրան հաջողվել է հաղթել սաքսոններին՝ 1075 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցած Լանգենզալցի ճակատամարտում տարած հաղթանակով[108]։ Հենրիխը, փաստորեն, անմիջապես փորձել է վերահաստատել իր իշխանությունը և նույն թվականի սեպտեմբերին՝ Էրլեմբալդո Կոտտայի, ինչպես նաև Ֆերմոյի և Սպոլետոյի եպիսկոպոսների սպանություններից հետո, նա (իր ստանձնած պարտավորություններին հակառակ) Միլանի թեմի արքեպիսկոպոս է նշանակել հոգևորական Թեդալդոյին[109][110]։ Այս ակտով սկսվել է պապականության և կայսրության միջև հակամարտությունը, որը պատմության մեջ մտել է որպես «ինվեստիտուրայի պայքար»։ Ինվեստիտուրայի հարցից զատ, հարվածի տակ է դրվել «համընդհանուր իշխանության» («դեմինիում մունդի» dominium mundi) ճակատագիրը՝ քահանայական իշխանության և կայսերական իշխանության միջև պայքարը. 12-րդ դարի պատմաբաններն այս վեճն անվանել են «Քահանայության և թագավորության բաժանում» (լատիներեն՝ Discidium inter sacerdotium et regnum)[111]։

Դիկտատուս պապայե - Պապի թելադրանքը

1075 թվականին, ամենայն հավանականությամբ[Ն 17], նա կազմել է «Հռոմի պապի կարգադրություններ» (Dictatus papae)[Ն 18], որը Հռոմի եպիսկոպոսի գերակայության վերաբերյալ տարբեր հայտարարությունների համախումբ է (կամ գուցե պարզապես ցանկ)՝ ոչ միայն մյուս եպիսկոպոսների, այլև աշխարհիկ իշխանության համար[114][113][115]։ Այս փաստաթղթով Գրիգոր VII պապը սկիզբ է դրել «նոր եկեղեցականագիտության» (ինչպես նշել է կաթոլիկ աստվածաբան Իվ Կոնգարը իր Sentire ecclesiam աշխատության մեջ). պապը դարձել է «եպիսկոպոսների եպիսկոպոս», Հռոմը՝ «caput ecclesiae» (Եկեղեցու գլուխ, վարչական կենտրոն իմաստով), իսկ յուրաքանչյուր հավատացյալ՝ Հռոմի եպիսկոպոսի հպատակ: Այսպիսով, ավելի ու ավելի է ձևավորվել Եկեղեցու փաստացի վերափոխման գործընթացը միապետության՝ ուժեղ կենտրոնացված իշխանությամբ, որով վերջ է դրվել դիոցեզների ինքնավարությանը[116]:

Պնդելով Հռոմի պապի իշխանությունը ցանկացած այլ իշխանության (թե՛ «աշխարհիկ», թե՛ կրոնական) նկատմամբ՝ Գրիգոր VII պապը խորը պառակտում է առաջացրել հենց Սրբազան Հռոմեական կայսրի հետ[Ն 19][Ն 20]։

Պառակտում։ Հենրիխ IV-ին եկեղեցուց վտարում․ Կանոսայի նվաստացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրիխ IV-ը միջնորդություն է խնդրում Տոսկանայի Մաթիլդայից և Կլյունիի վանահայր Հյուգոյից Մաթիլդայի ամրոցում
Հենրիխ IV-ը ներողություն է խնդրում Հռոմի պապ Գրիգոր VII-ից Կանոսայում՝ կոմսուհի Մաթիլդայի ամրոցում 1077 թվականին

1076 թվականին կայսր Հենրիխ IV-ը Վորմսում հրավիրել է Սրբազան Հռոմեական կայսրության եպիսկոպոսների սինոդ, որով պահանջել է Գրիգոր VII պապի հրաժարականը՝ մեղադրելով եկեղեցում եպիսկոպոսների դերն անտեսելու մեջ[118]։ Կարճ ժամանակ անց Հենրիխ IV-ը կոչ է արել Հռոմեական կայսրության հպատակներին չհնազանդվել Գրիգորին և նրան հայտարարել է գահընկեց։

Ի պատասխան՝ 1076 թվականի փետրվարին Գրիգոր VII-ը Կայսր Հենրիխին բանադրել է (հեռացրել է եկեղեցուց), ինչը նշանակում էր, որ կայսրի հպատակներն այլևս պարտավոր չէին նրան հնազանդվել, ազատվում էին իրենց տված հավատարմության երդումից։ Այսպիսով, բանադրումից հետո Հենրիխին լքել են գերմանացի իշխանները, որոնք նրա դեմ են դուրս եկել Ռուդոլֆ Շվաբիացիու հետ և սպառնացել են այլևս չճանաչել նրան որպես կայսր, եթե նա չհաշտվի պապի հետ մեկ տարվա ընթացում։ Պապի հետ նոր կայսր ընտրելու տարաձայնությունների պատճառով հետաձգվել է որոշման կայացումը։ Նույն իշխանները Հռոմի պապին հրավիրել են Աուգսբուրգ՝ Հենրիխի հետ իրենց վեճը լուծելու համար։

Շատ խելացի քայլով, երբ Գրիգոր VII պապն արդեն ուղևորվում էր դեպի Աուգսբուրգ, Կայսր Հենրիխը գնացել է նրան ընդառաջ, իսկ պապը ապաստանել է Կանոսայում՝ կոմսուհի Մաթիլդայի ամրոցում։ Հենրիխը դիմել է Մաթիլդայի և Հյուգոյի միջնորդությանը, սակայն պապը չի ընդունել այն։ Հենրիխը մեղքերի քավության համար հադիպում է խնդրել պապից որին շատ դժվարությամբ է արժանացել։ Պատմական աղբյուրների համաձայն՝ կայսրը երեք օր ու գիշեր (1077 թվականի հունվարի 25-27), բոկոտն, հասարակ ապաշխարողի հագուստով, ձյան ու ցրտին դրսում կանգնած սպասել է Կանոսայի ամրոցի դարպասների մոտ, մինչև Պապը բարեհաճել է ընդունել նրան և ներում շնորհել[119]։ Սկզբում Գրիգոր պապը, բարդ երկընտրանքի մեջ է եղել, մտածելով թե ինչպես վարվել, ո՞րը նախընտրել․

  • քաղաքական նպատակահարմարությունը․ Հենրիխի դեմ դատավարություն սկսել Գերմանիայում, ինչը մեծ հեղինակություն էր վայելում պապականության շրջանում, թե
  • հովվապետի իր պարտականությունը․ ներել նրան, ով իրեն ներկայացել է որպես զղջացող մեղավոր։

Հռոմի պապ Գրիգոր VII-ն ընտրել է երկրորդը և փոխել է Հենրիխին եկեղեցուց հեռացնելու որոշումը՝ նաև շնորհիվ Հյուգո Կլյունեցու և կոմսուհի Մաթիլդայի միջնորդության[Ն 21]։

Սակայն մի քանի տարի անց Գրիգորը՝ շատ ավելի անսկզբունքայնություն ցուցաբերելով, 1080 թվականին հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին Ռուդոլֆ Շվաբիացուն՝ նորացնելով Հենրիխ IV-ի վտարումը և գահընկեցությունը, որն այդ պահին նոր պապ էր ընտրել՝ ի դեմս Ռավեննայի արքեպիսկոպոս Գիբերտի (հայտնի որպես հակապապ Կղեմես III): 1081 թվականին Հենրիխն արշավել է դեպի Հռոմ և 1084 թվականին նվաճել է այն. քաղաքում նա հանդիսավոր կերպով թագադրվել է Կղեմես III-ի ձեռամբ, իսկ Գրիգոր VII պապը փախել է Սալեռնո, որտեղ էլ մահացել է 1085 թվականին[121]։

Բարեփոխումը պապի ձեռքում իշխանության գործիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան քրիստոնեական աշխարհայացքը միասնության ձգտումն էր (Unitas)։ Եթե հասարակությունը դիտվում էր որպես մեկ մարմին, ապա այն չէր կարող ունենալ երկու հավասարազոր գլուխ։ Գրիգոր VII պապի համար եկեղեցին պետք է լիներ այդ միասնության առանցքը, ինչը նշանակում էր, որ կայսրը պետք է դուրս մղվեր եկեղեցական գործերից։

Գրիգոր VII-ը վճռականորեն վերահաստատել էր Եկեղեցու ինքնավարությունը և Հռոմի գերագույն իշխանությունը բոլոր տեղական եկեղեցական վարչատարածքային թեմերի՝ դիոցեզների նկատմամբ։ Մասնավորապես, ինչպես հայտնի է, Գրիգորը հստակորեն դեմ էր եպիսկոպոսների և վանահայրերի ընտրության աշխարհիկ ցանկացած միջամտությանը։ Սա էլ անխուսափելիորեն հանգեցրել էր կայսեր հետ կատաղի բախման (հայտնի որպես «ինվեստիտուրայի պայքար»), ոչ թե այն պատճառով, որ իրականում եպիսկոպոսներն ու վանահայրերը նաև քաղաքացիական իշխանություն ունեին, ինչը իրականում այդքան էլ հաճախ չէր լինում, այլ այն պատճառով, որ նրանք սովորաբար իրավասություն էին իրականացնում իրենց դիոցեզներում բնակվողների և հսկայական հողային կալվածքների նկատմամբ[Ն 22]։ Ակնհայտ է, որ կայսրը կցանկանար միջամտել այդ պաշտոնյաների ընտրությանը[122][123]։

Գրիգոր VII-ի բարեփոխումների նախաձեռնությունը, սակայն, 11-րդ դարի բարեփոխման առաջին քայլը չէր, այլ վերջինը։ Գրիգորյան բարեփոխումը ծնունդ էր առել կայսերական բարեփոխումից (եկեղեցին աշխարհիկ իշխանության՝ ֆեոդալների և կայսրերի կախվածությունից ազատել), որն էլ իր հերթին ստանձնել և համակարգել էր ներքևից (վանականներ, հոգևորականներ և աշխարհիկներ) զարգացած բարեփոխումը։ Մյուս կողմից, կայսրության հետ բախումը Գրիգորյան բարեփոխման կենտրոնական բովանդակությունը չէր, նույնիսկ եթե այն պարտադիր քայլ էր. եթե 11-րդ դարի բարեփոխումը բնութագրվում էր, առաջին հերթին, միավորող ձգտմամբ, ապա պարզ է, որ արդեն երկու միավորող կենտրոնները (պապականությունը և կայսրությունը) չափազանց շատ կլիներ[Ն 23]։

Բարեփոխումը Հռոմի պապ Վիկտոր III-ից մինչև Հռոմի պապ Կալիստոս II (1086-1122)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապ Ուրբանոս II, 12-րդ դարի նկարազարդում, անանուն հեղինակ

Գրիգոր VII-ի մահը և դրան հաջորդած դժվարին իրավիճակը ծանր հարված է եղել ռեֆորմիստական կարգին։ Մեկ տարի անց է միայն Գրիգոր VII-ի հաջորդը պաշտոնը ստանձնել։ Մոնտեկասինոյի վանահայր Դեզիդերիուսը, որը 1086 թվականին ընտրվել է պապ, իր համաձայնությունն է տվել միայն հաջորդ տարի և օծվել է 1087 թվականի մարտի 21-ին՝ Վիկտոր III անունով։ Սակայն, ընդունելով թեկնածությունը, նա չի հասցրել շարունակելու պապականության բարեփոխումների իր ծրագիրը. նույն թվականի սեպտեմբերի 16-ին նա մահացել է[125][126]։

Նրանից հետո Հռոմի պապ է ընտրվել Օստիայի կարդինալ Օտտո Լագերիացին (1088թ.)՝ Ուրբանոս II անունով։ Նա հարմարվել է հանգամանքներին՝ կիսելով Գրիգոր VII-ի բարեփոխիչ ծրագիրը, բայց հաճախ օգտագործելով պապական արտոնությունն այն եպիսկոպոսների համար (նույնիսկ սիմոնիայի միջոցով ընտրվածների համար), ովքեր պատրաստ էին զիջել Հռոմի աթոռի կողմից պարտադրված կանոններին (և նրանք հաճախ վերանշանակվել են)։ Ուրբանոս II-ի պապականության օրոք հակապապ Կղեմես III-ը (Գիբերտ Ռավեննացին) դեռևս ողջ էր, բայց նա չեզոքացվել է նաև շատ այն եպիսկոպոսների մտածելակերպի փոփոխության շնորհիվ, որոնք նախկինում նրա կողմնակիցներն էին, իսկ այժմ շրջվել էին Ուրբանոս II-ի կողմը[127]։

Հենրիխ IV կայսրը, չնայած իր մրցակից Ռուդոլֆ Շվաբիացուն հաղթելուն, գրեթե լքված իր կողմնակիցներից՝ հայտնվել է երկու ապստամբության առջև. առաջինը բռնկվել էր Բավարիայում 1086 թվականին, իսկ երկրորդը՝ նրա որդու՝ Կոնրադ Լոթարինգիացու գլխավորությամբ, որը նշանակվել էր Գերմանիայի թագավոր 1087 թվականին, որը հրահրել էր Կանոսայի կոմսուհի Մաթիլդան։ 1093-1097 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Կոնրադը, գրավելով Ալպյան լեռնանցքները, զրկել է հորը, որը փակված էր Իտալիայում՝ Պադուայի և Վերոնայի միջև, Գերմանիա վերադառնալու ցանկացած հնարավորությունից[102][128]։

Իսկ Հռոմի պապ Ուրբանոս II-ը ձեռնարկել է մի ճանապարհորդություն և երկու տարվա ընթացքում Ֆրանսիա հասնելով Տոսկանայով։ Ճանապարհին նա Պիաչենցայում հրավիրել է նահանգային ժողովներ, որոնց ընթացքում անվավեր է ճանաչել հակապապ Կղեմեսի և նրա կողմնակիցների կատարված եպիսկոպոսական նշանակումները։ 1095 թվականին հասնելով Կլերմոն՝ նա փորձել է ժողովի ժամանակ վանականներին դրդել երկրում բարեփոխումներ իրականացնել։ Այս առիթով Ուրբանոսը Առաջին խաչակրաց արշավանքի կոչ է արել՝ հրավիրելով քրիստոնյա ասպետներին պայքարելու Սուրբ Երկրի ազատագրման համար։ Ուրբանոս II-ը մահացել է 1099 թվականի հուլիսի 29-ին՝ խաչակիրների կողմից Երուսաղեմի գրավումից երկու շաբաթ անց[129]։

Մահվանից հետո նրան հաջորդել է Հռոմի պապ Պասքալիս II-ը (? – 1118), որի մասին քիչ բան է հայտնի։ Անկասկած իտալացի լինելով, վանական լինելով, թեև ոչ կլյունիական, պատմաբանները նրան նկարագրել են որպես պարզ և երբեմն միամիտ մարդ։ 1105 թվականին Պասքալիս II-ը աջակցել է Կիևի կայսրուհի Ադելաիդայի և նրա երկրորդ որդու՝ ապագա Հենրիխ V-ի կազմակերպված դավադրությանը։ Վերջինս, հինգ տարի առաջ իր եղբորը՝ Կոնրադին, գահընկեց անելուց հետո, հաստատվել էր որպես գերմանական ազնվականության առաջնորդ։ Դավադրությունը հաջողությամբ է պսակվել, և գերի վերցված Հենրիխ IV-ը ստիպված հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու, Մայնցի համաձայնագրով։ Հենրիխ IV-ը մահացել է 1106 թվականին Լիեժում՝ դեռևս արտաքսված և չկարողանալով կրոնական հուղարկավորություն ստանալ մինչև 1111 թվականը՝ մինչև նրա հանգչելը Շպայերի տաճարում[102][130][131]։ Այդ ընթացքում հակամարտությունից հոգնած Գերմանական եկեղեցին արդեն համոզվել էր սիմոնականության բացասական հետևանքների մեջ, ուստի եպիսկոպոսները սկսել էին հրաժարվել քաղաքական գործերից՝ ավելի ու ավելի շատ նվիրվելով կրոնական ծառայության գործերին։ Չնայած Հենրիխ IV-ի ողջ կյանքի ընթացքում ցուցաբերած համառ դիմադրությանը, Գրիգորյան բարեփոխումն այդ ժամանակ լայն տարածում էր գտել Գերմանիայում[132]։

Հռոմի պապ Կալիստոս II-ը։ Նրա հետ համաձայնության եկան կայսր Հենրիխ V-ը Վորմսի կոնկորդատում (1122)

Պասքալիս պապի օրոք շարունակվել է քաղաքացիական իշխանության կողմից շնորհված ինվեստիտուրաների պայքարը, որն այդ ժամանակ ավելի հետաքրքիր և հրատապ խնդիր էր։ Նմանատիպ խնդիրն ավելի արագ է լուծում ստացել Անգլիայում և Ֆրանսիայում։

1107 թվականին Լոնդոնի համաձայնագիրը դարձել է «մոդելը», որն անդրադրձել է 1122 թվականին Վորմսի կոնկորդատի վրա։ Փորձ է արվել լուծել հակասությունը՝ տարանջատելով հոգևոր և աշխարհիկ իշխանության խորհրդանիշները, խուսափելով Հռոմի հետ երկարատև քաղաքացիական հակամարտություններից։

Անգլիայում խնդիրը օրինականորեն լուծվել է Անգլիայի թագավորի և Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմի ներկայությամբ, 1107 թվականի օգոստոսին, Լոնդոնի կոնկորդատում։ Անգլիայի թագավոր Հենրիխ I-ը՝ Վիլհելմ I-ի որդին, զիջել է՝ հրաժարվելով եկեղեցական պաշտոնի ինվեստիտուրայից՝ մատանի և գավազան հանձնելուց (հոգևոր և աշխարհիկ ինվեստիտուրայի խորհրդանիշներ)[Ն 24], բայց փոխարենը պահանջել է «ֆեոդալական հավատարմության երդում» (homage), այսինքն նախքան եպիսկոպոս ձեռնադրվելը, տվյալ անձը պետք է թագավորին ճանաչեր որպես իր աշխարհիկ տիրակալ, տրամադրեր զինված հետևակային և ասպետների մի ջոկատ, որոնք կծառայեին թագավորին՝ որպես վասալության նշան։ Առանց այս երդման նա չէր կարող տիրապետել այն հսկայական հողերին և եկամուտներին, որոնք կցված էին եպիսկոպոսական աթոռին:

Լինելով իր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը՝ Անսելմ Քենթերբերցին հասկացել էր, որ եկեղեցին չի կարող գոյություն ունենալ պետությունից անկախ: Նա օգնել է ձևակերպել այն գաղափարը, որ եպիսկոպոսը «երկակի» դեմք է՝ հոգևոր հովիվ և պետական վասալ: Ի տարբերություն Գերմանիայի կայսրերի, ովքեր այդ ընթացքում շարունակել են ճակատային բախման գնալ Պապին, Հենրի I թագավորը զիջելով «ձևը» (իշխանության խորհրդանիշները)՝ պահպանել է «բովանդակությունը» (քաղաքական վերահսկողությունը): Սա թույլ է տվել, որ Անգլիան խուսափի երկարատև քաղաքացիական պատերազմներից և պահպանի կայունությունը[133]:

Ֆրանսիայում ինվեստիտուրայի հարցը լուծվել է ավելի մեղմ և աստիճանական ճանապարհով, քան Գերմանիայում կամ Անգլիայում։ Այստեղ հիմնական համաձայնությունը ձեռք է բերվել մոտավորապես 1098-1107 թվականներին՝ Ֆիլիպ I թագավորի և Իվ Շարտրեցի (ֆրանսերեն՝ Yves de Chartres) եպիսկոպոսի ջանքերով։

Ֆրանսիայում նույնպես իրավիճակն ավարտվել է նույն կերպ. թագավորը հրաժարվել է մատանիով և գավազանով ձեռնադրելու արարողակարգից՝ ինվեստիտուրայից (ինչպես հետո արել է Հենրի I-ը Անգլիայում)։ Սա գոհացրել է Պապին, քանի որ պահպանվում էր եկեղեցու հոգևոր ինքնիշխանությունը։ Փոխարենը, Ֆիլիպ I թագավորը, ի տարբերություն Անգլիայի, բավարարվել է եպիսկոպոսներից իրենց հողերի համար հավատարմության երդում ստանալով։ Ֆրանսիայի միապետները պահպանել են իրենց վերահսկողությունը եկեղեցական հսկայական կալվածքների նկատմամբ[134]։ Բացի այդ, Ֆրանսիայի թագավորն ու Պապը հաճախ դաշնակիցներ են եղել (օրինակ՝ ընդդեմ կայսր Հենրիխ IV-ի), ուստի պայքարը չի վերածվել կատաղի պատերազմի։

Գերմանիա, Իտալիա և Լոթարինգիա․ Վորմսի կոնկորդատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի և Անգլիայի համար հաղթահարված խնդիրը շարունակել են մնալ չլուծված կայսրության տարածաշրջանների համար (Գերմանիա, Իտալիա և Լոթարինգիա): Պասքալիս II-ը՝ փորձելով լուծում գտնել, 1111 թվականին հրավիրել է եպիսկոպոսներին հրաժարվել կայսեր կողմից իրենց վստահված կալվածքների համար ժամանակավոր ինվեստիտուրայից: Այս լուծումը որևէ հաջողություն չի բերել, ընդհակառակը, բազմաթիվ եպիսկոպոսների շրջանում ապստամբություններ են առաջացել պապական իշխանության դեմ (չնայած այս լուծումը կայսրի սրտով էր, քանի որ Օտտոնյան դինաստիայի կողմից 9-րդ դարից ի վեր եպիսկոպոսներին վստահված բոլոր նվիրատվություններն ու կալվածքները վերադարձվում էին իրեն)[135]։

Պասքալիս II-ը մահացել է 1118 թվականին։ Նրան հաջորդել է Հռոմի պապ Գելասիուս II-ը, որը բանտարկվել և փախել է Գաետա, որտեղ էլ մահացել է 1119 թվականին։ Մահվանից հետո նրան հաջորդել է Հռոմի պապ Կալիստոս II-ը՝ ֆրանսիացի կլյունիական վանական, որի հետ ձեռք է բերվել հարցի իրավական կարգավորում. Կալիքստոս II-ը, ըստ էության, համաձայնության է եկել Հռոմի կայսր Հենրի V-ի հետ Վորմսի կոնկորդատում (1122), որի ընթացքում նա փոխել է եպիսկոպոսի ընտրության եղանակը[136]։

Վորմսի կոնկորդատի համաձայն, կայսրը հրաժարվում էր ինվեստիտուրայի լիազորությունից՝ գավազանով և հովվական մատանիով, այնուամենայնիվ նա կամ նրա ներկայացուցիչը կարող էր ներկա գտնվել նշանակմանը և միջամտել վեճերի դեպքում։ Ավելին, թագին տրվում էր եպիսկոպոսի ժամանակավոր ինվեստիտուրայի իրավունք՝ գավազան հանձնելով, որը խորհրդանիշ էր՝ առանց հոգևոր ենթատեքստի, բայց որը ներկայացնում էր չճշտված հանդերձանքի փոխանցում (իտալ.՝ trasferimento di non meglio definite regalie)[Ն 25], որը համապատասխանում էր որոշ իրավական պարտականությունների։ Գերմանիայում սա պետք է տեղի ունենար նախքան հոգևոր ձեռնադրումը, մինչդեռ Իտալիայում և Բուրգունդիայում՝ միայն ձեռնադրումից հետո, ինչը նշան է, որ այստեղ կայսրության ազդեցությունը եպիսկոպոսների և վանահոր նշանակման գործում այդ պահին նվազել էր։ Համաձայնագրով ավարտվել է ինվեստիտուրայի համար պայքարը և նշանավորվել է կեսարոպապիզմի անկման սկիզբն Արևմուտքում[137][138]։

Բարեփոխումը Հռոմից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխումներ Նորմանդիայում և Անգլիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լանֆրանկ Պավիացի, Քենթերբերիի արքեպիսկոպոս 1070 թվականից․ Վիլհելմ Նվաճողի հրամանով նա բարեփոխումներ է իրականացրել Անգլիայի եկեղեցում

911 թվականին Սեն-Կլեր-սյուր-Էպտի պայմանագրով Ֆրանսիայի թագավոր Կառլոս III-ը, որը հայտնի էր որպես Պարզամիտ, նորմաններին Նեյստրիայի մի հսկայական տարածք էր շնորհել որպես կալվածք, որտեղ ծնունդ է առել հզոր նորմանական դինաստիան, որն անմիջապես ապացուցել էր իր բացարձակ զգայունությունը վանականության բարեփոխումների նկատմամբ: Նորմանդիայի դուքս Վիլհելմ I-ը, փաստորեն, Ժերար Բրոնցու աշակերտին վստահել էր իր տիրապետության տակ գտնվող վանքերը, ինչպիսիք են Սեն-Վանդրիլ դը Ֆոնտենելի, Մոն-Սեն-Միշելի և Սեն-Ուենի աբայությունները, բարեփոխելու խնդիրը[139]: Նրա հաջորդը՝ Ռիչարդ II-ը, Կլյունիի վանական Վիլհելմ Վոլպիանոյին վստահել է վերանորոգել Ֆեկամպի Սուրբ Երրորդության վանքը, որը, նրա շնորհիվ, դարձել էր նոր վանական կյանքի շարժիչ ուժը՝ գրավելով երիտասարդ վանականներին նույնիսկ Իտալիայից, ինչպիսիք են Լանֆրանկ Պավիացին և Անսելմ Քենթրբերցին[140]։

1066 թվականին նորմանական դուքս Վիլհելմ Նվաճողը, Հռոմի պապ Գրիգոր VII-ից թույլտվություն ստանալուց հետո, չնայած կուրիայի դիմադրությանը, ներխուժել է Անգլիա՝ խլելով այն անգլոսաքսերից։ Կղզու նվաճումն ավարտվելուց հետո նա ոչ քիչ ջանքերով պարտադրել է եկեղեցու բարեփոխում իրականացնել իր նոր տարածքներում, քանի որ մինչ այդ բարեփոխումն այնտեղ դեռևս արմատներ չէր գտել աշխարհագրական մեկուսացման պատճառով։

1070 թվականի սինոդում բոլոր անգլոսաքսոն եպիսկոպոսները, բացառությամբ մի քանիսի, գահընկեց են արվել և փոխարինվել են նորմաններով կամ լոթարինգցիներով։ Պավիայից Վիլհելմի խորհրդականը՝ Լանֆրանկը նշանակվել է Քենթերբերիի Աթոռանիստական արքեպիսկոպոսության (Antica arcidiocesi di Canterbury)[Ն 26] արքեպիսկոպոս՝ նպատակ ունենալով հնարավորություն ունենալ ձևավորելու անգլիական եկեղեցին նորմանական բարեփոխված եկեղեցու մոդելով[141]։ Վիլհելմ Նվաճողն այն տեղափոխել է ֆեոդալական մոդելի վրա, որտեղ եպիսկոպոսներն ու վանահայրերը պարտավոր էին, ինչպես թագավորության բարոնները, զինված մարդկանց քվոտա ապահովել թագի կարիքների համար։ Նմանապես, վերականգնվել է կանոնական իրավունքը՝ եկեղեցական հարցերը կարգավորելու համար, և դրանց նկատմամբ իրավասությունը հանվել է աշխարհիկ դատարաններից, որոնք փոխարենը վստահվել են կղզում առաջին անգամ ստեղծված նստավայրերի դատարաններին[142]։

Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Աոստացին պատկերված անգլիական վիտրաժի վրա
Անսելմը Անգլիայում Ինվեստիտուրայի վեճի գլխավոր հերոսներից է եղել

Չնայած բարեփոխումների օգտին ձեռնարկված նախաձեռնություններին, դուքս Վիլհելմ I-ի կողմից Անգլիայի եկեղեցու նկատմամբ իրականացվող ուժեղ վերահսկողությունը հանգեցրել է Գրիգոր VII պապի հետ հարաբերությունների սառեցմանը, այդ թվում՝ Հռոմի պապի Հռոմ ներկայանալու հրավերին Լանֆրանկի անհնազանդության պատճառով։ Ավելին, Վիլհելմը հրաժարվել էր պապականության առջև ֆեոդալական երդում տալուց և կարողացել էր չեզոք մնալ Հռոմի պապի և կայսր Հենրի IV-ի միջև ինվեստիտուրայի բարդ վեճում։ Իրավիճակը շարունակել է մնալ անփոփոխ Վիլհելմի իրավահաջորդի՝ նրա որդու՝ Վիլհելմ II Ռուֆուսի հետ կապված[143]։

Անգլիացի թագավորների գերակայությունը տեղական եկեղեցու նկատմամբ, մասնավորապես, իրականացվել է թեմերի և վանքերի տնտեսական սեփականության նկատմամբ առաջինների կողմից իրականացվող իշխանության միջոցով, որոնք գործող եկեղեցու բացակայության ժամանակահատվածում համակարգված կերպով բռնագրավվում էին թագի կողմից: Անսելմ Աոստացու՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս նշանակվելը վերջ է դրել այս իրավիճակին: Նա, Եկեղեցու նկատմամբ իր պարտավորություններին խորապես կապվածություն զգալով, պայքարել է եկեղեցական նորարարությունների օգտին և սիմոնականության դեմ՝ հրաժարվելով համարվել անգլիական թագի ֆեոդալ լորդ: Նրա նախաձեռնությունը նրան հասցրել է դաժան հակամարտության Վիլհելմ II թագավորի հետ, որն ավարտվել է արքեպիսկոպոսի աքսորով, որից նա կարողացել է վերադառնալ միայն թագավորի մահից հետո, երբ գահ է բարձրացել նրա իրավահաջորդ Հենրի I-ը՝ անկեղծ կրոնական հավատքի տեր և որպես կրտսեր՝ ամեն տեսակի աջակցության կարիք ունեցող, որն ի սկզբանե նախատեսված չէր գահի համար[144]:

Անգլիայի թագավոր Հենրի I-ը հանդիսավոր կերպով խոստացել է հարգել եկեղեցու ազատությունները, սակայն չի ընդունել աշխարհիկ ինվեստիտուրայի[Ն 27] արգելքը և հոգևորականների կողմից ֆեոդալական երդում տալու արգելքը, որոնք Անսելմը պահանջել էր նրանից՝ հետևելով 1099 թվականի սկզբին կայացած Հռոմի ժողովում ի հայտ եկած որոշմանը[145]։ Այս հակասությանը չնայած՝ Անսելմը և Հենրին ձգտել են փոխզիջումային լուծման, չնայած բոլոր կողմերը տարբեր դրդապատճառներ են հետապնդել. «Անսելմը ձգտում էր խաղաղության ինքնաբուխ ցանկության, թագավորը հետապնդում էր քաղաքական շահեր, կուրիան չէր ցանկանում հարվածի տակ դնել Հռոմի և Անգլիայի միջև հնազանդությունն ու միասնությունը»[146]։

Չնայած 1107 թվականին կնքված համաձայնագրին, անգլիական թագի գերակշռությունը եկեղեցու նկատմամբ շարունակվել է, սակայն թուլացել է Անգլիայի թագավոր Ստեփանոսի և թագուհի Մաթիլդայի միջև թագի համար վեճի (հայտնի որպես «անարխիա») ընթացքում, ինչը նպաստավոր է եղել Հռոմի ազդեցության համար: Թոմաս Բեքեթի սպանությունը, որը տեղի է ունեցել 1170 թվականին Անգլիայի Հենրի II-ի գահակալության ժամանակ, կանգնեցրել է անգլիական եկեղեցու անկախության շարժումը[147]։

Բարեփոխում Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայի թագավոր Հենրի I-ը փորձել է եպիսկոպոսներ նշանակել քաղաքական հուսալիության հիման վրա՝ ապահովելու համար, որ ունենա անհրաժեշտ աջակցություն

Ֆրանսիայում իրավիճակն արմատապես տարբերվել է Գերմանիայում կամ Անգլիայում տիրող իրավիճակից։ Կապետինգյան դինաստիան, որը անվիճելիորեն գահին է եղել 987 թվականից ի վեր, իշխել է դեռևս շատ համեստ տարածքների վրա՝ հաջորդ դարերի համեմատ, և բաղկացած է եղել ընդամենը մի քանի թեմերից, որոնցից մի քանիսի վրա ոչ մեծ ազդեցությամբ․ մնացած շրջաններն ազնվականության վերահսկողության ներքո են եղել[148]։

1049 թվականին Ռեյմսի ժողովում Լևոն IX պապը խորը միջամտություն է ցուցաբերել Ֆրանսիական եկեղեցու գործերին, որտեղ նա չէր կարող հույսը դնել բարեփոխումների նկատմամբ զգայուն կառավարչի վրա, ինչպես դա Գերմանիայում՝ Հենրիխ III կայսեր օրոք էր. Ֆրանսիայում Հենրի I-ի համար ավելի կարևոր էր հույսը դնել ապացուցված քաղաքական հուսալիություն ունեցող եպիսկոպոսների վրա, քան կրոնական որակներ ունեցողների վրա, քանի որ նրան անհրաժեշտ էր նրանց տնտեսական և ռազմական աջակցությունը՝ իր վասալների նկատմամբ ֆեոդալական գերիշխանությունը պահպանելու համար[149]:

Ըստ այս նախադրյալների՝ պապերը պետք է անձամբ գործեին, որպեսզի ապահովեին Ֆրանսիայի բարձր եկեղեցական պաշտոնները կանոնների համապատասխան բաշխումը և որպեսզի արմատախիլ անեին հոգևորականության շրջանում սիմոնականության և ամուսնության մասնավոր դեպքերը[150]։ Այս նպատակներին հասնելու համար պապերը դիմել են պատվիրակների՝ լեգատների օգնությանը, որոնց հանձնարարվում էր տարածել հրամանագրերը և աջակցել դրանց պահպանմանը։ Չնայած այս բարեփոխիչների և միապետների միջև անխուսափելի բախումներին, լուրջ հակամարտություն երբեք չի եղել․ երկուստեք նախընտրել են համաձայնությունների և փոխզիջումների գնալը[151]։

Իրավիճակն ավելի լարվել է, երբ Գրիգոր VII-ը երկու ֆրանսիացի եպիսկոպոսների նշանակել է իր մշտական ներկայացուցիչներ՝ Հյուգո Հռոմեացին Բուրգունդիայի և հյուսիսային Ֆրանսիայի համար, և Ամատոս Օլերոնցին՝ ամենահարավային շրջանների համար[151]։ Հյուգոն ավելի վճռականորեն է գործել՝ հեռացնելով մի քանի եպիսկոպոսների, որոնք համարվում էին սիմոնականներ[152]։ Միևնույն ժամանակ, Օտենի (ֆրանսերեն՝ Autun) սինոդը հայտարարել է, որ աշխարհիկ իշխանությանն արգելվում է միջամտել եկեղեցական նշանակումներին[153]։ Հյուգոյի գործողությունները բախվել են ֆրանսիական եպիսկոպոսության մեծ մասի թշնամանքին, որոնք վճռականորեն հրաժարվել են ենթարկվել նրան։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ I-ը պահպանել է չափավոր դիրքորոշում՝ շարունակելով քիչ հետաքրքրություն ցուցաբերել բարեփոխումների տարածման նկատմամբ[154]։

Հյուսիսային Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուիդո դա Վելատեի Միլանի եպիսկոպոս ընտրվելուց հետո սկսվել է սիմոնական ծեսերի դեմ ժողովրդական շարժումը, որում ընդգրկվել են քաղաքի գրեթե բոլոր բարձր պաշտոններով եկեղեցականները, գոնե ըստ Բոնիզոնե դի Սուտրիի։ Այս շարժումը կոչվել է «պատարիա»[Ն 28], որը բնութագրվում էր հոգևորականության շրջանում բարոյականացման անհրաժեշտությամբ։ Շարժումն առաջնորդել են Արիալդո դա Կուչակոն և Լանդոլֆո Կոտտան[155]։

Այս ուժեղ դիմադրությունը դրդել է Հռոմի պապ Ստեփանոս IX-ին ժողով հրավիրել, որին, սակայն, Արիալդոն և Լանդոլֆոն չեն ցանկացել մասնակցել՝ հեռակա կարգով եկեղեցուց հեռացվելով։ Հետևաբար, Հռոմի պապը Միլան է ուղարկել Հիլդեբրանդ Սոանացուն, որը չէր կարող չհասկանալ շարժման ուժը և նրանց մտադրությունը․ անհրաժեշտության դեպքում նույնիսկ թեմն անկախ դարձնել։ Հռոմի պապ Նիկողայոս II-ի կողմից ուղարկված Պետրոս Դամիանի հետագա առաքելությունը ժամանակավորապես հաջողել է հանդարտեցնել հոգիները՝ տապալելով սիմոնական հոգևորականությանը, նույնիսկ սպառնալով եպիսկոպոս Գվիդոյին եկեղեցուց հեռացմամբ։ Սակայն խաղաղությունը երկար չի տևել, այնքան, որ այն հանգեցրել է քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում Արիալդոն ստիպված լքել է քաղաքը, իսկ ավելի ուշ սպանվել։ Իրավիճակը շրջվել է պատարիների օգտին, երբ Լանդոլֆոյի եղբայրը՝ Էրլեմբալդոն, ստանձնել է շարժման հրամանատարությունը՝ վտարելով արքեպիսկոպոսին և գրավելով Միլանը[155]։

Երբ կայսր Հենրիխ IV-ը Միլանի արքեպիսկոպոս է նշանակել Գոֆրեդո Կաստիլիանիին՝ 1071 թվականին մահացած Գվիդոյի իրավահաջորդ, պառակտում է առաջացել, քանի որ պատարիներն իրենց հերթին առաջադրել են հոգևորական Աթոնին, որը հետագայում Հռոմի պապ Ալեքսանդր II-ի կողմից է հռչակվել արքեպիսկոպոս: Ալեքսանդր II-ի իրավահաջորդը՝ Գրիգոր VII-ը, սկսել է բանակցություններ վարել Հենրիխ IV-ի հետ՝ 1074 թվականին համոզելով նրան ընդունել Աթոնին արքեպիսկոպոս հռչակելը: Կարճ ժամանակ անց բռնկվել է հրդեհ, որում մեղադրվել են պատարիները։ Սա հանգեցրել է նոր անկարգությունների, որոնց ժամանակ սպանվել է Էրլեմբալդոն՝ վերջ դնելով Միլանի պատարիա շարժման փորձին: Հենրիխ IV-ի կողմից Թեդալդոյին որպես Միլանի նոր արքեպիսկոպոս ընտրությունը, առաջացրել է ինվեստիտուրայի շուրջ վեճը, որի արդյունքում նա հակադրվել է Հռոմի պապ Գրիգոր VII-ին[155]:

Չորրորդ Լաթերանյան ժողով և բարեփոխման հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1215 թվականի Չորրորդ Լաթերանյան ժողովը եզրափակել է եկեղեցական բարեփոխումների գործընթացը, որը սկսվել էր դարեր առաջ․ Ժողովի որոշումները հիմնվել են բարեփոխիչների կողմից առաջադրված բազմաթիվ թեմաների վրա

Բարեփոխման նպատակը սովորաբար նույնացվում է 1215 թվականին Իննոկենտիոս III պապի կողմից հրավիրված Չորրորդ Լաթերանյան ժողովի հետ։ Այդ ժողովում ընդունված որոշումներից շատերը վերաբերվել են այն հարցերին, որոնց շուրջ վիճաբանում էին նախորդ երկու դարերի բարեփոխիչները. հաստատվել են պապական գերակայությունը և պատրիարքական աթոռների կարգը, վանական կյանքին տրվել է ավելի միատարր կազմակերպում, հոգևորականությանը պարտադրվել է բարոյականացնող շրջադարձ՝ արգելելով հարճությունը (լատիներեն՝ concubina, լատիներեն՝ con, միասին, և լատիներեն՝ cubare, պառկել) և վերահաստատելով կուսակրոնության պարտավորությունը, վերահաստատվել է սիմոնիայի դատապարտումը և աշխարհիկ անձի համար կրոնական պաշտոններ զբաղեցնելու անհնարինությունը[156]։

Եկեղեցական իրավագիտության վրա ազդեցությունը նույնպես նշանակալի է։ Արդեն Բարեփոխման ժամանակ Եկեղեցու համար անհրաժեշտ էր դարձել զինվել միասնական իրավական կառուցվածքով՝ Հռոմի պապի նորահայտ ինքնավարությունն ու իշխանությունը ապահովելու համար։ Աստվածաբանները, ինչպիսիք են Անսելմ Լուկացին և Բուրխարդո Վորմսը, նվիրվել են իրավունքի ժողովածուներ կազմելուն, սակայն հենց վանական և իրավաբան Գրացիանոյի ստեղծած «Գրացիանի հրովարտակն» (Decretum Gratiani) է, որը, հավանաբար, թվագրվում է 1140 թվականին, ամուր հիմք դրել կանոնական իրավունքի զարգացմանը՝ որպես աշխարհիկ աշխարհում ձևավորվող իրավունքի հավասարազոր իրավունք։ Այս աշխատանքում հեղինակը հավաքել է բազմաթիվ իրավական աղբյուրներ, մեկնաբանել դրանք, կազմակերպել և փորձել է լուծել հակասությունները՝ անտինոմիաները, չմոռանալով վերահաստատել Հռոմի պապի իշխանությունը՝ օգտագործելով Գրիգոր VII-ի տերմինները[Ն 29]։ Decretum- ը երբեք պաշտոնական չի դարձել և մնացել է մասնավոր անձի աշխատանք, սակայն այն լայն տարածում է գտել և ծառայել է որպես մոդել[158][159]։

Հետևաբար, բարեփոխումից հետո Եկեղեցին խորապես վերափոխվել է՝ հասնելով մի կառուցվածքի, որը, թեև որոշ փոփոխություններով, պահպանվել է մինչև այսօր (21-րդ դարի առաջին տասնամյակներ): Այս նոր Եկեղեցին մի կազմակերպություն է, որը բնութագրվում է վարչական և իրավական կենտրոնացմամբ՝ Հռոմի եպիսկոպոսի գլխավորությամբ, հռոմեական օրինակին համապատասխանությամբ և պաշտամունքի ու պատարագի, կարծիքների ու մշակույթի բազմազանության նկատմամբ անզիջումությամբ: Այդ պահից սկսած սկսվել է նաև «անհանդուրժողականության որոշակի արմատականացում Հռոմի եկեղեցու ներքին կամ արտաքին կրոնական այլախոհության ձևերի նկատմամբ»[137][160]։

Այս վերևից ներքև մոդելին չնայած, որը նման է աշխարհիկ իշխանությանը բնորոշ միապետական մոդելին, Սուրբ Աթոռը երբեք չի կարողացել լիովին պարտադրել իր «համաշխարհային տիրապետությունը» (dominium mundi), ինչպես կցանկանար։ Այնուամենայնիվ, այն հաջողությամբ աշխարհիկ իշխանությունից հեռացրել է կրոնական հարցերի և Եկեղեցու կազմակերպման իշխանությունը։ Կենտրոնացման այս քաղաքականությունը արտացոլվել է եկեղեցու նկատմամբ կանոնական իրավունքի վրա հիմնված պապականության գերիշխան «լիովին իշխանության» (plenitudo potestatis) հաստատման մեջ. պապական գործողությունները փոխանցվում են բոլոր ժողովների, պատվիրակների և միաբանությունների կողմից։ Այդ պահից սկսած տեղական վեճերը սկսել են լուծում գտնել Հռոմին դիմելու մեջ, որը թույլ տվել է պապականությանը բազմապատկել իր միջամտությունները[160][161][162]։ Նույնիսկ կաթոլիկ հոգևորականության ներկայիս կազմակերպումը, որը հիմնված է կուսակրոնության և աշխարհիկ ու նվիրյալ (Consecration) կյանքի միջև տարանջատման վրա, պայմանավորված է այս նորարարական թարմ օդի շնչով[137]։

Հոգևորականության, մասնավորապես՝ բարձրագույն աստիճանների խորը նորացումը դարձել է բարեփոխման հիմնական նվաճումներից մեկը և ներառել է ինչպես նրանց սովորույթները, այնպես էլ հովվական և վարչական գործունեությունը: Փաստորեն, 11-րդ դարի վերջից սկսած, եպիսկոպոսները, կարծես, ավելի ու ավելի կրթված են դարձել, գոնե քերականության, Աստվածաշնչի գիտելիքների և կանոնական իրավունքի հիմունքների առումով, ավելի մոտենալով Բեռնար Կլերվոցու կողմից ուրվագծված իդեալական մոդելին: Նրանց թվում եղել են նաև Եկեղեցու ազատությունների համառ պաշտպաններ. Թոմաս Բեքեթի ձեռնարկած դիմադրությունը և նրա հետագա նահատակությունն ամենավառ օրինակներն են[163]: Այս ամենն արտացոլվել է նաև եպիսկոպոսների շրջապատում. տաճարի կապիտուլների կանոնիկոսները վերադարձել են համայնքային կյանքի[Ն 30], մի պրակտիկա, որը հաճախ մերժվում էր Կարոլինգյան դարաշրջանի վերջում: Այս կապիտուլներն ավելի ու ավելի զարգացրել են մշակութային գործունեությունը՝ պահպանելով գրադարանները և ընդհանուր առմամբ հոգ տանելով դպրոցի մասին՝ մագիստրի (վարպետի) ղեկավարությամբ: Սա այն տարրերից մեկն է, որի հիմքում ընկած էր այն, ինչը միջնադարագետ Չարլզ Հոմեր Հասկինսը անվանել է «12-րդ դարի վերածնունդ»[164]։

Սիմոնականության դեմ պայքարը հանգեցրել է աշխարհիկ և հոգևոր համակարգերի արդյունավետ տարանջատման, ինչը թույլ է տվել կայսերական իշխանության աստիճանական աշխարհիկացմանը, որն աստիճանաբար թուլացել էր: Փաստորեն, արտաքսումներն ու պաշտոնանկությունները սկսել են խաթարել ֆեոդալական հասարակության կառուցվածքները: Պրելատներն այլևս չեն համարվել աշխարհիկ միապետի պաշտոնյաներ, այլ վասալներ՝ աշխարհիկ իշխանների հետ հավասար: Միևնույն ժամանակ, կայսեր կերպարը գրեթե ամբողջությամբ կորցրել է սրբության այն իմաստը, որը տարբերակում էր այն Օտտոնյան դարաշրջանից ի վեր, մինչդեռ պապի գերակայությունը ամրապնդվել է՝ համարվելով Քրիստոսի փոխանորդ և կաթոլիկ աշխարհի միակ և գերագույն առաջնորդը: Բարեփոխումը նաև էական հետևանքներ է ունեցել իրավունքի ոլորտում՝ նպաստելով ֆեոդալիզմի և սովորույթի վրա հիմնված իրավական համակարգի ճգնաժամին[160]: Ընդգծվել է, թե ինչպես են բարեփոխման հետևանքները նպաստել ժամանակի աշխարհիկ իշխանության վերափոխմանը՝ առաջացնելով նոր քաղաքական ձևեր, ազգային միապետությունների ամրապնդում և միջնադարյան կոմունաների ծնունդ Հյուսիսային Իտալիայում[165]։ Այնուամենայնիվ, 11-րդ դարի եկեղեցական բարեփոխման խորը և երկարատև հաջողությունը պայմանավորված է ոչ միայն կայսրերով, եռանդուն պապերով և գիտակ աստվածաբաններով, այլև, առաջին հերթին, «այն աջակցությամբ, որը հավատացյալները մի քանի անգամ ցուցաբերեցին խորը կրոնական և հոգևոր վերածննդի ձգտման գործում»[166]։

Վերջին պատմագրական զարգացումներ. «Գրիգորյան բարեփոխում» հայեցակարգը հարցականի տակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրիգորյանական բարեփոխման» պատմագրական կատեգորիան առաջարկվել է քսաներորդ դարի սկզբին (առաջին հերթին աջակցել է քրիստոնեության պատմաբան Օգյուստին Ֆլիչեն): Այս տեսանկյունից, որն արագորեն գրեթե միաձայն համաձայնության է եկել կաթոլիկ գիտնականների շրջանում, Գրիգորյան բարեփոխումը ներկայացվել է որպես հսկայական ունիտար շարժում, որը սկսվել էր պապականությունից և իր գագաթնակետին հասել Հռոմի պապ Գրիգոր VII- ի աշխատանքում, որն իրեն հաջորդած պապերին ոգեշնչել է, բայց նաև իր անմիջական նախորդների մտադրությունների լավագույն իրականացնողն է եղել, որոնցից մի քանիսի համար նա նաև համագործակից և խորհրդատու է եղել: Հետևաբար, երբ խոսքը Գրիգորյան բարեփոխման մասին է, տեսակետը զգալիորեն կենտրոնացել է պապականության վրա. այսինքն, Եկեղեցու բարեփոխումը ներկայացվել է որպես «պապի աշխատանք», իսկ «թշնամին», որը խոչընդոտում էր այս առաջխաղացմանը և սպառնում էր քայքայել եկեղեցական կազմակերպությունը, կայսրը[167]։

Այս կատեգորիան, սակայն, սկսել է կասկածի տակ դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։

  • Ժան-Ֆրանսուա Լեմարինյեն, ուսումնասիրելով Կլյունիի աշխարհը, կարողացել է Կլյունիի իրականացվրած վանականության կենտրոնացման մեջ նշել բարեփոխման մոդելը (որը Լեմարինյեն դեռևս անվանում էր «գրիգորյան», բայց ակնհայտ ժամանակագրական պատճառներից ելնելով չէր կարող համարվել, որ գլխավոր ստեղծողը Գրիգոր VII պապն է եղել):
  • Չինցիո Վիոլանտեն բացահայտել և ուսումնասիրել է Միլանում ակտիվ լայն բարեփոխումների շարժումը, երբ պապականությունը դեռևս որևէ նորարարական աշխատանք չէր ձեռնարկել (հետևաբար, ի հայտ է եկել «ներքևից վերև» ուղղվածությամբ բարեփոխում, որը սկիզբ է առել աշխարհիկներից, այլ ոչ թե եկեղեցական հիերարխիայից):

Այս վերանայման գագաթնակետին է հասել Իտալիայում Օվիդիո Կապիտանին իր 1965 թվականի հոդվածով, որում նա գրել է[168]

Գոյություն ունի՞ արդյոք «Գրիգորյան դարաշրջան»։ Կամ, գոնե, կարո՞ղ է արդարացվել որևէ ժամանակաշրջան նկարագրելու համար այդքան կարևոր ածականի ընտրությունը՝ հաշվի առնելով տվյալ պատմագրության ամենակարևոր բացահայտումները։ ... Շատ բան վաղուց էր մշակվում, որն իր լիարժեք դրսևորումը գտավ Գրիգոր VII-ի օրոք, բայց ոչ նրա աշխատանքի միջոցով... Գրիգոր VII-ի պապական գահակալությունը իրական և միակ «Գրիգորյան դարաշրջանն» է և, կարծես, միանշանակորեն ցույց է տալիս ճգնաժամի առավելագույն բազմակողմանի հոսունության պահը։ Հետևաբար, այն միշտ պետք է ուսումնասիրվի. բայց ավելի ու ավելի քիչ՝ անհատների տեսանկյունից, ավելի ու ավելի՝ խնդիրների և ուժերի դինամիկայի տեսանկյունից։
- Օվիդիո Կապիտանի, 1965 թվական

Քանի որ Հռոմի պապ Գրիգոր VII-ը (մահ. 1085թ.) այս բարեփոխական շարժման առաջատար ներկայացուցիչն է եղել, այն անվանում են Գրիգորյան բարեփոխում: Սակայն որոշ պատմաբաններ ավելի հարմար տերմին են համարում 11-րդ դարի բարեփոխում տերմինը, քանի որ պատմական ապացույցները, նրանց կարծիքով, չեն հաստատում այն ​​պնդումը, որ Հռոմի պապ Գրիգոր VII-ը կարևոր դեր է խաղացել դրա ստեղծման գործում[169]:  

Այլ պատմաբաններ, մասնավորապես Շառլ Դերենը, նույնպես քննադատում են «եկեղեցական բարեփոխում» տերմինը ՝ նշելով, որ ավելի ճշգրիտ կլինի խոսել եկեղեցու «վերականգնման» մասին, որի նպատակն էր վերակառուցել եկեղեցին 10-րդ դարում բազմաթիվ օտար ժողովուրդների կողմից պատճառված ավերածություններից հետո[170]:

  1. Սիմոնականություն տերմինը ծագում է Սիմոն Մոգի անունից, որը, ըստ Գործք առաքելոց գրքի, ցանկանալով մեծացնել իր լիազորությունները, գումար է առաջարկում Պետրոս առաքյալին՝ փորձելով գնել Սուրբ Հոգին փոխանցելու կարողությունը, որը Սիմոն Մոգի դեպքում «մոգական արվեստների» կարողություններ կամ «հրաշագործությունների» շնորհ (թաումատուրգիա, հունարեն՝ θαῦμα «հրաշք» և ἔργον «գործ» բառերից, որը նշանակում է հրաշքներ գործելու կամ գերբնական ուժերի միջոցով նյութական աշխարհի վրա ազդելու արվեստ) ձեռք բերել է նշանակում։
  2. Ֆեոդալական կառավարում, երբ թագավորները եպիսկոպոսներին դարձնում էին «նախարարներ» կամ կառավարիչներ, որպեսզի պահպանեն պետության հզորությունը։ Սակայն երբ եպիսկոպոսները դարձան հզոր քաղաքական գործիչներ Արևմուտքում, Հռոմի պապի հեղինակությունն այնքան աճեց, որ նա սկսեց իրեն վեր դասել նաև Բյուզանդիայի պատրիարքից, ինչն էլ արագացրեց և հանգեցրեց Հռոմեական և Կոստանդնուպոլսի պատրիարքությունների վերջնական բաժանմանը 1054 թվականին՝ Մեծ Սխիզմային, արդեն Արևմուտքի (Կաթոլիկ) և Արևելքի (Ուղղափառ) միջև դավանաբանական և աստվածաբանական տարաձայնությունների հողի վրա (օրինակ՝ Հռոմի պապի գերակայությունը կամ Սուրբ Հոգու բխման հարցը) խզումն էր՝ որպես ավելի մեծ կրոնական ու քաղաքական ազդեցության գոտիների բաժանում։
  3. 11-րդ դարի եկեղեցական բարեփոխիչները (օրինակ՝ Գրիգոր VII պապը) աղքատությունը դիտարկում էին որպես զենք ընդդեմ սիմոնիայի (եկեղեցական պաշտոնների վաճառքի): Նրանք կարծում էին, որ եթե հոգևորականը չունենա անձնական սեփականություն, նա կլինի ավելի անկախ և նվիրված Աստծուն:
  4. «Եպիսկոպոսական բարեփոխումը, ինչպես մտահղացել և իրականացրել են Ատտոն Վերչելին, Ռատերիուս Լիեժցին և նույն մտադրություններով մղված այլ պրելատներ, չեն հանգեցրել և չէին էլ կարող հանգեցնել ոչինչ, քան միայն աննշան արդյունքներ։ [...] Բարեփոխիչ եպիսկոպոսը երջանիկ պատահականության արդյունք է, որը վաղ թե ուշ չի կրկնվի. հաճախ նրա հաջորդը նրա հետ որևէ նմանություն չունի, և սկսված աշխատանքը ընդհատվում է, վտանգվում կամ նույնիսկ ամբողջությամբ ոչնչացվում։ [...] 10-րդ դարում պապականությունը կորցրեց արդյունավետ գործողությունների համար անհրաժեշտ հեղինակությունն ու վարկանիշը։ Դրանից, վերջին հաշվով, հետևում է, որ բարեփոխման նախաձեռնությունը կարող է գալ միայն կայսրից»[30][31]։
  5. 1043 թվականի հոկտեմբերին Կոստանցի ժողովում (Konstanz) Հենրի III-ը բարձրացել է տաճարի ամբիոն և հորդորել իր հպատակներին խաղաղություն պահպանել: «Ներման օր» (Day of Pardon) է հայտարարել և հրապարակավ ներել է իր բոլոր թշնամիներին և պահանջել, որ իր վասալները նույնպես հրաժարվեն արյունակցական վրեժից ու իրար հետ պատերազմելուց:
  6. Աստծո խաղաղություն և զինադադար (լատ․՝ Pax et treuga Dei), առաջին անգամ հայտնվել է 1027 թվականին: Այն ժամանակավոր արգելք էր դնում ռազմական գործողությունների վրա շաբաթվա որոշակի օրերին (սովորաբար հինգշաբթի երեկոյից մինչև երկուշաբթի առավոտ) և եկեղեցական տոների ժամանակ:
  7. Հռոմեական տարեգրքերը (Annales Romani) հաղորդվում են Բենեդիկտի դեմ ապստամբության և բախումների մասին հռոմեացիների, որոնք պատասխանատու էին Հռոմի պապի փախուստին հանգեցրած անկարգությունների համար, ու Տրաստևերինիների միջև, որոնք պաշտպանեցին Բենեդիկտոս IX-ին[40]։
  8. Ալինարդոն Լիոնի արքեպիսկոպոսն էր, որը բարեփոխումների կողմնակից էր և հարգված հոգևորական:
  9. Հումբերտո Սիլվա Կանդիդացի (Umberto di Silva Candida), կարդինալ և աստվածաբան Կանդիդայից, որը հայտնի է պապական իշխանության խիստ պաշտպանությամբ և 1054 թվականին Մեծ հերձվածի (Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների բաժանման) մեջ ունեցած իր դերով: Նա իրավաբան և պատմաբան է եղել, որի շնորհիվ շատ տեղեկություններ են պահպանվել այդ ժամանակաշրջանի մասին։
  10. Ֆեդերիկո Գոցելոն (Ապագա Ստեփանոս IX պապ), Լոթարինգիայի դուքս Գոդֆրուա Մորուսավորի (Goffredo il Barbuto) եղբայրը, ով իր կարճատև պապության ընթացքում շարունակել է եկեղեցական բարեփոխումները:
  11. Հիլդեբրանդ Սոանացի (Ապագա Գրիգոր VII պապ), միջնադարի ամենանշանավոր պապերից մեկը։ Նա հաստատել է պապականության գերակայությունն աշխարհիկ տիրակալների նկատմամբ (հայտնի «Dictatus papae» փաստաթղթով) և պայքարել է սիմոնիայի (եկեղեցական պաշտոնների վաճառքի) դեմ:
  12. Աշխարհիկ կանոնիկոսները ապրել են սեփական տներում, կարող էին ունենալ անձնական գույք և ստանում էին եկամուտ եկեղեցական հողերից։
  13. Ի տարբերություն 1059 թվականի Լաթերանյան ժողովի, Աախենի 816 թվականի կանոնները թույլ էին տալիս կանոնիկոսներին ունենալ անձնական սեփականություն և ժառանգություն ստանալ: Նրանք պետք է ունենային ընդհանուր սեղանատուն (refectory) և ննջարան (dormitory), բայց աղքատության ուխտը պարտադիր չէր: Կանոնիկոսները պարտավոր էին ապրել եկեղեցուն կից կառուցված հատուկ տարածքում՝ կլուատրում (փակ բակով համալիր)։
  14. 1059 թվականի բարեփոխումը փորձում էր տաճարների բոլոր կանոնիկոսներին (եպիսկոպոսանիստ եկեղեցու հոգևորականներին) դարձնել կանոնավոր, որպեսզի նրանք հրաժարվեն մասնավոր սեփականությունից և ապրեն ավելի սուրբ կյանքով: Սակայն գործնականում շատ տաճարներ պահպանել են «աշխարհիկ» կանոնիկոսների համակարգը: Կանոնավոր կանոնիկոսներն ընդունել են Սուրբ Օգոստինոսի կանոնը։ Նրանք ուխտել են ապրել աղքատության մեջ, ունենալ ընդհանուր սեփականություն և ապրել վանական համայնքի պես (սովորաբար կոչվում էին Ավգուստինյաններ): Ի տարբերություն վանականների, նրանք համատեղում էին վանական խստակեցությունը քահանայական ծառայության հետ։
  15. 1057 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 1058 թվականի փետրվարի 10-ը նա գտնվում էր Մոնտեկասինոյի վանքում: 1057 թվականի դեկտեմբերին նա այնքան ծանր է հիվանդացել «հռոմեական տենդով» (հավանաբար մալարիա), որ կարծել է, թե մահամերձ է:
  16. «Կայզերսվերթ» (գերմաներեն՝ Kaiserswerth) անվանումը բառացի նշանակում է «Կայսերական կղզի»։ Միջնադարում այն վայրը, որտեղ այսօր գտնվում է Դյուսելդորֆի այդ թաղամասը, իրականում կղզի է եղել Ռայն գետի վրա և այնտեղ կառուցված էր կայսերական պալատը, որտեղից էլ առևանգել են 11-ամյա թագաժառանգին[101]։
  17. Գրիգոր VII-ի պապական նամակների ժողովածուում այն տեղադրված է 1075 թվականի մարտով թվագրված երկու նամակների միջև[112]:
  18. «Նա հասկացավ, որ ժամանակը եկել էր իր լիարժեք հարձակումը սկսելու։ 1075 թվականին նա արգելեց բոլոր ավատատերերին՝ եկեղեցուց հեռացնելու սպառնալիքով, որևէ եկեղեցական աստիճան շնորհել։ 1078 թվականին նա 27 համառոտ առաջարկներով ձևակերպեց «dictatus papae»-ն՝ իր հայեցակարգը, որի համաձայն՝ պապն ուներ բացարձակ իշխանություն երկրի վրա և կարող էր պաշտոնանկ անել նույնիսկ աշխարհիկ միապետներին»[113]:
  19. Պետք է հիշել, որ 11-րդ դարի բարեփոխումը սկսվել էր հենց կայսրերի ջանքերով, որոնք փորձում էին կարգուկանոն հաստատել, մաքրել կոռումպացված պապականության բարքերը։ Սակայն կայսրերի կողմից նշանակված բարեփոխիչ հոգևորականները մաքրեցին եկեղեցին արատավոր երևույթներից, բայց արդյունքում եկեղեցին այնքան հզորացավ, որ սկսեց պահանջել լիակատար անկախություն հենց կայսրից։
  20. «Ուժեղ անհատականությամբ և պապական արժանապատվության բարձր ընկալմամբ օժտված՝ Գրիգորը բարեփոխումների շարժման մեջ ներմուծեց հզոր նորարարական տարր՝ հաստատելով Հռոմի գերակայությունը, այսինքն՝ պապի գերագույն իշխանությունը Եկեղեցում և քրիստոնեական հասարակության մեջ: Իրականում, նրա նամակներում, «libertas Ecclesiae» հասկացության փոխարեն, որը դեռևս բարեփոխումների շարժման առանձնահատկությունն էր, ամենից հաճախ կրկնվում է «հնազանդության» և «անհնազանդության» միջև հակադրությունը, որը նույնացնում է Աստծուն բացարձակ հնազանդությունը նրա՝ որպես պապի, այսինքն՝ Պետրոս առաքյալի իրավահաջորդի պարտքի հետ: Սա հանգեցրեց բարեփոխումների շարժման ներսում խորը և բռնի պառակտման, ինչը հանգեցրեց դաշտում ուժերի ընդհանուր վերադասավորման: Կայսեր կողմնակից, ըստ էության, կային ոչ միայն բարեփոխումներին թշնամաբար տրամադրված եպիսկոպոսներ, այլև բարձր բարոյական դիրք զբաղեցնող հոգևորականներ, որոնք ոչ պակաս, քան Գրիգոր VII-ը, դեմ էին հոգևորականության շրջանում սիմոնականության և նիկոլականության իրավունքի պահպանմանը, ինչպիսիք էին՝ հենց Իտալիայում Դիոնիջի դի Պյաչենցան, Գվիդո դ’Ակվի, Գիբերտո դե Ռավեննան (ապագա հակապապ Կղեմես III-ը), բայց ովքեր կտրականապես դեմ էին պապական գերիշխանության Գրիգորյան հայեցակարգին»[117]։ Նրանք համաձայն չէին, որ Պապը պետք է բացարձակ իշխանություն ունենա կայսեր նկատմամբ և կարողանա միջամտել աշխարհիկ գործերին։ Նրանք կարծում էին, որ կայսրը, որպես Աստծո կողմից օծված առաջնորդ, իրավունք ունի մասնակցել եկեղեցական նշանակումներին (ինվեստիտուրա)։ Այս հակամարտությունը պարզունակ չէր։ Խնդիրը ոչ թե «եկեղեցու լավացումն» էր (որին երկու կողմն էլ ձգտում էր), այլ Իշխանության աղբյուրը՝ ո՞վ է երկրի վրա Աստծո գլխավոր ներկայացուցիչը՝ Պա՞պը, թե՞ Կայսրը։
  21. Այս պատմական փաստից ծագել է Գնալ Կանոսա կամ Կանոսայի նվաստացում արտահայտությունը, որը նշանակում է նվաստացնել ինքդ քեզ, խոնարհվել թշնամու առջև, հրաժարվել, ընդունել սխալը, կատարել հնազանդության ակտ, ընդունել որևէ արտաքին միջամտություն քաղաքական, կրոնական և մշակութային ոլորտներում[120]։
  22. Եպիսկոպոսական աթոռը ենթադրում էր հսկայական եկամուտներ և իշխանություն հողի նկատմամբ, իսկ աշխարհիկ ազնվականները պատրաստ էին մեծ գումարներ վճարել այդ պաշտոնը ստանալու համար (սիմոնականություն՝ պաշտոնների վաճառք)։ Եպիսկոպոսը կամ վանահայր դառնալով նա հանդես էր գալիս որպես խոշոր հողատեր (ֆեոդալ), ստացվում էր, որ նա կայսեր կամ թագավորի վասալն է։ Նա իրականացնում էր դատավարություն, հավաքում էր հարկեր և նույնիսկ զորք էր տրամադրում միապետին։ Ուստի Կայսրերն իրեն իրավունք էր վերապահում նշանակելու (ինվեստիտուրա) այդ հոգևորականներին։ Մյուս կողմից, եպիսկոպոսը կամ վանահայրը որպես եկեղեցական ենթակա էր Հռոմի պապին և պետք է առաջնորդվեր կանոնական օրենքներով։ Գրիգորյան բարեփոխումը փորձում էր լուծել այս «երկակի հավատարմության» ճգնաժամը։ Նա ուզում էր, որ եպիսկոպոսի իշխանությունը բխի բացառապես իր հոգևոր կարգից, որն էլ իր հերթին պետք է վավերացվեր միայն Պապի կողմից։ Սա նշանակում էր եկեղեցին դուրս բերել ֆեոդալական աստիճանակարգից, ինչը կայսրության համար տնտեսական և վարչական աղետ էր։
  23. «Եթե Գրիգոր VII-ին կարելի է դիտարկել որպես Եկեղեցուն անկումից ազատագրելու համար բարեփոխման նախաձեռնման խորհրդանիշ, որը թափանցել էր տեղական իշխանությունների հետ խեղդող կապերի պատճառով, ինչպես նաև հոգևոր ազդակի խորհրդանիշ, որը, որպես այդպիսին, քաղաքականապես տանուլ էր տվել, ապա նա պետք է նաև համարվի Եկեղեցու նոր ընկալման ամենամեծ ներկայացուցիչը, ոչ միայն կայսրության հետ հարաբերություններում, այլև, առաջին հերթին, Հռոմեական կուրիայի և տեղական թեմերի միջև հարաբերություններում: «Dictatus papae»-ում [...] ըստ էության, հայտարարվում է Հռոմի եկեղեցու միասնությունը (այն իմաստով, որ այն միակ եկեղեցին է իրականում) և, հետևաբար, նրա անմիջական իշխանությունը բոլոր տեղական եկեղեցիների նկատմամբ. մյուս կողմից, այն նաև տալիս է քրիստոնեության նոր պատկերացում, որն այլևս չի գտնվում կողք կողքի գործող երկու իշխանությունների իշխանության ներքո, ինչպես եղել է նախորդ դարերի ընթացքում, թեև փոփոխական արդյունքներով, այլ մեկ իշխանության՝ պապական իշխանության ներքո, որին կայսերական իշխանությունը ավելի ու ավելի հստակորեն է ենթարկվելու հետագա դարերում, մինչև միջնադարյան համակարգի անկումը»[124]։
  24. Սա նշանակում էր, որ նա ընդունում էր, որ եպիսկոպոսի հոգևոր հեղինակությունը բխում է Աստծուց (Եկեղեցուց), այլ ոչ թե իրենից: Սա բավարարել է Պապի և Անսելմ Քենթերբերացու պահանջները։
  25. Տեքստում «չճշտված» բառն օգտագործվում է, քանի որ Վորմսի համաձայնագիրը միշտ չէ, որ հստակ թվարկում էր բոլոր արտոնությունները. դրանք հաճախ տարբերվում էին՝ կախված տվյալ թեմի հարստությունից և ավանդույթներից։
  26. Քենթերբերին 597 թվականից ի վեր անընդմեջ եղել է արքեպիսկոպոսական աթոռի նստավայրը, որտեղ գտնվում է եպիսկոպոսական գահը (աթոռը)։ Քանի որ Սուրբ Օգոստինոսի ժամանակներից սկսած այդ գահը միշտ եղել է Քենթերբերիի տաճարում, քաղաքը միշտ համարվել է աթոռանիստ։ Մինչև 16-րդ դարի Ռեֆորմացիան այն մետրոպոլիտական (գլխավոր) կարգավիճակ է ունեցել, կենտրոնական թեմ, որի շուրջ խմբավորված են մի քանի սովորական թեմեր։ Քենթերբերիին՝ որպես Անգլիայի գլխավոր հոգևոր կենտրոն, այսօր էլ պահպանում է իր «Աթոռանիստ քաղաք» կարգավիճակը, բայց արդեն որպես Անգլիկան եկեղեցու և համաշխարհային Անգլիկան միության հոգևոր կենտրոն․ 16-րդ դարի Ռեֆորմացիան փոխել է դավանանքը (կաթոլիկից անգլիկան), բայց քաղաքի՝ որպես եկեղեցական աթոռանիստի կարգավիճակը մնացել է նույնը։
  27. Աշխարհիկ ինվեստիտուրան ատկանում էր կայսրին (իրականացվում էր սկիպտրի/մականի հանձմամբ), ինչը խորհրդանշում էր աշխարհիկ իրավունքների և կալվածքների («ռեգալիաների») փոխանցումը։
  28. Պատարիա անվանումը Միլանի մի թաղամասի (հնոտիաշուկա) անվանումից է ծագում, որն այս շարժման կենտրոնն էր: Այն կրել է Կլյունյան բարեփոխումների համար կրոնական պայքարի ձև և արհեստավորների ու քաղաքային աղքատների ապստամբություն էր լոմբարդյան հոգևորականության հետ սերտորեն կապված հոգևորականության և իշխանների դեմ։ Այստեղ ծագել է պատարիների հերետիկոսությունը, որը տարածվել է Լոմբարդիայի քաղաքներում:
  29. Գրատյանը Decretum ասում է. «Միայն Հռոմեական եկեղեցին կարող է դատել բոլորին իր հեղինակությամբ, բայց ոչ ոք իրավունք չունի դատել նրան» («sola enim Romana ecclesia sua auctoritate valet iudicare de omnibus; de ea vero nulli iudicare permittitur»)[157]
  30. Կաթոլիկ եկեղեցում Capitolo-ն (Կապիտուլ) հոգևորականների կոլեգիալ մարմին է, որը գործում է եպիսկոպոսին կից և ունի խորհրդակցական ու ծիսական գործառույթներ: Դրա անդամները կոչվում են կանոնիկոսներ: Նրանք կրել են տոնզուրա / կուլակ՝ կաթոլիկ հոգևորականների գլխի գագաթի բոլորակաձև ածիլված տեղի վրա (լատիներեն tondere՝ «խուզել» բառից)։ Այն խորհրդանշում է Քրիստոսի փշե պսակը, ինչպես նաև հոգևորականի հրաժարումը աշխարհիկ փառքից և նվիրումը Աստծուն։ Այն համարվում է «Աստծո սեփականություն» լինելու տեսանելի նշան։ Տոնզուրա ստանալը նշանակում էր մուտք գործել հոգևոր դաս (clericus): Միջնադարում դա մարդուն դնում էր եկեղեցական իրավունքի պաշտպանության տակ՝ ազատելով աշխարհիկ դատարանների ենթակայությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Euan Cameron (2012) [1991]․ The European Reformation․ (2nd ed.). Oxford University Press. ISBN 978-0-19-954785-2
  2. Roberts, Scott (2026-01-20). «How the Roman Catholic Church Drifted and Why Reform Became Necessary». The Official Scott Roberts Website (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-04-18-ին.
  3. «23 September 1122 A.D. Investiture Controversy. Concordat of Worms». 23 September 1122 A.D. Investiture Controversy. Concordat of Worms. Վերցված է 2026-04-18-ին.
  4. The consequences of reform in history of Europe in The Middle Ages Բրիտանիկա հանրագիտարան
  5. Blumenthal, 1990, էջ 22
  6. Blumenthal, 1990, էջեր 24, 63
  7. Frank, 2009, էջեր 43-44
  8. Blumenthal, 1990, էջ 55
  9. Blumenthal, 1990, էջ 60
  10. Blumenthal, 1990, էջեր 62-63
  11. Blumenthal, 1990, էջ 64
  12. Blumenthal, 1990, էջեր 68, 75
  13. 1 2 Blumenthal, 1990, էջ 24
  14. Alessandro Barbero, 2001, էջ 177
  15. Barbero, Frugoni, էջ 229
  16. Blumenthal, 1990, էջ 23
  17. Blumenthal, 1990, էջեր 100-102
  18. Blumenthal, 1990, էջ 25
  19. Cantarella, 2005, էջ 21
  20. Blumenthal, 1990, էջեր 29-30
  21. Cantarella, 1993, էջեր 13-27
  22. Cantarella, 2005, էջ 25
  23. Barbero, Frugoni, էջ 76
  24. Ascheri, 2007, էջեր 82-83
  25. Montanari, 2006, էջեր 135-136
  26. Barbero, Frugoni, էջեր 76-77
  27. Blumenthal, 1990, էջեր 31-32, 35
  28. Montanari, 2006, էջ 136
  29. Blumenthal, 1990, էջ 41
  30. D'Acunto, 2020, էջեր 29-31
  31. Fliche, էջեր 92-95
  32. Blumenthal, 1990, էջ 79
  33. Head, Thomas (1999-07). «The Development of the Peace of God in Aquitaine (970-1005)». Speculum. 74 (3): 656–686. doi:10.2307/2886764. ISSN 0038-7134.
  34. Blumenthal, 1990, էջեր 79-80
  35. Histories, Medieval (2017-02-23). «Henry III – Holy Roman Emperor 1016 – 1056». Medieval Histories (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  36. Blumenthal, 1990, էջ 82
  37. Blumenthal, 1990, էջեր 82-83
  38. Blumenthal, 1990, էջ 86
  39. Liber Pontificalis, p. 331, citato nell'Enciclopedia online dei Papi
  40. Enciclopedia dei Papi. Istituto della Enciclopedia Italiana. 2000. էջ 144.
  41. Rendina, 2005, էջ 367
  42. Rendina, 2005, էջ 368
  43. 1 2 Blumenthal, 1990, էջ 87
  44. 1 2 Rendina, 2005, էջ 369
  45. Kelly, 1989, էջ 390
  46. Blumenthal, 1990, էջ 8
  47. Cantarella, 2005, էջ 58
  48. 1 2 3 Montanari, 2006, էջ 138
  49. Blumenthal, 1990, էջեր 89, 106
  50. D'Acunto, 2020, էջ 47
  51. Violante, Fried, էջեր 100-101
  52. Blumenthal, 1990, էջ 114
  53. Blumenthal, 1990, էջ 106
  54. D'Acunto, 2020, էջ 48
  55. Blumenthal, 1990, էջ 108
  56. Blumenthal, 1990, էջեր 106-107, 110
  57. Violante, Fried, էջեր 101-102
  58. D'Acunto, 2020, էջեր 66, 69
  59. Violante, Fried, էջ 102
  60. Blumenthal, 1990, էջ 99
  61. Blumenthal, 1990, էջ 100
  62. Barbero, Frugoni, էջ 212
  63. Violante, Fried, էջեր 20-21
  64. Blumenthal, 1990, էջ 104
  65. D'Acunto, 2020, էջ 72
  66. Ascheri, 2007, էջ 85
  67. «UMBERTO di Silva Candida, cardinale - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  68. Cantarella, 2005, էջ 60
  69. Blumenthal, 1990, էջ 120
  70. «Vittore ii - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  71. Blumenthal, 1990, էջ 121
  72. 1 2 Blumenthal, 1990, էջ 126
  73. D'Acunto, 2020, էջ 16
  74. Blumenthal, 1990, էջեր 124-125
  75. «STEFANO IX, papa - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  76. liamfoley (2023-08-03). «August 3, 1057: Coronation of Pope Stephen IX, Bishop of Rome and Ruler of the Papal States». European Royal History (անգլերեն). Վերցված է 2026-04-24-ին.
  77. D'Acunto, 2020, էջ 16
  78. «Stefano ix - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  79. Cantarella, 2005, էջ 63
  80. 1 2 «Niccolo ii - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  81. D'Acunto, 2020, էջեր 81-85
  82. Montanari, 2006, էջեր 138-139
  83. D'Acunto, 2020, էջ 81
  84. Padoa-Schioppa, 2007, էջ 70
  85. D'Acunto, 2020, էջ 69
  86. Blumenthal, 1990, էջեր 121-122
  87. Cantarella, 2005, էջեր 64-65
  88. Cantarella, 1993, էջեր 188-189
  89. «Morte e elezione del Papa». Fondazione Collegio San Carlo (իտալերեն). Վերցված է 2026-04-23-ին.
  90. D'Acunto, 2020, էջեր 57-58
  91. Violante, Fried, էջեր 10-11
  92. D'Acunto, 2020, էջեր 58-59
  93. D'Acunto, 2020, էջ 60
  94. D'Acunto, 2020, էջ 85
  95. Blumenthal, 1990, էջեր 139-140
  96. «ONORIO II, antipapa - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  97. Cantarella, 2005, էջեր 69-70
  98. Montanari, 2006, էջ 139
  99. D'Acunto, 2020, էջ 86
  100. Kelly, 1989, էջեր 410-411
  101. «Historie „Die Kaiserpfalz" | Kaiserpfalz-Kaiserswerth e.V.» (գերմաներեն). Վերցված է 2026-04-17-ին.
  102. 1 2 3 «Enrico iv imperatore - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  103. Cantarella, 2005, էջ 70
  104. Montanari, 2006, էջ 139
  105. «GREGORIO VII, santo - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-17-ին.
  106. Montanari, 2006, էջ 140
  107. Salvatorelli, 1940, էջ 89
  108. Cantarella, 2005, էջ 144
  109. Rovan, 1994, էջ 119
  110. Cantarella, 2005, էջեր 147-148
  111. Mayeur et al., 1995, էջ 121
  112. Barbero, Frugoni, էջ 99
  113. 1 2 Cardini, Montesano, էջ 195
  114. Cantarella, 2005, էջ 11
  115. Violante, Fried, էջ 100
  116. Barbero, Frugoni, էջեր 212-213
  117. Vitolo, 2000, էջ 253
  118. Violante, Fried, էջեր 113-114
  119. Library Context Knowledge (2017-08-21). «Feudal Germany 936 -1250». World History Volume (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-04-19-ին.
  120. Cantarella, 2005, էջեր 167-169, 171-173
  121. Cantarella, 2005, էջեր 280-283, 288-289
  122. Ascheri, 2007, էջեր 83-85
  123. Padoa-Schioppa, 2007, էջեր 72-75
  124. Xeres, 2003, էջեր 77-79
  125. «Vittore iii papa - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-18-ին.
  126. Blumenthal, 1990, էջ 187
  127. «URBANO II, beato - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-18-ին.
  128. Blumenthal, 1990, էջեր 187-188
  129. Blumenthal, 1990, էջեր 191-193
  130. Blumenthal, 1990, էջ 218
  131. «PASQUALE II, papa - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-18-ին.
  132. Mayeur, 1995
  133. Blumenthal, 1990, էջեր 202-204
  134. Blumenthal, 1990, էջեր 208-209
  135. Blumenthal, 1990, էջեր 221-222
  136. Blumenthal, 1990, էջեր 222-223
  137. 1 2 3 Montanari, 2006, էջ 141
  138. Blumenthal, 1990, էջ 225
  139. Blumenthal, 1990, էջ 197
  140. Blumenthal, 1990, էջ 198
  141. Blumenthal, 1990, էջեր 196-197
  142. Blumenthal, 1990, էջ 199
  143. Blumenthal, 1990, էջ 200
  144. Blumenthal, 1990, էջեր 201-203
  145. Blumenthal, 1990, էջ 203
  146. Blumenthal, 1990, էջ 204
  147. Blumenthal, 1990, էջ 205
  148. Blumenthal, 1990, էջեր 205-206
  149. Blumenthal, 1990, էջ 206
  150. Blumenthal, 1990, էջեր 206-207
  151. 1 2 Blumenthal, 1990, էջ 207
  152. Blumenthal, 1990, էջ 208
  153. Blumenthal, 1990, էջ 209
  154. Blumenthal, 1990, էջ 210
  155. 1 2 3 «Pataria e patarini - Enciclopedia». Treccani (իտալերեն). Վերցված է 2026-04-20-ին.
  156. Kowal, 1997, էջեր 76-78
  157. Ascheri, 2000, էջ 140
  158. Ascheri, 2000, էջեր 139-143
  159. Musselli, 2007, էջեր 36-37, 40-42
  160. 1 2 3 Padoa-Schioppa, 2007, էջ 72
  161. Verger, 1997, էջեր 52-53
  162. Montanari, 2006, էջեր 138-140
  163. Verger, 1997, էջեր 54-55
  164. Verger, 1997, էջ 56
  165. D'Acunto, 2020, էջեր 12, 76
  166. Padoa-Schioppa, 2007, էջ 74
  167. D'Acunto, 2020, էջեր 11-14
  168. Capitani, 1965, էջեր 458-481
  169. F Donald Logan (2005)․ Geschichte der Kirche im Mittelalter
  170. Fischer Weltgeschichte (2002)․ Das frühe Mittelalter․ էջեր 239, 240․

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]