Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տան շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տան շենք
Ростов-на-Дону в начале XX века. Угол улицы Большой Садовой и Таганрогского (сейчас Будённовского) проспекта.jpg
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Հիմնադրված է 1910
Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տան շենքը գտնվում է Ռուսաստանում
Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տան շենք
Կոորդինատներ: 47°13′12.007200100003″ հս․ լ. 39°42′29.354400100001″ ավ. ե. / 47.22000200002777603° հս․. լ. 39.70815400002777551° ավ. ե. / 47.22000200002777603; 39.70815400002777551
Գ. Գ. Պուստովոյտովի առևտրային տան հարավային թևը և Գ. Խ. Բախչիսարայցևի եկամտաբեր տան ճակատը

Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տուն (ռուս.՝ Здание торгового дома Григория Пустовойтова), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Բոլշայա Սադովայա փողոցի և Բուդյոննու պողոտայի խաչմերուկում (հասցե՝ Բոլշայա Սադովայա փողոց, 46)։

Տունը կառուցվել է 1910 թվականին խոշոր բարերար և նավատեր Գրիգորի Գավրիլովիչ Պուստովոյտովի կողմից։ Նախագծի ճարտարապետը եղել է Եվգենի Գուլինը։ Գրիգորի Գավրիլովիչ Պուստովոյտովի եկամտաբեր տունը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին Գ. Գ. Պուստովոյտովի առևտրային տունը համարվում էր քաղաքի ամենաբարձր շենքերից մեկը։ Ինչպես այն ժամանակվա եկամտաբեր տներից շատերում, Պուստովոյտովի տան տարածքները հանձնվում էին վարձակալությամբ։ Շինարարության ավարտից հետո շենքում տեղակայվել էին «Պրովոդնիկ» ֆիրմայի ռետինե, գուտապերչե և հեռագրային արտադրության ռուս-ֆրանսիական գործարանների ընկերակցության Ռոստովի մասնաճյուղը, Ա. Գիրշտեյնի զարդերի և ժամացույցների խանութը, «Կենտրոնական» և «Լոնդոն» հյուրանոցները[2]։

Առևտրային տան շենքը ռմբակոծությունից հետո

1920 թվականին շենքն ազգայնացվել է, այնտեղ տեղակայվել է Բրդի հարավարևելյան պետական միավորումը։ 1930 թվականին շենքի 4-րդ հարկը զբաղեցրել են Ռոստովի Վ. Մ. Մոլոտովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանը և համալսարանի վարչությունը։ Գիտական գրադարանի հավաքածուում XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի ռուսական ամսագրեր էին, որոնց թվում ռուսական երգիծական առաջին ամսագրերից մեկը՝ «Ժիվոպիսեցը», «Մոսկովսկի ժուռնալը», ռուսական գրական-քաղաքական առաջին ամսագրերից մեկը՝ «Վեստնիկ Եվրոպի»-ն (1802-1830), «Մոսկովսկի տելեգրաֆը», «Սովրեմեննիկ» ամսագիրը, որը հիմնադրել է Ալեքսանդր Պուշկինը[3]։ Գրադարանի արժեքավոր օրինակներից էին XVI դարի կեսերի օտարերկրյա հնատիպ պարբերականները։ Գիտական գրադարանի գրքերի ֆոնդի ամբողջական ցուցակը նշված է 1941 թվականի «Գրադարանի ձեռնարկ-ուղեցույցում», որը խմբագրել է գրադարանի տնօրեն Դ. Ս. Ֆատիլևիչը։

1942 թվականին, Դոնի Ռոստովի գերմանաֆաշիստական զորքերի երկրորդ օկուպացիայի ժամանակ, քաղաքը ենթարկվել է գորգաձև ռմբակոծությունների։ Գ. Գ. Պուստովոյտովի տան վրա ընկել է մի ռումբ, որը քանդել է շենքի տանիքն ու ռոտոնդան։ Ռմբակոծության հետևանքով Գ. Գ. Պուստովոյտովի տան վերին հարկերն ամբողջությամբ այրվել են, հրդեհը ոչնչացրել է գիտական գրադարանի գրքային ամբողջ ֆոնդը։

1965 թվականին շենքը վերակառուցվել է։ Ճարտարապետ Ե. Պ. Լիխաբաբինի նախագծով շենքին ավելացվել է հարավային թև Բուդյոննու պողոտայի կողմից[4]։ Մինչև Հայրենական մեծ պատերազմը նոր թևի տեղում եղել են Գրիգորի Պուստովոյտովի ևս մեկ տուն և Կարապետ Չեռնովի տունը, որոնք հնարավոր չի եղել վերականգնել 1942 թվականի ռմբակոծությունից հետո։ Այսօր շենքում գտնվում է Ռոստովի կենտրոնական հանրախանութը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Պուստովոյտովի տան նախագծով զբաղվել է Ռոստով-Նախիջևանի քաղաքապետության ճարտարապետ Ե. Մ. Գուլինը, որն այդ պահին ավարտել էր Յաբլոկովների առևտրի տանշինարարությունը։

Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տան շենքի ճարտարապետությունում գլխավոր դեր են խաղում ռացիոնալ մոդեռնի ֆորմալ հոսանքներից մեկի՝ 1897 թվականին Գերմանիայում առաջացած «հանրախանութի ոճի» կամ «արդյունաբերական-առևտրային ոճի» սկզբունքները։ Շենքի շինարարության ժամանակ կիրառվել է որմնակմախքային կառուցողական նոր համակարգ, որը դրսևորվում է միասնական ռիթմիկ հորինվածում միավորված ուղղահայաց մասնատումների գերակշռությամբ ճակատների պլաստիկայում[5]։

Ճարտարապետական հանրության շրջանում Գրիգորի Պուստովոյտովի առևտրային տունը հաճախ համեմատում են Կուզնեցովների առևտրային տան (Մոսկվա) և Մերտենսի առևտրային տան (Սանկտ Պետերբուրգ) հետ, ինչը հիմք է տալիս խոսելու ոչ միայն մայրաքաղաքային օրինակների ուժեղ ազդեցության, այլև ստեղծագործական փոխառման մասին։ Հենց XIX դարի վերջի - XX դարի սկզբի ճարտարապետությունն է եղել Ռոստովի «մայրաքաղաքայնության» և բազմազանության չափանիշը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Перечень объектов культурного наследия регионального значения г. Ростова-на-Дону - Правительство Ростовской области»։ www.donland.ru։ Վերցված է 2015-11-21 
  2. «Туристский портал г. Ростова-на-Дону»։ tourism.rostov-gorod.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-07-12-ին։ Վերցված է 2015-11-21 
  3. ««В поисках утраченного…» О фондах Зональной научной библиотеки Южного федерального университета | Статьи | Главная | Научный журнал»։ www.relga.ru։ Վերցված է 2015-11-21 
  4. «История архитектуры Нижнего Дона и Приазовья (Кукушин В.С.)»։ architecture.artyx.ru։ Վերցված է 2015-11-21 
  5. А. М. Иванова-Ильичева Диссертация: Рационалистические тенденции в архитектуре городов Нижнего Дона и Приазовья второй половины XIX - начала XX вв. :На примере Таганрога, Ростова-на-Дону и Нахичевани-на-Дону, Новочеркасска. — 2000. — № 18.00.01. — С. 232.
  6. Есаулов Г. В., Черницына В. А. «Архитектурная летопись Ростова-на-Дону». — ООО издательско-полиграфическая фирма "Малыш". — Ростов-на-Дону, 1999. — С. с. 87-89. — 288 с. — ISBN 5-8456-0433-8

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — ISBN 5-8456-0489-3.
  • Л. И. Усачёва, «Ростов-на-Дону в прошлом и настоящем», с. 40.
  • Газета «Ростов официальный», статья «Бой часов над воротами города» № 2 (476) от 14 января 2004 год.
  • Газета «Ростов официальный», статья «Часы большого города» № 50 (681) от 19 декабря 2007 года.