Գրիգորիս Աբարդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորիս Աբարդյան

Գրգորիս Աբարդյանի լուսանկարը
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Տեր Գրիգորիս Ծայրագույն Վարդապետ Աբարդեանց
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գրիգորիս (Գրիգոր) Աբարդյան
Տիտղոս Կիլիկիայի կաթողիկոսության միաբան, Զեյթունի թեմի առաջնորդ
Ծնվել է 1835
Ծննդավայր Զեյթուն
Մահացել է 1909
Մահվան վայր Բերա, Կ. Պոլիս
Ազգություն Հայ
Ձեռնադրություն 1861
Հոգևոր աստիճան Աբեղա


Գրիգորիս Վարդապետ Աբարդյան նաև Տեր Գրիգորիս Ծայրագույն Վարդապետ Աբարդեանց, Գրիգոր Աբարտյան (1835, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1909, Բեյօղլու, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ հոգևորական, Զեյթունի թեմի առաջնորդ, Կիլիկիայի ազատագրական շարժման ականավոր գործիչ, եկեղեցական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիս Վարդապետ Աբարդյանը ծնվել է 1835 թվականին Զեյթուն քաղաքում։ Սերվում է Զեյթունի Աբարդյանների իշխանական տոհմից։ 1861 թվականին ձեռնադրվել է որպես աբեղա և դարձել Կիլիկիայի կաթողիկոսության միաբան։ 1862 թվականին, երբ Զեյթունը տագնապալի վիճակում էր գտնվում՝ մի քանի հայտնի մարդկանց հետ գնում է Ֆրանսիա և Նապոլեոն Գ-ին ներկայանում խնդրելու համար իր միջամտնությունը՝ թուրքական կառավարությունում, Զեյթունի համար բնականոն կյանք ապահովելու համար։ Վարդապետի դիմումը արդյունավետ է լինում։ Աբարդյանը շուրջ 40 տարի վարում է առաջնորդական պաշտոններ Կոստանդնուպոլսում՝ Գասըմ-Փաշա թաղամասում և Շիշլի թաղամասի Ֆերիգյուղ շրջանում։ Մահացել է 1909 թվականին Բերայում։ Թաղված է Շիշլիի ազգային գերեզմանատանը[1]։

Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի պաշարմումից հետո Զեյթունում ժողով է գումարվում և որոշվում է Կոստանդնուպոլիս ուղարկել Զեյթունի երկու իշխաններին՝ Աստվածատուր Ենիտունյանին, Հազար Շովրոյանին ու Մովսես քահանային։ Մարաշի Ազիզ փաշայի ձախողված արշավանքից հետո, թուրքական կառավարությունը կարգադրում է 150 հազարանոց կանոնավոր բանակով շրջապատել Զեյթունը, հիմնահատակ կործանել այն՝ բնաջնջելով ողջ բնակիչներին։ Մինչ իշխանների Կոստանդնուպոլիս մեկնելը, զեյթունցիները իմանալով թուրքական կառավարության մտադրության մասին, որոշում են մի պատվիրակություն ուղարկել Կոստանդնուպոլիս։ Այդ պատվիրակության մեջ էին զեյթունցի Հակոբ քահանան և Մնացական Սեմերճյանը (Զեյթունցի), որոնք 1862 թվականի սեպտեմբերի 18-ին հասնում են Կոստանդնուպոլիս։ Մամիկոն Վարժապետյանն իր «Հուշիկք Զեյթունի» աշխատության մեջ նշում է, որ լեռնականների այս պատվիրակության հետ Կոստանդնուպոլիս է գնացել նաև վարդապետ Գրիգորիս Աբարդյանը, սակայն պարզվում է, որ նա հետո է գնացել։ Որոշ ժամանակ անց Կոստանդնուպոլիս է մեկնում վարդապետ Գրիգորիս Աբարդյանը, ապա այնտեղից անցնում Փարիզ, որտեղ Կարապետ Շահնազարյանի հետ միասին խնդրագիր են ներկայացնում ֆրանսիական Նապոլեոն Գ կայսրին։ Դիմումի մեջ նշում Զեյթունի իրադարձությունների մասին, կայսրին տեղյակ պահում գավառի պաշարման և սուլթանի նոր որոշման մասին։ Զեյթունի առաջնորդը Փարիզում Կարապետ Շահնազարյանի հետ կարողանում է նամակը հանձնել կայսրին։ Կայսրը հանձնարարում է Կոստանդնուպոլսի ֆրանսիական դեսպանին զբաղվել զեյթունցիների խնդրով։ Ի վերջո թուրքական կառավարությունը կազմում է հանձնաժողով, քննարկում Զեյթունի գործը։ 1864 թվականի հոկտեմբերին հանձնաժողովը զեկուցագիր է հանձնում Բարձր դռանը[2]։

Մատենադարանում պահպանվել են Երեմիա Տեր-Սարգսյանի (Տևկանց) 11 հատորից բաղկացած հուշերը, որի 5-րդ գրքի (ձեռագիր 4177) Բ, Գ, Դ, Ե գլուխները ամբողջապես վերաբերվում են Զեյթունի 1862 թվականի ապստամբության պատմությանը։ Հիշատակարանը գրվել է 1881 թվականին։ Երեմիա Տեր-Սարգսյանը 1862 թվականին պաշտոնավարել է Կոստանդնուպոլսում, հանդիպումներ ունեցել Օսմանյան Կայսրության մայրաքաղաք եկած Զեյթունի պատվիրակների հետ։ Այդ պատվիրակության մեջ են եղել՝ վարդապետ Գրիգորիս Աբարդյանը, Տեր Հակոբը, Մնացական Սեմերճյանը (Զեյթունցի), իշխաններ Աստվածատուր Ենիտունյանը և Հազար Շովրոյանը, Մովսես քահանան, Զեյթունի գործն ուսումնասիրող ֆրանսիական դեսպանության աշխատակից Ժյուլ Ռոբերը և ուրիշներ[3][4]։

1868 թվականի նոյեմբերի 6-ին Զեյթունի Աստվածատուր Ենիտունյան իշխանը և Գրիգորիս վարդապետ Աբարդյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղարկված նամակում գրում են՝.

«Արդարև տեսարան մը կսեմ ի նուազն հինգ հարյուր տարիե չտեսնված բռնություն մը ահավասիկ 2-3-4 տարի կտիրե. ո՛չ այնքան նյութականին, որքան բարոյականին՝ անցավոր պահանջմունքը թեև դառն բայց նույնպես կարելի է տանել. ապա ուրեմն չէ կարելի համբերել՝ երբ ազատության նեցուկ բազկի և ոտից ջղերը խիստ շանթահարել և անցյալն հեգել և ներկային վտանգավոր տեսնելով՝ միշտ մի՞թե կարող է գրիչ մը նկարագրել Զեյթունի աղիողորմ լռելյայն եղելությունքը։

Վեհափառ տե՛ր կուզենք Զեյթունի կամ վաղեմի վիճակը որ է մասնավոր հարկ տալ ինչպես որ մինչ զարդ կուտար օսմանյան տերության, և չորս իշխան կառավարիչք, կամ քրիստոնյա իշխան մը, կամ չափավորված որոշ հարկ մը։»[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Հանրագիտակ», Մկրտիչ Պոտուրյան, Բուխարեստ, 1938, էջ 11
  2. «Զեյթունի Պատմությունը», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969, էջ 177-178
  3. «Զեյթունի Պատմությունը», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969, էջ 23
  4. «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, 1981, Հատոր Գ, էջ 407
  5. «Զեյթունի Պատմությունը», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969, էջ 189-190

Աղբիւրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Հանրագիտակ», Մկրտիչ Պոտուրյան, Բուխարեստ, 1938, էջ 11։
  • «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, 1981, Հատոր Գ, էջ 407
  • «Զեյթունի Պատմությունը», Հայկազ Պողոսյան, Երևան, 1969, էջ 23, 177-178, 189-190