Գրիգորե Անտիպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորե Անտիպա
Ծնվել էնոյեմբերի 10, 1867(1867-11-10)[1]
ԾննդավայրԲոտոշանի, Ռումինիա
Մահացել էմարտի 9, 1944(1944-03-09)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Մասնագիտությունկենսաբան, Ձկնաբան և կենդանաբան
ԱնդամությունՌումինական ակադեմիա
Grigore Antipa Վիքիպահեստում

Գրիգորե Անտիպա (ռում.՝ Grigore Antipa, նոյեմբերի 10, 1867(1867-11-10)[1], Բոտոշանի, Ռումինիա - մարտի 9, 1944(1944-03-09)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումին դարվինիստ կենսաբան, կենդանաբան, ջրակենսաբան, օվկիանոսագետ, լիմնոլոգ, ջրակենսաբանության և ձկնաբանության ռումինական դպրոցի հիմնադիր: Ուսումնասիրել է Դանուբ գետի դելտայի և Սև ծովի ֆաունան (կենդանական աշխարհը): Եղել է Բուխարեստի Բնության պատմության թանգարանի տնօրենը (1892-1944 թթ.), 1910 թ. ընտրվել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորե Անտիպան ծնվել է իրավաբանի ընտանիքում, 1867 թվականի նոյեմբերի 27-ին, Բոտոշանի քաղաքում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում հայերն ու հրեաները: Վաղ հասակում զրկվել է ծնողներից, և նրա խնամքն ու դաստիարակությունը ստանձնել է մորաքույրը: Ավագ եղբոր՝ Նիկոլաեի օժանդակությամբ (նա կարողացել էր կարգավորել ուսանողական թոշակի հարցը) Գրիգորեն բարձրագույն մասնագիտական կրթություն է ստացել Գերմանիայի համբավավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Ենայի համալսարանում, եղել անվանի բնագետ Էռնստ Հեկկելի ուսանողը:

Համալսարանն ավարտելուց հետո գիտական հետազոտություններ է իրականացրել Ֆրանսիայում և Իտալիայում: Մասնավորապես՝ իտալական Կապրի կղզու շրջակա ջրերում ուսումնասիրել է ձկների ու մեդուզաների կառուցվածքը, հայտնաբերել ու գիտականորեն նկարագրել մեդուզայի Capria sturdzii տեսակը:

1892 թվականին աշխատանքի է անցել Բուխարեստի Բնության պատմության թանգարանում. սկզբում գլխավորել է կենդանաբանության բաժանմունքը, ապա դարձել թանգարանի տնօրենը /այդ պաշտոնը վարել է մինչև իր կյանքի ավարտը/: Գրիգորե Անտիպան համարվում է թանգարանային գործի առաջին մասնագետը, ով կիրառել է տրամանկարը (դիորաման) թանգարանային պայմաններում, բացի այդ, կատարելագործել է այն՝ ընդգծելով եռաչափ հայեցակետը:

Անտիպան կարողացել է Ռումինիայի Կարոլ Առաջին թագավորին համոզել, որ Դանուբ գետի և Սև ծովի ուսումնասիրությունը կարևոր գործ է, և 1893 թվականին NMS Elisabeta զրահակիր նավով մեկնել է գիտական արշավի: 118 օր ուսումնասիրել է Դանուբի գետաբերանը, Սև ծովի ռումինական ափերը, այցելել է նաև Սինոպ, Ստամբուլ, Օդեսա, Սևաստոպոլ: Հետագայում այն վարկածն է առաջ քաշել, որ Դանուբի դելտայի տեղում հնում եղել է լիման (լճուցք), որը ծովից բաժանված է եղել մերձափնյա ավազաթմբով: Դանուբ գետը դարերի ընթացքում աստիճանաբար քայքայել է այդ ավազաթումբը, այդ ընթացքում բաժանվել վեց բազուկների:

1910 թվականին Գրիգորե Անտիպան ընտրվել է Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1919 թվականին Մադրիդում մասնակցել է CIESM-ի (Միջերկրական ծովի գիտական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի) հիմնադրմանը: 1932 թվականին Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստային քաղաքում հիմնել է ծովային հետազոտությունների գիտական ինստիտուտ: 1941 թվականին հրատարակել է իր կոթողային աշխատության՝ «Սև ծով. օվկիանոսագրությունը, բիոնոմիան և ընդհանուր կենսաբանությունը» գրքի առաջին մասը: Երկրորդ մասը ավարտելուն խանգարել է մահը, որը վրա է հասել 1944 թվականի մարտի 9-ին:

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորե Անտիպայի անունն է կրում Բուխարեստի Բնության պատմության ազգային թանգարանը, որի տնօրենն է նա եղել 1892-1944 թթ.: Նրա նկարն էր զետեղված ռումինական 200 լեյ արժեքով թղթադրամի վրա, որը թողարկվել է 1991-1994 թվականներին: Բացի այդ, Ռումինիայի ազգային բանկը անվանի գիտնականի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին թողարկել է հատուկ հուշադրամ (ընդամենը 250 նմուշօրինակ):

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Despre necesitatea introducerii unei pisciculturi sistematice în apele României (1892)
  • Studii asupra pescariilor din România (1895)
  • Proiect de lege a pescuitului (1896)
  • Die Fischerei-Verlaltnisse Rumaniens (1899)
  • Fauna ihtiologică a României (1909)
  • Pescăriile şi regiunea inundabilă a Dunării în cadrul economiei naţionale şi mondiale (1932)
  • Iconographie des Sturions et Clupeides de la Mer Noire (1934)
  • Marea Neagră şi ihtiologia ei (1941)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mihai Băcescu şi Alexandru Marinescu, Grigore Antipa şi Academia Română în Analele Muzeului de Istorie Naturală « Grigore Antipa » nr. 20, 1979 pars 2: 623-629.
  • Alexandru Marinescu, In memoriam Grigore Antipa în Analele Muzeului de Istorie Naturală « Grigore Antipa » nr. 32: 553-554.
  • Colectiv, Grigore Antipa, savant şi organizator în Noesis nr. 20: 139-146 ; Grigore Antipa, omul pe teren în Analele Muzeului de Istorie Naturală « Grigore Antipa » nr. 34: 589-590.
  • Alexandru Marinescu, Corespondenţa inedită între Émile Racovitza şi Grigore Antipa în Analele Muzeului de Istorie Naturală « Grigore Antipa » nr. 35: 691-700.
  • Personalităţi româneşti ale ştiinţelor naturii şi tehnicii, Editura Ştiinţifică şi enciclopedică, Bucureşti, 1982.
  • Alexandru Marinescu şi Ştefan Negrea, Pe urmele lui Grigore Antipa, 1990, ISBN: 973-41-0108-0.
  • Dorina N.Rusu, Membrii Academiei Române 1866-1999, Editura Academiei Române, Bucureşti, 1999.
  • Petru Costinescu, Nicolae M. Mihăilescu, Mihai Olteneanu, Inventatori români, ediţiile I şi a II-a, editurile AGIR şi OSIM, Bucureşti, 1999 şi 2000.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.