Գրետա Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ և ծանրամարտիկ
Երկիր՝Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 20, 1986(1986-02-20) (36 տարեկան)

Գրետա Վարդանյան (փետրվարի 20, 1986(1986-02-20)), հայ ծանրամարտիկ, բազկամարտիկ և լեռնադահուկորդ։ Նա չորս անգամ Հայաստանը ներկայացրել է պարաօլիմպիկ խաղերում, մեկ անգամ ձմեռային և երեք անգամ՝ ամառային։ Վարդանյանը ամառային բոլոր խաղերի բացմանը եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Վարդանյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 20-ին։ Երկու տարեկան հասակում, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, կորցրել է ծնողներին և եղբայրներին, իսկ ինքը դարձել է հաշմանդամ։ Մի շարք վիրահատությունների արդյունքում անդամահատվել են նրա երկու ոտքերը[1][2]։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնադահուկային սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանը սպորտով է զբաղվել 1993 թվականից, սկզբնական շրջանում՝ լեռնային դահուկավազքով։ 2002 - 2005 թվականներին նա մրցումների է մասնակցել ԱՄՆ-ում։ 2006 թվականի Թուրինի ձմեռային պարաօլիմպիկ խաղերում նա Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներից մեկն էր[3]։ Վարդանյանը մասնակցել է լեռնադահուկային սպորտի կանանց մեծ մրցավազքին՝ ավարտելով 11-րդ հորիզոնականում ընդհանուր 3:43.29 ժամանակում։

Ծանրամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծանրամարտում պրոֆեսիոնալ կերպով սկսել է մրցել 2005 թվականին, իսկ երկու տարի անց մասնակցեց իր առաջին միջազգային մրցմանը, երբ Հունաստանում կայացած Եվրոպայի բաց առաջնությունում նա իր քաշային կարգում զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ[4]։ Նրա առաջին ամառային պարաօլիմպիկ խաղերը տեղի ունեցան 2008 թվականին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում[5]։ Միջոցառման բացման ժամանակ նա Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր։ Վարդանյանը 3 փորձից 80 կգ-ը չբարձրացրեց և տեղ չզբաղեցրեց 48 կգ քաշայինների կարգում[6]։

2012 թվականին նա լողորդ Մագա Հովակիմյանի հետ միասին Լոնդոնի ամառային պարալիմպիկ խաղերին ներկայացնում էր Հայաստանի կանանց թիմը։ Երկրորդ անգամ բացման արարողության ժամանակ ազգերի շքերթում նա ընտրվեց որպես Հայաստանի դրոշակակիր[7]։ Վարդանյանը մրցելույթն ավարտեց մրցանակային տեղերից դուրս՝ 48 կգ քաշայինների պայքարում բարձրացնելով 82 կգ[8]։

Վարդանյանը Հայաստանը ներկայացրեց նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում։ Այս անգամ էլ էր նա Հայաստանի դրոշակակիրը։ Իր քաշային կարգում նա մրցելույթն ավարտեց հինգերորդ հորիզոնականում՝ երեք փորձից բարձրացնելով առավելագույնը 96 կգ[9]։

Վարդանյանը 2017 թվականին Հունգարիայի Էգեր քաղաքում կայացած պարա փաուերլիֆթինգի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 55 կգ քաշայինների կարգում նա բարձրացրեց 85 կգ՝ զիջելով միայն չիլիացի Կամիլա Կամպոսին (92 կգ)[10]։

Գրետա Վարդանյանը 2022 թվականի դեկտեմբերին Դուբայում անցկացվող պարածանրամարտի (պարափաուերլիֆթինգ) աշխարհի գավաթի առաջնությունում 55 կգ քաշային կարգում հաջողությամբ ավարտել է բոլոր երեք փորձերը՝ բարձրացնելով 85, 90 և 93 կգ քաշային ծանրաձողերը և նվաճել չեմպիոնի կոչումը։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր։ Նա ընտանիքի հետ ապրում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում[12]։ Նա մասնագիտությամբ նաև հոգեբան է, սովորել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Athlete Bio»։ Paralympic.org։ Վերցված է November 12, 2017 
  2. «Student Council-Pyunik: New Format of Cooperation»։ YSU News։ January 18, 2011։ Վերցված է November 12, 2017 
  3. «The Armenian National Team of Paralympic Games Leaves for Torino»։ National Assembly of Armenia։ March 3, 2006։ Վերցված է November 12, 2017 
  4. «Student Council-Pyunik: New Format of Cooperation»։ YSU News։ January 18, 2011։ Վերցված է November 12, 2017 
  5. «Beijing 2008 Paralympic Games Opening Ceremony - Flagbearers List» (PDF)։ Paralympic.org։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2008-ին 
  6. «Powerlifting Women's 48 kg» (PDF)։ Beijing 2008։ September 10, 2008։ Արխիվացված է օրիգինալից 3 September 2012-ին։ Վերցված է November 12, 2017 
  7. «List of Opening Ceremony flag bearers»։ Paralympic.org։ August 29, 2012։ Վերցված է November 12, 2017 
  8. «Paralympic Games: Greta Vardanyan didn’t win medal»։ Lurer.com։ September 1, 2012։ Վերցված է November 12, 2017 
  9. «Greta Vardanyan took the 5th place at the Summer Paralympic Games»։ Republic of Armenia Ministry of Sport and Youth Affairs։ September 14, 2016։ Վերցված է November 12, 2017 
  10. «Tunkel victorious at home powerlifting World Cup»։ Paralympic.org։ May 4, 2017։ Վերցված է November 12, 2017 
  11. «Представительница Армении завоевала золотую медаль на чемпионате мира в Дубае»։ Armenia Today (ru-RU)։ 2022-12-18։ Վերցված է 2022-12-19 
  12. «Student Council-Pyunik: New Format of Cooperation»։ YSU News։ January 18, 2011։ Վերցված է November 12, 2017