Գրական կոնֆլիկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոնֆլիկտ (լատ. conflictus-ընդհարում, բախում) եզրույթը հումանիտար գիտությունների տիրույթում ամենից հաճախ օգտագործվող բառերից մեկն է։ Այն չի պատկանում գիտության որևէ կոնկրետ ճյուղի, փոխարենը հավասարաչափ բնորոշ է փիլիսոփայությանը, հոգեբանությանը, սոցիոլոգիային և այլ բնագավառների։ Ա. Յ. Անցուպովը և Ա. Ի. Շիպիլովը նշում են գիտության 11 բնագավառ, որոնք ուսումնասիրում են կոնֆլիկտը[1] :

Կոնֆլիկտի սահմանումը գրականագիտության տիրույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ջրբաշյանը իր «Գրականագիտության ներածություն»-ում կոնֆլիկտը սահմանում է հետևյալ կերպ. «Սյուժեի առաջշարժիչ ուժը իրական կյանքի հակասությունն է, որ գրողը դնում է ստեղծագործության հիմքում: Կյանքի զարգացումը միշտ կապված է հակասությունների, ներհակ ուժերի պայքարի հետ, և գրականությունն արտացոլում է այդ պայքարը: Կենսական հակասությունների գեղարվեստական վերարտադրությունը հեղինակի գեղագիտական իդեալի դիրքերից կոչվում է կոնֆլիկտ»[2] : Կոնֆլիկտի հիմքում միշտ հակասություն կա, շահերի, գաղափարների անհամաձայնեցում։ Կոնֆլիկտը երկու տարբեր ուժերի բախում է, գրողը ստեղծում է դրական-բացասական, վեհ-ստոր կերպարներ և հակադիր բևեռների բախման միջոցով ապահովում սյուժեի շարժումը։ Դուալիզմը, երկու հակադիր բևեռների կաղապարը (կլիշեն) ընկած է մարդկային աշխարհընկալման, աշխարհաճանաչողության հիմքում, այն ասես առանցք լինի, միջուկ, որի շուրջ պտտվում է մարդկային գիտակցությունը։

Գրական կոնֆլիկտի զարգացման աստիճանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսով՝ կոնֆլիկտի հիմքում հակադրությունն է, իրար հակասող, իրար մերժող ուժերի բախումը, որն էլ ապահովում է դիպաշարի շարժումը։ Կոնֆլիկտի և ամբողջ դիպաշարի զարգացումը բաղկացած է մի քանի հաջորդական աստիճաններից։ Էդ. Ջրբաշյանը առանձնացնում է ամենից հաճախ հանդիպող հետևյալ հինգ բաղկացուցիչ տարրերը՝ նախադրություն (էքսպոզիցիա), հանգույց, գործողության զարգացում (պերիպետիա), գագաթնակետ (կուլմինացիա) և լուծում[3] :

Կոնֆլիկտի զարգացման հաջորդական աստիճանները

Դիպաշարը զարգանում է մի փուլից (աստիճանից) դեպի մյուսն անցում կատարելով, և փուլերի միջև հիմնականում լինում են, այսպես ասած, նախափուլեր, որոնք պատրաստում են անցումը մի փուլից դեպի հաջորդ փուլ։ Գծապատկերում պատկերված սև կետերը նախափուլերն են։ Խիստ կարևոր են փուլերից հատկապես երկուսը՝ հանգույցը և կուլմինացիան, որոնք կազմում են կոնֆլիկտի առանցքը։ Եթե հանգույցը նախապատրաստում է կոնֆլիկտի մուտքը, ապա կուլմինացիան ուժերի գերլարման, բնավորությունների և հանգամանքների առավել սուր և տեսանելի պահն է։ Հետո, սովորաբար, գործողությունը անկում է ապրում և ավարտվում։

Կոնֆլիկտի տիպաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականագիտության համար խիստ կարևոր և առաջնային է կոնֆլիկտի տիպաբանությունը։ Տարբերակվում են «բաց» և «փակ», «կենտրոնամետ» (центростремительные) և «կենտրոնախույս» (центробежные), «գլխավոր» և «երկրորդական», «օբյեկտիվ» և «սուբյեկտիվ», «արտաքին» (սոցիալական) և «ներքին» (հոգեբանական), «լոկալ» և «պարաբոլիկ» (параболический) կոնֆլիկտի տեսակներ։ Ընդունված է առանձնացնել գրականության մեջ ամենից հաճախ հանդիպող կոնֆլիկտի հետևյալ տեսակները.

  • բնական կամ ֆիզիկական կոնֆլիկտ, երբ հերոսը մարտնչում է բնության դեմ,
  • սոցիալական կոնֆլիկտ, երբ մարդուն մարտահրավեր է նետում այլ մարդ կամ հասարակությունը,
  • ներքին կամ հոգեբանական կոնֆլիկտ, երբ մարդու ցանկությունները հակադրության մեջ են նրա խղճի հետ,
  • կոնֆլիկտ, երբ մարդը դիմադրում է ճակատագրին կամ ինչ-որ աստվածության։

Գրականագիտությունը տարբերակում է կոնֆլիկտի երկու տեսակ ևս. խոսքը «լոկալ» և «կայուն» կոնֆլիկտների մասին է։ Առաջին տեսակը ենթադրում է կոնֆլիկտ, որի լուծումը հնարավոր է ակտիվ գործողության միջոցով։ Երկրորդ տեսակը ենթադրում է կայուն կոնֆլիկտային իրավիճակ, որի լուծման համար հայտնի չէ որևէ պրակտիկ գործողություն։Առաջին տեսակի մեջ է մտնում կոնֆլիկտի դասական ձևը, երբ առաջանում է կոնֆլիկտ, տեղի է ունենում բախում իրար հակադիր ուժերի միջև, և կոնֆլիկտը լուծվում է։ Այլ է խնդիրը կոնֆլիկտի կայուն տեսակի պարագայում, որի դեպքում կոնֆլիկտը անլուծելի է միայն մեկ գործող անձի, հերոսի «կյանքի» սահմանում և հաճախ ընդհանրապես անլուծելի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տե՛ս Анцупов А. Я. Шипилов А. И., Конфликтология, М., 2000, էջ 7:
  2. Էդ. Ջրբաշյան, Գրականագիտության ներածություն, Եր., 2011, էջ 129-130 (Այս մասին մանրամասն տե՛ս նաև Давыдова Т.Т., Пронин В.А.,Теория литературы, М., Логос, 2003, էջ 152-157, նաև Кожинов В.В., Сюжет, фабула, композиция. Теория литературы, М., 1964, էջ 461-466, ինչպես նաև Федотов О.И.,Основы теории литературы, Том 1, М., 2003, էջ 62-67):
  3. Տե՛ս Էդ. Ջրբաշյան, նշված աշխատությունը, էջ 133: