Գրադարանա-մատենագիտական կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրադարանա-մատենագիտական կրթություն, բարձր և միջին որակավորման գրադարանավարների և մատենագետների պատրաստման համակարգ։ 1918 թվականին Մոսկվայում ՌԽՖՍՀ լուսժողկոմատին կից կազմակերպվել է գրադարանային սեմինարիա, գրադարանային դասընթացներ են բացվել մի շարք քաղաքներում։ 1919 թվականին (Պետրոգրադում) և 1924 թվականին (Մոսկվայում) կազմակերպվել են գրադարանային բարձրագույն դասընթացներ։ 1930 թվականին ստեղծվել է գրադարանային առաջին բուհը՝ Մոսկվայի պետական գրադարանային ինստիտուտը։ 1964 թվականին գրադարանային բուհերը վերանվանվել են կուլտուրայի ինստիտուտների։ Գրադարանային բաժիններ են բացվել մի շարք համալսարաններում։ Գրքագետ-֊մատենագետներ հնագետներ է պատրաստում նաև Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտը։ 1969 թվականին ԽՍՀՄ-ում գործել է գրադարանային մասնագետներ պատրաստող 20-ից ավելի բուհ, այդ թվում՝ կուլտուրայի 10 ինստիտուտները (մոտ 30 հազար ուսանող)։ Հատուկ գրադարանային տեխնիկումներ են ստեղծվել 1929 թվականից։ 1969 թվականին ԽՍՀՄ-ում կային 12 գրադարանային տեխնիկում և ավելի քան 100 կուլտուր-լուսավորական ուսումնարան ու դպրոց, ինչպես նաև միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ։ 1969 թվականին մասսայական գրադարաններում աշխատել են 65,4 հազար գրադարանավարներ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ։ Գրադարանային կադրերի պատրաստման համակարգը պետական բնույթ է կրում նաև սոցիալիստական մյուս երկրներում։ 1929 թվականին Երևանում կազմակերպվել է քաղլուս տեխնիկում (գրադարանային բաժնով), որը հետագայում կոչվել է ակումբա-գրադարանային տեխնիկում, գործել է մինչև 1961 թվականը (1941-1946 թվականները փակված էր)։ 1961-1969 թվականներն ակումբա-֊գրադարանային բաժին ուներ Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանը։ 1969 թվականին ակումբա-գրադարանային ուսումնարան է հիմնվել Էջմիածնում (ստացիոնար և հեռակա բաժիններով)։ Բարձրագույն գրադարանային բաժին է գործել Երևանի պետական համալսարանում (1949-1955 թթ., ստացիոնար), Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում (1954-1960 թթ.), նորից համալսարանում (1960-1970 թթ., հեռակա) և հեռակա մանկավարժական ինստիտուտում (1967-1970 թթ.)։ Գրադարանա-մատենագիտական բաժին (ստացիոնար և հեռակա) ունի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը (1970 թվականից)։ 1972-1973 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում բարձրագույն և միջնակարգ գրադարանա-մատենագիտական կրթություն է ստացել 200 մարդ, այդ թվում 58-ը՝ բուհում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 194 CC-BY-SA-icon-80x15.png