Գվինևրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գվինևրա
Դիմանկար
Մասնագիտությունգրող
ԱմուսինԱրթուր
Ծնողներհայր՝ Լեոդեգրանս
Զբաղեցրած պաշտոններԿոնսորտ թագուհի
 Guinevere Վիքիպահեստում

Գվինևրա (/ˈɡwɪnɪvɪər/ ( ) վալլիերեն՝ Gwenhwyfar pronunciation ; բրետոներեն՝ Gwenivar), հաճախ գրվում է նաև Գվենևեր[1], արթուրյան լեգենդներում Արթուր արքայի կինն ու թագուհին։ Ներկայացվել է ինչպես ստոր ու պատեհապաշտ դավաճան, այնպես էլ որպես ազնիվ ու առաքինի տիկին։ Առաջին անգամ նրա մասին նշվել է 12-րդ դարում Ջեոֆրի Մոնմաուտցու կողմից գրված «Բրիտանիայի թագավորների պատմություն» աշխատության մեջ, սակայն շարունակում է լեգենդի ժամանակակից մեկնաբանություններում հանրահայտ կերպար լինել։

Ուշ միջնադարյան ասպետական վեպերում սյուժետային հիմնական գծերից մեկը Գվինևրա թագուհու սիրային կապն է իր ամուսնու գլխավոր ասպետ ու ընկեր Լանսելոթի հետ, որն անուղղակիորեն հանգեցնում է Արթուրի ու շատ ուրիշների մահվանն ու թագավորության կործանմանը։ Այս պատմությունն առաջին անգամ հիշատակվել է Կրետյեն դե Տրուացու «Լանսելոթ՝ սայլի ասպետը» աշխատության մեջ ու դարձել 13-րդ դարի լանսելոթ-գրեյլյան արձակի հիմնական թեման ու Թոմաս Մելորիի «Արթուրի մահը» վեպի սյուժեի մի մասը։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Գվինևրա, հեղինակ՝ Ջեյմս Արչեր (մոտավորապես 1860)

Գվենվիֆար անվան սկզբնական ուելսական տարբերակը կարելի է թարգմանել որպես «Սպիտակ կախարդուհի» կամ «Սպիտակ փերի/ուրվական»[2][3][4][5]։

Ոմանք ենթադրել են, որ անունը կարող է ծագած լինել Gwenhwy-fawr, այսինքն «Գվենվի Մեծ» բառակապակցությունից ի տարբերություն իր քրոջ՝ Գվենվիախի անվան, որը նշանակում է «Գվենվի Անկարևոր»[6]։

Ջեոֆրի Մոնմաուտցին լատիներենով անունը ներկայացրել է որպես Գանհումարա, ուելսեցի պատմաբան Ջերալդ Ուելսեցին նրան անվանել է Ուենուերեյա, իսկ 15-րդ դարի միջին կոռներեն Bewnans Ke պիեսի մեջ նրան անվանում են Գվինևեր։ Թոմաս Մելորին թագուհուն անվանել է Գվենիվերե, որի ժամանակակից անգլերեն տարբերակը Ջենիֆերն է[7]։

Միջնադարյան գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեդի Գվինևրան «Արթուր թագավորի ու իր ասպետների պատմությունը» գրքի՝ Հովարդ Փայլի պատկերազարդումներում (1903)

Ուելսական պատմություններից մեկում Արթուր արքան ամուսնանում է երեք Գվենիֆարների հետ։ Առաջինը գվենթցի Քիվիրդի դուստրն էր, երկրորդը՝ Գրեյդավլցի Գվիթիրի դուստրը, իսկ երրորդը՝ Գոգֆրան Գավրի («Հսկայի»)[8] դուստրը։ Ուելսական մեկ այլ պատմության մեջ հիշատակվում է միայն Գոգֆրան Գավրի դուստրը։

Պատմությունների մեծ մասում Գվինևրան զավակներ չունի[9], բացառությամբ «Պարլեսվուասի» և «Պարցիֆալի» (Լոհոլթ անունով Արթուրի որդին) և Alliterative Morte Arthure աշխատության[10]։ Վերջին գործի մեջ Գվինևրան հոժարակամ դառնում է Մորդրեդի կենակիցն ու նրան երկու որդի պարգևում, թեև մահացող Արթուրը հրամայում է սպանել երեխաներին, բայց խնայում է Գվինևրային, քանի որ ներում է նրան։ Ուելսական տրիադներում նշվում է Արթուրի որդիների մասին, թեև նրանց ուղղակի ծագումն այնքան էլ պարզ չէ։

Ընտանիքի մյուս անդամները նույնպես անորոշ են։ Լանսելոթ-գրեյլյան արձակում նշվում է խորթ քրոջ ու եղբոր մասին, բայց նրանից ոչ մեկը որևէ այլ տեղ չի հիշատակվում։ Ավելի ուշ շրջանի գրականության մեջ որպես թագուհու հայր նշվում է Լեոդեգրանսը։ Թագուհու մոր մասին հիշատակումները բացակայում են, սակայն երբեմն նշվում է, որ նա մահացել է, ինչպես օրինակ միջին ֆրանսերեն «Արթուրի արկածները» ռոմանսում, որտեղ Ինգլվուդ անտառում մոր տեսիլքը հայտնվում է Գվինևրային ու Գավեյնին։ Որոշ գործերում նշվում են նաև զարմիկներ։

Պատկերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինևրան պատսպարվում է մենաստանում․ «Արթուր արքայի ու իր արքունիքի լեգենդը» գրքի՝ Էդմունդ Հ․ Գարեթի պատկերազարդումներում (1911)

Գվինևրայի մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում է մոտավորապես 1136 թվականին գրված Ջեոֆրեյի Historia-ում։ Այնտեղ ասվում է, որ Բրիտանիայի ամենահայտնի գեղեցկուհի Գվինևրան մորական կողմից ծագում էր հռոմեական ազնվական ընտանիքից և դաստիարակվել է Կորնուոլի դուքս Կադո ապ Գարենի մոտ[11]։ Արթուրը նրան թողնում է իր զարմիկ Մորդրեդի խնամքին ու ինքը մեկնում Եվրոպա՝ պատերազմելու հռոմեացի աառջնորդ Լուցիուս Տիբերիուսի դեմ։ Ամուսնու բացակայությամբ Գվինևրան գայթակղվում է Մորդրեդով և ամուսնանում նրա հետ, իսկ վերջինս իրեն թագավոր է հռչակում և գրավում Արթուրի գահը, որից հետո Արթուրը վերադառնում է Բրիտանիա և կռվում Մորդրեդի հետ ճակատագրական Կամլանի ճակատամարտում[12]։

Գվինևրան Էնիդի և Վիվիենի հետ, հեղինակ՝ Լուիս Ռիդ (1898)
Գվինևրան և Իզոլդան, հեղինակ՝ Ուիլյամ Մորիս (1862)

Հետագա շրջանի հեղինակներն օգտագործում են նրա լավ և վատ հատկանիշներն ավելի խոր կերպար ստեղծելու համար, որը մեծ դեր է խաղում պատմությունների մեջ։ Նրան գովերգում են իր խելքի, ընկերասիրության ու ազնվազարմության համար, մինչդեռ մյուս կողմից Գվինևրան ներկայացվում է որպես ոխակալ շնացող ու գայթակղող կին, որը դավեր նյութելով սպանում է այն տիտղոսակիր հերոսին, ում չի կարողանում գայթակղել։ Նա կուրանալով պատժվում է վերջինիս գաղտնի սիրո՝ Էվըլոն կղզու հեքիաթային արքայադուստր լեդի Տրիամորի կողմից (որին ոմանք նույնացնում են Մորգանա փերիի հետ[13])։ Լատիներեն վեպում Գվինևրային՝ որպես Գվենդոլենա թագուհու, վերագրվում են մարգարեական հատկություններ։

Այս պատմություններն արմատապես տարբերվում են Գվինևրային ու նրա մահը նկարագրելիս։ 15-րդ դարի իտալական La Tavola Ritonda վեպում Գվինևրան հանկարծամահ է լինում ամուսնու մահվան մասին իմանալով։ «Պարլեսվուասում» սըր Քեյի կողմից Լոհոլթի սպանության լուրն է ստիպում նրան մահանալ վշտից, որից հետո նրան թաղում են Լոհոլթի գլխի հետ։ Մեկ այլ տարբերակում[14] Գվինևրան չար թագուհի է, որն իշխում է հաղթանակած Մորդրեդի հետ, մինչև Կլոր սեղանի վերջին ասպետ Լանսելոթը չի սպանում նրան․ նրա դիակը թաղում են գերեվարված Մորդրեդի հետ, որը սովամահ լինելուց առաջ ուտում է այն։ Մոտավորապես 1200 թվականին գրված մեկ այլ տարբերակում Արթուրն ինքն է Գվինևրային մասնատում՝ Մորդրեդին գլխատելուց հետո[15]։

Ֆրանսիական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինևրա թագուհին, հեղինակ՝ Ջոն Քոլիեր (1900)

Ֆրանսերեն ասպետական վեպերում և դրանց հիման վրա հետագայում ստեղծված աշխատություններում Գվինևրան Լեոդեգրանս թագավորի դուստրն է, որը ծառայել է Արթուրի հորը՝ Յութեր Պենդրագոնին և որին վերջինիս մահից հետո վստահվել է Կլոր սեղանը։ Այս պատմություններում Լեոդեգրանսի թագավորությունն ընկած է բրետոնական Քարհեյզ (այժմյան Կարե-Պլուգեր) քաղաքի մոտ։ Քաղաքից դեպի հարավ և արևելք ընկած դաշտերում Արթուրը պաշտպանում է Լեոդեգրանսին՝ հաղթանակ տանելով Ռայենսի թագավորի նկատմամբ, որի արդյունքում հանդիպում և ամուսնանում է Գվինևրայի հետ։ Լեգենդի այս տարբերակում Գվինևրան նշանվում է Արթուրի հետ վերջինիս կարիերայի սկզբում։

Սակայն երբ Լանսելոթը վերադառնում է մայրցամաքից, Գվինևրան անմիջապես հափշտակվում է նրանով։ Նրանք սիրային հարաբերություններ են ստեղծում, որը հանգեցնում է Արթուրի կործանմանը։ Սիրահարներն իրենց առաջին գիշերն անցկացնում են հենց այն օրը, երբ կնոջը դավաճանող Արթուրը քնում է Կամիլ անունով գեղեցկուհի սաքսոն արքայադստեր հետ։ Արթուրը հետագայում ևս անհավատարիմ է գտնվում «կեղծ Գվինևրա» դրվագում, որտեղ Գվենվիախը՝ Գվինևրայի խորթ քույրը, նրան սիրո ըմպելիք է տալիս Գվինևրային դավաճանելու համար, և որին Արթուրն ընդունում է որպես իր երկրորդ կին՝ դեմ գնալով անգամ Հռոմի պապի կարգադրությանը, քանի որ Գվինևրան փախել է Լանսելոթի հետ Գեյլհաուտի թագավորությունում ապրելու։ Ֆրանսիական արձակի հեղինակներն այսպիսով փորձում են արդարացնել Գվինևրայի ու Լանսելոթի դավաճանությունը՝ պախարակելով Արթուրի հեղինակությունը։ Սակայն Մելորիի «Արթուրի մահը» վեպն Արթուրին նկարագրում է որպես կնոջը բացարձակ հավատարիմ ամուսնու, որը հաջողությամբ դիմադրում է կախարդների հնարքներին, բացառությամբ «կեղծ Գվինևրա» դրվագի։

Գվինևրան երեք անգամ մեղադրվում է դավաճանության մեջ, այդ թվում՝ մեկ անգամ կախարդության համար[16]։ Նրա այժմ արդեն ոչ այնքան գաղտնի սիրավեպը բացահայտվում է իր երդվյալ թշնամու ու Արթուրի խորթ քրոջ՝ Մորգանա փերիի կողմից, և Լանսելոթն ստիպված է լինում փախչել որպես իր արքային ու ընկերոջը դավաճանած մեկը։ Ստիպված լինելով պաշտպանել իր պատիվը՝ Արթուրը դժկամորեն կնոջը դատապարտում է խարույկի վրա այրվելու։ Իմանալով, որ Լանսելոթն ու իր ընտանիքը կփորձեն ընդհատել մահապատիժը, արքան իր ասպետներից շատերին ուղարկում է խարույկը հսկելու, թեև Գավեյնը հրաժարվում է մասնակցել։ Լանսելոթը ժամանում է իր ազգականների ու հետևորդների հետ թագուհուն փրկելու։ Գավեյնի եղբայրներ Գահերիսն ու Գարեթը սպանվում են տեղի ունեղած մենամարտի ժամանակ, ինչը Գավեյնին կատաղության է հասցնում ու նա թագավորին դրդում է բաց առճակատման դուրս գալ Լանսելոթի հետ։

Գվինևրան հետագայում Լանսելոթի դղյակից վերադառնում է Արթուրի մոտ ու ներում ստանում (Արթուրն սկսում է կասկածել, թե Գվինևրան երբևէ իրեն դավաճանել է)։ Երբ թագավորը Լանսելոթի հետևից մեկնում է Ֆրանսիա, նա կնոջը թողնում է Մորդրեդի հսկողության տակ, որը որոշում է ինքն ամուսնանալ թագուհու հետ ու գրավել Արթուրի գահը։ Լեգենդի որոշ տարբերակներում Գվինևրան համաձայնում է Մորդրեդի առաջարկին։ Նորից դավաճանության մասին լսելով՝ թագավորը վերադառնում է Բրիտանիա ու Կամլանի ճակատամարտում սպանում Մորդրեդին։ Սակայն իր ստացած վերքերը ևս ծանր են լինում ու Մորգանան նրան տեղափոխում է Էվըլոն կղզին։ Արթուրի մահից հետո Գվինևրան մեկուսանում է մենաստանում՝ որպես պատիժ իր անհավատարմության համար․ նրա զղջումն անկեղծ է ու անփոփոխ․ Լանսելոթին չի հաջողվում համոզել նրան գնալ իր հետ։ Գվինևրան մի վերջին անգամ է հանդիպում Լանսելոթին, անգամ հրաժարվում է համբուրել նրան ու վերադառնում է մենաստան, որտեղ անցկացնում է իր կյանքի մնացած մասը[17]։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Արիս Տերրին Գվինևրայի դերում Ջոզեֆ Քարրի «Արթուր արքա» պիեսում

Արթուրյան լեգենդի ժամանակակից մեկնաբանություններում Գվինևրայի նկարագրությունները շատ բազմազան են, մեծի մասամբ որովհետև ժամանակակից հեղինակները նրա մասին պատմության որոշ հատվածներ դուրս են թողնում։ Չնայած Լանսելոթի հետ իր անպատշաճ սիրավեպին, մի շարք ժամանակակից մեկնաբանություններում նրան ներկայացնում են այդ սիրավեպի մեջ միտումնավոր ներքաշված լինելու մեջ, թեև նրա իսկական սերն Արթուրն է։ Մյուսները Լանսելոթի նկատմամբ նրա տարվածությունը բացատրում են նախքան Արթուրի հետ ամուսնանալն ունեցած հարաբերությամբ։

1961 թվականի լուսանկար, որտեղ Քեյմլոթ մյուզիքլում Ռոբերտ Գուլեն Լանսելոթի դերակատարն է, իսկ Ջուլի Էնդրյուսը՝ Գվինևրայի

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Google Ngram search for common spellings
  2. Schrijver, Peter (1995). Studies in British Celtic Historical Phonology. Rodopi. էջեր 249–250. ISBN 978-9051838206.
  3. Hamp, Eric P. (1996). «Varia: 1. 1 sál m. '(eau de) mer'; 2. 1 sed 'cerf'; 3. slabar; 4. slice 'coquille'; 5. ta- 'obtenir, trouver, pouvoir (féad-<ét-)'; 6. 1 tadg 'poète', 1 tál 'asciam'; 7. Irish tarr, torrach; 8. tinaid; 9. tindabrad, Findabair; 10. 1 úall, úabar, úais; 11. *uern~?». Études Celtiques. 32: 87–90.
  4. Koch, John T. (2006). Celtic culture: a historical encyclopedia. Abc-clio. էջ 861. ISBN 978-1851094400.
  5. Dictionary of the Irish Language (ed. E G Quin et al., Royal Irish Academy, Dublin 1913–76; Letter S, Column 205, electronic version at http://www.DIL.ie).
  6. Richards, Melville, "Arthurian Onomastics", in: Transactions of the Honourable Society of Cymmrodorion, vol. 2, 1969, p. 257.
  7. «Cleveland Evans: Jennifer went from 'strange' to popular». Omaha. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  8. Bromwich 2006, p. 154.
  9. Walters 2001, p. 295.
  10. Mediavilla 1999, p. 37.
  11. Baron Hallam Tennyson Tennyson, Baron Alfred Tennyson Tennyson (1908). Works of Tennyson, Volume 5. էջ 506.
  12. Wilentz, Abigail (2009). Relationship Devotional: 365 Lessons to Love & Learn. Lancelot and Guinevere: Sterling. էջ 215. ISBN 978-1-4027-5577-4.
  13. Hebert, Jill M. (2013). Morgan le Fay, Shapeshifter (անգլերեն). Springer. ISBN 978-1137022653.
  14. Lacy, Norris J.; Ashe, Geoffrey; Mancoff, Debra N. (2014). The Arthurian Handbook: Second Edition (անգլերեն). Routledge. ISBN 978-1317777434.
  15. Göller, Karl Heinz (1981). The Alliterative Morte Arthure: A Reassessment of the Poem (անգլերեն). Boydell & Brewer Ltd. ISBN 978-0859910750.
  16. Spisak, James W. (1985). Studies in Malory (անգլերեն). Medieval Institute Publications, Western Michigan University. ISBN 978-0918720542.
  17. Roberts, Sandye; Jones, Arthur (2010). Divine Intervention II: A Guide to Twin Flames, Soul Mates, and Kindred Spirits. AuthorHouse. ISBN 978-1-4567-1255-6.

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]