Գուստավո Ադոլֆո Բեկկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստավո Ադոլֆո Բեկկեր
Ծննդյան անունիսպ.՝ Gustavo Adolfo Claudio Domínguez y Bastida
Ծնվել էփետրվարի 17, 1836(1836-02-17)[1][2][3][…]
ԾննդավայրՍևիլյա, Իսպանիա
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1870(1870-12-22)[1][2][3][…] (34 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանSacramental de San Lorenzo y San José cemetery և Iglesia de la Anunciación
Գրական անունGustavo Adolfo Bécquer
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրող և վիպասաց
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերպոեզիա, պատմվածք և պատմվածք
Գրական ուղղություններռոմանտիզմ, սիմվոլիզմ և հետռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներRimas y leyendas?
ԱմուսինCasta Esteban?
Изображение автографа
 Gustavo Adolfo Bécquer Վիքիպահեստում

Գուստավո Ադոլֆո Բեկկերը (իսպ.՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա, փետրվարի 17, 1836(1836-02-17)[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա - դեկտեմբերի 22, 1870(1870-12-22)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ, ով կարևոր ներդրում է ունեցել նշված ուղղության զարգացման գործում։ Պոեզիայի զգացմունքային, պարզ արտահայտչականության միջոցով խոր ազդեցություն թողնելով հետագա սերունդների ստեղծագործության վրա՝ Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկելի գրական ժառանգությունը բաղկացած է սակավաթիվ պիեսներից, հոդվածներից ու տեսական նյութերից («Իսպանիայի տաճարների պատմությունը», որի միայն մեկ հատորն է լույս տեսել), նամակագրական ժանրի երկու ստեղծագործությունից («Գրական նամակներ մի կնոջ», «Նամակներ իմ խցից»), լեգենդներից և բանաստեղծություններից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկկերը ծնվել է 1836 թ. փետրվարի 17-ին Սևիլյայում՝ նկարիչ Խոսե Դոմինգես Ինսաուստիի և Խոակինա դե լա Բաստիդա ի Վարգասի ընտանիքում։ Գուստավո Ադոլֆոն և իր յոթ եղբայրներից չորրորդը՝ Վալերիանոն, հոր օրինակով որպես ստեղծագործական կեղծանուն են օգտագործում XVI դարի վերջերին Ֆլանդրիայից Սևիլյա տեղափոխված ազնվական նախնիների ազգանունը։ Հինգ տարեկանում կորցրած լինելով հորը՝ 1847-ին՝ մոր մահից հետո, Բեկկերն սկսում է ապրել մորաքույրերի, իսկ որոշ ժամանակ անց՝ կնքամոր տանը։ Վերջինիս գրադարանում առաջին անգամ ծանոթանում է Ջորջ Բայրոնի, Խոսե դե Էսպրոնսեդայի և Վիկտոր Հյուգոյի պոեզիային, Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի, Օնորե դը Բալզակի վեպերին ու Էրնստ Տեոդոր Ամադեուս Հոֆմանի հեքիաթներին։ Այդ տարիներին է գրում իր առաջին բանաստեղծությունները և միաժամանակ նկարչության դասեր առնում, որը նրա հետագա ամբողջ կյանքի հիմնական զբաղմունքներից է դառնում։ Նկարչությունը որպես մասնագիտություն է ընտրում Բեկկերի եղբայրը՝ Վալերիանոն, ում հետ Գուստավո Ադոլֆոն մտերիմ է մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Տասնութ տարեկան հասակում Բեկկերը հաջողության ակնկալիքով մեկնում է Մադրիդ, սակայն զրկանքներով լեցուն մի քանի տարի է անցկացնում մայրաքաղաքում՝ դրամ վաստակելով թարգմանությունների, հոդվածների, ինչպես նաև պիեսների փոխադրությունների և օպերային լիբրետոների միջոցով, որոնք միշտ կեղծանունով է հրապարակում։ Ավանդություններից մեկի համաձայն՝ Բեկկերը կորցնում է նախարարություններից մեկում զբաղեցրած իր պաշտոնը, քանի որ նրան աշխատանքային ժամին նկարելիս են տեսնում։ 1860 թվականին ընկերներից մեկի օժանդակությամբ խմբագրի պաշտոն է ստանում “El Contemporáneo” թերթում։ Այս ժամանակաշրջանում հիվանդանում է թոքախտով, որն անջնջելի հետք է թողնում Բեկկերի առողջության վրա։ Նույն թվականին ամուսնանում է իրեն խնամող բժշկի դստեր՝ Կաստա Էստեբանի հետ։ Բեկկերի կյանքում տեղ գտած կանանց մասին բազմաթիվ առասպելներ կան, մասնավորապես կարևորվում է Խուլիա Էսպինի դերը, ով նշանավոր կոմպոզիտորի դուստր էր և երազում էր հայտնի սոպրանո դառնալ։ Բեկկերը, զբոսանքի ժամանակ տեսնելով Խուլիային պատշգամբում, սիրահարվում է նրան, սակայն մերժում է ստանում։ Խուլիային նվիրված որոշ բանաստեղծություններ տեղ են գտել «Հանգեր» ժողովածուի մեջ։ Բեկկերի կենսագիրները վկայում են, որ կնոջ՝ Կաստա Էստեբանի հետ գրողն առանձնապես երջանիկ չի լինում։ Նրանք երեք զավակ են ունենում, որոնցից երրորդի դեպքում Բեկկերի հայրությունը կասկածի է ենթարկվում։ 1868-ի լիբերալ հեղափոխությունից հետո, երբ “El Contemporáneo” թերթի հիմնադիրը՝ Բեկկերի հովանավոր Լուիս Գոնսալես Բրավոն, զրկվում է պաշտոնից, գրողը կորցնում է աշխատանքը և նույն շրջանում բաժանվում կնոջից։ Որդիների և եղբոր հետ Բեկկերը տեղափոխվում է Տոլեդո, որտեղ նրա տկար առողջությունը կտրուկ վատթարանում է։ 1870-ին հիվանդանում և սեպտեմբերին վախճանվում է եղբայրը՝ Վալերիանոն, ինչը մեծ հարված էր Բեկկերի համար։ Վերադառնալով Մադրիդ և հաշտվելով կնոջ հետ՝ գրողը վերջինիս խնամքի տակ մի քանի ամիս է անցկացնում և հեռանում է կյանքից 1870 թվականի դեկտեմբերի 22-ին՝ երեսունչորս տարեկանում։ Բեկկերը եղբոր հետ միասին թաղված է Սևիլյայի պանթեոնում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի օրոք ճանաչում չվայելելով՝ Բեկկերը հետմահու մեծ համբավի է արժանացել, որը հիմնականում պայմանավորված է «Լեգենդներով» և «Հանգեր» վերնագրի ներքո համախմբված բանաստեղծություններով։ «Հանգեր» ժողովածուն, որն ինքը Բեկկերը ձեռագրում «Ճնճղուկների գիրք» է անվանել, լույս է տեսել 1868 թվականին, ընդ որում՝ առաջին ձեռագիրը կորել է, և Բեկկերը ստիպված է եղել հիշողությամբ նորից գրի առնել բոլոր բանաստեղծությունները։ 1860-ին հրապարակված «Գրական նամակներ մի կնոջ» էսսեների շարքում բացատրվում է «Հանգերի» էությունը, համաձայն որի՝ բանաստեղծություններն ակնարկում են անբացատրելին։ Ժողովածուի կենտրոնական թեմաներն են բանաստեղծական արվեստը, սերը և մահը։ Առաջին ինը բանաստեղծությունը խորհրդածում են պոեզիայի բնույթի մասին, բանաստեղծությունների երկրորդ խումբն արտացոլում է սիրո վայելքը, երրորդ խմբի բանաստեղծությունները պատմում են կորցրած երջանկության պատճառած հիասթափության մասին, իսկ վերջիններում արտահայտված են մենությունը, թախիծը և մահը։

«Լեգենդները» գրված են իսպանական ֆոլկլորի հիման վրա՝ ժողովրդական ասքերի տեսքով։ Ժողովածուի մեջ ընդգրկված լեգենդները հիմնականում նվիրված են գերբնական երևույթներին, սակայն դրանց գործողությունները տեղի են ունենում XIX դարում ապրող իսպանացիներին ծանոթ վայրերում և նրանց բնորոշ ապրումներ են նկարագրում։ Ժողովածուի մեջ երկու կենտրոնական թեմա է առանձնանում՝ սերը և կյանքում հոգևորի, գերբնականի և հրաշալիի առկայությունը, որը, որպես կանոն, ուղեկցվում է արգելքի խախտման, դրա դիմաց պատժի և ապաշխարանքի մոտիվներով։ Ժողովածուն բաղկացած է երեսունմեկ լեգենդից։

Լեգենդների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր ձեռքերով ցեղապետը, 1858
  • Մարտի վերադարձը, 1858 ( Կարմիր ձեռքերով ցեղապետը լեգենդի շարունակությունը)
  • Սատանայի խաչը, 1860
  • Ոսկե ապարանջանը, 1861
  • Հոգիների լեռը, 1861
  • Կանաչ աչքերը, 1861
  • Երգեհոնահար մաեստրո Պերեսը, 1861
  • Հավատացեք Աստծուն, 1862
  • Լուսնի շողը, 1862
  • Ողորմեա, 1862
  • Երեք ամսաթիվ, 1862
  • Քրիստոսը գանգով, 1862
  • Թզուկը, 1863
  • Խափշիկուհու քարանձավը, 1863
  • Խոստումը, 1863
  • Սպիտակ քարայծը, 1863
  • Համբույրը, 1863
  • Կրքի վարդը, 1864
  • Արարումը, 1861
  • Տարօրինակ է, 1861
  • Զմրուխտե զարդը, 1862
  • Կատուների առևտուրը, 1862
  • Առակ, 1863
  • Ուրվանկար բնորդից, 1863
  • Ծանր դեպք
  • Հնդկահավի հուշեր, 1865
  • Չոր տերևները
  • Թիթեռի և սարդի պատմությունը
  • Քարե կինը, անավարտ
  • Արգելված սեր
  • Ալբերտո թագավորը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BÉCQUER, Gustavo Adolfo (2011). Leyendas. Barcelona. Editorial։ Plutón Ediciones. ISBN 978-84-15089-19-3
  • BÉCQUER, Gustavo Adolfo (2010). Leyendas y Rimas. Editorial։ Vicens Vives. ISBN 978-84-316-8973-5
  • MONTESINOS, Rafael (2011). Gustavo Adolfo Bécquer. Rimas. Barcelona. Editorial։ Ediciones Cátedra. ISBN 978-84-376-1343-7