Գունային ցուցանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթի անբավարարությամբ պայմանավորված անեմիա

Գունային ցուցանիշ (ԳՑ, Farben index), արյան ֆիզիոլոգիական ցուցանիշ, որը ցույց է տալիս էրիթրոցիտների՝ հեմոգլոբինով հագեցման հարաբերական աստիճանը։ Գունային ցուցանիշի ներմուծումը կապված է այն հանգամանքով, որ սակավարյունությունների դեպքում էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները ոչ միշտ են համամասնորեն փոխվում։ Գունային ցուցանիշը համարժեք է միջազգայնորեն ընդունված մեկ այլ ցուցանիշի՝ հեմոգլոբինի միջին պարունակությունն էրիթրոցիտում (MCH, Mean Cell Hemoglobin)։ Վերջինս ավելի օբյեկտիվ ցուցանիշ է[1][2]։

Որոշումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունային ցուցանիշի որոշման համար հարկավոր է իմանալ հետազոտվողի հեմոգլոբինի և էրիթրոցիտների քանակն արյան մեջ։ Այս երկու ցուցանիշների հարաբերությամբ որոշում են էրիթրոցիտի հեմոգլոբինով միջին հագեցվածության չափը (գունավորման աստիճանը)։ Ստացված մեծությունը համեմատում են հեմոգլոբինի (16,7 գ%) և էրիթրոցիտների (5 մլն) բնականոն քանակի հարաբերության հետ։

ԳՑ = (հետ.Hb/հետ. էրիթ. քանակ)/(16,7/5 մլն)

Ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջ մարդկանց գունային ցուցանիշը տատանվում է 0,8-1,5-ի սահմաններում և ցույց է տալիս, որ էրիթրոցիտների գունավորումը հեմոգլոբինով բնականոն է։ Կլինիկայում կա գունային ցուցանիշի հիման վրա սակավարյունությունների դասակարգում։

Սուր արյունահոսությունների ժամանակ գունային ցուցանիշը մնում է բնականոն սահմաններում, քանի որ էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները համաչափ են պակասում։ Այդպիսի սակավարյունությունն անվանում են նորմոքրոմ։

Որոշ սակավարյունությունների ժամանակ հեմոգլոբինի քանակը ավելի շատ է պակասում, քան էրիթրոցիտների քանակը, որի հետևանքով գունային ցուցանիշը 1-ից փոքրանում է։ Նման սակավարյունության դեպքում էրիթրոցիտի գույնը սովորականից բաց է և այն կոչվում է թերգունային (հիպոքրոմ) սակավարյունություն։

Որոշ դեպքերում (օրինակ՝ վիտամին B12-ի անբավարարություն) էրիթրոցիտների քանակը հեմոգլոբինի համեմատությամբ ավելի շատ է պակասում և դրանք հեմոգլոբինով սովորականից մուգ են ներկվում։ Այս սակավարյունությունը անվանում են՝ գերգունային (հիպերքրոմ) սակավարյունություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "MedlinePlus Medical Encyclopedia: RBC indices" . Retrieved 2009-03-03.
  2. "Mean Cell Hemoglobin" . Retrieved 2009-03-03.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]