Jump to content

Գուդվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուդվիլ (անգլ.՝ Goodwill), հաշվապահական հաշվառման մեջ ոչ նյութական ակտիվ է, որը ճանաչվում է, երբ ընկերությունը ձեռք է բերվում որպես գործող ձեռնարկություն։ Այն արտացոլում է հավելավճարը, որը գնորդը վճարում է իր մյուս ակտիվների զուտ արժեքից բացի: Բիզնեսի հեղինակությունը հաճախ հասկացվում է որպես ընկերության բնորոշ ունակություն՝ հաճախորդների հետ բիզնես ձեռք բերելու և պահպանելու համար, եթե այդ կարողությունը կապված չէ ապրանքանիշի ճանաչման, պայմանագրային պայմանավորվածությունների կամ այլ հատուկ գործոնների հետ: Գուդվիլը սովորաբար ընկալվում է որպես ընկերության ներքին ունակություն՝ հաճախորդներ ներգրավելու և պահելու, որտեղ այդ ունակությունը կապված չէ հստակ գործոնների հետ, ինչպիսիք են բրենդի ճանաչելիությունը, պայմանագրային հարաբերությունները կամ այլ հատուկ գործոններ։ Այն չի կարող ստեղվծել ինքնուրույն և ճանաչվում է միայն ձեռքբերման արդյունքում: Հաշվեկշռում դասակարգվում է որպես ոչ նյութական ակտիվ, քանի որ հնարավոր չէ տեսնել կամ շոշափել:

ԱՄՆ-ի ընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (GAAP) և միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների (IFRS) համաձայն՝ գուդվիլը երբեք չի ենթարկվում ամորտիզացիայի, քանի որ ենթադրվում է, որ այն ունի անորոշ ժամկետով օգտակար կյանք։ ԱՄՆ-ում գործող մասնավոր ընկերությունները կարող են ընտրել գուդվիլի ամորտիզացում մինչև տասը տարի ժամկետով կամ ավելի կարճ, հիմնվելով ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների խորհրդի (FASB) մասնավոր ընկերությունների խորհրդի սահմանած հաշվապահական այլընտրանքի վրա:

Փոխարենը, կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ամեն տարի գնահատել գուդվիլի արժեքը և որոշել՝ արդյոք անհրաժեշտ է արժեզրկում։ Եթե իրական շուկայական արժեքը նվազում է պատմական արժեքից (այսինքն՝ գուդվիլի ձեռքբերման արժեքից), ապա անհրաժեշտ է գրանցել արժեզրկում շուկայական արժեքին համապատասխանեցնելու համար։ Սակայն, եթե գուդվիլի իրական արժեքը աճում է, այդ աճը չի արտացոլվում ֆինանսական հաշվետվություններում։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալիստական տնտեսության զարգացման հետ մեկտեղ ձևավորվեց նաև առևտրային գուդվիլի գաղափարը։ Անգլիայում դեռևս 15-րդ դարից սկսած պայմանագրերում հիշատակվում էր գուդվիլի գնումն ու փոխանցումը, որը մոտավորապես նշանակում էր գործող բիզնեսի փոխանցում, ինչը տարբերվում էր պարզապես բիզնեսի սեփականության փոխանցումից։

Սկզբնական շրջանում նման պայմանագրերը անվավեր էին համարվում, քանի որ առևտրի սահմանափակման սկզբունքը չէր ընդունում, որ հնարավոր է սեփականություն ունենալ բիզնես գործունեության վրա, մինչ Բրոադ Վ. Ջոլիֆը (1620) սահմանեց, որ նման սահմանափակումները որոշ դեպքերում կարող են լինել օրինական։

Իսկ արդեն 1810 թվականին Ջոն Սքոթը՝ Էլդոնի առաջին կոմսը, գուդվիլի հասկացությունն ամփոփեց այս պարզ ձևակերպմամբ. «Հավանականությունը, որ հին հաճախորդները կվերադառնան հին վայր»[1]։

Գուդվիլի հաշվարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդվիլի հաշվարկման համար գնման գնից հանվում է ձեռք բերված ընկերության նույնականացվող ակտիվների և պարտավորությունների իրական շուկայական արժեքը։ Օրինակ՝ եթե A ընկերությունը ձեռք է բերել B ընկերության 100%-ը, բայց վճարել է ավելին, քան B ընկերության ակտիվների և պարտավորությունների զուտ շուկայական արժեքն է, ապա այդ տարբերությունը համարվում է գուդվիլ։ Գուդվիլը հաշվարկելու համար պարտադիր է ունենալ B ընկերության ակտիվների և պարտավորությունների ցանկը իրական շուկայական արժեքով։

                        Իրական շուկայական արժեք
  Դեբիտորական պարտքեր    $10
  Գույք                  $5
  Կրեդիտորական պարտքեր   $6
  -------------------------
  Ընդհանուր զուտ ակտիվներ = $10 + $5 - $6 
                          =  $9

B ընկերությունը ձեռք բերելու համար A ընկերությունը վճարել է 20 դոլար, գուդվիլը հավասար կլինի $11 ($20 − $9)։ A ընկերության հաշվապահական գրառումը B ընկերության ձեռքբերման մասին կլինի հետևյալը[2]՝

  Դեբետ  գուդվիլ               $11
  Դեբետ  դեբիտորական պարտք     $10
  Դեբետ  գույք                 $5
  Կրեդիտ կրեդիտորական պարտքեր  $6
  Կրեդիտ կանխիկ                $20

Ժամանակակից իմաստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդվիլը ոչ նյութական ակտիվի հատուկ տեսակ է, որը ներկայացնում է բիզնեսի ընդհանուր արժեքի այն մասը, որը չի կարող վերագրվել բիզնեսի եկամուտ ստեղծող մյուս ակտիվներին՝ լինի դա նյութական կամ ոչ նյութական[3]։

Օրինակ՝ մասնավոր ծրագրային ապահովման ընկերությունը կարող է ունենալ զուտ ակտիվներ (ենթադրելով, որ ընկերությունն ունի զրոյական պարտք), որոնք կազմված են հիմնականում տարբեր սարքավորումներից կամ գույքից, որոնց շուկայական արժեքը կազմում է 1 միլիոն դոլար, բայց այդ ընկերության ընդհանուր արժեքը (ներառյալ հաճախորդները և մտավոր կապիտալը) գնահատվում է 10 միլիոն դոլար։ Ձեռք բերող ցանկացած կողմ այդ ընկերության ձեռքբերման դեպքում կհաշվառի 10 միլիոն դոլարի ընդհանուր ակտիվներ, որոնցից՝ 1 միլիոն դոլարը՝ նյութական ակտիվներ, 9 միլիոն դոլարը՝ այլ ոչ նյութական ակտիվներ։ Իսկ ցանկացած վճար, որը կատարվում է այս 10 միլիոն դոլարից ավել, կդիտվի որպես գուդվիլ։ Մասնավոր ընկերության դեպքում գուդվիլը չունի նախապես որոշված արժեք մինչև գործարքը. դրա չափը, ըստ սահմանման, որոշվում է մյուս երկու փոփոխականներով։ Իսկ հանրային առևտրի ընկերության դեպքում, քանի որ շուկան մշտապես գնահատում է ընկերության արժեքը, գուդվիլը մշտապես ակնհայտ է։

Թեև բիզնեսը կարող է ներդրումներ կատարել իր համբավը բարձրացնելու համար՝ օրինակ՝ գովազդի միջոցով կամ ապահովելով իր ապրանքների բարձր որակը, այդպիսի ծախսերը չեն կարող կապիտալացվել և ավելացվել գուդվիլին, քանի որ գուդվիլը տեխնիկապես ոչ նյութական ակտիվ է։ Գուդվիլը և այլ ոչ նյութական ակտիվներ, որպես կանոն, ընկերության հաշվապահական հաշվեկշռում ներկայացվում են որպես առանձին հոդվածներ[4][5]։ Բիզնեսը բիզնեսի համար (B2B) համատեքստում գուդվիլը կարող է արտահայտել այն կարևոր կապը, որը գոյություն ունի մատակարարման շղթայում ներգրավված գործընկերների միջև կամ այլ գործարար կապերում, երբ անկանխատեսելի իրադարձությունները կարող են անկայունություն առաջացնել ամբողջ շուկայում[6]։

Գուդվիլի տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուդվիլի երկու տեսակ գոյություն ունի՝ ինստիտուցիոնալ (ձեռնարկության) և պրոֆեսիոնալ (անձնական)։ Ինստիտուցիոնալ գուդվիլը կարող է բնութագրվել որպես ոչ նյութական արժեք, որը կշարունակի ազդեցություն ունենալ բիզնեսի վրա առանց սեփականատիրոջ ներկայության: Պրոֆեսիոնալ գուդվիլը կարող է բնութագրվել որպես ոչ նյութական արժեք, որը վերագրվում է բացառապես բիզնեսի սեփականատիրոջ ջանքերին կամ հեղինակությանը։ Գլխավոր տարբերությունն այս երկու տեսակների միջև նրանում է, թե արդյոք գուդվիլը փոխանցելի է երրորդ կողմին վաճառքի ընթացքում առանց ոչ մրցակցային համաձայնագրի[7]։

Միացյալ Նահանգների պրակտիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն և գնման մեթոդն ընդդեմ շահերի միավորման մեթոդի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում ընկերությունները կարող էին տարբեր կերպ կատարել իրենց բիզնեսի միավորման գործարքները՝ ընտրելով բիզնեսի միավորման հաշվառման երկու մեթոդներից որևէ մեկը՝ գնման մեթոդ կամ շահերի միավորման մեթոդ։ Միավորման մեթոդով երկու ընկերությունների ակտիվների և պարտավորությունների հաշվառված արժեքները ուղղակիորեն միավորվում էին՝ ձևավորելու միավորված ընկերության նոր հաշվեկշիռը։ Այս մեթոդը չէր տարբերակում, թե ով ում է գնում։ Այն նաև չէր արձանագրում, թե ինչ գումար է վճարել ձեռք բերող ընկերությունը գործարքի համար։ Սակայն 2001 թվականից սկսած, ԱՄՆ-ի ընդհանուր ընդունված ըաշվապահական ըտանդարտները (US GAAP, մասնավորապես՝ FAS 141) այլևս չեն թույլատրում միավորման մեթոդի օգտագործումը։

Ամորտիզացիա և հաշվառված արժեքի ճշգրտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում գործող ընդհանուր ընդունված հաշվապահական ստանդարտների (U.S. GAAP, FAS 142) համաձայն գուդվիլն այլևս չեն ամորտիզացնում[8]։ FAS 142 հրապարակվել է 2001 թվականի հունիսին։ Ընկերությունները դեմ էին շահերի միավորման մեթոդի արգելմանը, ուստի հաշվապահական ստանդարտների խորհուրդը (FASB) փոխարենը հեռացրեց գուդվիլի ամորտիզացիան՝ որպես զիջում։ Սկսած 2005 թ․ հունվարի 1-ից այն արգելված է նաև միջազգային հաշվապահական ստանդարտներով (IFRS)։ Այսուհետ գուդվիլը կարող է միայն ենթարկվել արժեզրկման՝ ըստ նշված հաշվապահական մոտեցումների[9]։

Գուդվիլի տարեկան արժեքը նվազեցնելու փոխարեն առավելագույնը 40 տարվա ընթացքում ընկերությունները պարտավոր են որոշել հաշվետու ստրոաբաժանումների իրական արժեքը՝ օգտագործելով ապագա դրամական հոսքերի ներկա արժեքը (present value) և համեմատելով դրանք հաշվառված արժեքի (այսինքն՝ ակտիվների հաշվառված արժեք + գուդվիլ − պարտավորություններ) հետ։ Եթե իրական արժեքը ավելի քիչ է քան հաշվառվածը, գուդվիլի արժեքը կարիք ունի արժեզրկման այնքան մինչև հաշվառված արժեքը հավասարվի իրական արժեքին։ Արժեզրկման վնասը ներկայացվում է առանձին տողով եկամուտների հաշվետվության մեջ և նոր՝ ճշգրտված գուդվիլի արժեքը ցուցադրվում է հաշվեկշռում[10]։

Տարաձայնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ բիզնեսը կանգնած է անվճարունակության վտանգի առաջ, ներդրողները իրենց հաշվարկներում հանում են գուդվիլի արժեքը մնացորդային կապիտալից, քանի որ այն չունի վերավաճառքի արժեք։ Գուդվիլի հաշվառման կարգը մնում է վիճահարույց ինչպես հաշվապահական, այնպես էլ ֆինանսական ոլորտներում, քանի որ այն հիմնականում հանդիսանում է հաշվապահների կողմից կիրառվող շրջանցման մեխանիզմ՝ այն փաստի դիմաց, որ բիզնեսները գնվում են ապագա դրամական հոսքերի գնահատման և գնորդի ու վաճառողի միջև բանակցված գնի հիման վրա, այլ ոչ թե՝ վաճառողի կողմից փոխանցվող ակտիվների և պարտավորությունների իրական արժեքի։ Սա բերում է անհամապատասխանություն հաշվեկշռային ակտիվների և զուտ եկամուտների միջև այն ընկերությունների համար, որոնք աճել են առանց այլ ընկերություններ ձեռք բերելու, կամ ձեռքբերումներ են իրականացրել։

Թեև ընկերությունները պարտավոր են հետևել Հաշվապահական Ստանդարտների Խորհրդի կողմից սահմանված կանոններին, ներկայիս ֆինանսական հաշվետվությունների համակարգում գոյություն չունի միանշանակորեն ճիշտ լուծում այս անհամապատասխանությունը կառավարելու համար։ Արդյունքում՝ գուդվիլի հաշվառումը շարունակում է լինել կանոնահեն, և այդ կանոնները ժամանակ առ ժամանակ փոխվում են՝ կախված նաև Հաշվապահական Ստանդարտների Խորհրդի կազմի փոփոխություններից։ Գուդվիլի հաշվապահական հաշվառման կարգը կարգավորող գործող կանոնները խիստ սուբյեկտիվ են և կարող են հանգեցնել շատ բարձր ծախսերի, սակայն ներդրողների համար սահմանափակ արժեք ունեն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hughes, Hugh P. (1982). Goodwill in Accounting.
  2. Bloom, Martin (2009). «Accounting For Goodwill». Abacus. Wiley Online Library. 45 (3): 379–389. doi:10.1111/j.1467-6281.2009.00295.x. S2CID 154865538. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Business Goodwill – Business Valuation Glossary – ValuAdder». valuadder.com.
  4. «Intangible assets». Wikinvest. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Goodwill». Wikinvest. 2010 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին.
  6. Dore, Ronald (1983). «Goodwill and the Spirit of Market Capitalism». The British Journal of Sociology. JStor. 34 (4): 459–482. doi:10.2307/590932. JSTOR 590932. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  7. «Is Goodwill Transferable?». sagefa.com. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  8. «Summary of Statement No. 142».
  9. «A Primer on Calculating Goodwill Impairment: Valuation Issues Raised by Financial Accounting Statement 142» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 29-ին.
  10. «Focus on Goodwill, Intangible Assets» (PDF).