Գուդպասչուրի համախտանիշ
Գուդպասչուրի համախտանիշ | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | արյունահոսություն[1] |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա, թոքաբանություն և Իմունոլոգիա |
Անվանվել է | Էռնեստ Գուդպասչուր |
Goodpasture syndrome Վիքիպահեստում |
Գուդպասչուրի համախտանիշ, արյունահոսական թոքաբորբ նեֆրիտով, թոքերի իդիոպաթիկ հեմոսիդերոզ։ Բնորոշվում է թոքային ալվեոլների և երիկամների կծիկների հիմնային թաղանթների ինքնանընկալ բնույթի ախտահարմամբ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության կլինիկական պատկերը նկարագրվել է դեռևս 1919 թվականին՝ Գուդպասչուրի (Ernest Goodpasture) կողմից։ Այն հանդիպում Է համեմատաբար հազվադեպ, գերազանցապես՝ մինչև 30 տարեկան տղամարդկանց մոտ (9։1)։
Առաջացման պատճառը հայտնի չէ։ Որոշ հեղինակներ հիվանդության ծագումը կապում են ցնդող ածխաջրածինների և օրգանական այլ լուծիչների ներշնչման հետ։ Կան անուղղակիորեն հաստատող տվյալներ, որ այն հանդիսանում է հանգուցային պերիարտեքփիտի կլինիկական տարբերակներից մեկը։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը, ինչպես նաև՝ վիրուսային տեսակետը փաստացի տվյալների բացակայության պատճառով չեն հաստատվում։
Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության կլինիկական ախտանիշների հիմքում ընկած են իմունաբանական համակարգի խանգարումները։ Այն դրսևորվում է թոքային ալվեոլների և երիկամային կծիկների հիմնային թաղանթների նկատմամբ հակամարմինների առաջացմամբ։ Վերջինս պայմանավորված է թոքային և երիկամային հիմնային թաղանթների վրա արտածին գործոնների (վարակային, թունային, քիմիական և այլն) ազդեցությամբ, որի շնորհիվ նրանք ձեռք են բերում միանման հակածինային հատկություն։
Հիվանդության առաջնային տեղակայության հարցը մնում է չպարզաբանված, չնայած թոքերի ախտահարումը նախորդում է երիկամային երևույթներին[2]։
Ախտաբանական անատոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմաբանական փոփոխությունները հայտնաբերվում են թոքերում և երիկամներում որպես մեռուկային արնահոսական (haemorrhagica) ալվեոլիտ և պրոլիֆերային նեֆրիտ՝ մանր զարկերակների մեռուկային կազմալուծմամբ։
Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուդպասչուրի համախտանիշին բնորոշ են արյունախխումը (կրկնվող թոքային արյունահոսությունները), սակավարյունությունը և երիկամային ախտահարման երևույթները։ Այս դասական եռյակից բացի սովորաբար նկատվում են կրծքավանդակի տարբեր շրջանների ցավեր, հազ, աստիճանաբար սաստկացող հևոց, նիհարում, դյուրհոգնելիություն, թուլություն, երբեմն՝ ենթատենդ։
Երիկամների ախտահարումը դրսևորվում է արյունամիզությամբ, սպիտամիզությամբ, գլանակամիզությամբ, մեզի տեսակարար կշռի հարաճուն իջեցմամբ և շրջանառող արյան մեջ մնացորդային ազոտի (կրեատինինի) քանակի շատացմամբ։ Նկատվում են նաև ժայրամասային այտուցներ և սակավարյունություն։ Ռենտգենյան քննությամբ հայտնաբերվում են թոքային նկարի ցանցավոր ձևափոխում և մանր օջախային փոփոխություններ։
Ընթացք և բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունն ունի աստիճանաբար սաստկացող ընթացք և անխոաափելի անբարենպաստ ելք մի քանի ամսից մինչև 1,5-2 տարվա ընթացքում։ Կյանքի միջին տևողությունը կազմում է 11 ամիս։ Կարևոր բարդություններն են կրկնվող թոքային արյունահոսությունները և երիկամային անբավարարությունը, որոնք էլ դառնամ են հիվանդների մահվան պատճառ։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության հարաճուն ընթացքի որոշ հապաղում կարելի է ստանալ կորտիկոստերոիդների և անընկալությունն ընկճող միջոցների համատեղ և վաղ կիրառմամբ։ Կրկնվող հեմոդիալիզը որոշ ժամանակ երկարացնում է հիվանդների կյանքը։ Համեմատաբար արդյունավետ է երիկամի փոխպատվաստումը (հակածինային աղբյուրի վերացում)։ Շրջանառող հակամարմինների հեռացման նպատակով կիրառվում է պլազմաֆերեզը։ Բուժական ակտիվ միջոցները պետք է կիրառել հիվանդության առաջին 6-8 ամիսների ընթացքում, քանի որ այդ ժամանակամիջոցից հետո արյան մեջ այլևս հակամարմիններ չեն հայտնաբերվում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ Goodpasture Syndrome
- ↑ Ներքին հիվանդություններ, հատոր առաջին, Երևան, «Լույս», 1988.