Jump to content

Գորտերի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորտերի ճակատամարտ
ենթադրյալ ճակատամարտ Խմբագրել Wikidata
Մասն էՀյուսիսային Ամերիկայի պատմություն
 • ԱՄՆ-ի պատմություն
  • Կոնեկտիկուտի պատմություն Խմբագրել Wikidata
ՎայրԳորտերի լճակ, Ուինդհեմ Խմբագրել Wikidata
Կոորդինատներ41°42′16″N 72°8′10″W Խմբագրել Wikidata
ԹվականՀունիս 1754 Խմբագրել Wikidata
Մասնակիցցլագորտ, Էլիֆալետ Դայեր Խմբագրել Wikidata
Քարտեզ

Գորտերի ճակատամարտ (անգլ.՝ Battle of the Frogs)[Ն 1], գորտերի հետ կապված միջադեպ Կոնեկտիկուտի գաղութի Ուինդհեմ քաղաքում 1754 թվականին[Ն 2]։

Հունիսի կամ հուլիս ամսվա ամառային գիշերը Ուինդհեմի բնակիչներին արթնացրել է առեղծվածային բարձր աղմուկը, որի աղբյուրը նրանք չեն կարողացել բացահայտել: Ֆրանսիական և հնդկացիական պատերազմը վերջերս է սկսված եղել, և վախենալով հարձակումից, հետախուզական խումբ են ուղարկել՝ հետաքննելու իրադրությունը: Առավոտյան պարզվել է, որ ձայնը ամերիկյան ցլագորտերի ձայնն է եղել, որոնցից հարյուրից հազարավոր սատկած են գտել մոտակա ջրաղացի լճակում:

Գորտերի հետ Ուինդհեմի ամոթալի «ճակատամարտի» մասին լուրը տարածվել է ողջ գաղութում և դարձել տարածաշրջանի անեկդոտ: Միջադեպի մասին բալլադներն ու ուռճացված պատմություններ են ստեղծվել: Քաղաքաբնակները գորտին ընդունել են որպես համայնքի թալիսման՝ ստեղծելով քաղաքային կնիք գորտի պատկերով և օգտագործել են գորտի պատկերով Ուինդհեմի բանկի արժույթ: Գորտերի ճակատամարտի մասին գրվել է «Ուինդհեմի գորտերը» կատակերգական օպերան։ Թրեադ քաղաքի խաչմերուկը Ուիլիմանտիկում խոսակցական լեզվով հայտնի է որպես «Գորտերի կամուրջ»՝ յուրաքանչյուր անկյունում կանգնեցված չորս հսկայական պղնձե գորտերի պատճառով[4][5][6]:

Գորտերի վարքագծի վերաբերյալ տարբեր տեսություններ են բարձրացվել։ Որոշ աղբյուրներ վկայում են այդ ամառվա սաստիկ երաշտի մասին, և ենթադրվում է, որ գորտերը միմյանց հետ կռվել են սակավաջուր հասանելիության համար: Այլ բացատրություններ ենթադրում էին, որ գորտերի մեջ եղել է հիվանդության բռնկում կամ զուգավորում։

Ճակատամարտի գիշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1754 թվականի հունիսի կամ հուլիսի ամառային գիշերը Ուինդհեմի քաղաքաբնակներին արթնացրել է անսովոր, բիրտ ձայն և նրանք չեն կարողացել բացահայտել ձայնի աղբյուրը։ Տարօրինակ աղմուկը, կարծես եկել է վերևից, և ոմանք աղմուկի մեջ լսել են ձայներ, ինչը ըստ նրանց ենթադրյալ հարձակվող ուժի պահանջներն են եղել կամ սպառնալիքներ իրենց համայնքի նշանավոր անձանց դեմ: Որոշ աղբյուրներ պնդում են, որ հնչել են «Դայեր» և «Էլդերկին» անունները, գյուղի փաստաբանի և գնդապետի անունները։ Արդյունքում աղմուկն այնքան բարձր է եղել, որ զանգվածային հիստերիա է սկսվել, ոմանք համոզված են եղել, որ Արմագեդոնն է սկսել, իսկ մյուսները կարծել են, թե հարձակման են ենթարկվելու: Հաշվի առնելով վերջերս ֆրանսիացիների և հնդկացիների սկսած պատերազմը, ենթադրվել է ֆրանսիացիների, վաբանակիների կամ ալգոնկինների հարձակումը, և զինված հետախույզ են ուղարկել՝ որոշելու իրենց թշնամիների մտադրությունները[7]:

Հետախույզների խումբը անցել է գյուղից արևելք, բլրի վրայով, դեպի Ֆոլեթս ջրաղացի լճակ, որտեղ մեծ թվով ցլագորտեր (լատիներեն՝ Lithobates catesbeianus) են հայտնաբերել, որոնք էլ աղմուկի աղբյուրն են եղել: Հաջորդ օրը հայտնաբերվել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ցլագորտերի դիակներ։ Ուինդհեմ շրջանի պատմությունը և բալլադի ներածությունը նշում են, որ միջադեպի ամռանը սաստիկ երաշտ է եղել, ինչը կտրուկ նվազեցրել է ջրաղացի լճակի ջրի մակարդակը[7]:

Տեսարան Ուինդհեմում Կոնեկտիկուտի ընդհանուր պատմությունից

Թեև այն ժամանակ ոչ մի թերթ չի գրել դեպքի մասին, Ուինդհեմ համայնքի գորտերի վախի մասին լուրերը տարածվեցին Կոնեկտիկուտի գաղութում: Միջադեպը հիշատակող ամենավաղ պահպանված փաստաթուղթը 1754 թվականի հուլիսին Աբել Սթայլսի նամակն էր իր եղբորորդուն Էզրա Սթայլսին, որը հետագայում դարձել է Եյլի քոլեջի նախագահ: Երեց Սթայլզը նախքան Ուինդհեմին և ցլագորտերին հիշատակելը մեջբերել է մի հատված Պուբլիուս Օվիդիուսի «Կերպարանափոխություններից», որը վերաբերում էր Լիկիայի գյուղացիներին, որոնք վերածվել են գորտերի[3]։

Ուինդհեմը դարձել է «գաղութների ծիծաղի առարկա»[8] և նրա բնակիչները ենթարկվել են ծաղրի։ Ուիլյամ Ուիվերը գրել է 1857 թվականին, որ Ուինդհեմի բնակիչները չեն կարողանում ճանապարհորդել տնից հեռու՝ առանց ցլագորտերի մասին որևէ բան լսելու[9]։ Դեպքի մասին գրվել են բալլադներ, որնցից մեկում հեգնաբար ասվում է․ «երկար և համառ [կռիվ] մրցակցություն էր, և հաջորդ առավոտ բազմաթիվ հազարավոր մարտիկներ սպանված հայտնաբերվեցին խրամատի երկու կողմերում»[10][2]:

Պատմությունը շարունակվել է տարիների ընթացքում և տարածվել այլ գաղութներում: Պատմությունը հետևել է Ուինդհեմի փաստաբան Էլիֆալետ Դայերին իր ողջ կարիերայի ընթացքում: Մի անգամ Երկրորդ մայրցամաքային կոնգրես ժամանելուն պես նրան դիմավորել են ծիծաղով[7], քանի որ նրա կառքի ետնամասից սատկած ցլագորտ էր կախված[11]։ Միջադեպի մասին հիշատակումները շարունակվեցին մինչև 19-րդ դարը։ Դեյվիդ Հիլհաուսը, գրելով 1826 թվականին Նյու Յորքում օպերա հաճախելու իր առաջին փորձի մասին, ի սկզբանե դժգոհել է․ «աղմուկից, որը ինձ ստիպողաբար հիշեցնում էին հին ժամանակներում Գորտերի ճակատամարտը Ուինդհեմում»[12]:

Միևնույն ժամանակ, Ուինդեմ համայնքը գորտը ընդունել է որպես խորհրդանիշ, քանի որ ճակատամարտը դարձել քաղաքի բանահյուսության մաս: Լճակը, որը նախկինում հայտնի էր որպես «Ֆոլեթի լճակ», վերանվանվել է «Գորտի լճակ»: Ընդունվել է քաղաքային կնիք՝ ցլագորտի ուրվանկարով[13]:

Ըստ բանահավաք Ռիչարդ Դորսոնի՝ Ուինդհեմի գորտը որպես խորհրդանիշ ընդունելը խթանման ձև է եղել, երբ քաղաքը պատմությունը շրջել է իրենց օգտին և օգտագործել է այն՝ տարբերվելու այլ համայնքներից: Ուինդհեմը բացիկներ է պատրաստել, որտեղ պատկերված են հսկա գորտերը կամ «գիշերազգեստով արժանիները», որոնք զրուցում են գորտերի հետ: Դորսոնն ասում էր, որ Ուինդհեմի հանրային գրադարանը տարածում է գրքույկ՝ նվիրված ճակատամարտին նվիրված բալլադներից մեկով և «իր հատորներում տեղադրել է մատենանիշներ՝ գորտի խորհրդանիշով»[14]։

Գորտեր պատկերող թղթադրամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորտերի պատկերով մեկ դոլար անվանական արժեքով թղթադրամի դիմերեսը

Ուինդհամ բանկը 1832 թվականին արտադրել է գորտի պատկերով թղթադրամներ։ Թղթադրամների ստորին աջ անկյունում, պատկերված էր գորտ, որը նստած է մեկ այլ շրջված և սատկած գորտի վրա: Մինչև 1870-ական թվականները բանկը թողարկել է $1, $2, $3, $5 և $10 անվանական արժեքներով նմանատիպ թղթադրամներ[15][16]։

«Ուինդհեմի գորտերը» կատակերգական օպերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասոն Վ. Լևիթը Գորտերի ճակատամարտի պատմությամբ ոգեշնչված 1880-ականներին իր որդու՝ Բերթոնի հետ գրել է «Ուինդհեմի գորտերը» կատակերգական օպերան[8]: Այն տպագրվել է և 1891 թվականին ստացել հեղինակային իրավունք[17]։

Կատակերգական օպերան ռոմանտիկ ենթասյուժե ունի, որտեղ գնդապետ Դայերը փորձում է ամուսնացնել իր դստերը «թուլամիտ անգլիացի երիտասարդի հետ»։ Միևնույն ժամանակ, մի գյուղացի տղա, ով սիրահարված է նրա դստերը, պլանավորում է անգլիացի լորդին գերել մոհեգան հնդկացիների օգնությամբ[17]: Գորտերը հայտնվում են երրորդ գործողության վերջին կեսին որպես «առեղծվածային աղմուկ», և Դայերը համոզված է, որ դա Աստծո ուղերձն է, և նա պետք է թույլ տա իր աղջկան ամուսնանալ այն մարդու հետ, ում նա սիրում է: Այնուհետև գալիս է Դայերի կապիտաններից մեկը և հայտնում, որ աղմուկի պատճառը պարզապես «մարտական գորտերի բազմությունն» էր[8]։

Ուինդհեմի գորտերը» ներկայացվել է Կոնեկտիկուտում 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին: Հաղորդվում էր, որ օպերայի «Գորտերի բալետը» «մեծ ուրախություն է առաջացրել»[18], իսկ «Good Old Windham Flip» երգը անդրադարձել է տեղի ալկոհոլային եփուկին[8][19]։ Օպերայում կան էթնիկ կարծրատիպեր, այդ թվում՝ «Ինջուն» պատերազմական պար, տարբեր կերպարներ՝ գերմանացի՝ Լիմ Բուրգեր անունով, աֆրոամերիկացիներ՝ Դայերի ստրուկները, պարող գնչուներ և խոսքի խանգարում ունեցող անգլիացի լորդ[8]:

«Ուինդհեմի գորտերի» նորացված տարբերակը վերաբեմադրվել է 1983 թվականին Ուիլիմանտիկի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ։ Կրամերի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ռոբերտ Բրույլարդը օպերետն անվանել է «ռեժիսորի մղձավանջ»՝ նշելով դրա սիրողական լիբրետոն և համեմատելով օպերան «Գարուն Հիտլերի համար» մյուզիքլի հետ: Ուինդհեմի թատերական գիլդիան վերաբեմադրել է ստեղծագործությունը 1992 թվականին։ Օպերետի 82 էջանոց դաշնամուրային պարտիտուրը պահվում է Կոնգրեսի գրադարանում[8]։

Գորտերի կամուրջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեադ քաղաքի խաչմերուկը խոսակցական լեզվով հայտնի է որպես «Գորտերի կամուրջ»՝ կամուրջ է Ուիլիմանտիկում, որն անցնում է Ուիլիմանտիկ գետի վրայով: Կամուրջի շինարարությունն ավարտվել է 2000 թվականին և ունի չորս 3.4 մ բարձրության պղնձե գորտեր կամրջի յուրաքանչյուր անկյունում գտնվող հսկա բետոնե սյուների վրա: Նկարիչ Լեո Ջենսենի ստեղծած ծուլորեն նստած գորտերը հարգանքի տուրք են մատուցում Գորտերի ճակատամարտին և կոչվում են Մենի, Վիլի, Ուինդի և Սվիֆթի[20]:

Ուինդհեմի պլանավորման հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Է. Ֆիլիփսը, որ 1984 թվականին հրատարակված «Լեգենդար Կոնեկտիկուտ» գրքի հեղինակն է, առաջարկել է կամրջի ձևավորման մեջ ներառել գորտերը: Ուիլիմանտիկի բնակիչները նույնպես առաջարկներ են արել կամրջի համար։ Մեկը առաջարկել է կամուրջը ձևավորել Սլովենիայի Վիշապի կամրջի նմանությամբ, որի երկու ծայրերում վիշապներ կան, որոնք, ըստ տեղական լեգենդի, պետք է պոչերը շարժեն, երբ կույսերն անցնում են կամրջով: Ի պատասխան առաջարկի՝ Մարգարետ Պ. Ռայխը՝ Ուինդհեմի Տարածաշրջանային Պլանավորման Գործակալության գործադիր տնօրենը, ասել է, որ «մենք կցանկանայինք ստեղծել նմանատիպ քաղաքային լեգենդ, բայց գորտերով, և հավանաբար առանց կույսերի»[21]:

  1. Միջադեպը նաև անվանվել է «Ուինդհամի գորտերի ճակատամարտ» և «Ուինդհամի գորտերի վախ» անվանումները[1]։
  2. Մինչ որոշ պատմություններ նշում են 1758 թվականը որպես Գորտերի ճակատամարտի տարի (Ջոն Ուորներ Բարբերը 1836 թվականին Կոնեկտիկուտի պատմական հավաքածուներ գրքում գրել է, որ դեպքը տեղի է ունեցել 1758 թվականի հուլիսին[2]), 1754 թվականի հուլիսի 9-ին Էզրա Սթայլսին գրված նամակում նշվում է այդ դեպքը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Hoberman, Michael (2018 թ․ հունիսի 8). «Bridge Ornaments Help Tell the Legend of the Windham Frog Fight». Connecticut History (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  2. 2,0 2,1 D'Agostino, Thomas; Nicholson, Arlene (2011). «Frog Pond and Bridge». Connecticut Ghost Stories and Legends (անգլերեն). Arcadia Publishing. ISBN 978-1-61423-793-8. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Lawyers and bullfrogs». Isaiah Thomas Broadside Ballads Project. American Antiquarian Society. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին.
  4. Bendici, Ray. «The Frog Bridge, Willimantic». Damned Connecticut. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. Pelland, Dave (2011 թ․ օգոստոսի 23). «Frog Bridge, Willimantic». CT Monuments.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Boyer, Crispin (2012 թ․ մարտի 13). National Geographic Kids Ultimate U. S. Road Trip Atlas: Maps, Games, Activities, and More for Hours of Backseat Fun (անգլերեն). National Geographic Books. ISBN 9781426309335. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 Eves, Jamie H., ed. (2023 թ․ փետրվարի 26). «The Great Windham Frog Fight: A History Through Documents». Windham Textile and History Museum. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «The Frogs of Windham». Library of Congress. էջ 21. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  9. Payne, Brigham, et al. (1876) "The Story of Bacchus, and Centennial Souvenir". Hartford, Conn., A. E. Brooks. pp. 37, 64.
  10. Bayles, Richard (1889). «The Battle of the Frogs». History of Windham County, Connecticut. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
  11. Weaver, William L. (1857). The Battle of the Frogs, at Windham, 1758: With Various Accounts and Three of the Most Popular Ballads on the Subject. Willimantic, CT: James Walden. էջեր 4–6.
  12. Gassan, Richard H. (2010). «Tourists and the City: New York's First Tourist Era, 1820–1840». Winterthur Portfolio. 44 (2/3): 235. doi:10.1086/653731. ISSN 0084-0416. JSTOR 10.1086/653731. S2CID 161286806. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
  13. Swift, Ruth (1975 թ․ դեկտեմբերի 10). «A History of the Village And The First Congregational Church Windham, Connecticut» (PDF). էջեր 15–16. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  14. Dorson, Richard M. (1978). «Editor's Comment: Boosterism in American Folklore». Journal of the Folklore Institute. 15 (2): 181–182. ISSN 0015-5934. JSTOR 3814093. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
  15. Straub, Charles E. (1978 թ․ նոյեմբեր). «The 'Frog' Notes of Windham, Conn». Paper Money. 17 (6): 323–326. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  16. Goldsmith, Stephen L. (2007 թ․ մայիսի 22). «Symbols on American Money» (PDF). Federal Reserve Bank of Philadelphia. էջ 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  17. 17,0 17,1 Nord, Kristin (1983 թ․ օգոստոսի 21). «A Froggy Place in History». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  18. Adams, Gladys S. (1995). «Apel's Opera House». Old Manchester II: The Storytellers (PDF). Manchester Historical Society. էջ 41. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «The Frogs of Windham». Library of Congress. էջ 21. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  20. Curland, Richard (2018 թ․ փետրվարի 25). «Historically Speaking: Bridge's frogs have roots in Willimantic's past». The Bulletin (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  21. Hamilton, Robert A. (1996 թ․ օգոստոսի 25). «The Frogs (and Spools) of Windham Bridge». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորտերի ճակատամարտ» հոդվածին։