Գորշ գայլեր (առասպել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրքերի խորհրդանիշ հանդիսացող գորշ գայլը

Բոզ քուրթ (Մոխրագույն գայլ) (ադրբ.՝ Boz Qurd, թուրքերեն՝ Boz Kurt), առասպել, որը տարածված է թյուրքախոս ազգերի շրջանում[1]։ Գայլի մորթու կախարդական ուժի մասին խոսվում է գրավոր հին աշխատությունների մեջ։ Դրանց թվում են Տիմոֆեյ Քազլըի 5-րդ դարի աշխատությունները, Նաջիբ Համադանի աշխատությունները (X դար)։

«Եթե գայլի մորթուց պատրաստել թմբուկ և նվագել դրանով, ապա մնացած բոլոր թմբուկները շարքից դուրս կգան։ Եթե գայլի մորթին քաշեն աղեղի վրա և ձգեն աղեղալարը, ապա ձգված մյուս աղեղալարերը կկտրվեն»:

Դա էր պատճառը, որ թյուրք զինվորները հարձակման ժամանակ արձակել են գայլի ոռնոց, որը հակառակորդի մոտ սարսափ է առաջացրել։ Այդպես նրանք հեշտությամբ հաջողության են հասել։ Իրականում, թյուրքերը երբևիցե չեն օգտագործել սպանված գայլի մորթի, քանի որ այդ գործողությունը կհամարվեր տաբուի խախտում և կարող էր հանգեցնել արտակարգ պատահարների։ Տիմոֆեյը և Նաջիբ Համադանին նկարագրել են շամանների թմբուկները և աղեղները, որոնք պատրաստված են եղել գայլի մորթուց՝ հիմնվելով միայն օղուզների հավատալիքների վրա։ Վերջիններիս մոտ մոխրագույն գայլի պաշտամունքը եղել է ամենաբարձր մակարդակի վրա։

Բաշկիրների անվան ծագումնաբանության վարկածներից մեկը հետևյալն է. բաշկորտ նշանակում է "գայլերի առաջնորդ"[2]: Բացի այդ, Բուրեն (գայլ) բաշկիրական ցեղերից մեկն է[3]։

Թյուրքերի ծագումը և գայլի պաշտամունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ գայլեր ազգայնական կազմակերպության պաշտոնական կայք էջում նշված է. «Ամեն կրթված մարդ, որը չի ընդունում Գորշ գայլին, նշանակում է՝ չի ճանաչում, ժխտում է ազգային պատմությունը, իսկ իր ազգին, ազգությանը չհարգողին՝ ոչ ոք չի հարգի»[4]։ Չինական աղբյուրներից մեկում կա մի լեգենդ, համաձայն որի[5].

«...թուրքերի նախնիները բնակվել են Արևմտյան ծովի արևմտյան ափին։ Թուրքերին ջարդում են Լին անվամբ երկրի բանակները։ Սպանում են բոլորից, բացի մի 10-ամյա տղայից, որին Լին երկրի զինվորները խղճում են, ձեռքերն ու ոտքերն կտրելով՝ նետում են մի ճահճուտ։ Իմանալով այդ մասին՝ Լին երկրի տիրակալը հրամայում է նրան նույնպես սպանել, որ թուրքերի արմատը վերջնականապես կտրվի... Թշնամու զորքերը երեխային գտնելու համար ճամփա են ընկնում։ Բայց մի էգ գորշ գայլ, երեխայի ծոծրակից ատամներով բռնելով, փախցնում է Ալթայ և պահում նրան քարանձավում։ Գայլը, լիզելով վիրավոր տղայի վերքերը, բուժում է նրան։ Նա երեխային պահում է Ալթայի անտառոտ լեռներում։ Տղան շուտով ամուսնանում է այդ գայլի հետ։ Ծնվում են 10 երեխաներ, որոնք էլ, ուրիշ աղջիկների հետ ամուսնանալով, բազմանում են, բանակ են ստեղծում, հարձակվում են Լին երկրի վրա և լուծում նախնիների վրեժը։ Ստեղծվում է մի հզոր պետություն։ Եվ խաները, իրենց նախնիների մոր՝ էգ գայլի հարգանքից դրդված, իրենց զարդարված վրանների առջև գայլի գլխով մի դրոշակ են ամրացնում»։

Գորշ գայլեր ազգայնական կազմակերպության պաշտոնական կայք էջում նշված է, որ իբր թուրքերը հին երկաթագործներ են[6]։

«...Թրքությունը չի մոռացել և պահպանում է իր ազգային արժեքները և խորհրդանիշները։ Թուրք ազգայնականները երբեք չեն մոռանալու և շարունակելու են ապրեցնել դրանք։ Մինչև երկրի կանգ առնելն էլ՝ լուսին ու աստղ պատկերող կարմիր դրոշը շարունակվելու է ծածանվել երկնքում, ու գորշ գայլը շարունակելու է մնալ որպես թրքության անկախության և ազատության խորհրդանիշ»։

Գայլի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորշ գայլը 5 լիրիանոց թղթադրամի վրա

Ադրբեջանցիները մինչ օրս հավատում են, որ գայլը կարող է բերել և չարություն, և բարություն։ «Իմ պապ Կոկուտի գիրքը» աշխատության մեջ նշված են որոշ ասացվածքներ և հավատալիքներ. «Գայլին տեսնելը հաջողության նշան է», «Գայլին հանդիպելը հաջողության նշան է, իսկ սև կատվին՝ տհաճություն։ Երկակի վերաբերմունք կա նաև ոչխար նկատմամբ։ Գայլի տոտեմի մասին Վ. Հաբիբ օղլին գրում է, որ «Ադրբեջանում գայլի պաշտամունքը եղել է ամենաբարձր մակարդակի վրա և մեծ տարածում է ունեցել»։ Սակայն այս վկայությունը շատ վիճելի է, քանի որ ոչ մի օրինակ, որոնք բերվում են ադրբեջանական, թյուրքական և միջինասիական ֆոլկլյորից չի հաստատում այս փաստը։ Ընդորում, ադրբեջանական ֆոլկյորում չկա որևէ ավանդապատում, որտեղ նշված է, որ գայլը հանդիսանում է ազգի ծագման հիմքը։ Այստեղ գայլը իրականացնում է ուղեկցորդի, ուղեցույցի գործառույթ։ Գայլը իրականացնում էր առաջնորդի գործառույթ, ով փրկում է թյուրքերին վերացումից և առաջնորդում նրանց անապատային տարածքներից դեպի բերքառատ երկրներ[7]։

Գորշ գայլի խորհրդանիշը հետագայում կիրառվել է նաև Հանրապետական Թուրքիայում։ Աթաթուրքի կառավարման տարիներին թուրքական դրամի վրա առկա է եղել գորշ գայլը, ինչը հիմք է հանդիսացել թուրք ազգայնականների համար Աթաթուրքին որակել որպես «Գորշ գայլական»[8]։

Ադրբեջանի լեգենդներում և առասպելներում գայլի նկատմամբ վերաբերմունքը երկակի է։ Մարդագայլերը, ովքեր ունեն գայլի տեսք, դաժան են և արյունարբու։ Համաձայն հին հավատալիքի՝

«Եթե երեկոյան կինը բակ դուրս գա առանց ծածկած գլխի, ապա կարող է փոխակերպվել էգ գայլի՝ Զալհայի։ Զալհան ունեցել է հատուկ հագուստ։ Երեկոյան նա հագել է այդ զգեստները և որսի դուրս եկել մարդկանց նկատմամբ։ Վերադառնալով՝ նա հանել է իր հագուստները և նորից փոխակերպվել մարդու։»

Հմայախոսքերում գայլը անջատման, երկպառկության նշան է։ Կա հավատալիք, համաձայն որի՝

«Եթե գայլի յուղ քսեք կնոջ հագուստի վրա, ապա ամուսինը կվիճի նրա հետ, կատի նրան և կբաժանվի, և հակառակը, եթե յուղը քսեք ամուսնու հագուստին, ապա նրան կատի և կբաժանվի կինը։»

Գայլը հանդիպում է նաև ասացվածքներում։

«Կերկարող մոր կրծքի ուռուցքի դեպքում, անհրաժեշտ է գայլի թաթով երեք անգամ խփել կրծքին, և ուռուցքը կիջնի։»

«Եթե անպտուղ կնոջ լողացնեն ջրում, որտեղ նախօրոք գցվել է օձի կաշի և գայլի գանգ, ապա նա կարող է հղիանալ։»

Այսպիսով, գայլը ժողովրդական հիշողության մեջ ներկայացվում է տոտեմի և հակատոտեմի տեսքով։ Ասացվածքներում և շուտասելուկներում առավել հստակ է գայլի երկակի բնույթը։

Բարի գայլի կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջաներեն տեքստի տառադարձում։

Գուրդ գուրդա արխա չևիրմեզ,
Գուրդ էտի գուրդա հարամդըր,
Գուրդ ուրեյիի իեյիբ,
Գուրդդան գուրդ տորեյեր։
Գուրդ գարանլըգ սևեր։
Գուրդ ուզու մուբարեքդիր։

Բառացի թարգմանություն։

Գայլը մեջքով չի կանգնի գայլին,
Գայլի գայլի միս չի ուտի,
Նա կերել է գայլի սիրտը։
Գայլը գայլ է ծնում։
Գայլը մթություն է սիրում։
Գայլը հաջողություն է բերում։

Գայլի չարության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջաներեն տեքստի տառադարձում։

Գուրդ դումանլը իեր ախտարար։
Գուրդա գոյուն թաշփըրմաղ օլմազ
Գուրդա սեն թիքմեք, յըրթմաղ անասընընը փեշեսիդիր։
Գուրդու եվդե սախլամաղլա և խայվանը օլմազ։
Գուրդուն ուզու աղ օլսայդը, գունդուզ չոլե չըխարդը։

Բառացի թարգմանություն։

Գայլը փնտրում է մշուշոտ վայր։
Գայլին չի կարելի ոչխար վստահել։
Գայլին սովորեցրու կարել, իսկ քանդելը՝ իր մոր արհեստն է (քանդել ինքն էլ գիտի)։
Եթե գայլին պահեն տանը, նա տնային չի դառնա
Եթե գայլը լիներ ազնիվ, կհայտնվեր օրը ցերեկով։

Սակայն որոշ առասպելական հավատալիքներում և լեգենդներում գայլը ներկայացվում է նաև որպես չար ուժ։ Այսպես, գոյություն ունի լեգենդ, համաձայն որի.

«Խանի բլրի վրա ապրելիս է եղել Շարաբանու անունով մի կին։ Մի անգամ գիշերը Շարաբանուն տաքացնելով ջուրը, լողացել է բակում։ Բացի այդ, կնոջը գիշերը չի կարելի դուրս գալ բակ, անպայման դժբախտություն կպատահի։ Երբ Շարաբանուն լողանում էր, ինչ- որ բան փայլեց, և նա վախից վազեց տուն։ Չկարողանալով հասնել տան դռներին, նրա գլխին ընկավ գայլի մորթի։ Կինը կերպարանափոխվեց սոված գայլի և սլացավ քաղաք որսի։ Չգտնելով ոչինչ՝ նա վերադարձավ տուն։ Նրա ամուսինը և երեխաները այդ ժամանակ քնած էին։ Նա կծեց և կերավ կրտսեր երեխայի մատը և զգաց դրա քաղցրությունը։ Դուրս եկավ տնից, շրջեց յոթ գյուղերով, ոչինչ չգտավ, վերադարձավ տուն և կերավ ամենափոքր երեխային։ Առավոտյան ամուսինը արթնանալով՝ տեսավ, որ նորածնին կերել են, իսկ կնոջ բերանը արյունոտ է։ Նա հասկացավ, թե ինչ է կատարվել նախորդ գիշեր։ Նա հանեց կնոջը բակ և ծառի տակ սկսեց նրան ծեծել։ Շարաբանուն կարողացավ դուրս պրծնել և փախչել։ Ժողովուրդը սկսեց նրան անվանել Շարաբանու էգ գայլ։ Գիշերները նա շրջում էր գյուղերով և գողանալով մի քանի երեխաների, ուտում էր նրանց։ Հայտնվել է նա նաև մեր գյուղում։ Ամառ էր։ Հորեղբորս ընտանիքը քնած էր տանիքում։ Երբ գայլը գողացավ իմ զարմիկին, նրա մայրը արթնացավ և կռվի բռնվեց գայլի հետ։ Աղմուկի վրա մոտ վազեցին հարազատները, հարևանները։ Շարաբանուն փախավ, հասցնելով, սակայն պոկել զարմիկիս այտը, որի արդյունքում նրա դեմքին խծապ (սպի) առաջացավ։ Բոլորը սկսեցին հետապնդել նրան, սակայն, ձիերով անգամ չկարողացան հասնել նրան։ Շարաբանուն շրջեց յոթ գյուղերով, վերադարձավ քաղաք, գիշերեց փլատակներում։ Երբեմն նա հայտնվում էր նաև իր տան մոտ։ Սակայն վախենալով ամուսնուց՝ տուն չէր մտնում։ Մի անգամ մարդիկ հետևեցին Շարաբանուին, տեսան, որ նա հանել է գայլի մորթին և թաքցրել քարերի մեջ։ Գաղտնի նրանք վերցրեցին գայլի մորթին։ Շարաբանուն այդժամ հասկացավ իսկությունը, սկսեց լացել, աղաչել, սպառնալ, որ իրեն վերադարձնեն հագուստը։ Սակայն մարդիկ այրեցին այն։ Շարաբանուն կորցրեց գիտակցությունը, այնուհետ գիտակցության եկավ։ Այդ ժամանակվանից սկսած նա դադարեց գայլ լինել և ուտել երեխաներին։»

Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ադրբեջանական և թուրքական առասպելաբանության մեջ գայլի պաշտամունքի առկայությունը և դրա կիրառումը ամենաբարձր մակարդակով պայմանավորված է նրանով, որ Թուրքիայում երիտասարդության շրջանում տարածված է «Գորշ գայլեր» կազմակերպությունը[9]։

Գայլի կերպարը «Իմ Քորքութ պապի մասին գիրքը» աշխատությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քիթաբի դեդե Քորքութում» գայլը ներկայացվում է որպես դրական հերոս։

Էպոսի 11-րդ գլլխում Կազան խանը նշում է, որ իր նախնիները գայլին ընդունում էին որպես տոտեմ։

Թյուրք-ադրբեջանական տեքստի տառադարձում։

«Էզվայ գուրդ էնուգի էրքեգինդե բիր քոքում վար»

Բառացի թարգմանություն։

«Ես գայլերի տոհմից, ով չգիտի, թե ինչ է վախը։»

Օղուզական էպոսի II գլխում էլ[10] նկարագրված է գայլի նկատմամբ մեծ սերը և հարգանքը։

Թյուրք-ադրբեջանական տեքստի տառադարձում։

«Գարա բաշըմ ղուրբան օլսուն, գուրդըմ, սանա»

Բառացի թարգմանություն։

«Թող քո զոհը լինի իմ սև գլուխը, ով Գայլ իմ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бозкурт - это... Что такое Бозкурт?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Владимир. «Башкирские предания и легенды - Сокровища народов мира притчи басни мифы сказки легенды». sokrnarmira.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «Кто такие "Серые волки"?». www.istpravda.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. NET, Bozkurt. «Bozkurt NET». bozkurt.net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Ավագյան, Աշոտ (2013). Պանթուրքական երազանք կամ «Գորշ գայլեր». Երևան: «Ասողիկ» հրատարակչություն. էջ 13. ISBN ISBN 978-99941-2-834-1. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  6. NET, Bozkurt. «Bozkurt NET». bozkurt.net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. «On the Trail of Turkey's Terrorist Grey Wolves».
  8. «Серые волки в Турции | ВОПРОСИК». ВОПРОСИК (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. «"Серые волки" в "овечьих" шкурах: почему их до сих пор не запретили в России? / Радиостанция "Вести FM" Прямой эфир/Слушать онлайн». radiovesti.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. , Большая советская энциклопедияКитаби деде Коркуд, հ. 30 (3), Մոսկվա, 1969-1978։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Научные исследования Академии Наук Азербайджанской Республики. Институт Востоковедение им. Зия Бунядова. V выпуск. № 1-2 — Баку, «Нурлан», 2003, с. 8-12.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]