Գործիքային պողպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գործիքային Պողպատ, ածխածնային կամ լեգիրված պողպատ։ Օգտագործվում է կտրող և չափիչ գործիքներ, սառը և տաք ձևափոխման դրոշմոցներ, ինչպես նաև աշխատանքի ընթացքում շուտ մաշվող մեքենամասեր պատրաստելու համար։ Շահագործման հատկությունները լավացնելու նպատակով գործիքային պողպատը ենթարկում են ջերմային մշակման (մխում, մխամեղմում)։ Գործիքային պողպատները, որպես կանոն, պարունակում են ավելի քան 0,6-0,7% C, բացառություն են կազմում տաք ձևափոխման դրոշմոցային պողպատները, որտեղ C-ն 0,3-0,6% Է։ Նայած տաքացման նկատմամբ ունեցած կայունությանը՝ գործիքային պողպատները բաժանվում են երեք խմբի՝ փոքր կայունության, մեծ կայունության և կայուն։ Փոքր կայունության պողպատները մեծ կարծրությունը պահպանում են մինչև 150-200 °C։ Կիրառվում են փափուկ նյութերը փոքր արագությամբ կտրող գործիքները և սառը ձևափոխման դրոշմոցներ պատրաստելու համար։ Մեծ կայունության պողպատներն իրենց շահագործման հատկությունները պահպանում են մինչև 250-400 °C։ Դրանք, հիմնականում, լեգիրված պողպատներն են, որոնք պարունակում են մինչև 12% քրոմ։ Այս պողպատներն ունեն մեծ մաշակայունություն, կարծրություն, շիկակայունություն։ Դրանցից պատրաստում են խոշոր դրոշմոցներ, վիրաբուժական գործիքներ։ Կայուն պողպատներն իրենց կարծրությունը պահպանում են մինչև 560-700 °C։ Շիկակայունությունն ապահովող հիմնական լեգիրող տարրերը վոլֆրամն ու մոլիբդենն են։ Ածխածնի մեծ պարունակության (0,7-1,5%) և կարծրության պողպատները (արագահատ պողպատ) օգտագործվում են մեծ արագություններով աշխատող կտրող գործիքներ, իսկ մինչև 0,4% С պարունակողները՝ տաք ձևափոխման դրոշմոցներ, ճնշման տակ մետաղների ձուլակաղապարներ պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png