Գնեոս Մարկիոս Կորիողանոս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորիոլան (այլ կիրառումներ)


Գնեոս (որոշ աղբյուրներում՝ Գայոս[1]) Մարկիոս Կորիողանոս (նաեւ՝ Կորիոլանոս կամ Կորիոլան) (լատին․՝ Gnaeus Marcius Coriolanus), հռոմեացի զորավար, ով ենթադրաբար ապրել է Ք.ա. 5-րդ դարում: Նա ստացել է իր «Կորիողանոս» պատվանունը՝ վոլսկյան Կորիոլի քաղաքի գրավվման ժամանակ ցուցաբերած արիության համար: Հետագայում նա արտաքսվել է Հռոմից եւ վարել է վոլսկյան զորքը դեպի այն, պաշարելով քաղաքը:
Հին աշխարհի ավելի ուշ ապրած պատմիչները հիմնականում համակարծիք էին, որ Կորիողանոսն իրական պատմական կերպար է, եւ այնպիսի պատմիչներ, ինչպիսիք էին Տիտոս Լիվիոսը[2], Պլուտարքոսը[3], Դիոնիսիոս Հալիկառնասցին[4] անդրադարձել են նրա կյանքին եւ գործունեությանը: Նորագույն պատմագիտությունը կասկածի տակ է առնում Կորիողանոսի պատմականությունը: Որոշ ուսումնասիրողներ նրա կերպարը համարում են լիովին առասպելական, որոշներն էլ՝ վիճարկում են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող տվյալների արժանահավատությունը.[5]:
Կորիողանոսի պատմության հիման վրա են ստեղծվել Վիլյամ Շեքսպիրի համանուն ողբերգությունը եւ մեծաթիվ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ Բեթհովենի «Կորիողանոսի նախերգանքը»` Հայնրիխ Յոզեֆ ֆոն Քոլինի «Կորիողանոս» ողբերգության հիման վրա:



Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիողանոսն ավանդաբար հիշատակվում է Գնեոս անվամբ. այդ ձեւով է այն հանդիպում Տիտոս Լիվիոսի եւ հռոմեացի այլ պատմիչների աշխատություններում[2]: Հույն հեղինակ Դիոնիսիոս Հալիկառնասցին նրան հիշատակում է Գայոս անվամբ[4], նույնը կրկնում է նաեւ Պլուտարքոսը[3]: Լատինական գրականության հետազոտող Ռոբերտ Մաքսվել Օգլվին կարծում է, որ Դիոնիսիոսը հետեւել է Լուկինիոս Մակրի հիմք դրած ավանդույթին[6]:
Անգլիացի թարգմանիչ Թոմաս Նորթը ԺԶ դարում թարգմանել է Պլուտարքոսի Զուգակշիռքը, որն էլ հետագայում դարձել է Շեքսպիրի ողբերգության ոգեշնչումը: Այդ թարգմանության մեջ նա նշել է Կորիողանոսի անունը որպես Կայոս[7]:
Հայերեն թարգմանություններում հանդիպում են պատվանվան նաեւ Գորիոլանոս եւ Կորիոլանոս ձեւերը[8]:
Կորիոլիի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնեոս Մարկիոսը երիտասարդ տղա էր, ով ծառայում էր կոնսուլ Պոստումոս Կոմինիոսի բանակում: Նրանք Ք. ա. 493 թվականին պաշարել էին վոլսկյան Կորիոլի քաղաքը: Քանի դեռ հռոմեացիներն զբաղված էին պաշարմամբ, վոլսկյան մեկ այլ զորաջոկատ ժամանել է Անցիումից եւ գրոհել հռոմեացիներին, միաժամանակ՝ Կորիոլիում պաշարված վոլսկերն արտագրոհել են: Մարկիոսը ժամապահ էր այդ արտագրոհի պահին: Նա արագ հավաքում է հռոմեական զինվորների մի խումբ եւ հարձակվում Կորիոլիից արտագրոհած վոլսկերի վրա: Թշնամու ուժերին քշելուց հետո, նա գրոհել է քաղաքի դարպասների միջով, ապա՝ հրի մատնել քաղաքի պարսպի մոտակա տները: Կորիոլիի բնակիչները մատնվել են խուճապի: Վոլսկյան բանակը բարոյալքվել է դրանից եւ ջախջախվել հռոմեացիների կողմից: Քաղաքը նվաճվել է եւ Մարկիոսին տրվել է Կորիողանոս պատվանունը[2]:
Վեճ եւ արտաքսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ք.ա. 491 թվականին, Կորիողանոսի՝ վոլսկերի հանդեպ տարած հաղթանակից երկու տարի անց, Հռոմը վերականգնվում էր հացահատկի պակասուրդից: Սիկիլիայից ներմուծվել էր հացահատկի զգալի քանակություն: Սենատում կային հակասություններ, թե ինչ սկզբունքով պետք է հացահատիկը բաշխվի ռամիկներին: Կորիողանոսը համոզված էր, որ հացահատիկը պետք է վաճառվի հնարավոր ամենաբարձր գնով, եթե պլեբեյները չհրաժարվեն պլեբեյան առաջին սեցեսիայի արդյունքում ձեւավորված տրիբունի պաշտպանությունից[2]:
Սենատը համարում է, որ Կորիողանոսի առաջարկը չափից դուրս սաստիկ է: Ժողովուրդը ցասվում է Կորիողանոսի որոշումից: Տրիբունները դատի են կանչում Կորիողանոսին: Դա առաջին դեպքն էր, որ պատրիկին կանչում էին պլեբեյան դատի առջեւ: Սենատորները փորձում էին արդարացնել Կորիողանոսին, կամ գոնե թեթեւացնել նրա դատավճիռը: Սակայն, Կորիողանոսը հրաժարվել է ներկայանալ դատավարությանը ու ինքնակամ լքել է Հռոմը եւ ուղեւորվել դեպի վոլսկերը: Նրան հեռակա դատապարտում են[2]: Ըստ Դիոնիսիոսի՝ Կորիողանոսը ներկայացել է դատին եւ կարողացել է հաջողությամբ պաշտպանվել, սակայն այդուամենայնիվ դատապարտվել է, քանի որ բացահայտվել է նրա կողմից ռազմավարի յուրացումը՝ Անցիումի վոլսկերի դեմ արշավանքի ընթացքում[4]:
Անցում վոլսկերի շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքսումից հետո՝ Կորիողանոսը միացել է վոլսկերին: Վոլսկյան առաջնորդ Ատիոս Տուլիոս Օֆիդիոսը նրան ընդունել եւ վերաբերվել է մտերմաբար[2]:
Ըստ Պլուտարքոսի՝ Կորիողանոսն զգեստափոխված է մտել Օֆիդիոսի տուն՝ որպես աղերսավոր[3]:
Կորիողանոսն ու Ատիոս Տուլիոսը փորձում են համոզել վոլսկերին՝ խզել հաշտությունը եւ հարձակվել Հռոմի վրա: Ըստ Լիվիոսի՝ Տուլիոսը գաղտնի այցելում է հռոմեացի սենատորներին եւ նրանց հավատացնում, որ Հռոմեական խաղերի համար ժամանած մեծաթիվ վոլսկերը դավադրություն են նախապատրաստել: Սենատորները, ապահովության համար, բոլոր վոլսկերին կարգադրում են լքել Հռոմը: Դա խորապես վիրավորում է վոլսկերին: Ապա՝ Տուլիոսը, ինքն էլ զարմացած ու վրդովված ձեւանալով, հանդիպում է վոլսկերին եւ ավելի բորբոքում նրանց[2]:
Կորիողանոսը եւ Օֆիդիոսը վարել են վոլսկյան բանակն ընդդեմ հռոմեական բնակավայրերի, գաղութների եւ դաշնակիցների: Հռոմեական գաղթականները վտարվել են Կիրկեիից: Ապա՝ ազատագրվել են նախկինում վոլսկյան բնակավայրեր Սատրիկումը, Լոնգուլան, Պոլուսկան եւ Կորիոլին: Դրանից հետո՝ վոլսկյան բանակը գրավել է Լավինիումը, Կորբիոնը, Վիտելիան, Տրեբիան, Լավիկումը, Պեդումը[2]:
Այդ հաջողություններից հետո, վոլսկերն արշավել են դեպի Հռոմ եւ պաշարել այն: Նրանք վերջ ի վերջո ճամբարել են Կլուիլիյան խրամի մոտ, Հռոմից հինգ մղոն հեռավորության վրա: Կորիողանոսը հրահանգել էր վոլսկերին, որ նրանք ավարեն պլեբեյան ունեցվածքը, բայց խնայեն պատրիկյանը, եւ վոլսկերն ասպատակում էին արվարձանները[2]:
Հռոմը, կոնսուլներ Սպուրիոս Նօտիոսի եւ Սեքստոս Փուրիոսի գլխավորությամբ, պատրաստվում էր պաշտպանության: Սակայն պլեբեյները պնդում են, որպեսզի նրանք բանակցեն խաղաղության համար: Սենատ է գումարվում եւ որոշվում է ուղարկել աղերսավորներ թշնամու մոտ: Սկզբում ուղարկվում են դեսպաններ, սակայն Կորիողանոսը չի համաձայնվում խաղաղության: Դեսպանները երկրորդ անգամ են ուղարկվում վոլսկերի մոտ, սակայն նրանց մուտքը թշնամու ճամբար արգելվում է: Հաջորդն ուղարկվում են քրմերը, սակայն նրանք նույնպես չեն ունենում հաջողություններ[2]:
Վետուրիան` Կորիողանոսի մայրը (Շեքսպիրի ողբերգությունում եւ Դիոնիսիոսի աշխատությունում` Վոլումնիա) եւ Վոլումնիան` Կորիողանոսի կինը (Շեքսպիրի ողբերգությունում եւ Դիոնիսիոսի աշխատությունում` Վիրգիլիա), Կորիողանոսի երկու որդու եւ հռոմեական մատրոնների ուղեկցությամբ շարժվում են դեպի վոլսկյան ճամբարը եւ աղերսում են Կորիողանոսին՝ դադարեցնել հարձակումը Հռոմի վրա: Կորիողանոսն ընկրկում է նրանց աղերսներից եւ հեռացնում է վոլսկյան ճամբարը քաղաքի մոտից, վերջ դնելով պաշարմանը: Հռոմը, ի երախտագիտություն այդ կանանց մատուցած ծառայության, կանգնեցնում է Ֆորտունային նվիրված տաճար[2]:
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմի պաշարման վերացումից հետո պարզ չէ, թե ինչ ճակատագիր է ունեցել Կորիողանոսը: Լիվիոսը մեջբերում է ավելի հին աղբյուրներից ավանդված տարբեր վարկածներ: Ըստ Փաբիոս Պիկտորի` Կորիողանոսն արտաքսված ապրել է խղճուկ կյանք` մինչեւ ծեր տարիք[2]: Ըստ ժողովրդական ավանդույթի, որը մեջբերում է նաեւ Պլուտարքոսը, Կորիողանոսը՝ Հռոմի հետ զինադադարից հետո վերադառնում է Անցիում: Վոլսկերը, Օֆիդիոսի առաջարկով դատում են նրան: Սակայն, Կորիողանոսին սպանում են նախքան դատավճիռը[2][3]:
Պլուտարքոսի պատումը նմանություններ ունի Թեմիստոկլեսի կյանքի պատմանը, ով Աթենական ժողովրդավարության առաջնորդն էր եւ Կորիողանոսի ժամանակակիցը: Թեմիստոկլեսը, Աթենքից արտաքսումից հետո, ժամանում է իր անձնական թշնամու՝ մոլոսիացիների արքա Ադմետոսի տուն: Թեմիստոկլեսն զգեստափոխված է այցելում Ադմետոսի տուն եւ դիմում նրան որպես փախստական, նույն կերպ, ինչ որ Կորիողանոսը՝ Օֆիդիոսին: Սակայն, Թեմիստոկլեսը երբեւէ չի արշավում ընդդեմ Աթենքի[3]:
Կերպարի վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիողանոսի կերպարը տարբեր կերպով է մեկնաբանվել դարերի ընթացքում, կախված քաղաքական միջավայրից: Ոմանց համար նրա պատմությունը եղել է խրատական, այլոց համար՝ օրինակ. նա ներկայացվել է որպես դավաճան, անկառավարելի, սնապարծ, դաժան ռազմիկ, դասակարգային թշնամի, վտարական, բացարձականության հետեւանքով անդատողական դարձած, մյուս կողմից՝ հավատարիմ, անձնուրաց որդի, ով իրեն նվիրել էր բարձրագույն գաղափարների եւ դարձել քաղաքական հանգամանքների զոհ:
Դիոնիսիոսը ներկայացնում է Կորիողանոսին որպես կշռադատված քաղաքական գործչի, ով փորձում էր տրամաբանական լուծում գտնել ստեղծված ճգնաժամում: Սակայն Կորիողանոսի ծագման հարցում նա բերում է երկու վարկած. ըստ մեկի՝ նա պլեբեյ էր, ով հարել էր պատրիկներին եւ դարձել ատելի պլեբեյների համար, ըստ մյուսի՝ Կորիողանոսը պատրիկ էր, ով արժանացել էր պլեբեյների համակրանքին[4]:
Մարկոս Տուլիոս Կիկերոնն ուսումնասիրել է Մարկյան տոհմի ծագումնաբանությունը[9]: Գերմանացի պատմաբան Թեոդոր Մոմզենը հիմնվելով այդ ուսումնասիրության վրա ենթադրել է, որ Մարկյանները՝ պլեբեյան ծագմամբ ազնվականներն ստեղծել են Կորիողանոսի կերպարը, որպեսզի փառաբանեն իրենց ծագումնաբանությունը, պլեբեյան ազնվականությունը եւ ընդհանուր առմամբ՝ պլեբեյներին[10]:
Կորիողանոսի մասին առաջին հիշատակումները Ք.ա. Գ դարի են, այն է՝ ստեղծվել են նրա ենթադրյալ կյանքից մոտ երկու դար անց:
Հնարավոր է, որ առասպելի հիմքում ընկած է իրական պատմություն: Հնարավոր է, որ վոլսկերը Ք.ա. Ե դարում ունեցել են ռազմական որոշ հաջողություններ՝ նույնանուն հրամանատարի գլխավորությամբ: Հետագայում՝ հռոմեացիները կարող էին նրան ներկայացնել որպես հռոմեացի, ում արտաքսել են[5]:
Կերպարի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորիողանոսի կերպարի հակասականությունը նրան դարձրել է բազմաթիվ ստեղծագործությունների առանցքային գործող անձ.
- 1607/08` Վիլյամ Շեքսպիրը գրել է իր վերջին ու ամենահասուն ողբերգությունը` «Կորիոլան»-ը;
- 1719-ին՝ անգլիացի դրամատուրգ Ջոն Դենիսը բեմադրել է «Իր երկիրը նվաճողը», որը հիմնված է Շեքսպիրի ստեղծագործության վրա: Այն ակնարկ է բրիտանական ժառանգության համար յակոբիտների ապստամբությանը:
- 1760 թվականին` ռուսական բանակի սպա Իվան Շիշկինը գրել է «Ուղերձ Կորիողանոսին» բանաստեղծությունը;
- 1802 թվականին` ավստրիացի գրող Հայնրիխ Յոզեֆ ֆոն Քոլինը գրել է «Կորիողանոս» ողբերգությունը;
- 1807 թվականին` կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենն ստեղծել է իր «Կորիողանոսի նախերգանքը»` Քոլինի ստեղծագործության հիման վրա;
- 1811-ին` գերմանացի գրող Յուլիուս ֆոն Ֆոսը գրել է «Կորիողանոս» երգիծական ողբերգությունը;
- 1903-ին՝ գերմանացի քանդակագործ Վիլհելմ Վանդշնայդերը կերտել է Կորիողանոս քանդակը, որը 1904 թվականին ցուցադրվել է Սենթ Լուիսում եւ արժանացել Լուիզիանայի առեւտրային ցուցահանդեսի ոսկե մեդալի: Այն հետագայում տեղադրվել է Փլաու ամ Զեե քաղաքում;
- 1931-ին, գրականության Նոբելյան մրցանակակիր Թոմաս Էլիոթն սկսել է գրել բանաստեղծությունների «Կորիողանոս» շարքը, որը մնացել է անավարտ;
- 1952/53` գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտն ստեղծել է Շեքսպիրի աշխատության, թեեւ անավարտ, իր մշակումը: Այն կենտրոնանում է անձի անփոխարինելիության վերաբերյալ համոզմունքի վրա եւ դրանով իսկ քննադատում է անձերի պաշտամունքը, որ կար սոցիալիստական վարչակարգերում: Բրեխտի Կորիողանոսը փաստացի պրոտոֆաշիստ է[11]: Բրեխտի երկը բեմադրվել է Արեւելյան Գերմանիայում նրա մահից 8 տարի անց միայն` 1964 թվականին, խիստ գրախոսությունից հետո;
- 1956 թվականին` էլեկտրասարքերի գերմանական Nordmende ընկերությունը, որի արտադրած սարքերը հաճախ կրում էին երաժշտական ստեղծագործությունների հերոսների անուններ, թողարկել է «Coriolan 57 3D» ռադիոսարքը;
- 1963/64` գերմանացի կոմպոզիտոր Փաուլ Դեսաուն գրել է երաժշտություն Բրեխտի` Բեռլիներ Անսամբլում բեմադրված «Կորիողանոս»-ի համար;
- 1964 թվականին նկարահանվել է իտալական «Կորիողանոս. անհայրենիք հերոսը» (իտալ.՝ Coriolano: eroe senza patria) պատմաֆիլմը, որում Կորիողանոսին մարմնավորել է ամերիկացի դերասան Գորդոն Սքոթը;
- 1966-ին՝ գերմանացի դրամատուրգ Գյունտեր Գրաս-ը բեմադրել է «Պլեբեյները փորձարկում են ապստամբությունը», որը փաստացի քննադատություն էր Բերտոլդ Բրեխտի անգործությանը՝ Արեւելյան Գերմանիայում 1953 թվականին տեղի ունեցած ապստամբության ընթացքում: Ներկայացումը պատմում է հորինված Բրեխտի մասին, ով 1953 թվականի ապստամբության ընթացքում բեմադրում է Շեքսպիրի «Կորիոլան»-ը, սակայն հրաժարվում է բացահայտ աջակցել աշխատավորներին, ովքեր պայքարում էին խորհրդային բռնաճնշումների դեմ;
- 1982 թվականին, Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել է Կորիոլան ներկայացումը, որը թողարկվել է նաեւ որպես հեռուստաներկայացում: Ներկայացումը բեմադրել է Հրաչյա Ղափլանյանը, Կորիողանոսի դերը կատարել է Խորեն Աբրահամյանը;
- 2007 թվականին լույս տեսած «Roma: Հին Հռոմի նորավեպ» նորավեպում, հեղինակ Սթիվեն Սեյլորը ներկայացրել է Կորիողանոսի պատմության սեփական վարկածը;
- 2008–2025 թվականներին ստեղծված Անոթի խաղեր գրքաշարում գլխավոր հակահերոսը Կորիոլանոս Սնոուն է: Ըստ հեղինակ Սյուզեն Քոլինզի` կերպարի հիմքում հենց Կորիողանոսն է[12];
- 2011 թվականին` Ռեյֆ Ֆայնսը նկարահանել է Կորիոլան ֆիլմը, որը շեքսպիրյան ողբերգության արդիականացված էկրանավորումն է: Ֆիլմի իրադարձություններն ընթանում են Հարավսլավական պատերազմներին նման միջավայրում: Ֆիլմում Կորիողանոսը ներկայացվում է որպես դրական հերոս: Ֆիլմն արժանացել է միջազգային բարձր գնահատականի:
Բացի այդ, Կորիողանոսի կերպարն օգտագործվել է ԺԷ դարասկզբից ի վեր՝ անգլիական, գերմանական, իսպանական, իտալական եւ ֆրանսիական գրական ստեղծագործություններում, ինչպես նաեւ՝ իտալական օպերաներում, որոնք այսօր քիչ են հայտնի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tim Cornell, "Marcius Coriolanus, Gnaeus", Oxford Classical Dictionary
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Titus Livius, Ab Urbe condita, II 33–39
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Պլուտարքոս Քերովնացի, Զուգակշիռք, Հատոր Բ, էէ. 227–292, ՌՄՁԲ, Տպարան Սրբոյ Ղազարու, Վենետիկ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Dionysius of Halicarnassus, Roman Antiquities, Book VII, pp 205–349
- ↑ 5,0 5,1 Lendering, Jona. «Gnaeus Marcius Coriolanus». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Ogilvie, R. M. (1965). A Commentary on Livy, Books 1–5. Oxford: Clarendon Press. էջ 319.
- ↑ «Dates and sources | Coriolanus | Royal Shakespeare Company». www.rsc.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025-07-30-ին.
- ↑ Սոնա Սեֆերյան, Տառադարձության խնդիրը XIX դարի երկրորդ կեսի շեքսպիրյան հայերեն թարգմանություններում | «Բանբեր Երևանի համալսարանի», 1 (28), Երևան 1976թ., էէ 155–158
- ↑ Marcvs Tvllivs Cicero, De Re Pvblica, Liber II, pp. 60–73, MDCCCXXIII, Bostoniae, Everett
- ↑ Theodor Mommsen's Kritik der erzählung von Cn. Marcius Coriolanus, 36S, J. C. B. Mohr, 1870, Heidelberg
- ↑ Willett, John, The Theatre of Bertolt Brecht: A Study from Eight Aspects, London: Methuen, 1959, p.63.
- ↑ «All the Hidden Meanings of the Names in the New Hunger Games». Slate.