Jump to content

Գնալ Կանոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rex rogat abbatem / Mathildim supplicat atque.«Թագավորը դիմում է վանահորը / և աղաչում է Մաթիլդային»Դոնիզոն դի Կանոսայի Vita Mathildis- ի կոդեքսից մանրանկարչություն (12-րդ դար), Վատիկանի գրադարան

«Գնալ Կանոսա» (ֆրանսերեն՝ aller à Canossa, իտալ.՝ andare a Canossa, գերմ.՝ andare a Canossa, եբրայերեն՝ ללכת לקנוסה ‎), արտահայտություն միջնադարյան Եվրոպայում Գրիգորյան բարեփոխման ժամանակաշրջանից, որը թևավոր խոսք է դարձել։ Այն կապվում է 1077 թվականին Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ IV-ի Կանոսյան նվաստացման հետ և այդ ժամանակվանից ի վեր մտել է լայն գործածության մեջ որպես ստիպողաբար ստորացուցիչ զիջման կամ զղջման խորհրդանիշ: Կանոսա անունը սկսել է կապվել աշխարհիկ իշխանության եկեղեցուն ենթարկվելու հետ[1]։

Քաղաքականության մեջ օգտագործվում է նկարագրելու համար այն պաշտոնյաներին, ովքեր ստիպված են լինում «ներողություն խնդրել» իրենց քաղաքական հակառակորդներից՝ իրենց դիրքերը պահպանելու համար:

Օտտո ֆոն Բիսմարկն այս արտահայտությունն արտասանել է նորաստեղծ Գերմանական կայսրության Ռայխսթագի ամբիոնից 1872 թվականին․ «Մի վախեցեք․ Մենք չենք գնա Կանոսա՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես»՝ ակնարկելով, որ կանցլերը չէր նահանջելու աշխարհիկ պետության և քաղաքականապես ակտիվ եկեղեցու դեմ պայքարում[2]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արտահայտությունը ծագում է հայտնի պատմական փաստից և նշանակում է «նվաստացնել ինքդ քեզ, խոնարհվել թշնամու առջև, հրաժարվել, ընդունել սխալը, կատարել հնազանդության ակտ»։

Այն սկիզբ է առել 1077 թվականի դաժան ձմռանը Կանոսայում տեղի ունեցած իրադարձությունից, երբ Հենրի IV կայսրը գահից չզրկվելու համար ստիպված է եղել հայցել պապի գթասրտությունը՝ երեք օր ու գիշեր սպասելով Կանոսայի ամրոցի մուտքի մոտ, որ Հռոմի պապ Գրիգոր VII-ն արժանացնի իր բարեհաճությանը[3]։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի IV-ը Կանոսայում, նկարիչ՝ Էդուարդ Շվոյզեր, 1862 թվական

Պատմական իրադարձությունը կապված է Գրիգորյան բարեփոխման ժամանակաշրջանի հետ։ 1073 թվականին Գրիգոր VII-ը Հռոմի պապ ձռնադրվելուց հետո հայտարարել է, որ եկեղեցական իշխանությունը ոչ միայն անկախ է, այլև բարձր է կայսերական իշխանությունից։ Սա հանգեցրել է «Ինվեստիտուրայի համար պայքարին»։

1076 թվականին Սրբազան հռոմեական կայսրության կայսր Հենրիխ IV-ը Վորմսում հրավիրել է Սրբազան Հռոմեական կայսրության եպիսկոպոսների սինոդ, որով պահանջել է Հռոմի պապ Գրիգոր VII -ի հրաժարականը՝ մեղադրելով եկեղեցում եպիսկոպոսների դերն անտեսելու մեջ (ինվեստիտուրա)[4]։ Կարճ ժամանակ անց Հենրիխ IV-ը կոչ է արել Հռոմեական կայսրության հպատակներին չհնազանդվել Գրիգոր պապին և նրան հայտարարել է գահընկեց։

Ի պատասխան՝ 1076 թվականի փետրվարին Գրիգոր VII-ը Կայսր Հենրիխին նզովել է՝ հեռացրելով եկեղեցուց, ինչը նշանակում էր, որ կայսրի հպատակներն ազատվում են իրենց տված հավատարմության երդումից, այլևս պարտավոր չեն նրան հնազանդվել։ Քրիստոնեական բանադրանքով եկեղեցուց վտարվելած Հենրիխի դեմ են դուրս եկել գերմանացի իշխանները Ռուդոլֆ Շվաբիացիու գլխավորությամբ և սպառնացել են այլևս չճանաչել նրան որպես կայսր, եթե նա պապի հետ հաշտության եզրեր չգտնի։ Վերջնական որոշումը պետք է կայացվեր Աուգսբուրգում հրավիրվելիք ժողովում, որին հրավիրված էր նաև Հռոմի պապը։

Պապն Աուգսբուրգ (Գերմանիա) է ուղևորվել՝ մասնակցելու գերմանական իշխանների ժողովին, որտեղ պետք է քննարկվեր կայսր Հենրիխ IV-ի ճակատագիրը: Հենրիխը գիտակցելով, որ եթե պապը հանդիպի գերմանացի իշխաններին, ինքը վերջնականապես կզրկվի գահից, որոշել է նախապես հանդիպել պապին՝ առաջ անցնելով իրադարձություններից։ Եվ քանի որ իշխաններն հսկողություն են սահմանել Ալպերի հիմնական լեռնանցքներում, որպեսզի թույլ չտալ այդ հանդիպումը, Հենրիխը ստիպված փոքր պահակախմբով է ճամփորդել՝ ընտրելով դժվարանցանելի և քիչ հայտնի ճանապարհներ:

Գրիգոր VII-ը, իմանալով, որ Հենրիխը հատել է Ալպերը, անվտանգությունից ելնելով, ապաստանել է Կանոսայում՝ իր հավատարիմ դաշնակից Մաթիլդա Կանոսացու ամրոցում։

Հենրիխը Հյուգո Կլյունեցուն և կոմսուհի Մաթիլդային խնդրել է միջնորդել, սակայն Պապը միջնորդությունը չի ընդունել։ Պատմական աղբյուրների համաձայն՝ կայսրը 1077 թվականի խստաշունչ ձմռանը երեք օր ու գիշեր (հունվարի 25-27) բոկոտն ու գլխաբաց, հասարակ ապաշխարողի հագուստով, կանգնած սպասել է Կանոսայի ամրոցի պարիսպների մոտ, մինչև Պապը կբարեհաճեր ընդունել նրան և ներում շնորհել[5]։ Սա պատմության մեջ հայտնի է Կանոսայի նվաստացում ձևակերպմամբ։

Գրիգոր պապն այդ ընթաքում մտածել և քաղաքական նպատակահարմարության փոխարեն բարեհաճել է զղջացող մեղավորին ներել։ Նա Հենրիխի մեղքերին թողություն է տվել և հրաժարվել է եկեղեցուց բանադրելու որոշումից, ինչին նպաստել են Հյուգո Կլյունեցին և կոմսուհի Մաթիլդան[6]։

Այդ պահին թագավորին հաջողվել է հանել եկեղեցական նզովքը (էքսկոմունիկացիա) և պահպանել թագը։ Այս դիվանագիտական քայլով ընդդիմադիր իշխանները զրկվել են բոլոր կանոնական փաստարկներից։ Սակայն Կանոսան համարել են Աուգսբուրգում ժողով անցկացնելու նախնական համաձայնագրի խախտում, առաջացել է ներքին պառակտում։ Նրանք Հենրիխին հայտարարել են գահընկեց։ 1077 թվականի մարտին Ֆորհայմի ժողովում գերմանացի իշխաններն ընտրել են Շվաբիայի դուքս Ռուդոլֆին։ Պապը որոշ հապաղումից հետո վերջապես որոշել է աջակցել Ռուդոլֆին՝ 1080 թվականի հունվարի 27-ին Ֆլարխայմի ճակատամարտում տարած հաղթանակից հետո։ Սաքսոնների ճնշման տակ Գրիգորը 1080 թվականի մարտի 7-ին կրկին հայտարարել է Հենրիխ թագավորի արտաքսման և գահընկեցման մասին[1]։

Փաստորեն, արտաքսման վերացումն իրական հաշտեցում չէր, քանի որ Հենրիխի և Գրիգորի հակամարտության իրական պատճառը՝ ինվեստիտուրայի վեճը, չէր լուծվել: Կանոսայից հետո Հենրիխը շարունակել է աջակցել Գրիգորի բարեփոխումներին դեմ հանդես եկող հոգևորականներին և ազնվականներին։ Նոր հակամարտությունը անխուսափելի էր, քանի որ Հենրիխի կարծիքով չեղարկվել էր նաև գահընկեցությունը, սակայն Գրիգորը որևէ ակնարկ չէր արել Կանոսայում այդ մասին: Բացի այդ, զղջալով՝ Հենրիխն ընդունել էր պապի միջոցառումների օրինականությունը, հրաժարվել էր աշխարհիկ ամենահզոր տիրակալի իր ավանդական դիրքից, որը հավասար էր կամ նույնիսկ գերազանցում էր եկեղեցուն՝ ամրապնդելով պապական գորիշխանության գաղափարը[1]։

Այնուամենայնիվ, Պապի այս որոշումը բացասական է անդրադարձել հենց իր վրա։ Շատերը սկսել են կասկածել նրա գործողությունների վավերականության վրա։ Ավելին, Ռուդոլֆ Շվաբիացին նույն թվականի հոկտեմբերի 16-ին մահացել է ստացած վերքերից։ 1081 թվականի օգոստոսին նշանակվել է նոր հակաթագավոր՝ Հերման Զալմցին, սակայն նրա անհատականությունը հարմար չէր Գերմանիայում Գրիգորյան առաջնորդի դերի համար։ Հենրիխ IV-ը ստանձնելով նախաձեռնությունը՝ հրաժարվել է ճանաչել եկեղեցուց վտարումը։ 1080 թվականի հունիսի 16-ին Բրիքսենի ժողովում Հենրիխը, պապից դժգոհ գերմանացի եպիսկոպոսների աջակցությամբ, կրկին պաշտոնանկ է արել պապին և նշանակել է հակապապ՝ Կղեմես III-ին (Ռավեննացի Գիբերտ)[1]։

1081 թվականին Հենրիխը բացահայտ արշավել է դեպի Հռոմ։ Գրիգորը դիմել է իր նորման դաշնակիցներին Հարավային Իտալիայում։ Նորմանները փրկել են Գրիգորին, բայց նաև թալանել են Հռոմը։ Խիստ զայրացած հռոմեացիները Գրիգորին քաղաքից դուրս են վռնդել[7]։ Իսկ Հենրիխը 1084 թվականին նվաճել է Հռոմը և հանդիսավոր կերպով թագադրվել է քաղաքում Կղեմես III-ի ձեռամբ։ Գրիգոր VII պապը փախել է Սալեռնո, որտեղ էլ մահացել է 1085 թվականին այդպես էլ չչեղարկելով Հենրիխի հեռացումը եկեղեցուց[6]։

Հենրիխ IV կայսրը ստիպված լինելով զղջալով ներում հայցել՝ ստացել է Հռոմի պապ Գրիգոր VII-ի թողությունը, ինչը նրան թույլ է տվել պաշտոնապես վերականգնել իր կարգավիճակը որպես քրիստոնյա միապետ: Այնուամենայնիվ, Կանոսայի նվաստացումը և արտաքսման վերացումն իրական հաշտեցում չէր․ այն ժամանակավոր լուծել է Հենրիխի գահին մնալու քաղաքական խնդիրը, բայց չի լուծվել եկեղեցական պաշտոնների նշանակման՝ ինվեստիտուրայի հիմնահարցը և պայքարը շարունակվել է։

Կայսրի և Պապի միջև իշխանության գերակայության համար 11-րդ դարի պայքարը թուլացրել է եկեղեցու նկատմամբ կայսեր վերահսկողությունը, հանել է պապական իշխանությունը կայսերական կախվածությունից, սակայն գերմանական կենտրոնացած պետությունը թուլացել, մասնատվել է երկարատև քաղաքացիական պատերազմներով։

Այսպես «Գնալ Կանոսա» արտահայտությունը որպես թևավոր խոսք՝ խորհրդանշում է հարկադրված զղջում կամ ծայրահեղ նվաստացում:

Թևավոր կիրառության օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո ֆոն Բիսմարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1877 թվականին կանգնեցված Կանոսայի սյունը Բադ Հարցբուրգում նվիրված է Գերմանական կայսրության հիմնադիր Օտտո ֆոն Բիսմարկին և դեպի Կանոսա Հենրիխ IV-ի ապաշխարության ճանապարհորդության հետ կապված նրա հայտարարությանը[8] (Ստորին Սաքսոնիա)

19-րդ դարում այս արտահայտությունը քաղաքական ենթատեքստ է ձեռք բերե՝ ներկայացնելով Գերմանիայի անհնազանդությունն այնպիսի օտարերկրյա տերության, ինչպիսին է Սուրբ Աթոռը։ 1872 թվականին նոր հռչակված Գերմանական կայսրության ռայխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը Հռոմի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու համար լուրջ բախում է ունեցել Հռոմի պապ Պիոս IX-ի հետ, որը ստացել է այսպես կոչված «Կուլտուրկամպֆ» (մշակութային պայքար) անվանումը։

Բիսմարկը 1872 թվականի մայիսի 14-ին Ռեյխստագի նիստում իր հայտնի ելույթում հայտարարել է. «Մենք չենք գնա Կանոսա՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես» (գերմ.՝ nach Canossa gehen wir nicht – weder körperlich noch geistig)[3], ինչը նշանակում էր, որ Գերմանիան չի ընդունի քաղաքական, կրոնական և մշակութային որևէ արտաքին միջամտություն[9]։ Հաճախ մեջբերվող այս արտահայտությունը դարձել է այդ ժամանակի քաղաքական խառնաշփոթի խորհրդանիշ[2][8]։

Ադոլֆ Հիտլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ Հիտլերը ողջունում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենին Բադ Գոդեսբերգի հանդիպման սկզբում՝ 1938 թվականի սեպտեմբերի 24-ին, որի ընթացքում Հիտլերը ուլտիմատիվ պահանջ է դրել՝ անհապաղ անեքսիա կատարել չեխական սահմանային տարածքներում, ինչը հանգեցրել է Գոդեսբերգի հուշագրի ստորագրմանը

Գարեջրային հեղաշրջման պատճառով Բավարիայում, Լանդսբերգի բանտում բանտարկված Հիտլերին բանտից ազատվելուց առաջ Բավարիայի կառավարությունը փորձել է նրան նվաստացուցիչ կերպով արտաքսել Ավստրիա՝ որպես «անցանկալի օտարերկրացու», սակայն Ավստրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նրան[10]:

1925 թվականի հունվարի 4-ին բանտից դուրս գալուց հետո Հիտլերը ստիպված էր ներկայանալ Բավարիայի նոր վարչապետ Հայնրիխ Հելդին, խոնարհվել և հավատարմության խոստում տալ կառավարությանը, խոնարհաբար խոստանալ հարգել պետության հեղինակությունը, գործել միայն օրինական և ժողովրդավարական ճանապարհով, նաև շեշտել, որ իր կուսակցությունը կլինի պետության հուսալի դաշնակիցը «մարքսիստական վտանգի» և կոմունիզմի դեմ պայքարում։ Արդյունքում, Հելդը չեղարկել է Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության և նրա պաշտոնական թերթի՝ «Völkischer Beobachter»-ի արգելքը[11]։

Շատերը Հիտլերի այս վարքն ընկալել են որպես նահանջ իր նախկին արմատական կեցվածքից: Ազատվելուց հետո իր հանդիպումը Բավարիայի վարչապետ Հայնրիխ Հելդի հետ Հիտլերը նկարագրել է որպես «իր Կանոսան»: Այս հանդիպումը պատմաբաններն էլ հաճախ անվանում են Գնալ Կանոսա, քանի որ Հիտլերը ձևացնում էր, թե զղջում է և խոնարհվում է իշխանության առաջ, որպեսզի վերականգնի իր կուսակցության գործունեությունը։

Սա Հիտլերի կողմից մարտավարական զիջում էր։ Հեղաշրջման ձախողված փորձը, բանտարկության տարիները շատ բան էին սովորեցրել Հիտլերին․ նա փոխել էր քաղաքականությանը մոտենալու ձևը հետագա տարիների ընթացքում։ Այլևս չընտրելով իշխանության բռնի և հանկարծակի զավթումը, Նացիստական ​​կուսակցությունը փոխարենը սկսել էր աշխատել քաղաքական համակարգն աննկատ մանիպուլյացիայի ենթարկելու և ազգը արմատականացնելու ուղղությամբ։ Հիտլերը նշանակվել է Գերմանիայի կանցլեր անհաջող հեղաշրջումից ընդամենը տասը տարի անց, և երկիրը տարել դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ[11]։

Նևիլ Չեմբերլեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը մեկնել է Բերխտեսգադեն՝ Հիտլերի հետ հանդիպման (Մյունխենի համաձայնագրից առաջ), Այս հանդիպումը տեղի է ունեցել Սուդետյան ճգնաժամի թեժ պահին՝ պատերազմը Եվրոպայում կանխելու նպատակով։ Սա Չեմբերլենի «հաշտեցման քաղաքականության» (appeasement) մասն էր, որը հետագայում հանգեցրել է Մյունխենյան համաձայնագրի ստորագրմանը[12]։

Բրիտանացի դիվանագետ սըր Ռոբերտ Վանսիտարտը (1881-1957) այս հանդիպումը որակել է որպես «Հենրիխ IV-ի Կանոսա գնալու կրկնություն»: Դա դիտվել է որպես թույլ կողմի զիջում ուժեղին: Վանսիտարտն այս զուգահեռով ընդգծում է, որ Բրիտանիայի վարչապետը, ինքնակամ մեկնելով բռնապետի մոտ, հայտնվել է նույնպիսի նվաստացուցիչ վիճակում, ինչպես միջնադարյան կայսրը՝ պապի առաջ[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 «Canossa | Holy Roman Empire, Matilda, Investiture Controversy | Britannica». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2026-04-21-ին.
  2. 1 2 Import, M. V. S. (2006-12-04). «„Nach Canossa gehen wir nicht"». wissenschaft.de (գերմաներեն). Վերցված է 2026-04-21-ին.
  3. 1 2 «Accadde a Canossa». comune.canossa.re.it. 28 novembre 2008. Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին. Վերցված է 2026-04-21-ին.
  4. ↑ Violante, Cinzio; Fried, Johannes (1993). Il secolo XI: una svolta? / a cura di Cinzio Violante e Johannes Fried (italian). Biblioteca Fondazione Bruno Kessler. Bologna: il Mulino.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. ↑ Library Context Knowledge (2017-08-21). «Feudal Germany 936 -1250». World History Volume (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-04-19-ին.
  6. 1 2 Cantarella, Glauco Maria (2005). Il sole e la luna: la rivoluzione di Gregorio VII. Roma: GLF editori Laterza. էջեր 167–169, 171–173. ISBN 88-420-7604-X.
  7. ↑ «The Humiliation Of King Henry | Christian History Magazine». Christian History Institute (անգլերեն). Վերցված է 2026-04-22-ին.
  8. 1 2 «Harzburger Wanderseite: Der Kulturkampf». www.harzburger-wanderseite.de. Վերցված է 2026-04-21-ին.
  9. ↑ «Canossa – Sieg der Moral? - Universität Heidelberg». www.uni-heidelberg.de. Վերցված է 2026-04-21-ին.
  10. ↑ November 11, Scott Lyons on; at 6:21pm, 2022 (2022-11-11). «"8-9 November 1923: The Beer Hall Putsch: A Failed Coup and the Rebirth of a Movement" by Scott Lyons». War History Network. Վերցված է 2026-04-22-ին. {{cite web}}: |first2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. 1 2 «The Beer Hall Putsch: Hitler's failed coup d'état». Sky HISTORY TV channel (անգլերեն). Վերցված է 2026-04-22-ին.
  12. ↑ Langworth, Richard (2019-10-31). «Bouverie's Chamberlain: "A Mind Sequestered in Its Own Delusions"». The Churchill Project - Hillsdale College (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-04-21-ին.
  13. ↑ Reynolds, David (2009). Summits: six meetings that shaped the twentieth century. New York: Basic Books. ISBN 978-0-7867-4458-9. OCLC 646810103.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Carlo Lapucci. Il dizionario dei modi di dire della lingua italiana. 1ª ed. Milano, Garzanti Editore - A. Vallardi, 1993. p. 316. ISBN 88-11-91707-7
  • Salvatore, Di Rosa (1980). Club degli Editori (ed.). Perché si dice: origine e significato dei modi di dire e dei detti più famosi. Milano. էջ 6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]