Գյուրջիստանի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուրջիստանի վիլայեթ, վարչա–տնտեսական միավոր մոնղոլ–թաթարական պետության մեջ։ Ստեղծվել է 1245–ից հետո։ Ընդգրկել է Վրաստանը և Զաքարյանների հայկական իշխանությունը՝ Այրարատ, Արցախ, Սյունիք, Գուգարք նահանգները ու Վանանդ գավառի զգալի մասը։ Գյուրջիստանի վիլայեթը կառավարել են իլխանի կողմից նշանակված նախկին Վրաց թագավորության շառավիղները, որոնք կոչվել են Վալի և նրանց վերահսկողությունը իրականացրել են մոնղոլ ամիրաները։ Այն կազմված էր ռազմա–վարչական տաս միավորից (թումանից), որից հինգը Զաքարյանների հայկական իշխանությանն էր (նրանցից երեքը ղեկավարվում էր Զաքարյան տոհմի կողմից, իսկ մյուս երկուսը՝ Սյունիքը Օրբելյանների և Արցախը Ջալալյանների կողմից)։ Հայկական թումաններում սյուզեներական իրավունքով տիրություն էին անում հիմնականում Զաքարյան տոհմի տարբեր ճյուղավորումները (ժամանակ առ՝ Օրբելյանները կամ Մահկանաբերդի Արծրունիները)։ 1250–ական թթ. Սյունիքն անջատվել է Գյուրջիստանի վիլայեթից և դարձել անմիջապես մոնղոլական մեծ խանին ենթակա թուման, բայց 1256–ին վերստին մտցվել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։ Հայաստանի մյուս գավառները կազմում էին Մեծ Հայքի վիլայեթը։ Հետագայում, օսմանյան Թուրքիայի տիրապետության ժամանակ, Գյուրջիստանի վիլայեթ էր կոչվում նախկին վրացական իշխանություն՝ Սամցխե աթաբեկությունը, որի իշխանները ընդունել էին իսլամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 136 CC-BY-SA-icon-80x15.png