Գյունտեր Գիյոմ
Գյունտեր Գիյոմ գերմ.՝ Günter Guillaume[1] և գերմ.՝ Günter Bröhl | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1927[2] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | ապրիլի 10, 1995[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Պետերսհագեն Էգերսդորֆ, Մերկիշ Օդերլանդ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Գերեզման | Parkfriedhof Marzahn |
Քաղաքացիություն | Գերմանիա և Արևելյան Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Ազդվել է | Մարկուս Վոլֆ |
Մասնագիտություն | հետախույզ և Flakhelfer |
Աշխատավայր | Volk und Wissen Verlag? և Դաշնային կանցլերի գրասենյակ (Բեռլին) |
Ամուսին | Christel Boom? և Elke Bröhl? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն, Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Pierre Boom? |
Günter Guillaume Վիքիպահեստում |
Գյունտեր Գիյոմ (գերմ.՝ Günter Guillaume, փետրվարի 1, 1927[2], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն - ապրիլի 10, 1995[2], Պետերսհագեն Էգերսդորֆ, Մերկիշ Օդերլանդ, Բրանդենբուրգ, Գերմանիա, հանդես է եկել նաև՝ Գյունտեր Բրյոլ (գերմ.՝ Günter Bröhl) անվամբ), ԳԴՀ ազգային ժողովրդական բանակի սպա, ԳԴՀ պետական անվտանգության նախարարության աշխատակից, հետախույզ, որը ներդրվել էր Գերմանիայի կանցլերի գրասենյակում, «Գիյոմի գործով» գլխավոր գործող անձ։ Նրա բացահայտումը դարձել է Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության պատմության ամենախոշոր սկանդալը և առիթ, բայց ոչ միակ պատճառը Արևմտյան Գերմանիայի դաշնային կանցլեր Վիլի Բրանդտի հրաժարականի համար, որի ռեֆերենտն էր Գյունտեր Գիյոմը սկսած 1972 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիյոմը ծնվել է Բեռլինում, երաժշտի ընտանիքում։ 1941-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել որպես զենիթային կայանքի օգնական։ «Berliner Zeitung»-ը, հղում անելով պատմաբան Գյոց Ալիին, հրապարակել է տվյալներ այն մասին, որ Գիյոմն անդամակցել է Հիտլերյուգենդին և Նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը։ Վերադառնալով Բեռլին՝ նա սկսել է աշխատել որպես լուսանկարիչ։
1950 թվականին Գիյոմն Արևելյան Բեռլինում գործող «Folk und Welt» հրատարակչությունում ստացել է խմբագրի պաշտոնը։ 1950-1956 թվականների ընթացքում հավաքագրվել է ԳԴՀ պետական անվտանգության նախարարության կողմից և սովորելու ուղարկվել Արևմտյան Գերմանիա՝ ապագա դավադրական առաջադրանքներին նախապատրաստվելու համար։ 1951 թվականին Գիյոմն ամուսնացել է քարտուղարուհի Քրիստել Բոմի հետ, որը ևս կրթություն էր ստացել ԳՖՀ-ում ու ԳԴՀ պետական անվտանգության գործակալ էր։ Ամուսնությունից նրանք ունեցել են որդի, որի անունը եղել է Պիեռ։ 1952 թվականին Գիյոմն անցել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության շարքերը։ 1956 թվականին ԳԴՀ պետական անվտանգության նախարարության առաջադրանքով մշտական բնակություն է հաստատել Մայնի Ֆրանկֆուրտում ու այնտեղ բացել «Boom am Dom» սրճարանը։
1957 թվականին Գյունտեր Գիյոմն անդամակցել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Քրիստել Գիյոմն էլ դարձել էր Հարավային Հեսսենում ԳՍԴԿ քաղբյուրոյի քարտուղար։ 1964 թվականից Գիյոմը կուսակցական աշխատանքի է անցնում ԳՍԴԿ-ում՝ զբաղեցնելով կուսակցության՝ Ֆրանկֆուրտի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, իսկ 1968 թվականից՝ Ֆրանկֆուրտի քաղաքային ավանագանում ԳՍԴԿ խմբակցությունում։ 1969 թվականին Գիյոմը ղեկավարել է տրանսպորտի դաշնային նախարար Գեորգ Լեբերի նախընտրական քարոզարշավը, որն ընտրություններին մասնակցում էր Ֆրանկֆուրտում։ Քարոզարշավի ժամանակ Գյունտերը ցուցադրել է իր կազմակերպչական տաղանդն ու նախարարի համար ապահովել բարձր արդյունքներ։ Ընտրություններից հետո Լեբերը նպաստել է դաշնային կանցլերի գրասենյակի տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության բաժնում Գիյոմի՝ ռեֆերենտի պաշտոնում նշանակմանը, որտեղ Գիյոմը կարողացել է ձեռքբերել բարձրաստիճան ղեկավարության վստահությունը։ 1972 թվականին, շնորհիվ իր աշխատունակության ու կազմակերպչական տաղանդի, Գյունտեր Գիյոմը դարձել է դաշնային կանցլեր Վիլի Բրանդտի անձնական ռեֆերենտը։ Այս պաշտոնում Գիյոմը հասանելիություն է ստացել գաղտնի փաստաթղթերին և մասնակցել խորհրդակցությունների, որոնք նեղ կազմով անց էր կացնում դաշնային կանցլերը։ Բացի այդ, Գիյոմը տեղյակ է եղել նաև Վիլի Բրանդտի անձնական կյանքի մասին։
Չնայած ԳՖՀ անվտանգության ծառայությունները 1973 թվականի կեսերին հանցանշաններ ունեին Գիյոմ ամուսինների նկատմամբ, նրանց ձերբակալությունը կայացավ միայն մեկ տարի անց։ 1974 թվականի ապրիլի 24-ին Գիյոմը լրտեսական գործունեության մեղադրանքով ձերբակալվում է Բոնում։ Ձերբակալության պահին Գիյոմը հայտարարել է. «Ես ԳԴՀ ազգային ժողովրդական բանակի սպա եմ և պետական անվտանգության նախարարության աշխատակից։ Խնդրում եմ հարգել իմ պատիվը՝ որպես սպայի»։ Բացահայտումը դարձել է նրա անվամբ գործի սկիզբը և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում հարուցել ներքաղաքական լուրջ ճգնաժամ, որի հետևանքով 1974 թվականի մայիսի 7-ին Վիլի Բրանդտը հրաժարական է ներկայացնում դաշնային կանցլերի պաշտոնից։ 1974 թվականի հունիսի 6-ին ընդդիմության առաջարկով Բունդեսթագը սկանդալային պատմության խորհրդարանական հետաքննություն է նշանակում, որը լուրջ բացթողումներ է հայտնաբերում անվտանգության ծառայությունների աշխատանքի համակարգում։
1975 թվականի դեկտեմբերի 15-ին Գյունտեր Գիյոմը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ Քրիստելը՝ 8 տարվա ազատազրկման։
1981 թվականին Գիյոմ ամուսինները, ԳԴՀ և ԳՖՀ միջև լրտեսների փոխանակման արդյունքում, վերադառնում են ԳԴՀ (Գյունտերը փոխանակվել էր ԳՖՀ 8 գործակալների, իսկ Քրիստելը՝ 6), որտեղ նրանց ընդունում են որպես «խաղաղության դեսպանների»։ Ամուսինները պարգևատրվում են Կարլ Մարքսի շքանշանով։ Գիյոմը ստանում է գնդապետի կոչում, իսկ կինը՝ փոխգնդապետի։ Այդ պահից սկսած Գյունտեր Գիյոմը, հրավիրված դասախոսի կարգավիճակում, սկսում է աշխատել ԳԴՀ պետական անվտանգության նախարարության կրթական հաստատությունում։ 1985 թվականի հունվարի 28-ին «Խաղաղության ապահովման և ԳԴՀ ամրապնդման ուղղությամբ հատուկ ծառայությունների համար» Պոտսդամում բարձրագույն իրավաբանական դպրոցը Գյունտեր Գիյոմին շնորհել է իրավաբանական գիտությունների պատվավոր դոկտորի կոչում։
1991 թվականի դեկտեմբերի 16-ին Քրիստել Գիյոմը ապահարզան է ներկայացնում՝ չներելով Գյունտեր Գիյոմին ԳԴՀ վերադարձի օրվանից ի վեր Շտազիի բուժքույր Էլկե Բրյոլի հետ սիրավեպի համար։ 1986 թվականին նա ամուսնանում է Էլկե Բրյոլի հետ, որը Գյունտերից 15 տարով փոքր էր։ Ավելի ուշ, Գյունտերը վերցնում է նաև Բրյոլ ազգանունը։ 1986-1989 թվականներին նա հրապարակում է իր «Ցուցմունքներ» հուշագրությունը (գերմ.՝ Die Aussage)։ 1995 թվականի ապրիլի 10-ին Գյունտեր Գիյոմը մահանում է Բեռլինի արվարձաններից մեկում՝ Էգերսդորֆում՝ երիկամների քաղցկեղից։
Գիյոմների որդին՝ Պիեռը, ծնողների ձերբակալությունից հետո 1975 թվականին տեղափոխվում է ԳԴՀ, որտեղ ստանում է ֆոտոլրագրողի կրթություն։ 1988 թվականին նա ԳՖՀ տեղափոխվելու դիմում է ներկայացնում և նույն տարում էլ ընտանիքի հետ միասին անցնում Արևմտյան Գերմանիա։ Քանի որ ԳԴՀ պետական անվտանգության նախարարությունը թույլ չէր տալիս նրան հոր ազգանունով դուրս գալ երկրից, Պիեռը վերցնում է մոր ազգանունը՝ Բոմ։
2004 թվականին Պիեռ Բոմը հրապարակում է իր հուշերը «Օտար հայրը» վերնագրով։
Գիյոմի առաջին կինը՝ Քրիստել Բոմն էլ մահանում է 2004 թվականի մարտի 20-ին սրտի հիվանդությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118699148 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Klaus Eichner/Gotthold Schramm (Hrsg.): Kundschafter im Westen. Spitzenquellen der DDR-Aufklärung erinnern sich. Edition ost, Berlin 2003 ISBN 3-360-01049-3
- Günter Guillaume: Die Aussage — Protokolliert. Universitas, Tübingen 1990, ISBN 3-8004-1229-2
- Hermann Schreiber: Kanzlersturz — Warum Willy Brandt zurücktrat. Econ, München, ISBN 3-430-18054-6
- Pierre Boom, Gerhard Haase-Hindenberg: Der fremde Vater. Aufbau, Berlin, ISBN 3-7466-2146-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետախույզը, որը տապալեց ԳՖՀ կանցլերին
- Գիյոմը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կայք էջում
- Սառը պատերազմը և հետախուզությունների դիմակայությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Գիյոմ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 10 մահեր
- 1995 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- ԳԴՀ հետախույզներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Քաղցկեղից մահացածներ