Գյուղատնտեսությունը Բելգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատող կոմբայն Բելգիայում

Բելգիայի գյուղատնտեսությունը Բելգիայի տնտեսության ճյուղերից մեկն է։ Գյուղատնտեսությանը բնորոշ է բարձր ինտենսիվությունը, սակայն մեծ չէ նրա դերը երկրի տնտեսության մեջ։ Բելգիան մանր և միջին ագրարային տնտեսությունների երկիր է։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվող հողատարածության մոտ կեսը պատկանում է 5-ից 20 հա ունեցող ֆերմերներին, որոնք մասնագիտացած են քաղաքներին մթերքներ մատակարարելու գործում, տալիս են ապրանքային արտադրանքի հիմնական զանգվածը։

Այդպիսի ֆերմերների քանակը ընդհանուր տնտեսության մեջ 10% է, մնացած 90% կազմող տնտեսություններից յուրաքանչյուրն ունի 5-ից պակաս հողակտոր (1970)։ Ամբողջ հողատարածության 2/3-ը վարձակալված հողերն են։ 1968 թվականին Բելգիայի գյուղատնտեսության մեջ օգտագործվել է 84,6 հազար տրակտոր, 7,9 հազար կոմբայն, 52,1 հազար կթող ապարատ։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ 1973 թվականին Բելգիայում կար 2890 հազար գլուխ խոշոր, 101 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն, 4691 հազար խոզ, 58 հազար ձի։ Զարգացած է նաև թռչնաբուծությունը։ Բուսաբուծությունը հարմարեցված է անասնապահությանը։ Գյուղատնտեսության հողատարածության 2/3-ը հատկացված է կերային կուլտուրաների մշակմանը։

Աճեցվում են ցորեն, տարեկան, վարսակ, գարի և այլն։ Քաղաքներին մոտ կան բազմաթիվ ջերմոցներ։ Երկաթուղիների ցանցի խտությամբ Բելգիան կապիտալիստական աշխարհում գրավում է 1-ին տեղը (4,4 հազար կմ, 1973)։ Երկաթուղային գլխավոր հանգույցը Բրյուսելն է։ Ներքին ջրային ցանցը (մոտ 1,6 հազար կմ) կազմված է չսառչող գետերից և ջրանցքներից (Ալբերտի ջրանցքը)։ Ծովային նավատորմն ունի 1092 հազար (1973) կարողություն և բավարարում է ծովային փոխադրումների միայն 1/6-ին։ Բեռնաշրջանառության հիմնական մասը կատարվում է Անտվերպենից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։