Գյուղատնտեսությունը Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտառային տնտեսությունը հիմնված է ոչ թե վայրի անտառների կտրման վրա, այլ մշակովի անտառների ստեղծման
Գյուղատնտեսական տեխնիկան լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության զարգացման ոլորտում
Մշակովի ցանքատարածություններ, որոնց կառավարումը հեշտացնելու համար ներդրվել է այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր
Խաղողի այգիներ Դանուբ գետի հովտում

Ավստրիայի գյուղատնտեսությունը ավստրիական տնտեսության ճյուղ է, որի մասնաբաժինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սրընթաց նվազեց: Միաժամանակ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն ոլորտներից, առաջին հերթին իր սոցիալական և քաղաքական նշանակության պատճառով: Կառավարությունում գյուղատնտեսության պալատը մինչև այժմ մնում է առևտրաարդյունաբերական պալատի հետ նույն մակարդակի վրա՝ չնայած առաջինի մասնակիցները արտադրում են արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունների համեմատ համախառն ներքին արդյունքի միայն փոքր մասը[1][2][3][4]:

Կառավարման դեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրների մեծամասնության նմանությամբ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավստրիական կառավարությունը ձգտում էր մեղմել տնտեսության գյուղատնտեսական ոլորտի կրճատման հետևանքով առաջացած բացասական հետևանքները: Այնուհանդերձ, ժամանակի հետ նպատակները և դրանց հասնելու ուղիները փոփոխվում էին: Հետպատերազմյան առաջին տարիներին կարևորագույն խնդիր էր բնակչության գոյատևման և երկրի տնտեսության վերականգնման հարցերը: Սակայն 1950-ական թվականներին քաղաքականությունը ստացավ «ավելի գլոբալ հեռանկարներ»: Կառավարությունը ցանկանում էր պաշտպանել ներքին արտադրությունը, կայունացնել գյուղատնտեսական շուկաները, պաշտպանել ֆերմերների եկամուտ ստանալու իրավունքը և բարելավել գյուղատնտեսության մրցունակությունը: Սոցալիական պատճառներով առաջին պլան մղվեց գյուղական հասարակության պահպանման, շրջակա միջավայրի պաշտպանության և զբոսաշրջության խթանման հարցերը: Հիմանական նպատակը դարձավ անկախ ֆերմերների քանակի պահպանումը[1][2]:

Սոցիալական համագործակցության շրջանակներում տարբեր ավստրիական կազմակերպություններ ֆերմերային տնտեսությունների եկամտաբերությանն աջակցելու համար սկսեցին ծրագրեր իրականացնել: Այդ կազմակերպություններից էին հացահատիկի, կաթնամթերքի, անասնապահության և մսամթերքի արտադրության հարցերով հանձնաժողովները: Դրանք, հաշվի առնելով արտադրության ծախսերը, արտադրված ապրանքների պահանջարկը և առաջարկը, սահմանում էին շուկայական գները: Սակայն այդ գները էականորեն տարբերվում էին համաշխարհային շուկայական գներից: Հանձնաժողովները զբաղվում էին նաև ներմուծվող ապրանքների սահմանափակման, սահմանային վերահսկողության և մաքսային վճարների հարցերով: Եթե ներմուծումնների սահմանափակումը չէր բավարարում, որպեսզի ներքին արտադրության գյուղատնտեսական ապրանքների համար բարձր գներ սահմանվեր, ապա գյուղատնտեսական ապրանքների ավելցուկը արտահանվում էր սուբսիդավորման սկզբունքով: Արտահանմանը խթանելուն ուղղված սուբսիդավորումը իրականացվում էր դաշնային և նահանգային իշխանությունների կողմից: Իշխանությունները նաև միջոցներ էին ձեռնարկում արտադրության վերահսկողության մասով, մասնավորապես՝ քվոտաներ սահմանելով: Քվոտաները սահմանվում էին արտադրության նախկին ցուցանիշները հաշվի առնելով[1][2]:

Ավստրիայի կառավարությունը նաև ուղիղ վճարվող հավելավճարներ էր սահմանում գյուղացիների եկամուտներն ապահովելու համար, սակայն նման վճարները նախատեսվում էին հիմնականում լեռնային շրջաններում հողագործությամբ և ավստրիական չափորոշիչներով այլ բարդ տեղանքներում գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Աջակցության համակարգի բարդության պատճառով գյուղարտադրողների սուբսիդավորման ծախսերի ճշգրիտ մասնաբաժինը դժվար էր հաշվարկել[1][2][5]:

Մասնագետների գնահատմամբ, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար դաշնային կառավարության և տեղական իշխանությունների կատարած ծախսերի ընդհանուր արժեքը 1980-ական թվականների վերջում կազմում էր տարեկան շուրջ 16 միլիարդ ԱՄՆ դոլար: Այդ ցուցանիշը փոքր-ինչ բարձր էր քան Եվրոպական երկրների համանման ծախսի միջին մակարդակն էր: Ավստրիական տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIFO) տվյալներով 1989 թվականին գյուղատնտեսական արտադրության աջակցության ծախսերի 71 %-ը ապրանքների համար սահմանված ավելի բարձր գնի տեսքով վճարվել է սպառողներ կողմից[1][2][5]:

Գյուղատնտեսության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գյուղատնտեսության աջակցությանն ուղղված կառավարության բոլոր ջանքերին՝ 1991 թվականին Ավստրիայի ոչ մի վարչական տարածք չուներ գյուղատնտեսության և անտառտնտեսության մեջ զբաղվածություն ունեցող գոնե 10%-ի հասնող բնակչություն: Ստեղծված իրավիճակը կտրուկ տարբերվում էր 1934 թվականի իրավիճակից, երբ այդ հողերի հաշվով գյուղատնտեսությունում և անտառտնտեսությունում զբաղվածները բնակչության 30%-ն էին կազմում: 1934 թվականից երկու սերունդ հետո բնակչության թվաքանակի ընդհանուր նվազումը տեղի ունեցավ նույնքան արագ, որքան որ գրանցվեց ամբողջ արևմտյան աշխարհում[2]:

Ավստրիայի ամբողջ տարածքի գրեթե 84 հազար քառ. կիլոմետրից մոտ 67 հազար քառ. կիլոմետր տարածքը օգտագործվում էր գյուղատնտեսության և անտառտնտեսության համար: Այդ տարածքի գրեթե կեսը զբաղեցնում են անտառները, իսկ մնացածը՝ մշակովի հողերն ու արոտավայրերը: 1986 թվականին գյուղական և անտառտնտեսությանը բաժին էին ընկնում 280 հազար ձեռնարկություն, որոնցից յուրաքանչյուրը միջինում զբաղեցնում էր մոտ 30 հեկտար հողատարածք: Այս ամենի հետ միասին երկրում կային մոտ 4500 կորպորատիվ ֆերմաներ[2]:

Ավստրիական գյուղատնտեսական ոլորտում գերակշռում էր ընտանեկն գործը: Այդ երևույթը հատկապես նկատելի էր լեռնային շրջաններում ստեղծված ոչ մեծ ֆերմաներում: 1986 թվականին գյուղական և անտառակյին տնտեսությունների ձեռնարկությունների 1/3 մասը պաշտոնապես գրանցվում էին որպես «լրիվ աշխատանքային օրով ձեռնարկություններ»: Չնայած ֆերմերների թվաքանակի և համախառն ներքին արդյունքի մեջ գյուղատնտեսության մասնաբաժնի կրճատմանը՝ 1960 թվականին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը էականորեն բարձրացավ[2]:

1990-ական թվականներին Ավստրիան հացահատիկային մշակաբույսերի, կաթնամթերքի և կարմիր մսի գծով ամբողջովին ինքնաբավ էր: Այդ արդյունքին հնարավոր եղավ հասնել գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ: Գյուղատնտեսական արտադրանքի ավելացված արժեքը գոյանում էր հիմնականում դաշտային մշակաբույսերի, մսի և կաթնամթերքի արտադրությունից, ընդ որում, առավել շատ մասնաբաժինը գոյանում էր անասնապահությունից[1][2][6]:

Քանի որ Ավստրիայի տարածքի զգալի մասը զբաղեցնում են լեռները, Արևելյան Ավստրիայի միայն մի մասը և երկրի արևմտյան ու հյուսիսային հատվածի հարթություններն են հարմար հողագործության և ինտենսիվ անասնապահության համար: Երկրի տարածքի մնացած մասը օգտագործվում է անտառային տնտեսության և ցածր ինտենսիվ անասնապահության (լեռնային արոտավայրեր) համար[1][2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]