Գյուղատնտեսության մեքենայացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բամբակ հավաքող մեքենան՝ աշխատանքի ժամանակ

Գյուղատնտեսության մեքենայացում, գյուղատնտեսական արտադրության ճյուղերում ձեռքի և կենդանի քարշող ուժի փոխարինումը մեքենայացված աշխատանքով։ Դրա շնորհիվ գյուղատնտեսական արտադրության մեջ աշխատանքը փոխում է իր բնույթը, դառնում ավելի արդյունավետ, աշխատավորը ձեռք է բերում նոր՝ մեքենաները ղեկավարելու ֆունկցիա, ազատվում ծանր աշխատատար հոգնեցուցիչ աշխատանքից։ Գյուղատնտեսության մեքենայացումը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը, իջեցնում արտադրանքի ինքնարժեքը։ Գյուղատնտեսության մեքենայացման հիմնական աշխատանքային պրոցեսներն են․ երկրագործությունում՝ հողերի չորացումն ու ոռոգումը, մշակումը (վարը, խոզանի երեսվարը, կրկնավարը, սկավառակամը, համատարած կուլտիվացիան, փոցխումը, խորը փխրեցումը, տափանումը), ցանքն ու տնկումը, միջշրջանային մշակումը, պարարտացումն ու սնուցումը, բույսերի հիվանդությունների, վնասատուների ու մոլախոտերի դեմ պայքարը, բերքահավաքը, անասնապահական ֆերմաներում՝ կերի նախապատրաստումն ու բաշխումը, գոմաղբի հավաքումն ու հեռացումը, անասունների ու թռչունների ջրումը, կովերի կիթը, ոչխարների խուզը, օժանդակ ձեռնարկություններում՝ գյուղատնտեսական տեխնիկայի նորոգումը, ստացված արտադրանքի վերամշակումը։