Գյուղատնտեսական բույսերի վնասատուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուղատնտեսական բույսերի վնասատուներ, մշակաբույսերը վնասող կամ ոչնչացնող կենդանիներ։ Հայաստանում տարածված է 600-700 տեսակ, նեմատոդներ, կողինջներ (փափկամարմիններ), միջատներ (ամենից շատ), տզեր, մկնանման կրծողներ և այլն։ Կան միակերներ (ոլոռի, լոբու ընդակեր բզեզները), սակավակերներ՝ սնվում են 1 ընտանիքի պատկանող բույսերով (օրինակ՝ շվեդ, ու հեսեևյան ճանճերը), և առավել վնասակար բազմավերներ՝ սնվում են բազմաթիվ ընտանիքների պատկանող բույսերով (օրինակ՝ մորեխները, ճռիկները, սկամարմինները, որոշ թիթեռներ և այլն)։ Հացահատիկային բույսերին վնասում են դաշտամկները, ավազամկները, մոխրագույն համստերիկը, սև և մոխրագույն առնետները, եվրոպական գետնասկյուռը, լվիճները, տրիպսները, հացահատիկի գնայուկ բզեզը, բվիկը, կրիայիկը և այլն։

Պտղատու ծառատեսակների վնասատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղատու ծառատեսակներին և խաղողենուն մեծ վնաս են հասցնում խնձորենու և տանձենու տերևոլոր լվիճները, սովորական տերևալվիկները, տզերը, պտուղների սերմնակերները, ոսկե, մայիսյան և անդրկովկասյան բզեզները, բալենու ճանճը, սալորենու հաստոտիկը, դեղձենու ոսկեբզեզը, խաղողի ողկուզակերը, պտղակերը, ծաղկակերը, տերևոլոր բզեզը և այլն։

Ընդավորների վնասատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդավորներին վնասում են պալարակեր երկարակնճիթ բզեզը, ոլոռի սերմնակերը և լվիճը, լոբու սերմնակերը, ոստայնատիզը, երկարակնճիթ բզեզը և այլն։ Տեխնիկական մշակաբույսերից կարտոֆիլին վնասում են կոլորադյան բզեզը, կարտոֆիլի ցեցը, ցողունային նեմատոդը, լարաթրթուրները և այլն, ճակնդեղին՝ սովորական երկարակնճիթը, ճակնդեղի մլուկը, ճանճը, նեմատոդը, լվիճը և այլն, ծխախոտին՝ ծխախոտի տրիպսը, լվիճը, աշնանային և այլ բվիկներ, սովորական իշախառանչը (արջուկ) և այլն, ցանովի խոտաբույսերին՝ առվույտի ֆիտոնոմուսը, սերմնակերը, մլուկը, կորնգանի ծերատողը, բանջարաբոստանային բույսերին՝ իշախառանչը, կրծող բվիկները, կաղամբի լվիճը, ցեցը, ճերմակաթիթեռը, սոխի ճանճը, ցողունային նեմատոդը, լոլիկի ժանգատիզը, սեխի ճանճը և այլն։

Պայքարի միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայքարի միջոցները, ագրոտեխնիկական (վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ստեղծում, ճիշտ ցանքաշրջանառություն, խնամքի ժամկետների ճիշտ ընտրություն), կենսաբանական (վնասատուների դեմ իրենց իսկ մակաբույծների և գիշատիչների օգտագործում, մանրէակենսբ. պատրաստուկների կիրառում), ֆիզիկամեխանիկական (թակարդների, որսացանցերի կիրառում, ձվերի և թրթուրների ձմեռային բների ոչնչացում և այլն), քիմիական (միջատասպանների, ֆումիգանտների, տզասպանների օգտագործում և այլն), կենսաֆիզիկական ևկենսաքիմիական (ջերմության, լույսի, ռադիոակտիվ, գամմա ճառագայթների և քիմ. պատրաստուկների կիրառում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png