Գխտոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գխտոց
Տեսակ ախտանիշ
ՀՄԴ-9 787.3
ՀՄԴ-10 R14
MedlinePlus 003080
MeSHID D004884
Burping Վիքիպահեստում

Գխտոց, բերանի միջոցով ստամոքսից կամ կերակրափողից գազի (երբեմն՝ ստամոքսի պարունակությամբ) ակամա դուրս մղում։ Ստամոքսում գազ կարող է կուտակվել օդի ներթափանցումից, որն առողջ մարդը կուլ է տալիս արագ ուտելիս, հատկապես գազով հագեցած ըմպելիքների (գարեջուր, գազով ջուր և այլն) հետ, չոր սննդանյութերով սնվելիս։ Ստամոքսի խոռոչում սնունդը մարսվելիս մշտապես քիչ քանակությամբ գազ է առաջանում, և սննդի շերտերի միջև անընդհատ որոշակի քանակությամբ գազ է լինում, որը մարսողության համար ունի կարևոր նշանակություն (ուժեղացնում է ստամոքսի շարժումը, նպաստում սննդի խառնվելուն և շերտավորմանը)։ Առողջ մարդկանց ստամոքսից օդի մի մասը բերանով դուրս է գալիս աննկատ, առանց գխտոցի, իսկ մյուս մասը սննդի հետ անցնում է աղիքներ։ Ստամոքսի խոռոչում ավելորդ օդն ուժեղացնում է ճնշումը, նպաստում պատերի կտրուկ կծկմանը, առաջացնում է գխտոց, որն անհոտ, անհամ է, հիվանդության ախտանշան չէ և անցնում է կանոնավոր սնվելիս։ Ստամոքս ներթափանցած ավելորդ օդի հետևանքով առաջացած գխտոցը հաճախ նկատվում է կրծքի երեխաների մոտ, որոնք ծծելիս շատ օդ են կուլ տալիս և այնուհետև քիչ քանակությամբ կաթի հետ փսխում են։ Հաճախակի գխտոց լինում է ստամոքսի շարժողական ֆունկցիայի խանգարման (ստամոքսաելքի նեղացման կամ կծկման) հետևանքով կամ սնունդը ստամոքսում երկարատև մնալուց, որի դեպքում գխտոցն ունենում է տհաճ հոտ և համ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գխտոցը լինում է դատարկ (օդով), սննդով, կծու, թթու, նեխած, ուժեղ կամ թույլ։ Թթու գխտոցը երբեմն ստամոքսահյութի բարձր թթվայնության հետևանք է։ Կծու գխտոցն առաջանում է լեղին 12-մատնյա աղիքից ստամոքս ներթափանցելիս։ Նեխած գխտոցը (նեխած ձվի հոտով) լինում է աղիքների խոր հատվածներից ստամոքս թափանցած կամ սննդազանգվածը ստամոքսում երկար մնալուց առաջացած ծծմբաջրածնի արտազատման հետևանքով։ Բարձրաձայն գխտոցը կարող է լինել նյարդային վիճակից, արագ ուտելուց, որի ժամանակ մեծ քանակությամբ օդ է կլանվում։ Այն կարող է լինել նաև ստամոքսի, լյարդի, լեղապարկի, աղիքների հիվանդությունների ախտանշան։ Հաճախ լինում է ստոծանու, երբեմն սիրտանոթային հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն) ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png