Գլորիա (օպտիկական երևույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ինքնաթիռի լուսապսակ» գլորիա, ինքնաթիռի ստվերի շուրջ: Գլորիայի կենտրոնի դիրքը ցույց է տալիս, որ նկարն արված է օդանավից, որի ստվերը տեսանելի է կենտրոնում

Գլորիա, ճաճանչապսակ, լուսապսակ կամ փառապսակ (լատին․՝ gloria), օպտիկական երևույթ, հալո, ֆոտոմետեոր, որն առաջանում է դիտողի գլխի ստվերի շուրջ՝ նմանվելով սրբապատկերներում սրբերի լուսապսակին։

Այն նկատվում է լույսի աղբյուրի ուղիղ դիմաց գտնվող ամպերի վրա։ Դիտման կետը պետք է գտնվի լեռան վրա[1] կամ օդում, իսկ լույսի աղբյուրը (Արևը կամ Լուսինը) պետք է լինի դիտողի ետևում։ Այն առաջանում է մշուշաքողում կամ ամպում առկա ջրի մանր կաթիլների հետ արեգակնային լույսի կամ (ավելի հազվադեպ) լուսնի լույսի փոխազդեցության հետևանքով։ Գլորիան բաղկացած է դիտողի ստվերի շուրջ առաջացած մեկ կամ մի քանի համակենտրոն, աստիճանաբար խամրած օղակներից, որի արտաքին օղակը կարմիր է, կենտրոնինը կապտավուն։ Իր արտաքին տեսքի պատճառով երեւույթը երբեմն սխալմամբ շփոթում են շրջանաձև ծիածանի հետ, սակայն վերջինս ունի շատ ավելի մեծ տրամագիծ և առաջանում է տարբեր ֆիզիկական պրոցեսների հետևանքով։

Գլորիան առաջանում է լույսի ալիքային ինտերֆերենցիայի պատճառով, որը ներսից բեկվում է փոքր կաթիլների մեջ։

Արտաքին տեսք և տեսանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված հանգամանքներից (օրինակ՝ ամպերի մեջ կաթիլների չափի միատեսակությունը), կարող են տեսանելի լինել գլորիայի օղակներից մեկը կամ մի քանիս։ Ներքին և ամենապայծառ օղակի անկյունային չափը շատ ավելի փոքր է, քան ծիածանինը, մոտ 5°-ից մինչև 20°՝ կախված կաթիլների չափից։ Որոշ պայմաններում գլորիան ու ծիածանը կարող են միաժամանակ առաջանալ[2]։

Ինչպես ծիածանը, գլորիան կենտրոնացած է հակաարեգակնային (կամ, լուսնի դեպքում՝ հակալուսնային) կետի վրա[3], որը համընկնում է դիտորդի գլխի ստվերի հետ։ Քանի որ այս կետը, ըստ տեղադրության, տրամագծորեն հակառակ է երկնքում Արեգակի (կամ Լուսնի) դիրքին, այն միշտ գտնվում է դիտորդի տեսադաշտից ներքև (նադիր), արևածագի (կամ լուսնի ծագման) ժամանակ։ Հետևաբար, գլորիան տեսնելու համար այն առաջացնող ամպերը կամ մառախուղը պետք է տեղակայված լինեն դիտման կետից ներքև՝ Արեգակի/Լուսնի և դիտողի աչքի հետ ուղիղ գծով։ Այսպիսով, գլորիան սովորաբար դիտվում է բարձր դիրքից, ինչպիսիք են լեռը, բարձր շենքը կամ ինքնաթիռը։ Վերջին դեպքում, եթե ինքնաթիռն այնքան ցածր է թռչում, որ նրա ստվերը տեսանելի է ամպերի վրա, գլորիան միշտ բոլորում է նրան։ Սա երբեմն կոչվում է «Օդաչուի լուսապսակ»:

Արեգակնային գլորիա և Բրոքենի սպեկտր

Բրոկենի սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռից կամ բարձր շենքից գլորիան հաճախ երևում է Բրոկենի սպեկտրի հետ, որը նաև կոչվում է Լեռնային սպեկտր, երբ սարի վրա կանգնած դիտորդի ակնհայտորեն երկարած ստվերն ընկնում է (երբ արևը ցածր է) սարի տակ գտնվող ամպերի վրա։ Անունը ծագել է Գերմանիայի Հարց լեռնազանգվածի ամենաբարձր գագաթից՝ Բրոկենից։ Քանի որ գագաթը ամպի մակարդակից բարձր է, և տարածքը հաճախ մառախլապատ է, ամպի շերտի վրա ստվեր գցելու համար պայմանները նպաստավոր են։ Հսկայական ստվերները, որոնք թվում էր, թե ինքնուրույն շարժվում էին ամպի շերտի շարժման պատճառով (այս շարժումը Բրոքենի սպեկտրի սահմանման մեկ այլ մասն է), և որոնք շրջապատված էին գլորիա լուսապսակներով, նպաստել են Հարց լեռների համբավին որպես վհուկների և չար ոգիների ապաստան։ Գյոթեի Ֆաուստում Բրոկենը կոչվում է Բլոքսբերգ և Վալպուրգյան գիշերվա հավաքույթի՝ Վհուկների շաբաթի վայրն է

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևային գլորիա և բրոկենի սպեկտրը Crib Goch լեռնագագաթին, 2008 թվականին

Լույսի ժամանակակից տեսությունները, որոնք առաջին անգամ նկարագրել է Անրի Պուանկարեն 1887 թվականին, կարողանում են բացատրել գլորիաների ֆենոմենը լուսային ալիքի էլեկտրամագնիսական դաշտի բարդ անկյունային իմպուլսի (հերթագայության) միջոցով և քվանտային տեսությունների կարիք չունեն[4][5]։ Ծիածանանման այս երևույթի ամփոփագիրը տրվել է Scientific American-ում 1977 թվականին.

Ուրախալի է իմպուլսի կոմպլեքս անկյունային մոմենտի նրբագեղ, բայց թվացյալ վերացական տեսության մեջ բացահայտել այս երկու բնական երևույթների [գլորիաների և 10-րդ կարգի ծիածանների] բացատրությունը և այնտեղ գտնել անսպասելի կապ նրանց միջև[6]։
- Հերչ Մոյսես Նուսենսվեյգ

Ծիածանների և գլորիաների ֆենոմենի վերաբերյալ 20-րդ դարի աշխատանքների մեծ մասը կենտրոնացած է երևույթի յուրաքանչյուր կետում լույսի ճիշտ ինտենսիվության որոշման վրա, ինչը պահանջում է քվանտային տեսություններ։ 1947 թվականին հոլանդացի աստղագետ Հենդրիկ վան դե Հուլստը առաջարկել է, որ դրանում մասնակցում են մակերևութային ալիքները։ Նա ենթադրում էր, որ գլորիայի գունավոր օղակների պայծառությունն առաջանում է «կարճ» և «երկար» մակերևույթային ալիքների միջև երկճառագայթային իներֆերենցիայից, որոնք առաջանում են տրամագծորեն հակառակ կետերում կաթիլներ ներթափանցող լույսի ճառագայթներից (երկու ճառագայթներն էլ ենթարկվում են մեկ ներքին անդրադարձման)[7]։ Բրազիլացի ֆիզիկոս Հերչ Մոյսես Նուսենսվեյգի տեսությունը ենթադրում է, որ լույսի էներգիան, որը ետ է արձակվում գլորիայից, առաջանում է հիմնականում դասական ալիքային թունելավորումից (հոդվածում՝ մարող ալիքի միացման հոմանիշ), որն իրենից ներկայացնում է ջրի կաթիլի մակերևույթի վրայի լույսի մարող ալիքի և կաթիլի ներսի ալիքի փոխազդեցություն[8]։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների մեծ կնիք (դիմերես և դարձերես)

Չ. Թ. Ռ. Վիլսոնըգլորիա տեսել է Բեն Նևիս լեռանվրա գտնվող օդերեւութաբանական կայանում որպես ժամանակավոր դիտորդ աշխատելիս։ Տպավորիչ տեսարանից ոգեշնչված՝ նա որոշել է լաբորատորիայում ամպեր ստեղծելու սարք ստեղծել, որպեսզի կարողանա սինթետիկ, փոքրածավալ գլորիա առաջացնել։ Նրա աշխատանքն ուղղակիորեն հանգեցրել է իոնացնող ճառագայթմանհայտնաբերման սարքի՝ Վիլսոնի ամպային խցիկիստեղծման, որի համար նա և Արթուր Քոմփթոնը ստացել են ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1927 թվականին[9]։

Չինաստանում այդ երեւույթը կոչվում է Բուդդայի լույս(կամ լուսապսակ)։ Այն հաճախ նկատվում է ամպերով պատված բարձր լեռների վրա, ինչպիսիք են Հուանշանև Էմեիլեռները։ Էմեի լեռան երևույթի մասին գրառումները թվագրվում են մ.թ. 63 թվականով։ Գունագեղ լուսապսակը միշտ շրջապատում է դիտորդի սեփական ստվերը և այդ պատճառով հաճախ այն համարել են դիտորդի անձնական լուսավորությունը (enlightenment) ցույց տալու նշան (կապված Բուդդայիկամ աստվածության հետ)։

Ոճավորված գլորիաներ կարելի է տեսնել որոշ արևմտյան հերալդիկաներում։ Երկու գլորիաներ կան Միացյալ Նահանգների Մեծ կնիքի վրա. դիմերեսի գլորիան շրջապատված է ամպերով և բոլորում է 13 աստղախումբը, և դարձերեսի գլորիան անավարտ բուրգի վրա է և բոլորում է Նախախնամության աչքը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Glory». atoptics.co.uk. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  2. http://www.wunderground.com/blog/JeffMasters/the-360degree-rainbow
  3. «OPOD - Antisolar or anticrepuscular rays». atoptics.co.uk. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  4. The Theory of the Rainbow (PDF), 1977, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 28-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին
  5. Poincare's Light (PDF), Seminaire Poincare XVI, 2012
  6. Herch Moysés Nussenzveig (1977). «The Theory of the Rainbow» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Laven, Philip (2008 թ․ հուլիսի 15), How are glories formed, Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին
  8. Nussenzveig, H. M. (2012 թ․ հունվար), «Does the glory have a simple explanation? Opt. Lett. 27, 1379–1381 (2002)», Optics Letters, 27 (16): 1379–1381, doi:10.1364/OL.27.001379, PMID 18026452, Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին
  9. James Burke (Actor), Mick Jackson (Director) (1978). Connections S1E2 [Death in the Morning] (DVD) (անգլերեն). United Kingdom: Ambrose Video Publishing, Inc. Event occurs at 39:00.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա (օպտիկական երևույթ)» հոդվածին։