Գլիկացված հեմոգլոբին
Գլիկացված հեմոգլոբին, կամ գլիկոհեմոգլոբին, հեմոգլոբինի (Hb) ձև, որ քիմիական կապով միացած է ածխաջրի[Ն 1]: Մոնոսախարիդների մեծ մասը, այդ թվում՝ գլյուկոզը, գալակտոզը և ֆրուկտոզը, արյան հոսքում սպոնտան (ոչ ֆերմենտատիվ) կապվում են հեմոգլոբինի հետ: Այնուամենայնիվ, գլյուկոզի համեմատ, նման կապ առաջացնելու հավանականությունը ընդամենը 21% է կազմում գալակտոզի և մոտ 13%՝ ֆրուկտոզի դեպքում, ինչով կարող է բացատրվել գլյուկոզի՝ մարդու օրգանիզմում որպես հիմնական նյութափոխանակային ելանյութի օգտագործումը[1][2]:
Ածխաջուր-հեմոգլոբին կապերի ավելցուկային առաջացումը վկայում է արյան մեջ ածխաջրերի բարձր քանակի մասին և հանդիսանում շաքարային դիաբետի կամ այլ էնդոկրին հիվանդությունների ախտորոշման մարկեր (HbA1c > 6.4%)[3]։ A1c ցուցանիշը կլինիկական առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ հեշտ է հայտնաբերվում։ Այն գործընթացը, որի ընթացքում ածխաջրերը միանում են հեմոգլոբինին, կոչվում է գլիկացում, իսկ HbA1c-ն բետա-N-1-դեօքսիֆրուկտոզիլ հեմոգլոբինի բաղադրիչն է[4]։
Գլիկացված հեմոգլոբինի չափման մի քանի եղանակներ կան, որոնցից միակ ստանդարտ և լայնորեն կիրառվողը HbA1c-ն է (կամ պարզապես A1c)[5]։ HbA1c-ն հիմնականում չափվում է՝ որոշելու համար արյան շաքարի միջին մակարդակը վերջին երեք ամիսների ընթացքում, և օգտագործվում է որպես ստանդարտ ախտորոշիչ թեստ՝ շաքարային դիաբետի բարդությունների զարգացման ռիսկը և գլիկեմիկ ինքնավերահսկումը գնահատելու համար[5][6]։ Թեստը համարվում է երեք ամսվա միջին ցուցանիշ, քանի որ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը երեքից չորս ամիս է։ Արյան մեջ գլյուկոզի նորմալ մակարդակը հանգեցնում է գլիկացված հեմոգլոբինի նորմալ քանակի առաջացմանը։ Պլազմայում գլյուկոզի միջին կոնցենտրացիայի բարձրացմանը զուգահեռ գլիկացված հեմոգլոբինի ֆրակցիան կանխատեսելիորեն աճում է։ Շաքարային դիաբետի դեպքում գլիկացված հեմոգլոբինի բարձր մակարդակը արտացոլում է արյան գլյուկոզի բարձր մակարդակը և կորելացվում սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետիկ նեֆրոպաթիայի, նեյրոպաթիայի և ռետինոպաթիայի զարգացման հետ[7]։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գլիկացված հեմոգլոբին» տերմինը նախընտրելի է «գլիկոզիլացված հեմոգլոբին» տերմինի փոխարեն, քանի որ ճշգրիտ է արտացոլում տեղի ունեցող ոչ ֆերմենտային գործընթացը։ Վաղ գիտական գրականության մեջ հաճախ օգտագործվել է «գլիկոզիլացված» եզրույթը, քանի որ այդ ժամանակ դեռ պարզ չի եղել, թե որ գործընթացն է ներգրավված, մինչև հետագա հետազոտությունները հստակեցրին դա։ Այնուամենայնիվ, անգլալեզու գրականության մեջ այս երկու տերմինները երբեմն մինչ օրս օգտագործվում են որպես փոխարինելի[8]:
HbA1c անվանման ծագումը կապված է կատիոնափոխանակային քրոմատոգրաֆիայի միջոցով հեմոգլոբինի A տեսակի տարանջատման հետ։ Առաջին առանձնացված ֆրակցիան, որը համարվել է մաքուր հեմոգլոբին A, անվանվել է HbA0, իսկ դրան հաջորդող ֆրակցիաները, ըստ էլյուցիայի հերթականության, անվանվել են HbA1a, HbA1b և HbA1c։ Հետագայում տարանջատման տեխնիկաների կատարելագործումը հանգեցրել է ավելի շատ ենթաֆրակցիաների մեկուսացմանը[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմոգլոբին A1c-ն առաջին անգամ առանձնացրել են հեմոգլոբինի այլ ձևերից 1958 թվականին Հյուիսմանը և Մեյերինգը՝ քրոմատոգրաֆիայի կիրառմամբ[10]։ 1968 թվականին Բուքչինը և Գալոպը առաջին անգամ բնութագրել են հեմոգլոբին A1c-ն որպես գլիկոպրոտեին[11]։ Դրա մակարդակի բարձրացումը շաքարային դիաբետի դեպքում առաջին անգամ նկարագրել են 1969 թվականին Սամուել Ռահբարը և նրա աշխատակիցները[12]։ Այն ռեակցիաները, որոնք հանգեցնում են հեմոգլոբին A1c-ի ձևավորմանը, բնութագրել են 1975 թվականին Բանը և նրա գործընկերները[13]։
Հեմոգլոբին A1c-ի նշանակությունը շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ գլյուկոզի նյութափոխանակության վերահսկման աստիճանը գնահատելու նպատակով առաջարկեցին Էնթոնի Չերամին, Ռոնալդ Քյոնիգը և նրանց աշխատակիցները 1976 թվականին[14]։
Վնասման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլիկացված հեմոգլոբինը հանգեցնում է էրիթրոցիտներում բարձր ռեակտիվությամբ ազատ ռադիկալների քանակի ավելացմանը, ինչի հետևանքով փոխվում են բջջաթաղանթի հատկությունները։ Սա բերում է էրիթրոցիտների ագրեգացիայի, սլաջավորման և արյան մածուցիկության բարձրացման, ինչի հետևանքով խանգարվում է արյան հոսքը[15]։
Գլիկացված հեմոգլոբինի վնասման ազդեցության մեկ այլ մեխանիզմ կապված է բորբոքման հետ, ինչը իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոտիկ վահանիկների (աթերոմաների) ձևավորմանը։ Ազատ ռադիկալների կուտակումը նպաստում է Fe2+ հեմոգլոբինի օքսիդացմանը Fe3+ ձևի և ապա՝ աննորմալ ֆերիլ հեմոգլոբինի (Fe4+-Hb) առաջացմանը։ Fe4+ ձևը անկայուն է և հեմոգլոբինի կազմի սպեցիֆիկ ամինաթթուների հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ կրկին վերափոխվում է Fe3+ օքսիդացման աստիճանին։ Այդ ընթացքում հեմոգլոբինի մոլեկուլները խաչաձև կապերով (cross-linking) կարվում են՝ առաջացնելով հեմոգլոբինային կուտակումներ (մուլտիմերներ), որոնք նպաստում են բջջի վնասմանը և Fe4+ հեմոգլոբինի արտազատմանը զարկերակների և երակների ներքին շերտի՝ ենթաէնդոթելային մատրիքսի մեջ։ Արդյունքում բարձրանում է անոթների էնդոթելի թափանցելիությունը և ակտիվանում պրոբորբոքային մոնոցիտների ադհեզիոն սպիտակուցների կենսասինթեզը, ինչը նպաստում է մակրոֆագերի կուտակմանը անոթների պատերին և ի վերջո հանգեցնում վնասակար աթերոսկլերոտիկ վահանիկների ձևավորմանը[15]։
Խիստ գլիկացված հեմոգլոբինային AGE-ը (Advanced glycation end products, AGEs) անցնում են անոթների հարթ մկանային շերտի միջով և ինակտիվացնում ացետիլխոլին-միջնորդված, էնդոթել-կախյալ թուլացումը, հավանաբար, ազոտի օքսիդի (NO) հետ կապվելու և դրա նորմալ կենսաբանական ազդեցությունը խոչընդոտելու միջոցով։ Ազոտի օքսիդը ուժեղ անոթալայնիչ է և միաժամանակ արգելակում է ՑԽԼ-ի օքսիդացած ձևի առաջացումը, որը նպաստում է աթերոսկլերոտիկ վահանիկների ձևավորմանը[15]։
Էրիթրոցիտների ընդհանուր քայքայման ընթացքում դրանցից ազատվում է նաև հեմը։ Ազատ հեմն ունակ է առաջացնել էնդոթելի և ՑԽԼ-ի կազմի սպիտակուցների օքսիդացում, ինչը ևս նպաստում է աթերոսկլերոտիկ վահանիկների ձևավորմանը[15]։

Դերը բժշկական ախտորոշման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակուցների գլիկացումը հաճախակի հանդիպող երևույթ է, սակայն հեմոգլոբինի դեպքում տեղի է ունենում ոչ ֆերմենտային կոնդենսացման ռեակցիա գլյուկոզի և բետա-շղթայի N-ծայրի միջև։ Այս ռեակցիայի արդյունքում առաջանում է Շիֆի հիմք (R−N=CHR', R = բետա-շղթա, CHR' = գլյուկոզից ստացված), որն էլ վերածվում է 1-դեզօքսիֆրուկտոզի։ Երկրորդ փոխարկումը Ամադորիի վերախմբավորման օրինակ է։
Երբ արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձր է, գլյուկոզի մոլեկուլները միանում են էրիթրոցիտներում առկա հեմոգլոբինին։ Որքան երկար է տևում հիպերգլիկեմիան, այնքան ավելի շատ գլյուկոզ է կապվում էրիթրոցիտների հեմոգլոբինի հետ, և այնքան բարձր է լինում գլիկացված հեմոգլոբինի մակարդակը[17]։
Հեմոգլոբինի մոլեկուլը գլիկացվելուց հետո մնում է այդ վիճակում։ Հետևաբար, էրիթրոցիտում գլիկացված հեմոգլոբինի կուտակումն արտացոլում է գլյուկոզի այն միջին մակարդակը, որի ազդեցությանը բջիջը ենթարկվել է իր կյանքի ցիկլի ընթացքում։ Գլիկացված հեմոգլոբինի որոշումը թույլ է տալիս գնահատել բուժման արդյունավետությունը՝ վերահսկելով շիճուկում գլյուկոզի կարգավորման երկարաժամկետ ընթացքը։
A1c-ն արյան մեջ գլյուկոզի մակարդակի միջին ցուցանիշն է էրիթրոցիտների կյանքի տևողության ընթացքում (117 օր տղամարդկանց դեպքում և 106 օր՝ կանանց[18]): Հետևաբար, արյան քննությանը նախորդող մոտ օրերի գլյուկոզի մակարդակները զգալիորեն ավելի մեծ ավանդ ունեն A1c-ի մակարդակի ձևավորման մեջ, քան նախկին օրերի մակարդակները[19]
Սա հաստատվում է նաև կլինիկական պրակտիկայի տվյալներով, որոնք ցույց են տալիս, որ HbA1c-ի մակարդակը զգալիորեն նորմալիզացվում է գլյուկոզի մակարդակն իջեցնող բուժման մեկնարկից կամ ուժեղացումից 20 օր անց[20]։
Չափում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեմոգլոբին A1c-ն չափելու համար օգտագործվում են մի քանի մեթոդներ: Լաբորատորիաները կարող են կիրառել բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիան, իմունոլոգիական անալիզը, ֆերմենտային անալիզը, մազանոթային էլեկտրոֆորեզը կամ բորոնատային խնսմսկցային քրոմատոգրաֆիան[17]: Խնամքի կետերում (օրինակ՝ բժշկի կաբինետում) հաճակ կիրառում են իմունոլոգիական անալիզը կամ բորոնատային աֆինային քրոմատոգրաֆիան:
Միացյալ Նահանգներում HbA1c թեստավորման լաբորատորիաները սերտիֆիկացված են ըստ գլիկոհեմոգլոբինի ստանդարտացման ազգային ծրագրի՝ 1993 թվականի «Շաքարային դիաբետի հսկողության և բարդությունների հետազոտության» (Diabetes Control and Complications Trial, DCCT) արդյունքներին համապատասխանեցնելու համար[21]: Լրացուցիչ տոկոսային սանդղակներից Mono S-ը նախկինում օգտագործվում էր Շվեդիայում, իսկ KO500-ը՝ Ճապոնիայում[22][23]:
Անցում IFCC միավորներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիաբետի ամերիկյան ասոցիացիան, Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիան և Դիաբետի միջազգային ֆեդերացիան եկել են համաձայնության, որ HbA1c-ն պետք է ներկայացվի Կլինիկական քիմիայի և լաբորատոր բժշկության միջազգային ֆեդերացիայի (International Federation of Clinical Chemistry and Laboratory Medicine) միավորներով[24]: IFCC սկսեց կիրառվել Եվրոպայում (բացի Միացյալ Թագավորությունից) 2003 թվականին[25]. Միացյալ Թագավորությունը կիրառում էր կրկնակի հետազոտություն 2009 թվականի հունիսի 1-ից[26] մինչև 2011 թվականի հոկտեմբերի 1-ը։
DCCT-ից IFCC-ի փոխակերպումն իրականացվում է հետևյալ բանաձևով[27].
| "IFCC" HbA1c | "DCCT" HbA1c | "մոնո S" HbA1c[23] |
|---|---|---|
| (մմոլ/մոլ) | (%) | (%) |
| 10 | 3.1 | 2.0 |
| 20 | 4.0 | 2.9 |
| 30 | 4.9 | 3.9 |
| 40 | 5.8 | 4.8 |
| 45 | 6.3 | 5.3 |
| 50 | 6.7 | 5.8 |
| 55 | 7.2 | 6.3 |
| 60 | 7.6 | 6.8 |
| 65 | 8.1 | 7.2 |
| 70 | 8.6 | 7.7 |
| 80 | 9.5 | 8.7 |
| 90 | 10.4 | 9.6 |
| 100 | 11.3 | 10.6 |
Արդյունքների մեկնաբանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաբորատոր արդյունքները կարող են տարբերվել՝ կախված անալիտիկ մեթոդից, հիվանդի տարիքից և անհատների միջև առկա կենսաբանական տարբերություններից: HbA1c-ի ավելի բարձր մակարդակներ հանդիպում են արյան մեջ կայուն հիպերգլիկեմիայով մարդկանց մոտ, ինչպես օրինակ՝ շաքարային դիաբետի դեպքում: Թեև դիաբետով հիվանդների բուժման նպատակները տարբեր են, շատերը ներառում են HbA1c արժեքների թիրախային միջակայք: Գլյուկոզի ճիշտ վերահսկողություն ունեցող շաքարային դիաբետով անհատի արյան մեջ HbA1c-ի մակարդակը մոտ է հղումային ռեֆերենսային միջակայքին կամ գտնվում է դրա սահմաններում:
Դիաբետի միջազգային ֆեդերացիան և Էնդոկրինոլոգիայի ամերիկյան քոլեջը պացիենտների մեծամասնության համար խորհուրդ են տալիս HbA1c-ի արժեքները պահել 48 մմոլ/մոլ-ից ցածր (6,5 DCCT %), մինչդեռ Դիաբետի ամերիկյան ասոցիացիանև խորհուրդ է տալիս, որ HbA1c-ն պահվի 53 մմոլ/մոլ-ից ցածր տիրույթում (7,0 DCCT%)[28]: 2008-2009 թվականների խոշոր հետազոտությունների արդյունքները ենթադրեցին, որ տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող տարեցների համար 53 մմոլ/մոլ-ից (7,0 DCCT%) ցածր տիրույթը կարող է չափազանցված լինել. 53 մմոլ/մոլ-ից ցածր մակարդակի դեպքում A1c-ի նվազեցման հետևանքները դառնում են ավելի քիչ արտահայտված, իսկ այդ մակարդակին հասնելու համար պահանջվող գլիկեմիկ ինտենսիվ հսկողությունը հանգեցնում է վտանգավոր հիպոգլիկեմիկ վիճակների հաճախականության մեծացմանը[29]։
50 տարեկան և տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող 47970 պացիենտների հետահայաց հետազոտությունը ցույց տվեց, որ այն պացիենտները, որոնց մոտ HbA1c-ն 48 մմոլ/մոլ էր և ավելի (6,5 DCCT%), ունեին մահացության բարձր մակարդակ[30], սակայն ավելի ուշ կատարված միջազգային հետազոտությունը հերքեց այս տվյալները[31][32][33]։
Շաքարային դիաբետի դեպքում սիրտ-անոթային ռիսկի հետազոտությունների վերանայումը գնահատեց, որ դիաբետի հիմնական բարդությունների (դիաբետիկ ռետինոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա, դիաբետիկ նեյրոպաթիա և մակրոանգիոպաթիաներ) ռիսկերը նվազում են մոտ 3%-ով՝ HbA1c-ի յուրաքանչյուր 1 մմոլ/մոլ նվազման դեպքում[34]:
Այնուամենայնիվ, ACCORD-ի իրականացված հետազոտությունը, որը նախագծված էր հատկապես պարզելու համար, թե արդյոք դեղորայքի չափաբաժնի ավելացման միջոցով HbA1c-ի նվազեցումը 42 մմոլ/մոլ-ից ցածր (6,0 DCCT %) կնվազեցնի սիրտ-անոթային հիվանդությունների հաճախականությունը, հայտնաբերեց ավելի բարձր մահացություն այս ինտենսիվ բուժման դեպքում. այնքան բարձր, որ հետազոտությունը դադարեցվեց նախատեսվածից 17 ամիս շուտ[35]։
Բժիշկները պետք է հաշվի առնեն պացիենտների առողջական վիճակը, հիպոգլիկեմիայի ռիսկը և նրանց առողջական յուրահատուկ ռիսկերը՝ HbA1c-ի թիրախային մակարդակ սահմանելիս: Քանի որ պացիենտներն են պատասխանատու սեփական հիպոգլիկեմիկ վիճակները կանխելու համար, նրանց ներդրումը և բժիշկների՝ պացիենտների ինքնախնամքի հմտությունների գնահատումը նույնպես կարևոր են:
Արյան մեջ գլյուկոզի (և, հետևաբար, HbA1c-ի) մշտական բարձրացումը մեծացնում է դիաբետի ուշ բարդություններից անգիոպաթիաների ռիսկը, ինչպիսիք են՝ պսակային զարկերակային հիվանդությունը, սրտամկանի ինֆարկտը, կաթվածը, սրտային անբավարարությունը, երիկամի քրոնիկ հիվանդությունը, կուրությունը, էրեկտիլ դիսֆունկցիան, բազմանյարդաբորբերը (նեյրոպաթիա՝ զգայունության կորուստ, հատկապես ոտնաթաթերում), փտախտը և գաստրոպարեզը (ստամոքսի դատարկման դանդաղում): Արյան մեջ գլյուկոզի սխալ վերահսկողությունը մեծացնում է նաև վիրահատական կարճաժամկետ բարդությունների ռիսկը, ինչպիսին է վերքերի լավացման:
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ ընդհանուր մահացությունն ավելի բարձր է թե 64 մմոլ/մոլ-ից (8,0 DCCT%) բարձր, և թե 42 մմոլ/մոլ-ից (6,0 DCCT%) ցածր HbA1c մակարդակների դեպքում, ինչպես նաև 42 մմոլ/մոլ-ից (6,0 DCCT%) բարձր և 31 մմոլ/մոլ-ից (5,0 DCCT%) ցածր ցուցանիշներով շաքարային դիաբետ չունեցող անձանց դեպքում, ինչը ցույց է տալիս համապատասխանաբար հիպերգլիկեմիայի և հիպոգլիկեմիայի ռիսկերը[7]: Նմանատիպ ռիսկային արդյունքներ դիտվում են նաև սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում[7]:
2022 թվականի ուղեցույցները վերահաստատել են այն հանձնարարականը, որ պացիենտների մեծամասնության համար HbA1c-ն պետք է պահպանվի 7,0%-ից ցածր: Ավելի բարձր թիրախային արժեքները ընդունելի են երեխաների և դեռահասների, ուղեկցող հիվանդություններ և/կամ ծանր հիպոգլիկեմիայի անամնեզ ունեցող հիվանդների համար: Ավելի ցածր թիրախային արժեքները (<6,0%) նախընտրելի են հղիների համար, եթե դրան կարելի է հասնել առանց նշանակալի հիպոգլիկեմիայի[36]:
Գործոններ, որ ազդում են A1c-ի վրա (բացի գլյուկոզից)
[խմբագրել | խմբագրել կոդը]HbA1c-ի սպասվածից ցածր մակարդակներ կարող են դիտվել էրիթրոցիտների կյանքի կարճ տևողություն ունեցող մարդկանց մոտ, օրինակ՝ գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազայի պակասուրդի, մանգաղաբջջային սակավարյունության կամ ցանկացած այլ վիճակի դեպքում, որն առաջացնում է էրիթրոցիտների վաղաժամ մահ: Այս պացիենտների համար առաջարկվում է այլընտրանքային գնահատում՝ ֆրուկտոզամինի կամ գլիկացված ալբումինի միջոցով. այս մեթոդներն արտացոլում են գլիկեմիկ վերահսկողությունը նախորդող 2-3 շաբաթների ընթացքում[37]։ Արյան դոնորությունը հանգեցնում է կորցրած էրիթրոցիտների արագ փոխարինմանը նոր ձևավորվածներով: Քանի որ նոր էրիթրոցիտները գոյություն են ունեցել միայն կարճ ժամանակահատվածում, դրանց առկայությունը կհանգեցնի նրան, որ HbA1c-ն չարտահայտի իրական միջին մակարդակները: Կարող են լինել նաև շեղումներ՝ պայմանավորված նախորդող երկու ամիսների ընթացքում կատարված արյան դոնորությամբ՝ էրիթրոցիտների տարիքի աննորմալ համաժամանակեցման պատճառով, ինչը հանգեցնում է արյան բջիջների կյանքի միջին տևողության երկարեցման (ինչն էլ բերում է արյան գլյուկոզի իրական միջին մակարդակների գերագնահատմանը): Սպասվածից բարձր մակարդակներ կարող են դիտվել նաև էրիթրոցիտների կյանքի ավելի երկար տևողություն ունեցող մարդկանց մոտ, օրինակ՝ երկաթի անբավարարության դեպքում[38]։
2014 թվականին Շվեդիայում տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների HbA1c-ի միջին ցուցանիշը կազմում էր 63 մմոլ/մոլ (7,9 DCCT %), իսկ տիպ 2-ի դեպքում՝ 61 մմոլ/մոլ (7,7 DCCT %): HbA1c-ի մակարդակները տարիքի հետ ցույց են տալիս փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի առաջընթաց աճ. այս աճի կլինիկական նշանակությունը դեռևս անհայտ է:
Արդյունքները կարող են ոչ հավաստի լինել բազմաթիվ դեպքերում, օրինակ՝ արյան կորստից, վիրահատությունից, արյան փոխներարկումից հետո, սակավարյունության կամ էրիթրոցիտների արագ շրջանառության դեպքում, երիկամների կամ լյարդի քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում. վիտամին C-ի գերդոզավորման կամ էրիթրոպոետինով բուժումից հետո[39][40]։ Հիպոթիրեոզը կարող է արհեստականորեն բարձրացնել A1c-ի ցուցանիշը[41][42][43]։ Ընդհանուր առմամբ, ռեֆերենսային միջակայքը (հայտնաբերվում է առողջ երիտասարդների մոտ) կազմում է 30-33 մմոլ/մոլ (4,9-5,2 DCCT %)[44]։ 2014 թվականին Շվեդիայում տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների HbA1c-ի միջին ցուցանիշը կազմում էր 63 մմոլ/մոլ (7,9 DCCT %), իսկ տիպ 2-ի դեպքում՝ 61 մմոլ/մոլ (7,7 DCCT %)[45] HbA1c-ի մակարդակները տարիքի հետ ցույց են տալիս փոքր, բայց վիճակագրորեն նշանակալի առաջընթաց աճ, ինչի կլինիկական նշանակությունը դեռևս անհայտ է[37]։
Կապը A1c-ի և մոտարկված միջին գլյուկոզի միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]DCCT տոկոսով (%) արտահայտված HbA1c արժեքների և eAG (մոտարկված միջին գլյուկոզ) չափումների միջև մոտավոր կապը տրվում է հետևյալ բանաձևով[39]․
- eAG(մգ/դլ) = 28.7 × A1c − 46.7
eAG(մմոլ/լ) = 1.59 × A1c − 2.59
(Փակագծերում բերված տվյալները 95% վստահության միջակայքերն են):
| HbA1c | eAG | ||
|---|---|---|---|
| % | մմոլ/մոլ[46] | մմոլ/լ | մգ/դլ |
| 5 | 31 | 5.4 (4.2–6.7) | 97 (76–120) |
| 6 | 42 | 7.0 (5.5–8.5) | 126 (100–152) |
| 7 | 53 | 8.6 (6.8–10.3) | 154 (123–185) |
| 8 | 64 | 10.2 (8.1–12.1) | 183 (147–217) |
| 9 | 75 | 11.8 (9.4–13.9) | 212 (170–249) |
| 10 | 86 | 13.4 (10.7–15.7) | 240 (193–282) |
| 11 | 97 | 14.9 (12.0–17.5) | 269 (217–314) |
| 12 | 108 | 16.5 (13.3–19.3) | 298 (240–347) |
| 13 | 119 | 18.1 (15–21) | 326 (260–380) |
| 14 | 130 | 19.7 (16–23) | 355 (290–410) |
| 15 | 140 | 21.3 (17–25) | 384 (310–440) |
| 16 | 151 | 22.9 (19–26) | 413 (330–480) |
| 17 | 162 | 24.5 (20–28) | 441 (460–510) |
| 18 | 173 | 26.1 (21–30) | 470 (380–540) |
| 19 | 184 | 27.7 (23–32) | 499 (410–570) |
Նորմալ, նախաշաքարախտային և շաքարախտային միջակայքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի 2010 թվականի «Շաքարային դիաբետի բժշկական օգնության ստանդարտները» ավելացրել են HbA1c ≥ 48 մմոլ/մոլ (≥6,5 DCCT%) ցուցանիշը՝ որպես շաքարային դիաբետի ախտորոշման ևս մեկ չափանիշ[47]:
| Ախտորոշում | "IFCC" HbA1c | "DCCT" HbA1c | "մոնո S" HbA1c |
|---|---|---|---|
| Նորմալ | < 40 մմոլ/մոլ | < 5.7% | < 4.7% |
| Նախադիաբետ | 40–47 մմոլ/մոլ | 5.7–6.4% | 4.7–5.4% |
| Դիաբետ | ≥ 48 մմոլ/մոլ | ≥ 6.5% | > 5.5% |
Ցուցումներ և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլիկացված հեմոգլոբինի թեստավորումը խորհուրդ է տրվում ինչպես նախադիաբետիկ, այնպես էլ շաքարային դիաբետով անձանց արյան մեջ գլյուկոզի հսկողությունը ստուգելու համար: Արյան մեկ նմուշի դեպքում այն գլիկեմիկ վարքագծի վերաբերյալ շատ ավելի բացահայտ տեղեկատվություն է տալիս, քան քաղցած վիճակում արյան գլյուկոզի ցուցանիշը: Այնուամենայնիվ, քաղցած վիճակում արյան գլյուկոզի թեստերը վճռորոշ են բուժման վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Դիաբետի ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցները նման են մյուսներին՝ նշելով, որ գլիկացված հեմոգլոբինի թեստը պետք է կատարվի տարեկան առնվազն երկու անգամ շաքարային դիաբետով այն պացիենտների մոտ, որոնք ստանում են արդյունավետ բուժում (և ունեն կայուն գլիկեմիկ հսկողություն), և եռամսյակը մեկ անգամ այն դեպքում, երբ բուժման սխեման անարդյունավետ է կամ փոփոխվել է[49][36]։
Գլիկացված հեմոգլոբինի չափումը նպատակահարմար չէ այն դեպքում, երբ վերջին վեց շաբաթվա ընթացքում դիետայի կամ բուժման փոփոխություն է կատարվել: Նմանապես, թեստը ենթադրում է էրիթրոցիտների ծերացման բնականոն գործընթաց և հեմոգլոբինի ենթատիպերի խառնուրդ (մեծահասակների մոտ գերակշռում է HbA-ն): Հետևաբար, արյան կորուստ ունեցած, հեմոլիտիկ անեմիայով կամ հեմոգլոբինի մոլեկուլի գենետիկական տարբերություններով (հեմոգլոբինոպաթիա), ինչպիսիք են մանգաղաբջջային սակավարյունությունը և այլ վիճակներ, ինչպես նաև վերջերս արյուն հանձնած անձինք հարմար չեն այս թեստի համար[50]:
Գլիկացված հեմոգլոբինի փոփոխականության պատճառով՝ խորհուրդ տրվող թիրախային ցուցանիշներին հասած կամ դրանց մոտ գտնվող պացիենտների դեպքում պետք է ստուգվեն լրացուցիչ ցուցանիշներ: 64 մմոլ/մոլ կամ պակաս HbA1c արժեքներ ունեցող անձանց պետք է անցկացվի լրացուցիչ թեստավորում՝ պարզելու համար, թե արդյոք HbA1c-ի արժեքները տատանվող հիպերգլիկեմիայի և հիպոգլիկեմիայի միջինացման արդյունք են, թե HbA1c-ն ավելի շատ արտացոլում է հիպերգլիկեմիան, որն օրվա ընթացքում շատ չի տատանվում: Արյան գլյուկոզի շարունակական հսկողությունը թույլ է տալիս դիաբետ ունեցող անձանց անընդհատ որոշել իրենց գլյուկոզի մակարդակը՝ թեստավորելով այն մի քանի րոպեն մեկ: Արյան գլյուկոզի շարունակական հսկողության օգտագործումը տարածված է, քանի որ այդ սարքերը ներառված են բազմաթիվ առողջապահական ապահովագրական ծրագրերում: Պարագաները հակված են թանկ լինելու, քանի որ սենսորները պետք է փոխվեն առնվազն յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ: Մեկ այլ օգտակար թեստ՝ պարզելու համար, թե արդյոք HbA1c-ի արժեքները պայմանավորված են օրվա ընթացքում արյան մեջ գլյուկոզի քանակության մեծ տատանումներով, 1,5-անհիդրոգլյուցիտոլն է, որը հայտնի է նաև որպես GlycoMark, և արտացոլում է միայն այն ժամանակահատվածները, երբ հիպերգլիկեմիան 2 շաբաթվա ընթացքում պահպանվում է 180 մգ/դլ կամ ավելի։
Հեմոգլոբին A1-ի (HbA1) խտությունը չափվում է իոնափոխանակային քրոմատոգրաֆիայի մեթոդով և բարձր է թե դիաբետով հիվանդների, և թե երիկամային անբավարարություն ունեցող հիվանդների մոտ: Թիոբարբիտուրաթթվի մեթոդը (քիմիական մեթոդ, որ հատուկ է գլիկացման հայտնաբերման համար) ցույց է տալիս, որ երիկամային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ գլիկացված հեմոգլոբինի արժեքները նման են առողջ անձանց մոտ դիտվող արժեքներին: Սա ենթադրում է, որ այս պացիենտների մոտ բարձր արժեքները հեմոգլոբինին գլյուկոզից բացի այլ նյութի միացման արդյունք են[51]:
Աուտոիմուն հեմոլիտիկ անեմիայի դեպքում HbA1-ի խտությունը չի հայտնաբերվում: Պրեդնիզոլոնի կիրառումը թույլ է տալիս հայտնաբերել HbA1-ը[52]: Այս հանգամանքներում կարող է օգտագործվել ֆրուկտոզամինի այլընտրանքային թեստը, որը նույնպես արտացոլում է արյան գլյուկոզի մակարդակների միջինը նախորդող 2-3 շաբաթների ընթացքում[53]։
Բոլոր խոշոր հաստատությունները, ինչպիսիք են Միջազգային փորձագիտական կոմիտեի զեկույցը (կազմված Դիաբետի միջազգային ֆեդերացիայի, Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի և Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի ներկայացուցիչներից), առաջարկում են HbA1c-ի 48 մմոլ/մոլ (6,5 DCCT %) մակարդակը՝ որպես ախտորոշիչ մակարդակ[54]։ Կոմիտեի զեկույցն այնուհետև նշում է, որ երբ HbA1c թեստավորում հնարավոր չէ իրականացնել, պետք է կատարվեն քաղցած վիճակում գլյուկոզի և գլյուկոզի տոլերանտության թեստերը: Հղիության ընթացքում դիաբետի սքրինինգը շարունակում է պահանջել քաղցած վիճակում և գլյուկոզի տոլերանտության չափումներ հղիության դիաբետի համար՝ հղիության 24-28-րդ շաբաթներում, թեև գլիկացված հեմոգլոբինը կարող է օգտագործվել սկրինինգի համար առաջին պրենատալ այցի ժամանակ[37]։
Սննդակարգով պայմանավորված փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մետաանալիզը ցույց տվեց, որ պրոբիոտիկների կիրառումը տիպ 2 շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ հանգեցնում է գլիկացված հեմոգլոբինի քանակության վիճակագրորեն նշանակալի նվազման[55]։ Պրոբիոտիկների տարբեր շտամներ ներառող կլինիկական փորձարկումներում արձանագրվեց գլիկացված հեմոգլոբինի էական նվազում, մինչդեռ մեկ շտամ պարունակող պրոբիոտիկներով իրականացված փորձարկումները վիճակագրորեն նշանակալի ազդեցություն չեն ցուցաբերել[55]:
Ստանդարտացում և համապատասխանեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլինիկական հետազոտությունների մեծ մասը խորհուրդ է տալիս օգտագործել HbA1c-ի այն չափման մեթոդները, որոնք համեմատելի են DCCT (Diabetes Control and Complications Trial) հետազոտության մեթոդաբանությանը[56]։ Թեստերի ստանդարտացման բարելավման գործում կարևոր դեր են ունեցել National Glycohemoglobin Standardization Program-ը և International Federation of Clinical Chemistry-ը[37]։ Շաքարային դիաբետի սկզբնական ախտորոշման համար պետք է օգտագործվեն միայն HbA1c-ի այն մեթոդները, որոնք NGSP-սերտիֆիկացված են, այլ ոչ արագ թեստավորման սարքերը[36]։ HbA1c արագ թեստավորման սարքերը վերլուծապես ճշգրիտ չեն, մասնավորապես՝ չափումների մեծ ստանդարտ շեղումների պատճառով[37]։
Անասնաբուժություն
[խմբագրել | խմբագրել կոդը]HbA1c թեստավորումը արդյունավետ չէ շաքարային դիաբետով կատուների և շների բուժման ընթացքում մոնիթորինգ իրականացնելու համար և ընդհանուր առմամբ չի կիրառվում անասնաբուժական պրակտիկայում։ Փոխարենը նախընտրելի է ֆրուկտոզամինի մակարդակի վերահսկումը[57]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գլիկոզիլացված հեմոգլոբին» տարածված սխալ անվանում է, քանի որ գլիկացումը և գլիկոզիլացումը տարբեր գործընթացներ են, որոնցից միայն առաջինն է իրականանում այս դեպքում: Գլիկացումը ոչ ֆերմենտային գործընթաց է, մինչդեռ գլիկոզիլացումը ֆերմենտային է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bunn HF, Higgins PJ (1981 թ․ հուլիս). «Reaction of monosaccharides with proteins: possible evolutionary significance». Science. 213 (4504): 222–4. Bibcode:1981Sci...213..222B. doi:10.1126/science.12192669. PMID 12192669.
- ↑ McPherson JD, Shilton BH, Walton DJ (1988 թ․ մարտ). «Role of fructose in glycation and cross-linking of proteins». Biochemistry. 27 (6): 1901–7. doi:10.1021/bi00406a016. PMID 3132203.
- ↑ Pongudom, Saranya (2019 թ․ նոյեմբերի 1). «Determination of Normal HbA1C Levels in Non-Diabetic Patients with Hemoglobin E». Annals of Clinical & Laboratory Science. 49 (6): 804–9. PMID 31882432.
- ↑ Miedema K (2005). «Standardization of HbA1c and Optimal Range of Monitoring». Scandinavian Journal of Clinical and Laboratory Investigation. 240: 61–72. doi:10.1080/00365510500236143. PMID 16112961. S2CID 30162967.
- ↑ 5,0 5,1 Elizabeth Weiser Caswell Diabetes Institute. Hemoglobin A1c Fact Sheet. Accessed 2024-07-02.
- ↑ «2. Glycated haemoglobin (HbA1c) for the diagnosis of diabetes». Use of Glycated Haemoglobin (HbA1c) in the Diagnosis of Diabetes Mellitus: Abbreviated Report of a WHO Consultation. WHO Guidelines Approved by the Guidelines Review Committee. World Health Organization. 2011. PMID 26158184. NBK304271.
- ↑ 7,0 7,1 7,2 Cavero-Redondo I, Peleteiro B, Martínez-Vizcaíno V (2017). «Glycated haemoglobin A1c as a risk factor of cardiovascular outcomes and all-cause mortality in diabetic and non-diabetic populations: a systematic review and meta-analysis». BMJ Open. 7 (7) e015949. doi:10.1136/bmjopen-2017-015949. PMC 5642750. PMID 28760792.
- ↑ Oliwia Witczak, Trine B. Haugen (2014 թ․ նոյեմբերի 25). «Glycated or glycosylated?». Journal of the Norwegian Medical Association. 134 (22): 2179. doi:10.4045/tidsskr.14.0172. PMID 25423986. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. «Hospitals should ensure that the correct term for HbA1c — glycated haemoglobin — is now to be found in laboratory manuals.»
- ↑ Peterson KP, Pavlovich JG, Goldstein D, Little R, England J, Peterson CM (1998). «What is hemoglobin A1c? An analysis of glycated hemoglobins by electrospray ionization mass spectrometry». Clinical Chemistry. 44 (9): 1951–8. doi:10.1093/clinchem/44.9.1951. PMID 9732983. Արխիվացված օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2024-06-21-ին.
- ↑ Huisman, Titus Hendrik Jan; Martis, E. A.; Dozy, Andreé (1958). «Chromatography of hemoglobin types on carboxymethylcellulose». The Journal of Laboratory and Clinical Medicine. 52 (2): 312–327. PMID 13564011.
- ↑ Bookchin, Robert M.; Gallop, Paul M. (1968). «Structure of haemoglobin A1c: nature of the N-terminal beta chain blocking group». Biochemical and Biophysical Research Communications. 32 (1): 86–93. doi:10.1016/0006-291X(68)90430-0. PMID 4874776.
- ↑ Rahbar, Samuel; Blumenfeld, Olga; Ranney, Helen M. (1969). «Studies of an unusual hemoglobin in patients with diabetes mellitus». Biochemical and Biophysical Research Communications. 36 (5): 838–843. Bibcode:1969BBRC...36..838R. doi:10.1016/0006-291X(69)90685-8. PMID 5808299.
- ↑ Bunn, H. Franklin; Haney, David N.; Gabbay, Kenneth H.; Gallop, Paul M. (1975). «Further identification of the nature and linkage of the carbohydrate in haemoglobin A1c». Biochemical and Biophysical Research Communications. 67 (1): 103–109. doi:10.1016/0006-291X(75)90289-2. PMID 1201013.
- ↑ Koenig, Ronald J.; Peterson, Charles M.; Jones, Robert L.; Saudek, Christopher; Lehrman, Mark; Cerami, Anthony (1976). «Correlation of glucose regulation and hemoglobin AIc in diabetes mellitus». New England Journal of Medicine. 295 (8): 417–420. doi:10.1056/NEJM197608192950804. PMID 934240.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Saleh, Jumana (2015-08-26). «Glycated hemoglobin and its spinoffs: Cardiovascular disease markers or risk factors?». World Journal of Cardiology. 7 (8): 449–453. doi:10.4330/wjc.v7.i8.449. PMC 4549778. PMID 26322184.
- ↑ Yaylayan, Varoujan A.; Huyghues-Despointes, Alexis (1994). «Chemistry of Amadori Rearrangement Products: Analysis, Synthesis, Kinetics, Reactions, and Spectroscopic Properties». Critical Reviews in Food Science and Nutrition. 34 (4): 321–369. doi:10.1080/10408399409527667. PMID 7945894.
- ↑ 17,0 17,1 Pohanka M (2021 թ․ մարտ). «Glycated Hemoglobin and Methods for Its Point of Care Testing». Biosensors. 11 (3): 70. doi:10.3390/bios11030070. PMC 8000313. PMID 33806493.
- ↑ Unnikrishnan, Ranjit (Jul–Aug 2012). «Drugs affecting HbA1c levels». Indian Journal of Endocrinology and Metabolism. 16 (4): 528–531. doi:10.4103/2230-8210.98004. PMC 3401751. PMID 22837911.
- ↑ «NGSP: HbA1c and eAG». ngsp.org. Արխիվացված օրիգինալից 2015-10-15-ին. Վերցված է 2024-06-21-ին.
- ↑ Sidorenkov G, Haaijer-Ruskamp FM, de Zeeuw D, Denig P (2011). «A longitudinal study examining adherence to guidelines in diabetes care according to different definitions of adequacy and timeliness». PLOS ONE. 6 (9) e24278. Bibcode:2011PLoSO...624278S. doi:10.1371/journal.pone.0024278. PMC 3169586. PMID 21931669.
- ↑ Developing Point of care HbA1c tests for Diabetes monitoring Արխիվացված 2008-08-29 Wayback Machine, Barry Plant, Originally Published IVDT July/August 2008
- ↑ [Clinical Chemistry 50:1 166–174 (2004)]
- ↑ 23,0 23,1 HbA1c in a new way Արխիվացված 2013-09-09 Wayback Machine By the Swedish Diabetes Association. Retrieved 2023-02-01.
- ↑ Geistanger A, Arends S, Berding C, Hoshino T, Jeppsson JO, Little R, Siebelder C, Weykamp C (2008 թ․ օգոստոս). «Statistical methods for monitoring the relationship between the IFCC reference measurement procedure for hemoglobin A1c and the designated comparison methods in the United States, Japan, and Sweden». Clin. Chem. 54 (8): 1379–85. doi:10.1373/clinchem.2008.103556. PMID 18539643.
- ↑ Manley S, John WG, Marshall S (2004 թ․ հուլիս). «Introduction of IFCC reference method for calibration of HbA: implications for clinical care». Diabet. Med. 21 (7): 673–6. doi:10.1111/j.1464-5491.2004.01311.x. PMID 15209757. S2CID 30468208.
- ↑ «Standardisation of the reference method for the measurement of HbA1c to improve diabetes care» (PDF) (Press release). Association for Clinical Biochemistry and Laboratory Medicine (with Diabetes UK). 2008 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-07-22-ին. Վերցված է 2009-07-02-ին.
- ↑ «HbA1c Standardisation For Laboratory Professionals» (PDF). Diabetes UK (with Association for Clinical Biochemistry and Laboratory Medicine). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011-07-20-ին. Վերցված է 2009-07-02-ին.
- ↑ «Executive Summary: Standards of medical care in diabetes — 2009». Diabetes Care. 32 (Suppl 1): S6–S12. 2009. doi:10.2337/dc09-S006. PMC 2613586. PMID 19118288.
- ↑ Lehman R, Krumholz HM (2009). «Tight control of blood glucose in long standing type 2 diabetes». Br Med J. 338: b800. doi:10.1136/bmj.b800. PMID 19264821. S2CID 45188963.
- ↑ Currie, Craig J; Peters, John R; Tynan, Aodán; Evans, Marc; Heine, Robert J; Bracco, Oswaldo L; Zagar, Tony; Poole, Chris D (2010). «Survival as a function of HbA1c in people with type 2 diabetes: a retrospective cohort study». The Lancet. 375 (9713): 481–9. doi:10.1016/S0140-6736(09)61969-3. PMID 20110121. S2CID 21223855.
- ↑ «Advance Study Contradicts ACCORD Findings». Diabetes Self-Management. 2008-03-07. Արխիվացված է օրիգինալից 2012-07-17-ին. Վերցված է 2013-06-10-ին.
- ↑ ADVANCE Collaborative Group; Patel A, MacMahon S, Chalmers J, Neal B, Billot L, Woodward M, Marre M, Cooper M, Glasziou P, Grobbee D, Hamet P, Harrap S, Heller S, Liu L, Mancia G, Mogensen CE, Pan C, Poulter N, Rodgers A, Williams B, Bompoint S, de Galan BE, Joshi R, Travert F (2008 թ․ հունիս). «Intensive blood glucose control and vascular outcomes in patients with type 2 diabetes». N Engl J Med. 358 (24): 2560–72. doi:10.1056/NEJMoa0802987. hdl:10072/26242. PMID 18539916. «Conclusions: A strategy of intensive glucose control, involving gliclazide (modified release) and other drugs as required, that lowered the glycated hemoglobin value to 6.5% yielded a 10% relative reduction in the combined outcome of major macrovascular and microvascular events, primarily as a consequence of a 21% relative reduction in nephropathy»
- ↑ Heller, Simon R. (2009-11-01). «A Summary of the Advance Trial». Diabetes Care. 32 (Suppl 2): S357–61. doi:10.2337/dc09-S339. PMC 2811451. PMID 19875581.
- ↑ Shubrook JH, Shubrook J (2010). «Risks and benefits of attaining HbA(1c) goals: Examining the evidence». The Journal of the American Osteopathic Association. 110 (7 Suppl 7): e7–e12. PMID 20644204.
- ↑ Gerstein HC, Miller ME, Byington RP, և այլք: (2008). «Effects of Intensive Glucose Lowering in Type 2 Diabetes». New England Journal of Medicine. 358 (24): 2545–59. doi:10.1056/NEJMoa0802743. PMC 4551392. PMID 18539917.
- ↑ 36,0 36,1 36,2 American Diabetes Association Professional Practice Committee (2022 թ․ հունվար). «6. Glycemic Targets: Standards of Medical Care in Diabetes-2022». Diabetes Care. 45 (Suppl 1): S83–S96. doi:10.2337/dc22-S006. PMID 34964868.
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 37,4 Sacks DB, Arnold M, Bakris GL, Bruns DE, Horvath AR, Lernmark Å, Metzger BE, Nathan DM, Sue Kirkman M (2023 թ․ օգոստոս). «Executive Summary: Guidelines and Recommendations for Laboratory Analysis in the Diagnosis and Management of Diabetes Mellitus». Clin Chem. 69 (8): 777–784. doi:10.1093/clinchem/hvad079. PMC 12376297. PMID 37562009.
{{cite journal}}: Check|pmc=value (օգնություն) - ↑ Kilpatrick ES, Bloomgarden ZT, Zimmet PZ (2009). «Is haemoglobin A1c a step forward for diagnosing diabetes?». BMJ. 339 b4432. doi:10.1136/bmj.b4432. PMID 19903702. S2CID 36941786.
- ↑ 39,0 39,1 Nathan DM, Kuenen J, Borg R, Zheng H, Schoenfeld D, Heine RJ (2008). «Translating the A1C assay into estimated average glucose values». Diabetes Care. 31 (8): 1473–8. doi:10.2337/dc08-0545. PMC 2742903. PMID 18540046. Արխիվացված օրիգինալից 2012-02-19-ին. Վերցված է 2009-09-24-ին.
- ↑ Gallagher, Emily; Le Roith, Derek; Bloomgarden, Zachary (2009). «Review of hemoglobin A1c in the management of diabetes». Journal of Diabetes. 1 (1): 9–17. doi:10.1111/j.1753-0407.2009.00009.x. PMID 20923515.
- ↑ «Hypothyroidism Falsely Raises HbA1c and Glycated Albumin Levels». Diabetes In Control. 2010 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Kim, M. K.; Kwon, H. S.; Baek, K. H.; Lee, J. H.; Park, W. C.; Sohn, H. S.; Lee, K. W.; Song, K. H. (2010 թ․ սեպտեմբերի 7). «Effects of Thyroid Hormone on A1C and Glycated Albumin Levels in Nondiabetic Subjects With Overt Hypothyroidism». Diabetes Care. 33 (12): 2546–8. doi:10.2337/dc10-0988. PMC 2992186. PMID 20823345.
- ↑ Bhattacharjee R, Thukral A, Chakraborty PP, Roy A, Goswami S, Ghosh S, Mukhopadhyay P, Mukhopadhyay S, Chowdhury S (2017). «Effects of thyroid status on glycated hemoglobin». Indian J Endocrinol Metab. 21 (1): 26–30. doi:10.4103/2230-8210.196017. PMC 5240076. PMID 28217494.
- ↑ Saaddine, Jinan B.; Fagot-Campagna, Anne; Rolka, Deborah; Narayan, K. M. Venkat; Geiss, Linda; Eberhardt, Mark; Flegal, Katherine M. (2002-08-01). «Distribution of HbA(1c) levels for children and young adults in the U.S.: Third National Health and Nutrition Examination Survey». Diabetes Care. 25 (8): 1326–30. doi:10.2337/diacare.25.8.1326. ISSN 0149-5992. PMID 12145229.
- ↑ «Nationella Diabetesregistret Årsrapport 2014 års resultat» (PDF). Nationella Diabetesregistret Årsrapport 2014 års resultat (շվեդերեն). Nationella Diabetes Registret. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2015-12-14-ին.
- ↑ «Change to HbA1c values». Diabetes UK. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին.
- ↑ «Executive summary: Standards of medical care in diabetes — 2010». Diabetes Care. 33 (Suppl 1): S4–S10. 2010 թ․ հունվար. doi:10.2337/dc10-S004. PMC 2797389. PMID 20042774. Արխիվացված օրիգինալից 2010-01-13-ին. Վերցված է 2010-01-02-ին.
- ↑ «Diagnosing Diabetes and Learning About Prediabetes». American Diabetes Association. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ American Diabetes Association (2007). «Standards of medical care in diabetes». Diabetes Care. 30 (Suppl 1): S4–S41. doi:10.2337/dc07-S004. PMID 17192377.
- ↑ Klonoff, David C. (2019-03-22). «Hemoglobinopathies and Hemoglobin A1c in Diabetes Mellitus». Journal of Diabetes Science and Technology. 14 (1): 3–7. doi:10.1177/1932296819841698. PMC 7189151. PMID 30897962.
- ↑ Bannon P, Lessard F, Lepage R, Joly JG, Dufresne L (1984 թ․ մարտ). «Glycated hemoglobin in uremic patients as measured by affinity and ion-exchange chromatography». Clin Chem. 30 (3): 485–6. doi:10.1093/clinchem/30.3.485. PMID 6697506.
- ↑ «Undetectable Glycosylated Hemoglobin in Autoimmune Hemolytic Anemia» (PDF). repository.oai.yamaguchi-u.ac.jp. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011-07-16-ին. Վերցված է 2009-08-31-ին.
- ↑ Freitas PA, Ehlert LR, Camargo JL (2017). «Glycated albumin: a potential biomarker in diabetes». Arch Endocrinol Metab. 61 (3): 296–304. doi:10.1590/2359-3997000000272. PMC 10118799. PMID 28699985.
- ↑ The International Expert Committee (2009). «International expert committee report on the role of the A1C assay in the diagnosis of diabetes». Diabetes Care. 32 (7): 1327–34. doi:10.2337/dc09-9033. PMC 2699715. PMID 19502545.
- ↑ 55,0 55,1 Sun J, Buys NJ (2016). «Glucose- and glycaemic factor-lowering effects of probiotics on diabetes: a meta-analysis of randomised placebo-controlled trials». British Journal of Nutrition. 115 (7): 1167–77. doi:10.1017/S0007114516000076. PMID 26899960.
- ↑ Diabetes Control and Complications Trial Research Group; Nathan DM, Genuth S, Lachin J, Cleary P, Crofford O, Davis M, Rand L, Siebert C (1993 թ․ սեպտեմբեր). «The effect of intensive treatment of diabetes on the development and progression of long-term complications in insulin-dependent diabetes mellitus». N Engl J Med. 329 (14): 977–986. doi:10.1056/NEJM199309303291401. PMID 8366922.
- ↑ Delack JB, Stogdale L (1983 թ․ հոկտեմբեր). «Glycosylated hemoglobin measurement in dogs and cats: implications for its utility in diabetic monitoring». Can Vet J. 24 (10): 308–311. PMC 1790442. PMID 17422317.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Health Information: Diabetes — National Institutes of Health (NIH): National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (NIDDK)
- National Diabetes Information Clearinghouse — NIDDK (հին կայք, արխիվացված 2010-02-21)
- Standards of Care in Diabetes, American Diabetes Association Professional Practice Committee
- Standards of Care in Diabetes — 2024 (pdf), American Diabetes Association Professional Practice Committee
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլիկացված հեմոգլոբին» հոդվածին։ |
| ||||||