Գլադիատորների մուտքը (Յուլիուս Ֆուչիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլադիատորների մուտքը
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրքայլերգ
ԿոմպոզիտորՅուլիուս Ֆուչիկ[1]
Ստեղծման տարեթիվհոկտեմբերի 17, 1899[1]
Հրատարակման տարեթիվ1897
Տոնայնությունլյա բեմոլ մաժոր
 Entrance of the Gladiators Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
Յուլիուս Ֆուչիկ, «Գլադիատորների մուտքը»

Գլադիատորների մուտքը (չեխ․՝ Vjezd gladiátorů, գերմ.՝ Einzug der Gladiatoren), երաժշտական պիես, զինվորական քայլերգ՝ գրված 1897 թվականին։ Հեղինակ՝ չեխ կոմպոզիտոր Յուլիուս Ֆուչիկ։ Նախապես կոչվել է «Խրոմատիկ մեծ քայլերգ» (Grande Marche Chromatique): Այդ անվանումով նկատի էր առնված, որ ստեղծագործության ամբողջ մեղեդին կառուցված է Խրոմատիկ գամմայի հիման վրա։ Հետագայում Ֆուչիկն այն անվանափոխեց, քանի որ մեծապես ազդվել էր Հենրիկ Սենկևիչի «Յո՞ երթաս» վեպից, նրա վրա մեծ տպավորություն էր թողել հատկապես գլադիատորների՝ դեպի ամֆիթատրոնի մրցասպարեզ մտնելու նկարագրությունը, որից հետո կոմպոզիտորը սկսել էր մեծապես հետաքրքրվել Հռոմեական կայսրության պատմությամբ։

1901 թվականին ամերիկացի հրատարակիչ Կարլ Ֆիշերը հրատարակեց քայլերգի մի տարբերակի նոտաները՝ «Որոտ և կայծակ» (անգլ.՝ Thunder and Blaze) վերնագրով, որը գործիքավորված էր փողային նվագախմբի համար։ Այդ փոխադրությունը կատարել էր կանադացի կոմպոզիտոր Լուի-Ֆիլիպ Լորենդոն։ Հենց այս ընթացքում ստեղծագործությունը լայն ճանաչում ձեռք բերեց որպես տարբեր միջոցառումներում հնչող երաժշտություն և կրկեսային քայլերգ՝ շատ հաճախ ուղեկցելով ծաղրածուների ելույթներին։ Այսօր քայլերգը առավելապես հայտնի է որպես կրկեսային երաժշտություն, իսկ իրական վերնագորվ շատ քչերին է հայտնի։

Քայլերգը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասի հիմնական և երկրորդական հատվածները կատարվում են շեփորներով։ Երկրորդ մասում հնչում է Խրոմատիկ գամման՝ պղնձափողային ցածր ռեգիստրի նվագարանների կատարմամբ, հիմնականում՝ տուբայով։ Երրորդ մասում հնչում է դանդաղ և մեղեդային տրիո, որտեղ հարմոնիկ կերպով միահյուսվում են փայտե և պղնձե ցածր ռեգիստրի փողային նվագարանների ձայները՝ դարձյալ խրոմատիկ գամմայի հիման վրա։ Երաժշտական այս պիեսը գրվել է շատ կարճ ժամկետում։ Սկզբնապես կատարվում էր քայլերգին բնորոշ տեմպով, բայց կրկեսում սովորաբար հնչում է առավել արագ տեմպով։

Մեղեդու օգտագործումը տարբեր ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը 1899 թվականին գրեց իր «Տարվա եղանակները» հանրահայտ բալետը։ Դրա վերջին հատվածը՝ «Սատիրայի վարիացիա»-ն, հիշեցնում է Յուլիուս Ֆուչիկի «Գլադիատորների մուտքը» քայլերգի հիմնական թեման, որը գրվել էր երկու տարի առաջ։
  • Քայլերգի մեղեդին օգտագործվել է նաև խորհրդային «Դե սպասի՛ր» մուլտֆիլմի 3-րդ և 11-րդ սերիաներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notes from BBC Proms webpage for the 2007 Last Night на Wayback Machine, копия).
  • Entrance of the Gladiators: ноты произведения на International Music Score Library Project.