Jump to content

Գիյոմ դը Ռուբրուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ դը Ռուբրուք
Willem van Rubroeck
Դիմանկար
Ծնվել է1220-ականներ[1], 1210-ականներ[2] կամ 1220[3]
ԾննդավայրRubrouck
Մահացել էոչ վաղ քան 1293
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերThe Journey of William of Rubruk to the Eastern Parts?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, գրող, միսիոներ, կրոնական ծառայող, գրող ճանապարհորդ և արևելագետ
 William of Rubruck Վիքիպահեստում

Գիյոմ դը Ռուբրուք, (ֆր.՝ Guillaume de Rubrouck, բառացի՝ Գիյոմ Ռուբրուքացի), Ռուբրուքվիս, 1220-ականներ[1], 1210-ականներ[2] կամ 1220[3], Rubrouck - ոչ վաղ քան 1293), ֆլամանդացի ճանապարհորդ, ուղեգրող։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբի բանակում մասնակցել է խաչակրաց յոթերորդ արշավանքին (1248—1254), ծանոթացել Մերձավոր Արևելքի երկրներին, ապա թագավորի հանձնարարությամբ ճանապարհորդել է մոնղոլների մոտ։ Հեղինակն է «Ճանապարհորդություն արևելյան երկրներ» գրքի։

Ճանապարհորդությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիյոմ դը Ռուբրուքն ուղեկցել է Լյուդովիկոս IX թագավորին Խաչակրաց յոթերորդ արշավանքի ընթացքում, որն ավարտվեց բոլորովին անհաջող. թագավորը գերի ընկավ մամլուքներին։ Ազատ արձակվելով մեծ փրկագնի դիմաց, Լյուդովիկոս IX-ը դեռ չորս տարի էլ մնաց Սուրբ Երկրում։ Դրանից հետո 1251 թվականին նա Կեսարիայում ընդունեց դոմինիկյան միաբան և դիվանագետ Անդրե դը Լոնժյումոյին, որի առաքելությունն արդյունք չէր տվել. նա մեկնել էր Գույուկ խանի մոտ՝ դաշինք կնքելու, սակայն մինչ իր հասնելը, Գույուկը վախճանվել էր, իսկ նրա այրի Օղուլ-Ղայմիշը, որ ստանձնել էր պետության կառավարումը, շատ կոպիտ էր պատասխանել ֆրանսիացիների առաջարկին։

Եգիպտոսի արաբ, սուլթանության դեմ մոնղոլներից ռազմական օգնություն ստանալու համար, Լյուդովիկոս IX-ի հանձնարարությամբ 1253 թվականին Գիյոմ դը Ռուբրուքն է ուղևորվում Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ որպես դիվանագիտ․ պատվիրակության ղեկավար։ Պաղեստինի Աքիոն քաղաքից մեկնել է նախ Կոստանդնուպոլիս, մեծ ծովով նավարկել Ղրիմ, այնտեղից անցել Ոսկե հորդա, տեսակցել Բաթու խանի հետ, ապա Միջին Ասիայով ու Կենտրոնական Մոնղոլիայով 1254 թ. սկզբին հասել Կարակորում Մոնղոլ, մեծ խան Մանգուի հետ երկամսյա բանակցություններում անմիջական նպատակին չհասնելով, Ռ․ Կովկասի, Հայաստանի, Փոքր Ասիայի, Կիլիկյան Հայաստանի և Կիպրոսի վրայով վերադարձել է Պաղեստին (Աստրախան Դարբանդ — Շամախի — Գանձակ — Անի — Մանազկերտ — Կարին — Երզնկա — Կամախ — Սեբաստիա— Կեսարիա — Իկոնիա — Կոռիկոս — Միս — Այաս — Նիկոսիա — Աքիոն ուղիով)։ Այնուհետև երկար ժամանակ ապրել է Ասորիքում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Փարիզում։ Ուղևորության ընթացքում Ռուբրուքը արժեքավոր տեղեկություններ է հավաքել և նոթագրել (լատիներեն) Արևելքի երկրների (հատկապես Մոնղոլիայի, Չինաստանի, Միջին Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հայաստանի) աշխարհագրության, ազգագրության և պատմության վերաբերյալ։ Տարբեր երկրներում նա հանդիպել է հայերի (վաճառականներ, հոգևորականներ, դիվանագիտ․ պատվիրակներ, մոնղոլ, արքունիքի պաշտոնյաներ), գրի առել Արևելքի երկրների ու ժողովուրդների մասին նրանց հաղորդումները։ Ռուբրուքի երկը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։ Հայերեն են թարգմանել Հայաստանին վերաբերող առանձին հատվածներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ դը Ռուբրուք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 12