Գիդեոն Մանթել
Գիդեոն Մանթել | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1790[1][2] |
Ծննդավայր | Lewes, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 10, 1852[1][2] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | West Norwood Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Royal College of Surgeons of England? |
Մասնագիտություն | երկրաբան, հնէաբան, բնագետ և մանկաբարձ |
Պարգևներ և մրցանակներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Թագավորական մեդալ և Ուոլասթոնի մեդալ[3] |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Royal College of Surgeons? |
Երեխաներ | Walter Baldock Durrant Mantell?[4] |
Gideon Mantell Վիքիպահեստում |
Գիդեոն Ալջերնոն Մանթել, (անգլ.՝ Gideon Algernon Mantell, փետրվարի 3, 1790[1][2], Lewes, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 10, 1852[1][2], Լոնդոն, Անգլիա), անգլիացի մանկաբարձ, երկրաբան, հնէաբան:
Կենսագրություն և բժշկական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիդեոն Ալջերնոն Մանթելը ծնվել է 1790 թվականի փետրվարի 3-ին Լյուիսում:
Իգուանոդոն դինոզավրի արտաքին տեսքն ու կենսակերպը վերականգնելու նրա փորձերը համարվում են դինոզավրերի գիտական ուսումնասիրության սկիզբ: 1822 թվականին նա հայտնաբերել է իգուանոդոնի բրածո ատամները, այնուհետև՝ կմախքի մեծ մասը: Գիտության համար կարևոր նշանակություն է ունեցել Մանթելի կողմից Անգլիայի հարավում գտնվող Յուրայի ժամանակաշրջանի նստվածքային շերտի ուսումնասիրությունը:
Մանթելը կոշկակար Թոմաս Մանթելի և Սառա Օսթենի հինգերորդ երեխան էր[5][6]: Նա ուներ երկու քույր և չորս եղբայր: Պատանեկության տարիներին նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել երկրաբանության նկատմամբ: Նա հետազոտել է շրջակա տարածքներում գտնվող փոսերն ու քարհանքերը՝ հայտնաբերելով ամոնիտներ, ծովոզնիներ, ձկան ոսկորներ, կորալներ և մեռած կենդանիների մնացորդներ[7]: Թոմաս Մանթելի երեխաները չէին կարող սովորել տեղական քերականական դպրոցներում, քանի որ երեց Մանթելը բողոքական եկեղեցու հետևորդ էր և 12 անվճար դպրոցները նախատեսված էին անգլիկան եկեղեցու հետևորդների երեխաների համար: Արդյունքում՝ Գիդեոնը գրել ու կարդալ սովորել է մի ծեր կնոջից: Իր ուսուցչի մահից հետո, Մանթելը կրթությունը շարունակել է Վիգեր կուսակցության ներկայացուցիչ Ջոն Բութոնի մոտ, ով հանդիսանում էր Մանթելի հոր քաղաքական համախոհը[8]: Մանթելը երկու տարի է ուսանել Բութոնի մոտ, ապա մասնավոր ուսումնառության համար տեղափոխվել է Սուինդոն:
Մանթելը 15 տարեկանում վերադարձել է Լյուիս: Տեղական Վիգեր կուսակցության առաջնորդի օգնությամբ, Մանթելը հինգ տարի շարունակ աշակերտել է վիրաբույժ Ջեյմս Մուրի մոտ[9]: Այդ ընթացքում Մուրը հոգ է տարել Մանթելի սննդի, կացարանի և առողջության մասին: Սկզբնական շրջանում Մանթելի պարտականությունների մեջ է մտել սրվակների մաքրումը և դեղանյութերի առանձնացումն ու խմբավորումը: Շուտով նա սովորել է, թե ինչպես պատրաստել դեղահաբեր և դեղագործական այլ արտադրանքներ: Նա առաքել է Մուրի դեղերը, կատարել ֆինանսական հաշվարկները և հեռացրել իր հիվանդների ատամները[10]: Թոմաս Մանթելը մահացել է 1807 թվականի հուլիսի 11-ին 57 տարեկան հասակում՝ թողնելով որոշակի գումար որդու հետագա ուսման համար[11]: Քանի որ իր աշակերտելու ժամանակը սպառվում էր, Մանթելը սկսել է ուսումնասիրել մարդու անատոմիա և իր գիտելիքները մանրամասն նկարագրել է «Ոսկորների անատոմիա և արյան շրջանառություն» խորագրով հատորում, որը պարունակել է պտղի և չափահաս մարդու կմախքի առանձնահատկությունների տասնյակ մանրամասն նկարներ[10]: Շուտով Մանթելը սկսել է իր պաշտոնական բժշկական կրթությունը Լոնդոնում: Նա 1811 թվականին ստացել է իր դիպլոմը՝ որպես Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ[12]: Որոշ ժամանակ անց ստացել է հավաստագիր, որը նրան թույլ է տվել մատուցել մանկաբարձական ծառայություններ:
Նա վերադարձել է Լյուիս և անմիջապես գործընկերային հարաբերություններ է ստեղծել իր նախկին վարպետ Ջեյմս Մուրի հետ: Խոլերայի, տիֆի և ջրծաղիկի համաճարակի հետևանքով Մանթելը բավականին ծանրաբեռնվել է՝ օրական սպասարկելով ավելի քան 50 հիվանդ և ընդունելով տարեկան 200-ից 300 երեխայի ծնունդ[13]: Ինչպես նա հետագայում հիշում էր, բժշկի ծանր պարտականությունների պատճառով ստիպված է եղել աշխատել շաբաթական վեց կամ յոթ գիշեր անընդմեջ: Մանթելը կարողացել է բարձրացնել իր տարեկան շահույթը 250-ից մինչև 750 ֆունտ[14]: Բժշկական պրակտիկայով զբաղվելով հիմնականում գյուղական բնակավայրում, նա իր ազատ ժամանակը (սովորաբար վաղ առավոտյան) տրամադրել է իր կրքի՝ երկրաբանության ուսումնասիրությանը, նույնականացնելով Հեմսիում գտած բրածո նմուշները[15]: 1813 թվականին Մանթելը սկսել է նամակագրական կապ Ջեյմս Սովերբիի (James Sowerby) հետ: Սովերբին՝ բնագետ և ծաղկող (պատկերազարդող) է, ով Մանթելից ստացած բրածո խեցիների քարացած նմուշները ընդգրկել է քարտագրացուցակի (կատալոգ) մեջ: Որպես շնորհակալություն՝ Սովբերին նմուշներից մեկն անվանել է ի պատիվ Մանթելի՝ Ammonites mantelli[16]: Դեկտեմբերի 7-ին Մանթելը ընտրվել է որպես Լոնդոնի Լիննեյան ընկերության անդամ: Երկու տարի անց նա հրապարակել է իր առաջին աշխատությունը՝ Լյուիսի տարածքում հայտնաբերված բրածոների վերաբերյալ[17]:
1816 թվականին նա ամուսնացել է Մերի Էն Վուդհաուսի՝ նախկին հիվանդներից մեկի 20-ամյա դստեր հետ: Քանի որ Մերիի 21 տարեկանը չէր լրացել և անգլիական օրենսդրությամբ փաստացի անչափահաս էր, նա ստիպված էր մորից թույլտվություն և ամուսնանալու հատուկ արտոնագիր ստանալ: Համաձայնություն և արտոնագիր ստանալուց հետո, նա ամուսնացել է Մանթելի հետ մայիսի 4-ին Սբ. Մերիլեբոն եկեղեցում[17]: 1816 թվականին Մանթելը ձեռք է բերել Ռինգմեր քաղաքի Արքայական հիվանդանոցում բժշկական գործունեություն ծավալելու թույլտվություն:
Երկրաբանական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայմ-Ռիջիսում Մարի Աննինգը հայտնաբերել է հսկայական կոկորդիլոսի նմանվող քարացած կենդանի (որը հետագայում անվանվել է իխթիոզավր): Ոգեշնչվելով Աննինգի սենսացիոն հայտնագործությամբ Մանթելը մեծ խադավառությամբ է հետաքրքրվել իր տարածաշրջանում հայտնաբերված բրածո կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ: Նա Վիլդի մոտ՝ Սասեքսում հավաքել է ծավային ծագման Կավճի ժամանակաշրջանի բրածո մնացորդներ:1819 թվականից Մանթելը բրածոներ հայտնաբերել է Քուքֆիլդի մոտակայքում գտնվող քարհանքից: Դրանք ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի մնացորդներ են, մինչ այդ Անգլիայում հայտնաբերված Կավճի ժամանակաշրջանի բրածո մնացորդները ծովային ծագում ունեին: Նա նոր շերտերը անվանել է Թիլգեյթի անտառի շերտ, հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում է Ստորին Կավճի ժամանակաշրջանին:
1820 թվականին նա Քուքֆիլդում շատ մեծ ոսկորներ է գտնել, ավելի մեծ, քան Վիլյամ Բուքլենդն է հայտնաբերել Սթոնիսֆիլդում: Այնուհետև, 1822 թվականին, մինչ կավարտեր իր առաջին գիրքը («Սաութ-Դաունսի բրածոները՝ The Fossils of South Downs»), նրա կինը գտել է մի քանի մեծ ատամներ (չնայած որոշ պատմաբաններ պնդում են, որ դրանք իրականում հայտնաբերվել է հենց ինքը), որոնց ծագումը Մանթելը չի կարողացել որոշել: 1821 թվականին Մանթելը պլանավորեց իր հաջորդ գիրքը `Սասեքսի երկրաբանության վերաբերյալ: Դեռ չտպագրված գիրքը ունեցավ մեծ հաջողություն՝ ունենալով երկու հարյուր բաժանորդ, այդ թվում ՝ Գեորգ IV թագավորը: Մանթելը նամակ է ստացել Գեորգ IV թագավորից, որում գրված էր. «Ձերդ գերազանցությունը ուրախ է տեղեկացնել, որ իր անունը պետք է գլխավորի բաժանորդների ցուցակը՝ չորս օրինակով»:
Թե ինչպես է թագավորը լսել Մանթելի մասին, անհայտ է: Գնահատված և քաջալերված՝ Մանթելը կենդանու ատամները ցույց է տվել մյուս գիտնականներին, ովքեր հակված են եղել համարել, որ ատամները պատկանել են ձկան կամ կաթնասունի, որոնք ապրել են ավելի ուշ ժամանակաշրջանում, քան Թիլգեյթի անտառի շերտի մյուս բրածոները: Ֆրանսիացի ականավոր անատոմիստ Ժորժ Կյուվիեն դրանք որակել է որպես ռնգեղջյուրի ատամներ:
Ըստ Չարլզ Լայելի, Ժորժ Կյուվիեն այդ հայտարարությունն արել է երեկույթից հետո, բայց առավոտյան արդեն որոշ կասկածներ է ունեցել, որ ատամները ռնգեղջյուրի չեն և պատկանում են այլ կենդանու: Տարօրինակ է, որ այս կարծիքի փոփոխությունը չի հասել Անգլիա, որտեղ Մանթելին ծաղրել են իր սխալի համար: Մանթելը դեռ համոզված էր, որ ատամները պատկանում են Մեզոզոյան դարաշրջանին, ի վերջո հասկացել է, որ դրանք նման են իգուանայի ատամներին, բայց քսան անգամ ավելի մեծ: Նա ենթադրել է, որ մնացորդների տերը պետք է ունենար առնվազն 18 մետր երկարություն:
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա փորձերը՝ համոզելու իր ժամանակակիցներին, որ այդ բրածո ատամները պատկանել են Մեզոզոյան դարաշրջանին, ապարդյուն են անցել: Վիլյամ Բուքլենդը հերքել է Մանթելի տեսակետը և պնդել, որ այդ ատամները պատկանում են ձկներին:
1825 թվականին ապացուցվել է, որ Մանթելը ճիշտ էր՝ բրածո ոսկորները պատկանում են սողունի, մնացել էր մի հարց՝ ինչպես անվանել այդ նոր սողունին: Նրա սկզբնական անունն էր «Իգուանա-սաուրուս»: Նամակ ստանալով Վիլյամ Դանիել Քոնիբերից, ով գրել է՝ «Իգուանայի և բրածո սողունի ատամների միջև նմանության հայտնաբերումը շատ հետաքրքիր է, բայց Ձեր առաջարկած անունը դժվար թե համապատասխանի, քանի որ այն հավասարապես կիրառելի է նաև ժամանակակից իգուանայի համար: Իգուանոիդսը կամ Իգուանոդոնը ավելի հարմար կլինի»: Մանթելը ընդունել է այս խորհուրդը և իր սողունին անվանել է Իգուանոդոն:
Տարիներ անց Մանթելը ձեռք է բերել բրածո բավականաչափ ապացույցներ, որպեսզի ցույց տա, որ դինոզավրերի վերին վերջույթները շատ ավելի կարճ են, քան նրանց ստորին վարջույթները: Նա ապացուցել է, որ դրանք կաթնասունի վերջույթների կառուցվածքին նման չեն, ինչպես պնդել է Ռիչարդ Օուենը: Մանթելը շարունակել է ցույց տալ, որ բրածո ողերը, որոնք Օուենը վերագրել է տարբեր տեսակների, բոլորը պատկանում էին իգուանոդոնին: Նա դինոզավրերի նոր ցեղն անվանել է Հիլեոզավր՝ Hylaeosaurus (անտառային մողես):
1849 թվականին գիտնականին շնորհվել է Լոնդոնի թագավորական ընկերության թագավորական մեդալ:
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1833 թվականին Մանթելը տեղափոխվել է Բրայթոն: Քաղաքի ավագանին Մանթելի տունը անմիջապես վերածել է թանգարանի: Այստեղ նա կարդացել է մի շարք դասախոսություններ[18]: Բրայթոնի թանգարանն, ի վերջո, ձախողվել է, քանի որ Մանթելը հրաժարվել է մուտքի վճարից: 1838 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Մանթելը Բրիտանական թանգարանին առաջարկել է վաճառել իր հավաքածուն 5000 ֆունտ ստեռլինգով, ապա վաճառել՝ 4000-ով: Նա տեղափոխվել է Հարավային Լոնդոն, որտեղ շարունակել է աշխատել որպես բժիշկ:
1839 թվականին Մերի Մանթելը հեռացել է ամուսնուց: Նույն թվականին Գիդեոնի որդին` Վոլտերը, գաղթել է Նոր Զելանդիա: Ավելի ուշ Վոլտերը Նոր Զելանդիայից որոշ կարևոր բրածոներ է ուղարկել հորը: 1840 թվականին մահացել է Գիդեոնի դուստրը՝ Հաննան:
1841 թվականին Մանթելը սարսափելի պատահարի զոհ է դարձել: Նա վնասել է ողնաշարը: Ուշադրություն չդարձնելով վնասվածքին և անընդհատ ցավին՝ շարունակել է աշխատել բրածո սողունների հետ և մինչև իր մահը հրատարակել մի շարք գրքեր և գիտական աշխատություններ: 1844 թվականին տեղափոխվել է Փիմլիկո և 1845 թվականից որպես ցավազրկող ափիոն օգտագործել:
Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1852 թվականի նոյեմբերի 10-ին Մանթելը ընդունել է ափիոնի չափից մեծ չափաբաժին, ընկել կոմայի մեջ և մահացել: Նրա դիահերձումը ցույց է տվել, որ նա տառապել է սկոլիոզով: Ռիչարդ Օուենը՝ նրա վաղեմի թշնամին, հանել է Մանթելի ողնաշարի մի մասը և պահել Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջում, որը 1969 թվականին տարածքի բացակայության պատճառով ոչնչացվել է[20]:
Նրա մահվան պահին Մանթելին է վերագրվել այդ ժամանակ հայտնի դինոզավրերի 5 ցեղերից 4-ի հայտնաբերումը[21]:
2000 թվականին Վիթմենի Գրինում բացվել է Մանթելի հուշարձանը ի հիշատակ նրա հայտնագործությունների և հնէաբանության մեջ ունեցած ներդրման: Հուշարձանը կառուցվել է այն վայրում, որտեղ 1822 թվականին Մանթելը առաջին անգամ հայտնաբերել էր իգուանոդոնի բրածո մնացորդները:
Նա թաղվել է Վեստ Նորվուդ գերեզմանատանը (West Norwood Cemetery): Նրա գերեզմանակոթողի նախագծումը վերագրվում է Ամոն Հենրի Վայլդին:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Fossils of the South Downs, Լոնդոն, 1822 թվական: Սա նրա առաջին գիրքն է, որի էջերը նկարազարդել է Մանթելի կինը[22]:
- Outlines of the natural history of the environs of Lewes, Լյուիս, 1824 թվական:
- Illustrations of the Geology of Sussex, containing figures and descriptions of the fossils of Tilgate Forest, 1827 թվական:
- The Geological Age of Reptiles, Էդինբուրգի փիլիսոփայական հանդես, 1831 թվական:
- A Narrative of the Visit of their most Gracious Majesties William IV and Queen Adelaide, to the Ancient Borough of Lewes, on the 22nd of October 1830, Լոնդոն, 1831 թվական:
- The Geology of the South-East of England, գունավոր քարտեզներով և աղյուսակներով, 1833 թվական:
- Thoughts on a Pebble, 1836 թվական, 8-րդ հրատարակությունը՝ 1849 թվականին: 8th edition, 1849
- The Wonders of Geology or, a familiar exposition of geological phenomena: being the substance of a course of lectures delivered at Brighton. Լոնդոն, 1838 թվական:
- The Medals of Creation, 1844 թվական:
- A Day's Ramble in and about the Antient Town of Lewes, Լոնդոն, Հենրի Բոն, 1846 թվական:
- Thoughts on Animalcules, Լոնդոն, 1846 թվական:
- Geological Excursions round the Isle of Wight and along the adjacent Coast of Dorsetshire, 1847 թվական:
- Pictorial Atlas of Fossil Remains consisting of coloured Illustration selected from Parkinson's "Organic Remains of Former World" and Arti's "Antediluvian Phytology", 1850 թվական, Լոնդոն, Բոն, https://archive.org/details/pictorialatlasof00mant:
- Petrifactions and their teachings, 1851 թվական:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Deborah Cadbury, 1998, The Dinosaur Hunters: a story of scientific rivalry and the discovery of the prehistoric world
- US edition: Terrible Lizard: the first dinosaur hunters and the birth of a new science. New York: Henry Holt and Company, 2000. 0-8050-6772-8
- Dean Dennis R. (1999)։ Gideon Mantell and the Discovery of Dinosaurs։ Cambridge: Cambridge University Press։ ISBN 0-521-42048-2
- Fairbank J. C. T. (2004)։ «William Adams and the spine of G. A. Mantell»։ Annals of the Royal College of Surgeons of England 86: 349–52
- McGowan Christopher (2001)։ The Dragon Seekers: how an extraordinary circle of fossilists discovered the dinosaurs and paved the way for Darwin։ Cambridge: Perseus Publishing։ ISBN 0-7382-0282-7
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- A History of Dinosaur Hunting and Reconstruction
- Schedule of Mantell related tours and events in and around Lewes and Brighton
- Gideon Mantell Biography at Strange Science.net
- Mantell and Wilds by the Friends of West Norwood Cemetery
- The Medals of Creation (1844) First Lessons in Geology and in the Study of Organic Remains by Gideon Mantell
- The journal of Gideon Mantell, Hathi Trust
- Scanned copy of The Fossils of the South Downs (1822)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ http://www.friendswbg.org.nz/newmantell.html
- ↑ Cadbury, p. 38.
- ↑ Dean, p. 7.
- ↑ Cadbury, p. 34.
- ↑ Cadbury, p. 36.
- ↑ Cadbury, pp. 36–37.
- ↑ 10,0 10,1 Dean, p. 14.
- ↑ Dean, p. 13.
- ↑ Dean, pp. 16–17.
- ↑ Cadbury, p. 41.
- ↑ Dean, p. 17.
- ↑ Cadbury, p. 42.
- ↑ Dean, p. 28.
- ↑ 17,0 17,1 Dean, p. 31.
- ↑ The wonders of geology, or, A familiar exposition of geological phenomena: being the substance of a course of lectures delivered at Brighton, Volume II, on Google books
- ↑ Historic England, "West Norwood Memorial Park: tomb of Doctor Gideon Mantell (1106387)", National Heritage List for England, retrieved 3 April 2017
- ↑ Fairbank
- ↑ Lee, Sidney, ed. (1893). "Mantell, Gideon Algernon" . Dictionary of National Biography. 36. London: Smith, Elder & Co.
- ↑ Price details from trade adverts in other volumes.